Ուզում եմ Երվանդ Քոչարի ստեղծած Սասունցի Դավթի արձանը Հանրապետության Հրապարակ տեղափոխվի։
Ափսոսում եմ, որ էդ հրաշք արձանը Կայարանում անուշադրության է մատնված։ Ասում են մի ժամանակ կայարանը շատ մարդաշատ էր, քաղաքի դարպասն էր, դրա համար էլ արձանն այնտեղ է տեղադրվել։ Բայց հիմա այդպես չէ, ու կարծում եմ, որ նրա արժանի տեղը քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում է։ Ինձ թվում է, որ Հանրապետության Հրապարակին Սասունցի Դավիթը շատ կսազի։
Ժողովրդական հզոր ոգին է կուտակված այդ արձանի մեջ։ Ամեն անգամ երբ տեսնում եմ այն, արյունը մեջս եռում է։ Կարծում եմ, որ շատ-շատերն են նման զգացողություն ապրում արձանը տեսնելիս։ Բա ափսոս չի՞ որ տենց հազվադեպ ենք տեսնում։
Ու մտածում եմ, որ այս արձանը հաճախ տեսնելը մարդկանց մեջ ազգային ըմբոստ ոգին կարթնացնի ու շատ բան կփոխվի։
Լավ բան եմ ուզում, չէ՞։ Դե եկեք իրար հետ ուզենք ու մտածենք, քննարկենք, թե ոնց կարող ենք այն իրականացնել։
Միգուցե քաղաքապետարանի՞ն է պետք դիմել։
Հ. Գ.
Ի դեպ, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսը, այնպես էլ Դավթի արձանը ազգային սիմվոլների խտացում է։
Օրինակ, ձիու ոտքերի մոտի բաժակը, որից նախկինում ջուր էր հոսում, արտահայտում է ժողովրդի համբերության բաժակը, որն արդեն լցվել է։
Նկատե՞լ եք, որ Դավիթը Թուր-Կեծակին գերանդու նման է բռնել։ Սա էլ ցույց է տալիս, որ հայերը խաղաղ աշխատավոր մարդիկ են՝ սովոր գերանդի բռնելու, բայց որ ջղայնացնեք սուր էլ կարող են բռնել ու հնձել բռնակալներին։
Այո՛, շատ բան է ասում Սասունցի Դավթի արձանը։ Եկեք այստեղ քննարկենք նաև նրանում զետեղված սիմվոլները։
Էջանիշներ