Հենց նոր նայեցի «Մի վաղեցիր» հեռուստասերիալի վերջին սերիան ու որոշեցի միանգամից գրել կարծիքս:
Ես հիմա չեմ ուզում խորանալ սերիալի նկարահանման որակի քննարկման մեջ, կինոյի լեզվին / որտեղ իմ կարծիքով անհարկի շատ էր ժառգոնայինը / , դերասանական խաղերին այլ ուզում եմ գրել ընդհանուր սցենարի մասին ու հատկապես վերջաբանի մասին:
Նախ ուզում եմ ասել, որ Արման Արամյանի կերպարը որպես հերոս, ինձ շատ դուր եկավ: Այդպիսի մարդիկ իսկապես կան ու հենց այդպիսի մարդիկ են կերտում պատմությունը: Ամբողջ կինոյի ընթացքում երևում էր կերպարի ներքին բարոյականության վերելքը: Սկզբից ինձ հերոսը դուր չեկավ, նույնիսկ արտաքին տեսքը հակակրանք առաջացրեց: Բայց երբ կինոյի ընթացքում բացվեց հերոսի ներքին էությունը ապա վերջում հուզվեցի նրա մահվան համար: Իմ մոտ վաղուց այդպիսի զգացում չէր եղել կինո նայելու ժամանակ, բայց այս անգամ մի պահ նույնիսկ չէի ուզում հավատալ, որ նա մեռավ:
Ես համարում եմ սցենարիստների նման մոտեցումը շատ սխալ ու վնասակար: Սցենարը իր մեջ կրում է գաղափարախոսություն: Իսկ ի՞նչ գաղափարախոսություն ներարկեց այդ ֆիլմը հայության մեջ: Գնա մեռի արի սիրեմ հայտնի տեզիսը: Ընդ որում տվյալ դեպքում ավելի վատ տեսքով: Գնա մեռի մենք էլ քեֆ անենք տեսքով: Նույնիսկ նրա ամենամոտ շրջապատը չմտահոգվեց նրա ճակատագրով: Ընդամենը նրա սիրած աղջիկն էր, որը վերջում մթության մեջ լսեց մահվան գույժը ու վերջ: Հա մեկ էլ պետական շքանշան: Ոչ ժառանգ մնաց, ոչ էլ գոնե մեկը, որը կշաչունակեր նրա սկսած գիծը:
Փաստորեն հայ հասարակության մեջ ներարկվեց, այն գաղափարը, որ հաղթել ու ապրել հնարավոր չէ: Ընդ որում ապրել ասելով ես նկատի չունեմ բառացի ապրել: «Ապրել» կարելի է տարբեր ձևերով, օրինակ ժառանգներ թողնելով, օրինակ մի գաղափար ծնելով, որը քեզնից հետո ինչ որ բան կփոխի: Բայց ավաղ սցենարիստները չթողեցին ոչ մի նման հույս: Նույնիսկ սերը չփրկեց այստեղ:
Հիմա շատերը կասեն, կյանքը դաժան է, այդպիսին է:
Ես կասեմ, որ մենք ենք այն այդպիսին դարձնում որովհետև չենք հավատում լավին: Մենք չենք հավատում արդարությանը, մենք չենք հավատում, որ Սերը կարող է իսկապես հաղթել ու ինչ որ բան փոխել, մենք չենք հավատում որ ճիշտ ապրող մարդը կարող է հասնել հաջողությանը: Մենք իսկապես հավատում ենք, որ գողականը, թաղային հեղինակությունը, փոխնախարարը կամ բարում աշխատող նանարիկը կարող է իսկապես հասնել հաջողության: Ազնիվ տղեն ու գերմաներեն սովորող հայ ավանդական աղջիկը ապագա չունի: Սա էր այն փիլոսոփայությունը, որ ներարկեց այս ֆիլմը ժողովրդի գիտակցության մեջ:
Բոլոր դեպքերում ողջունում եմ ֆիլմը նկարահանողներին, ամբողջ անձնակազմին նման ֆիլմ ստեղծելու համար: Պատերազմի կադրերը ընդհանուր առմամբ լավ էին նկարած հաշվի առնելով ունեցած միջոցները: Արցախյան գոյամարտի մասին պետք է շատ ֆիլմեր նկարահանել: Ուղղակի կոչ եմ անում սցենարիստներին ու ռեժիսորներին, որ հոլլիվուդից վերցնեք Happy End հասկացությունը: Մեր ազգին ԴՈՒԽ տվեք, հերիք է ինչքան ընկճվել ենք:
հ.գ. Ի դեպ փոխնախարարի կերպարն էլ բավականին ռեալիստ էր հանած, ի դեպ այդ կերպարի մեջ կարելի էր նկատել Վանո Սիրադեղանին:
Էջանիշներ