Վերջը որոշեցի բացել էս թեման, որովհետև Զրուցարանում մեր փոխանակած կարծիքներն ու Բյուրի` ֆրանսերեն սովորեցնելու խոստումներն արդեն ջնջված են...
Ինչու՞ եք սիրում Ֆրանսիան, ֆրանսերենը, ֆրանսիականը...
Հատկապես ի՞նչն եք սիրում...
Ի՞նչը դրդապատճառ հանդիսացավ, որ սկսեցիք տարվել ֆրանսիական հովերով...
Ու էլի լիքը հարցեր...
---------------------------------------
Ես անհիշելի ժամանակներից ու անհիշելի (կամ դրանք չեն էլ եղել) պատճառներով սիրել եմ Ֆրանսիան, միշտ ականջներս սրվել են հենց Ֆրանսիայի անուն եմ լսել, էլ չեմ ասում` ֆրանսերեն խոսք... Դե, Ազնավուրը միշտ էլ ներկա է եղել, հատկապես ամեն դեկտեմբերի 7-ին հեռարձակում էին նրա "Հայաստան" երգը...
Էդպես էլ երբ 99, թե 2000 թիվն էր մի հատված լսեցի "Փարիզի Աստվածամոր տաճարը" ռոք-օպերայից ու խփնվեցի... Գրենգուարի երգերից էր, մտքիցս դուրս չէր գալիս... Քույրիկս, իմ խնդրանքով, ռադիոյից բերեց օպերայի հիմնական երգերը ձայներիզի վրա... Լսեցի-լսեցին-լսեցինք, վերջը ձայներիզը սկսեց "ծամել" ու աղավաղել... Կարդացի գիրքն ու ավելի սիրեցի Հյուգոյին (դպրոցից շատ էի սիրում նրա, եթե անունը ճիշտ եմ հիշում, "Բարիկադներում" բանաստեղծությունը, իսկ "Թշվառները" մուլտսերիալը Հ1-ով իմ ամենասիրելի մուլտերից էր, ոչ մի սերիա բաց չէի թողնում)... Վերջապես էդ ռոք-օպերան էստեղ "մոդա" ընկավ 2001-ին, Հայրենիքի "Համաշխարհային երաժշտության գանձարան"-ով հաճախ ցուցադրում էին, ես էլ մի մասը էդտեղից տեսագրեցի, մյուսը` Հ2-ից (դեռ Պրոմեթևս էր), մենակ Քվազիմոդոյի վերջին երգը, որ Էսմերալդայի վրա լաց է լինում ու գլուխ տալու երգերը չկային... Իսկ դրանք շատ էի սիրում... Բարեբախտաբար, Հայրենիքից տեսագրածը անգլերեն սուբտիտրերով էր ուղակցվում, քույրիկներս օգնում էին, որ հասկանայի... Բայց հետո դադարեցին օգնել, որովհետև հիմա էլ վիդեոյով սկսեցի զզվեցնել, առավոտից-երեկո նայում էի ու լսում, շատ էի սիրում Գրենգուարին իր բոլր երգեով` մանավանդ, որ "Lune" երգի ժամանակ ձայնը չէր հերիքում ու վերջին ճիգերով խռպոտացրած ձայնով էր երգում... Երկար տևեց էս օպերայով տարվածությունս, տեսաերիզն էլ սկսեց փչանալ, Ռուսաստանից CD-ները բերեցին... Հետո Ի-նետով գտնվեցին բառերն ու ես` 11 կամ 12 տարեկան բալիկ, որը ոչ ֆրանսերեն է հասկանում, ոչ էլ նորմալ անգլերեն, որոշեցի թարգմանել երգերը. առաջինը ու Էսմերալդայի "Vivre" երգերը քչից-շատից ստացվեցին, բայց "Belle"-ի երաժշտության մեջ ոչ մի կերպ չէի տեղավորվում... Սկսեցի գամվել հեռուստացույցին հենց որևէ կադրում Փարիզի Աստվածամոր Տաճարն էի տեսնում կամ Էյֆելյան աշտարակի ծայրը... Հետո մեզ մոտ սկսեցին արդեն բեմադրել օպերան, չուզեցի դիտել հայկական տարբերակը, որովհետև հեռուստատեսությամբ տեսել էի ոնց է Գրենգուարը իր գլխին ինչ-որ կարմիր բիզ-բիզ բան դնում ու Քվազիմոդո դառնում...... Բայց պատանեկան բեմադրությունը նայեցի Կամերայինում, բավականին հաջող էր` ամբողջն իրենց ուժերով էին արել... Հետո սկսեցի հետաքրքրվել դերասաններով` Պատրիկ Ֆիորի, Հելեն Սեգարա, Գարու` երեքի մեջ էլ հայկական արյուն կա... Վերջը սկսեցի Գարուին հետապնդել` կենսագրություն (Պիեր Գարանյան, ու ոչինչ, որ իրականում կանադացի է, կարևորը` ֆրանսերեն է երգում), CD, մինչև որ վերջապես ինքն էլ մեզ մոտ "մոդա" ընկավ ու կարող էի համերգները համարյա ամեն շաբաթ նայել որևէ ալիքով... Նոր հիշեցի, Համալիրի մոտ ինչ-որ մեծ միջոցառում էր, դասարանցիներով գնացել էինք, լիքը սփյուռքահայեր կային... 2 տարեց կին ֆրանսերեն էին խոսում, որոշեցի անպայման մեջ ընկնել... Կոտրված անգլերենով սկսեցի հարցեր տալ, պարզվեց Կանադայից են` Մոնրեալից, իրենց աղջիկն էլ անձամբ ճանաչում է Գարուին... դպրոցական ֆանատիկ աղջկան դրանից ավել էլ ի՞նչ է պետք, մանավանդ, որ ընկերուհիներիցս մեկն էլ էր իմ խելքին... Նկարվեցինք էդ կանանց հետ ու խոստացան, որ անպայման ցույց կտան Գարուին, ես ինձ ամենաերջանիկ մարդն էի զգում... (կաշմաաար)
Մի անգամ էլ դասարանով Սբ. Սարգիս եկեղեցի էինք գնացել (միշտ զզվել եմ դասարանով եկեղեցիներ այցելելու ապուշ ավանդույթից), մեկ էլ մի արտասահմանցի մտել է երեխեքի մեջ, ինչ-որ բան է հարցնում, ինձ առաջ հրեցին, ուզում էի հասկանալ ինչ լեզվով է խոսում (գերմաներեն էր), որ լսեց անգլերենին նման ինչ-որ բառեր եմ ասում, ինքն էլ անցավ անգլերենի... Ընդամենը հարցնում էր, թե ինչպես հասնի Փարաջանովի տուն-թանգարան, բայց սխալվեց` ասեց, որ ֆրանսիացի է, ես չողած անգլերենս մոռացա ու չեղած ֆրանսերենով ասեցի. "Je n'parle pas francais.", ինքն էլ, թե` լավ էլ խոսում ես Էդ մի նախադասությունը ինձ հերիք էր, որ ամբողջ օրը շողարձակեի ուրախությունից... Ինչու՞, չգիտեմ, բայց էդ մի կինը իր մի նախադասությամբ ինձ էնքան մեծ լիցքեր տվեց...
Հետո Ինդոնեզիայի ցունամիի զոհերին ֆրանսալեզու աստղերը երգ ու տեսահոլովակ նվիրեցին, որ Դար21-ով բավականին հաճախ ցուցադրում էին, դա էլ էի շատ սիրում` Ազնավուրով ու Գարուով...
Հետո Ազնվավուրը համերգ տվեց Հրապարակում Սկզբում ինձ ասել էին, թե Գարուն էլ է լինելու, ու, թեև վաղուց արդեն նրա սկավառակը չէի լսել, բայց էնպիսի մի ճիչ արձակեցի ինստ-ի միջանցքում, որ ինքս ամաչեցի, մի կողմ քաշվեցի, որ չկարծեին, թե ես էի... Բայց համերգը, իհարկե, հրաշք էր... Կուրսեցիրներով շատ հաճելի ժամանակ անցկացրինք, հետո էլ միացա ընտանիքիս անդամներին (էնպիսի տպավորություն էր, որ ամբողջ Հայաստանը էդտեղ էր, լիքը-լիքը ծանոթ հանդիպեցի... 2 վատ բան կար, որ դիմացի շարքերից պարտադիր մի քյառթու ծխում էր ու փչում դեմքներիս, մեկ էլ, որ Լուսինե Թովմասյանը անընդհատ Անձնավուր էր ասում )... Երբ ասացին, որ Հելեն Սեգարան է բեմ բարձրանալու, բոլորի համար անակնկալ ճիչով վեր թռա, որովհետև ուրիշ ոչ մեկին իմ շուրջը էդ անունը ոչինչ չէր ասում... Սպասում էի, որ Էսմերալդայի երգերից կերգի, բայց չերգեց... Ամեն դեպքում, անկրկնելի օր էր, շատ-շատ հաճելի. թե' որպես համերգ ու հրավառություն նոր էր Երևանի համար, թե' որպես մթնոլորտ եզակի էր... Մեկ էլ ե՞րբ Ազնավուրը էդպիսի նվեր կանի (մինչև համերգն էլ ամբողջ հրապարակով Պիաֆի երգերը հնչեցնելով... հենց դրանից առաջ էի կարդացել Ազնավուրի ինքնակենսագրության առաջին գիրքն ու ինձ համար բացահայտել Պիաֆին)...
Էսքանից հետո էլ ավելի "ֆրանկո-միջավայրում" հնարավոր չի լինել...
Հաջորդ ֆրանկացումը "Ամելին" էր Առաջին հերթին ու գլխավորապես` որպես ֆիլմ ինձ համար բացահայտում էր, այն էր, ինչ փնտրում էի... համ էլ ֆրանսիական է... Շատ բարի է ու պայծառ... (ահավոր էր, երբ գրեթե նույն նկարահանող խմբի մեկ այլ ֆիլմ դիտեցի` 5 րոպեից անջատեցի, տհաճ-գազանություն էր )... Սկսեցի հետաքրքրվել ֆրանսիական կինոյով, նախորդ տարի Ոսկե Ծիրանի օրերին ու դրանից հետո The Club-ում (սեպտեմբերին) ֆրանսիական-շվեյցարական կինոների ցուցադրություններ էին, որոնց ընթացքում լիքը-լիքը ֆրանսերեն լսեցի... Հետո ծանոթացա մի շատ-շատ հաճելի երիտասարդ ֆրանսուհու հետ, ով մի տեսակ էդ ամբողջ լավ ֆրանսիականի մարմնացումն էր դառել, շատ բաց էր ցանկացած զրույցի ու հարցի համար... էն էլ վերջը շվեյցարացիները գնացին Ժնև, ինքը գնաց Փարիզ ու էդ ամեն ինչը վերջացավ, ու ես մի տեսակ լքվածություն զգացի էդքան շատ ֆրանսիակաինց հետո... ...բայց դեռ երկար ժամանակ էդ օրերի ու միջավայրի տպավորության տակ էի... Էդ ժամանակ էլ սկսեցի կամաց-կամաց ֆրանսերեն սովորել, դեռ շաաատ պարզ մակարդակի վրա եմ, բայց պիտի լավ աշխատեմ... համ էլ բացվեցին Հրապարակի շատրվանները, որոնք էլի ֆրանսիացիների շնորհիվ է, որ ունենք... Ի դեպ էդ Ֆրանսուհին էլ հիացած նայում էր ու ասում, որ Վերսալում ու լիքը-լիքը տեղ էլ տարբեր շատրվաններ ունեն, բայց մերը շատ յուրահատուկ է, էդպիսի գունավոր գեղեցկություն ու ներդաշնակություն շրջապատող շինությունների հետ ինքը դեռ չէր տեսել (խոսում էինք անգլերեն):
Հիմա մեկ-մեկ Շողակաթի "Հանդիպումներ Էյֆելի" հետն եմ դիտում (թե ինչու՞ հենց սկզբից էլ էդ հաղորդման հետ չսովորեցի... ), դասագրքերը շարել եմ սեղանին ու ուզում եմ շարունակեմ սովորել...
Երեկ էլ "Культура" ալիքի լուրերով տեսանյութ էին ցույց տալիս Հելեն Սեգարայի` Մոսկվայում տված համերգի մասին, հարցազրուցում մի բան ասեց, որ համ թախծեցի, համ էլ ծիծաղս եկավ ձևակերպման վրա. "Մայրս հայ է, հայրս` իտալացի: Մի քանի տարի առաջ Շարլ Ազնավուրն ինձ հրավիրեց Հայաստան` համերգի, ես էլ մայրիկիս ինձ հետ վերցրեցի, և մենք միասին լալիս էինք հայկական հողերի վրա"...
Էսքանը՞... Չէ, հազիվ թե, բայց էսօրվա համար էսքանն էլ է հերիք...
Էջանիշներ