ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 19-ԱՄՅԱ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ
ՀՀ Պնախարարությունը տեղյակ է, բայց
մեկնաբանությունների համար խորհուրդ է տալիս
դիմել Ղարաբաղի իր կոլեգաներին
Երեկ տեղեկացանք, որ հերթական դաժան սպանությունն է տեղի ունեցել Ղարաբաղում` Ասկերանի 33651 զորամասում: Սեպտեմբերի 6-ին, առավոտյան 7:15-ին, այդ զորամասում մահացել է շուրջ մեկ տարվա զինծառայող, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Աշոտ Պապինի Հովհաննիսյանը: Նկատենք, որ մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հրամանատարական անձնակազմի լկտիության արդյունքում զինծառայող է սպանվում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին` առավոտյան 08.00-ի սահմաններում, զինվորական հոսպիտալում մահացավ զինծառայող, դարձյալ Գեղարքունիքի մարզի բնակիչ Արամ Մկրտչյանը: Վայքի զորամասի երեք ամսվա զինծառայող Արամը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 28-ին` անգիտակից վիճակում: Նրան դաժան ծեծի էր ենթարկել իր վաշտի հրամանատար Անդոկ Գասպարյանը, ով իր արարքը պատճառաբանել էր այսպես` զինվորը թերանում էր: Միայն այն բանի համար, որ տղան չէր կարողացել սահմանված թվով «ժիմ անել», վաշտի հրամանատարին թույլ էր տրվել ծեծելով սպանել զինվորին:
Աշոտ Հովհաննիսյանի դաժան սպանության առիթն էլ ավտոմեքենայի` իբր վառելիքի գերածախսն է եղել: Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, որտեղ բարձրանալուց մի քանի օր հետո Աշոտին իր մոտ է կանչում վաշտի հրամանատարը` Արամ Ռազմիկի Վարդանյանը, ով, ի դեպ, Սեւանի բնակիչ է` կոչումով կապիտան: Վերջինս, առանց պարզաբանումներ պահանջելու զինվորից, թե ինչո՞ւ է նրա վարած մեքենան վառելիքի գերածախս գրանցում, սկսում է փայտով, այսինքն` ձեռքի «կոպալով», ծեծել զինվորին: Ծեծից հետո Աշոտի առողջական վիճակը վատանում է, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրան` կարծելով, թե նա «սիմուլյանտություն» է անուն: Ծեծի հաջորդ օրը վաշտի հրամանատարը նորից է կանչում զինվորին եւ այս անգամ էլ արդեն գումարտակի հրամանատարի ներկայությամբ է սկսում խոշտանգումների ենթարկել երիտասարդին: Գումարտակի հրամանատարը հորդորում է քիչ ծեծել զինվորին, բայց քանի որ Աշոտն այլեւս ի վիճակի չի լինում մեքենա քշել (նա վարորդ էր), նրա փոխարեն մեքենան վարելու հանձնարարություն է ստանում մեկ այլ զինծառայող: Երկրորդ անգամ ծեծի ենթարկելու պատճառն այն է լինում, որ Աշոտը հանդգնում է բացատրություն տալ, թե ինչու է մեքենան գերածախս տալիս. ասում է` մեքենան հին է ու հավանաբար դրանից է շատ վառում:
Զինծառայողի վիճակը օրեցօր վատանում է: Զորամասի բուժծառայության բուժակը միջնորդում է, որ զինվորին տեղափոխեն բուժկետ, սակայն հրամանատարը չի թողնում` մտածելով, որ դրա մասին այնտեղ կարող է իմանալ ոստիկանությունը: Ըստ այդմ` նա հրամայում է Աշոտին թողնել «կազարմայում»` զորամասում: Երկու օր այնտեղ մնալուց հետո զինվորի վիճակը կտրուկ վատանում է, եւ նրան իր անկողնով հանդերձ վերցնում, տանում-պահում են «կապտյորկայում»` պահեստում, ու մի զինվոր էլ նշանակում են նրան խնամակալ: Բուժկետի բուժակը նշանակում է դեղորայքային բուժում` առանց հասկանալու, թե ինչի դեմ պետք է դեղահաբեր տա տղային:
Սեպտեմբերի 6-ին` առավոտյան 7:15-ին, «կապտյորկա» է մտնում «խնամակալը», որպեսզի տեսնի, թե ինչպես է Աշոտի առողջական վիճակը: Սկզբում «խնամակալը» մտածում է, թե Աշոտը շատ խորն է քնած, դրա համար էլ չի արթնանում: Տեսնելով, որ Աշոտը չի արձագանքում, հրավիրում են բուժակին, ով ճնշում չափելուց եւ այլ զննումներ անելուց հետո հայտարարում է, թե Աշոտը մահացել է:
Ավելացնենք, որ դեռեւս այս տարվա հուլիս ամսին Աշոտի ծնողները, տեղեկանալով, որ որդին վաշտի հրամանատար Արամ Վարդանյանի կողմից ճնշումների է ենթարկվում, գնում են Ղարաբաղ: Վարդանյանը նրանց ասում է, թե իրենց որդին վառելիքի գերածախս է տալիս, նրանք էլ որոշակի գումար են տալիս Վարդանյանին վառելիքի ավելորդ ծախսի համար: Իսկ ոստիկանություն չեն դիմում, որպեսզի Վարդանյանն իրենց երեխային վնաս չտա ու նրա ծառայության մնացյալ օրերը դժոխքի չվերածի: Չի բացառվում, որ այս տականքին դարձյալ գումար է պետք եղել, ու նա երկրորդ անգամ դիմել է նույն ձեռագրին` «նեղել» Աշոտին, որպեսզի վերջինս ծնողներից փող պահանջի, սակայն ելքը ճակատագրական է եղել. ծեծված զինվորն այդպես էլ ի վիճակի չի եղել խոսելու եւ ծնողներին օգնության կանչելու:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը երեկ հաստատեց զինվորի սպանության փաստը` միաժամանակ նշելով. «Ձեր լուրը շատ հին է, դա այսօր չի եղել, մի քանի օր առաջ է եղել» (մեր հարցադրումն այսպես էր սկսվում` տեղյա՞կ եք, որ գիշերը հերթական դեպքն է գրանցվել...): Այնուհետեւ Շահսուվարյանը ասաց, որ այդ հարցով զանգահարենք Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվական ծառայություն: «Ի վերջո սպանվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, իսկ ՀՀ քաղաքացիները, ինչքան գիտենք, զորակոչվում են ՀՀ բանակ. այդպես չէ՞». հարցրեցինք Շահսուվարյանին: Նա ի պատասխան ավելացրեց. «Ես էլ ձեզ ասում եմ` ես մանրամասներ չունեմ, զանգահարեք Ղարաբաղ` Հասրաթյանին, եթե համար չունե՞ք` տամ զանգեք` 097252044: Ես էնքան գիտեմ, ինչքան դուք, որովհետեւ դեպքն այնտեղ է տեղի ունեցել, քննությունն այնտեղ է գնում, ընդեղի փորձագետներն են եւ այլն, եւ այլն: Ես ընդամենը ձեր չափ ունեմ ինֆորմացիա, որ, այո, ծեծի հետեւանքով զինվոր է մահացել, էդքան բան»: «ՀՀ զինվորի ճակատագրի համար ո՞վ է պատասխանատվություն կրում` Հայաստանի պաշտպանության նախարարությո՞ւնը, թե՞ այլ կառույց», շարունակեցինք մենք: «Գիտեք, էդ նույն բանն ա ոնց որ Երեւանի քաղաքացին գնա Քյավառում ինչ-որ բան անի. առաջինը էնդեղի ոստիկանությունն է հասնում, առաջինը` էնդեղի հիվանդանոց են տեղափոխում, հիմա դեպքը Ղարաբաղում է եղել, զանգեք ընդեղ»:
Սեյրան Շահսուվարյանի տրամադրած հեռախոսահամարին պատասխանեց Լեռնային Ղարաբաղի Պնախարարության լրատվական ծառայության ղեկավար Հասրաթյանը, ով ասաց, որ ինքը դեպքին ծանոթ չէ, քանի որ արձակուրդում է: «Իսկ ժամանակավոր պաշտոնակատարը տեղյա՞կ է», հարցրեցինք նրան: Պարզվեց, որ նա անփոխարինելի է, ապա տարակուսանք հայտնեց, թե այդ դեպքը ինչ հրապարակման նյութ է, եւ ինչու պետք է դա ժողովրդին հետաքրքրի:
Մինչ նա հեռախոսը կդներ` փորձեցինք բացատրել, թե ինչով է կարեւոր այդ հրապարակումը հասարակության համար... «Որ հայ ծնողն ամեն ինչ անի` հնարավոր եւ անհնարինը, գումար հետ գցի, որ իր որդուն կարողանա բանակից ազատել, որ նրան չքշեն Ղարաբաղ ու հետո էլ ասեն, թե Ղարաբաղի պաշտպանության նախարարություն զանգեք` թող ձեր հարցերին պատասխանեն»: Հասրաթյանը առանց բառ ասելու` հեռախոսն անջատեց:
Երեկ տեղի է ունեցել 19-ամյա Աշոտ Հովհաննիսյանի հոգեհանգիստը, իսկ այսօր տեղի կունենա նրա հուղարկավորությունը:
Էջանիշներ