Հիասթափության մեջ հուզական բազադրիչներ էլ կարող են լինել, բայց իմ
որոշումը ամենևին հիասթափության վրա չէր հիմնված։ Ակումբին էլ վերաբերմունքի լրջություն-չլրջությունը անէական է։ Հասկանում եմ, որ ուզում էիր գրառումովդ ասել, որ թքած չեմ ունեցել ակումբի վրա, բայց դա անում էիր իրականության հետ ընդհանուր բան չունեցող մտքերով. իմ ակումբին վերաբերմունքը հուզական է, իսկ ակումբից հեռանալու որոշումս՝ ռացիոնալ, իսկ դու այդ գրառմանդ մեջ սրանք լրիվ շրջել ես, ներկայացնելով, թե իմ ակումբին վերաբերմունքը ռացիոնալ է՝ լուրջ, իսկ ելքիս դրդապատճառը՝ հուզական հիասթափությունն է... Ակումբին հուզական վերաբերմունքիս մասին գրել էի օրագրային գրառմանս մեջ, իսկ որոշմանս տարրերի մասին չէի կարծել, թե արժի մանրամասնել, չնայած հիմնական պատճառները բերել էի։
Նաև լուրջ գրառումներ անելը, ինչպես, կարծում եմ, պիտի հասկանայիր, մանավանդ եթե կարծում էիր որ ակումբին լուրջ չեմ վերաբերվում, ոչ թե ակումբին վերաբերմունքիս ազդարար է, այլ հետևանք՝ իմ բերանից, ու գրչիս ու մատների տակից դուրս եկածների նկատմամբ լուրջ վերաբերմունքիս։ Ինձ մի քիչ ճանաչում ես, ու գիտես, որ ես այդպիսի վերաբերմունք ունեմ ու միշտ էլ ունեցել եմ իմ բոլոր ասածների ու գրածների նկատմամբ, ու ակումբին վերաբերմունքս չէ, որ այդ վերաբերմունքիս մի փոքր մասնավոր դեպքի՝ ակումբային գրառումներիս, վրա պիտի ազդի։ Եվ այս ինքս իմ նկատմամբ խստապահանջությունն է, որ ինձ անհանդուրժող է դարձնում վերջին օրերի ակումբային իրողություններին։
Նայի, Ռայի բերած բոլոր մասնավոր դեպքերի նկատմամբ ես էլ ունեմ բացասական վերաբերմունք, բայց ինչը Ռայը չի հասկանում, չի ուզում հասկանալ, կամ իրեն ձեռք չի տալիս բաց խոստովանել, դա այն է, որ դա ոչ թե ֆեմինիզմի խնդիր է, այլ
ինտելեկտուալ անազնվության (intellectual dishonesty)։ Ու սա շատ ավելի մեծ խնդիր է, քան ֆեմինիզմը, նացիոնալիզմը և մնացած բոլոր իզմերը, ու այդ բոլոր իզմներին վերագրվող բացասական կողմերը հենց այդ ինտելեկտուալ անազնվության հետևանքներ են, ոչ թե հենց բուն իզմերի։ Ասենք, նացիոնալիստ ձևացող նացիստը կամ ֆեմինիստ ձևացող գրանտակերը կամ մարքսիստ ձևացող օլիգարխ-բռնապետը. բոլորն էլ սնում, ապրոմ ու վերարտադրում են այդ ինտելեկտուալ անազնվությունը։ Ու Ռայը պայքարում է հենց ֆեմինիզմ անվան ներքո ինտելելկտուալ անազնվության հետ, բայց դա անում է այնպես, որ ինքը իր ամբողջ էությամբ ոչ թե խնդրի լուծման մաս է դառնում, այլ բուն խնդրի՝ ինտելեկտուալ անազվնության, զըռ մաս։ Ու իմ խնդիրը հենց սրա հետ է, ոչ թե, որ Բյուրին ծաղրում է իր էժանագին տրյուկներով («տղամարդու մարմինը» թեման ամենաակնհայտն էր, բայց միայն մի փոքր մասն էր իր արածներից այս ուղղությամբ)։ Ու ինձ ավելի շատ ակումբում նեղում է ոչ թե այն, որ մարդիկ այդ ծաղրանքի դեմը չեն առնում ու նույնիսկ դրան ծառայում են, այլ այն, որ չեն տեսնում այդ ծաղրանքը, չեն տեսնում այդ ինտելեկտուալ անազնվությունը ու նույնիսկ իրենց արարքներով խրախուսում են այդ անազնվությունը (սրանից վառ տարբերվում է one_way_ticket-ի թե՛ իմ խնդրի հասկանալու ազնիվ փորձը, և թե ֆեմինիզմի թեմայի ամբողջ տոքսիկության մեջ մարքսիստական գաղափարները հարգալից ու ինտելեկտուալ ազնիվ տոնով «ուտոպիա» որակելը, ի տարբերություն Ռայի դիրքորոշումը կիսողների նախընտրած հիսթերիկ հարձակումներին, թեկուզև մարմնիդ ոչ մի բջիջով համաձայն չես մարքսիզմի հետ)։
Ակումբը ու մնացած բոլոր ֆորումները ինձ համար միշտ էլ առաջնապես եղել են մտքերով փոխանակման վայր, անկախ նրանից թե այդ մտքեր արտահայտողը ով է, ինչ է կամ որտեղ է։ Սա էլ այն պատճառն է, որի հետևանքով Չուկի, Բարեկամի ու Ուլուանայի հետ «ենթադրությունների» առումով բատալիաների մեջ էի ընկնում. մտքի էության ու որակը հենց այդ մտքի ներհատուկ հատկանիշներ են, ոչ թե այդ միտքը արտահայտողի կին կամ տղամարդ, ամուսնացած կամ ամուրի, ծնող լինելու կամ չլինելու, 15 կամ 70 տարեկան լինելու, լավ կամ վատ տրամադրության մեջ գտնվելու, հեղինակի այդ մտքից լավ կամ վատ զգալու, ակումբ տարին մեկ կամ օրը 100 անգամ մտնելու և այլն... հա կարող ես համաձայն չլինել այն պատճառների կամ նպատակների հետ, որով այս կամ այն միտքը արտահայտվում է, բայց քանի դու հաստատ համոզված չես դիմացինիդ պատճառների ու նպատակների մեջ, դրանց մասին քո ենթադրությունները բարձրաձայնելը հանդիսանում է ինտելեկտուալ անազնվության մեջ մեղադրանք, ինչով այդպիսի ենթադրությունները ընդհանրապես բեղուն են։
Իսկ երբ ֆորումը դառնում է վառ ինտելեկտուալ անազնվությունը հանդուրժող ու դրան նպաստող վայր, ապա մտքերի փոխանակումը դառնում է անհնարին և ուրեմն այդ ֆորումը կորցնում է իմ համար իր առաջնային իմաստը։ Ու նույնիսկ ծիծաղելու է, երբ Ռայը խոսում է նրանից, որ ֆեմինիզմի ջատագովների ինտելեկտուալ անազնվության պատճառով այդ թեման քննակել չի լինում, բայց ինքը ու իր այդ գրառումների շնորհակալություն հայտնողները լրիվ նույն վարքն են ցուցաբերում ակումբում՝ անհնարին դարձնելով այդ թեմայով ոչ միայն բանավիճելը, այլ նույնիսկ թեթև զրուցելը։ Սրա պատճառով եմ մի երկու ֆորումից հեռացել, և միմիայն սրա պատճոռով եմ հեռացել ակումբից։ Ակումբը ես վատը չեմ համարում, ոչ էլ քարկոծում եմ ակումբին, միմիայն ասում եմ, որ վերջին օրերին կատարվածի հետևանքով ակումբի ապաքողարկումը իմ ակումբում մասնակցությունը դարձնում է անհնարին։ Մի կոպիտ օրինակ բերեմ, որ ասածս միգուցե մի քիչ ավելի պարզեցնի. ես շենքի պադյեզդի դեմը նստած ծեր կանանց վատը կամ ինձնից ցածր չեմ համարում, ու նույնիսկ կողքերով անցնելիս բարևում ու հաճախ հետները մի երկու բառ եմ փոխանակում՝ փորձելով համ իրենց համ ինձ բարի տրամադրության ներարկում անել։ Բայց երբ գիտեմ, որ իրենց հիմնական զրույցները բամբասանքներ են, երբեք էլ այդ զրույցների մաս ինձ չեմ դարձնի։ Չկարծես թե ասում եմ ակումբը լիքն է բամբասկոտ պառավներով, կամ ես ավելի լավն եմ, որևհետև պադյեզդի դիմացի նստած տատիկները բամբասկոտ են, իսկ ես՝ ոչ... ամենևի՜ն։ Միմիայն ասում եմ, որ այդ բամբասանքները ինձ անհետաքրքիր են ու մասերով՝ տհաճ, եվ դրանց մասնակցելով ես ինձ խիստ տաղտկացած և տեղերով «կեղտոտ» եմ զգում։ Բայց այդ տատիկներին շարունակում եմ սիրել նրա համար, որ իրենք իմ կյանքի մաս են ու իրենք իրավունք ունեն անել այն, ինչ իրենք են ուզում, մանավանդ թե դա իրենց հաճելի է։
Իմացա, որ Սամը քննադատող կարծիք է գրել ակումբում, մտա տեսնեմ թե ինչ կարծիք է, չնայած դժվար էր ակումբ մտնելս... օրագրային գրառմանս մեջ Ռայի վերլուծությունների ու արգումենտների գնահատականս ոչ թե իմ «ռադիկալ գաղափարակիր» լինելու հետևանք է (կարծում եմ ինձ մի թեթև ճանաչածը գիտի, որ ես գաղափարների ռադիկալությունից նույնքան հեռու եմ ինչքան բևեռային առջերը՝ պինգվիններից), այլ իր արգումենտների որակի ու ինտելեկտուալ անազնվության։ Ու ակումբում շատ է եղել, երբ բացարձակ չեմ համաձայնվել ինչ-որ մեկի հետ, ինչը կարող էր կողքից դիտվել որպես «ռադիկալ գաղափարակիրների» բախում, բայց երբեք մտքովս էլ չի անցել այդ մարդուն որակել այսպես։ Տո հենց նույն Սամի ակումբում արտահայտած կարծիքները իմ ամբողջ աշխարհահայացքիս հակառակ են, բայց խորապես հարգում եմ Սամին, ու իր ոչ մի գրառում տեղիք չի տվել կասկածելու, որ, ասենք, ինքը իր մոտեցումը համարում է գիտական, կամ մնացածների մոտեցումներից ավելի բարձր, կամ իր հետ չհամաձայնվողին անարժան է համարում, այսինքն գրեթե համոզված եմ, որ Սամը անթերի ինտելեկտուալ ազնվության տեր մարդ է։ Հա, մի քիչ հիասթափեցնող է, որ այսքանից հետո Սամը ինձ է այս պատմության մեջ համարում «մնացածներից իրեն բարձր դասող», բայց դե նորից համոզված եմ մնում, որ դա անում է իր աշխարհահայացքի սահմաններում ու իրեն հասանելի տեղեկությունների վրա հիմնված ամբողջ ազնվությամբ։ Իսկ վերջին օրերին ակումբում եղածը նման է նրան, որ բոլորովս նստած մեզ համար ընթրում ենք, ու սեղանին էլ դրված են բազում տարբեր ուտեստներ՝ սկսած զուտ վեգանականից ու վերջացրած զուտ մսակերականից, մեկ էլ այդ սեղանին է մոտենում կեղտոտ ու փնթի տեսքով մեկը, ով հետը բերած մի մեշոկ կեղտը շուռ ա տալիս սեղանի վրա։ Ու այդ սեղանի շուրջ նստածներից շատերը փոխանակ այդ եկածին ասեն՝ գնա մի հատ լվացվի, ու փորձեն սեղանից կեղտը մաքրեն, վերցնում են այդ կեղտից մարդ ա մի բուռ ու սկսում են իրենց դիետայից դուրս ուտեստների հետ շաղախել։ Դե մարդկանց էսթետիկ ու գաստրոնոմիկ ճաշակների հետ չես վիճի, բայց մեկը ես ինձ այդպիսի սեղանի շուրջ ընդ-կերություն անելուց չեմ տեսնում, թեկուզև այս անգամ սփռոցով հավաքենք սեղանի վրա եղածը տանենք աղբը նետենք, ու նոր սեղան գցենք։
Գիտեմ, որ քո դուրն էլ չի եկել, որ «գնում եմ» գրառում եմ արել, բայց դա չեմ արել աղմուկ-աղաղակ բարձրացնելու համար։ Գիտես, որ օրագիր պահող չեմ ես, բայց հատուկ օրագրային էր գրառումս, որ այդ թեմայում հետագա գրառումները կասեցվեն ու չդառնա աղմուկ-աղաղակ։ Չնայած որոշումս ռացիոնալ է, բայց իսկապես ցավում եմ «ակումբիս» կորստի համար ու այդ գրառումս այդ ցավի ճիչն էր։ Մյուս կողմից էլ՝ բնույթիս արտահայտում. ես ուր էլ ընկնում եմ, գրեթե բնազդաբար փորձում եմ կողքս շենացնել։ Դու սա համացանցային մի երկու ընդվզմանս մեջ պիտի որ տեսած լինեիր, ինչպես նաև հենց ակումբում իմ օրոք մի երկու լուրջ ճգնաժամի ժամանակ էլ։ Ու ակումբից անհետադարձ ելքի միջանցքով քայլելիս մի ձեռագիր թռուցիկ էլ եմ ուզեցել պատին կպցնել՝ հուսալով, որ եղելության մասին տեսանկյունս իմ երբեմնի կյանքիս մաս կազմող ակումբի պոտենցիալ շենացմանը կնպաստի (ու կարծես գոնե մի փոքր դա արեց)։ Տո հիմա էլ, որ սա գրում եմ, էլի սիրտս մղկտում է, ու մտածում եմ, որ օրագրային գրառումս գրելուց հուզականությունս թույլ չտվեց այն ժամանակ այս բոլորը գրեմ, ու մտածում եմ խնդրել քեզ այս նամակագրությունն էլ այդ «լաչառ ծլնգոց» օրագրի մեջ դնես՝ չէ որ այդ բաժնի մոդերատոր ես, ու քեզ այդ առումով արգելք չկա։ Բայց դե գիտեմ, որ դու «թող մնա, կանցնի, կմոռացվի» դիրքորոշման կրող ես։ Ու այդ դիրքորոշման տարածված լինելն էլ գործոններից մեկն է, ըստ իս, որ չի թողնի ակումբին դառնալ այն տեղը, որտեղ ես ինձ կարող եմ տեսնել։
Էջանիշներ