Մի կիլո լոլիկի պատմությունը, կամ թե ինչ կատարվեց, երբ դոննա Էսպերանսան որոշեց արևոտ Ռիո դե Ժանեյրոյի շուկայից մի կիլո ավոկադո գնել
Խնամքով էր գրված: Տառասխալներ ու կետադրական սխալներ գրեթե չկային: Հետագա վեճերից խուսափելու համար միանգամից ասեմ, որ գործը մաքուր ու գրագետ գրելը ոչ թե առավելություն ա, այլ նորմա, պլան-մինիմում, ուղղակի դա հիմա հազվադեպ ա պատահում, դրա համար էլ հատ-հատ պետք ա նշել՝ որն ա գրագետ շարադրված, որը՝ անգրագետ (զուտ լեզվական տեսանկյունից):
Ընդհանուր գործը շատ լավ տեղավորվում էր «չեմ հավատում» խորագրի տակ, ականջդ կանչի, Ստանիսլավսկի: Երևում ա, որ հեղինակը գրելուց առաջ մտածել ու պատկերացրել ա իր ապագա գործը, ինչը լավ ա. իրավիճակներ ա ստեղծել, տեսել ա վաճառողին և այլն: Բայց պատմվածքը չի կարողանում ինձ՝ ընթերցողիս խաբել: Այսինքն՝ լավ մտածված ու մշակված չի: Իր տեսանկյունից գրել ա, կարդացողի տեսնակյունից չի կարդացել: Էստեղ պետք ա ասել, որ ես շատ եմ սիրում, երբ գրական տեքստը խաբում ա ինձ, ու դա էնքա՜ն վարպետորեն ա անում, որ ուզում ես՝ անընդհատ շարունակի նույն կերպ խաբել: Տիկինը ոչ մի կերպ չխաբեց, չհավատացրեց, թե ինքը կա, սովորական կարտոնից դեկորատիվ ֆիգուր էր, որ դնում են բեմի ամենահետևի մասի ամենամութ անկյունում: Վաճառողը մի քիչ ավելի լավն էր: Բայց՝ մի քիչ:
Սյուժեի մասին. առաջին հերթին պետք ա ասել, որ զարգացում չկար: Եթե էսսե չի, ակնարկ չի, պոստ-մոդեռնիստական կոկտեյլ չի, այլ հստակ ֆաբուլա՝ պատում ունեցող գործ ա, պիտի գոնե ինչ-որ զարգացում ունենա, չէ՞: Մուտք, ընթացք, հանգուցալուծում: Մուտք՝ շուկա, ընթացք՝ բազառ ու ցցած քիթ, հանգուցալուծում՝ ձեր տղան մեռել է: Չբռնեց ինչ-որ: «Ես քո հա՜յրն եմ, Լյուկ», անկյունից դուրս թռնող ու բո՛ անող զոմբի, շենքի կտուրից գլխին ընկած ռոյալ, բանանի կեղև՝ աստիճանի վրա, նույն էժան շարքից ա: Թող հպարտ ու ինքնահավան ու սպասուհի ունեցող տիկին չլիներ, խաչով տերտեր կամ բմբուլով հնդիկ լիներ, վերջում ասեին՝ տղադ մեռավ, ինքն էլ ցնդեր. նույն բանը չէ՞ր լինի: Փաստորեն՝ սկիզբը փուստ ա գրված, վերջին համարյա չի օգնում:
Ընդհանուր առմամբ՝ 280 մասանոց սերիալի 52-րդ սերիան էր: Շատ հստակ լատինաամերիկյան սերիալի: Էն մասին, թե ինչպես գեղեցիկ արևայրուկով դոննա Էսպերանսան որոշել էր իր ամպոտ, փողոտ ու կորպորատիվոտ ոտքերը իջեցնել Ռիոյի տաք ավազների վրա, էն էլ սցենարիստի քմահաճույքով քիթը կպավ գետնին: Մի տեսակ սպասում եմ, որ մյուս տասնչորս սերիաներում ինքը պիտի ողբա՝ իր շքեղ տանը նստած, իսկ տասնհինգերորդում որդին պիտի հրաշքով դուրս գա կոմայից ու ամուսնանա վաճառողի աղքատ, բայց բիկինիով ու ծիտ աղջկա հետ: Սերիալներ չեմ սիրում, կներեք:
Էջանիշներ