Քանի որ խոսք գնաց Ակումբի պասիվացման մասին և այն մասին, թե ինչ կարելի է անել Ակումբը վերակենդանացնելու համար, ապա այս հարցի շուրջ ունեցած իմ գաղափարները կներկայացնեմ այս թեմայում:
Նախ, լավ կլինի հասկանալ, թե ինչն է Ակումբի նպատակը կամ որն ենք ուզում, որ այդ նպատակը լինի: Բազմազան քննարկումները, մտքերի փոխանակություններն իհարկե լավ բան են, բայց դրանք էլ են ի վերջո հոգնեցնում և մարում, ինչը և ցույց է տալիս ինտերնետում ֆորումային համընդհանուր պասիվացումը: Եթե ուզում ենք, որ Ակումբը ապրի, ապա պիտի հասկանանք, թե ինչի համար: Այցելություններ ու քննարկումներ ապահովելը ինքնանպատա՞կ է, թե՞ ինչ-որ լավ գործի ծառայելու միջոց:
Իմ կարծիքով, լավ կլինի, եթե Ակումբի հիմնական ֆունկցիան կենտրոնանա ինֆորմացիա տալու, օգնելու, սովորեցնելու վրա: Հայատառ ինտերնետի զարգացման վրա դրված շեշտը միայն ինքը իրենով արդեն բավական չէ:
Դրա համար կարծում եմ, որ շեշտը պիտի դրվի նաև բազմաշերտ տեղեկատվության վրա: Եվ կարելի է փորձել Ակումբը վերածել տեղեկատվական ցանցի, որտեղ հնարավոր են նաև քննարկումները:
Այսինքն՝ այնպես անել, որ քննարկումների հիմքում ավելի շատ կոնկրետ իրադարձություններ ու նորություններ լինեն, քան մտքին եկած ինչ-որ անձնական-փիլիսոփայական հարցեր:
Այդ տեսանկյունից՝ կառաջարկեի հետևյալ (մոտավոր) մոդելը, որը թեև հնարավոր է, որ բացարձակ անմիաստ է ու ոչ էլ արժանի որևէ քննարկման: Բայց համենայնդեպս կներկայացնեմ, գուցե մեջը այնուամենայնիվ ինչ-որ պիտանի բան լինի:
Իմ կարծիքով, ավելի լավ է ունենալ նվազ թվով բաժիններ, բայց դրանցում՝ ակտիվ ու բազում թեմաներ, քանի լիքը բաժիններ, որոնցից կեսից ավելը մեռած վիճակում է:
Եվ քանի որ իմ պատկերացրած մոդելը լրատվության ու նորույթների քննարկման վրա է հիմնված, ապա առաջարկում եմ ունենալ հետևյալ բաժիններն ու ենթաբաժինները, որտեղ մոդերավորողների գլխավոր դերը կլինի դրանք ամեն օր նոր թեմաներով/լուրերով թարմացնելը՝ ապահովելով տեղեկատվությունը, թեև սովորական անդամները առաջվա պես հիմա ևս կկարողանան թեմաներ ստեղծել:
Բաժինները.
1.Դեպքեր ու դեմքեր
- Դեպքեր, իրադարձություններ և լուրեր (անընդհատ թարմացվաղ լրահոս՝ քննարկման հնարավորությամբ)
Քաղաքական
Հասարակական
Մշակութային - Աֆիշա (տեղեկություններ առաջիկայում սպասվող ներկայացումների, ֆիլմերի, համերգների, հանդիպումների և այլնի մասին)
Գիտական
Միջազգային
Այլ
- Դեմքեր (հայտնի և ակտիվ մարդկանց, նրանց գործերի ու ծրագրերի քննարկումներ)
Քաղաքական
Հասարակական
Մշակութային
Գիտական
Միջազգային
Այլ
- Հարցազրույցներ (պարբերաբար կազմակերվող հարցազրույցներ Ակումբ հրավիրված հյուրերի հետ)
2. Ուսումնական ծրագրեր
- Նորույթներ Հայաստանում (ինչ փոփոխություններ ու բարեփոխումներ են արվում, ինչ նոր բուհեր կամ ֆակուլտետներ են բացվել և այլն)
- Կրթություն արտասահմանում (անընդհատ թարմացվող մանրամասն տեղեկություններ կոնկրետ կրթաթոշակների, արտերկրյա բուհերի ու միջազգային ծրագրերի մասին )
3. Կոնֆերանսներ, սեմինարներ և թրեյնինգներ (ինֆորմացիա առաջիկայում սպասվող հետաքրքիր կոնֆերանսների մասին՝ թե հայաստանյան, թե միջազգային, մասնակցության դեպքում դրանց քննարկումները)
4. Նախագծեր և մրցույթներ (թե Ակումբում, թե դրանից դուրս անցկացվող մրցույթների և նախագծերի մասին տեղեկություններ. Ակումբում կարելի է պարբերաբար լուսանկարչական, նկարչական ու գրական մրցույթներ կազմակերպել, սահմանել մրցանակներ և/կամ պատվոգրեր)
5. Աշխատանքի բորսա (տարբեր կայքերից վերցված ու անընդհատ թարմացվող ինֆորմացիա Հայաստանում թափուր աշխատատեղերի մասին)
6. Թիմային աջակցություն և բարեգործություն (գնում ենք մանկատուն, կազմակերպում ենք ծառատունկ, օգնում ենք տատիկին, կարիգավոր ընտանիքին և այլն, կամ մի նոր նախագիծ ենք մշակվում, պետք է բոլորի աջակցությունը)
7. Օգնություն և խորհրդատվություն (տարբեր մասնագիտական և ոչ մասնագիտական հարցեր և դրանց լուծումներ. կարելի է նաև ստեղծել «մասնագետների անձնակազմ» կոնկրետ ենթաբաժինների համար).
- Բժշկական
- Իրավաբանական
- Համակարգչային/վեբ
- Լեզվական
- Հոգեբանական
- Կենցաղային
- Այլ
8. Գրադարան (տեղեկություններ գրքերից, հեղինակներից, նոր տպագրություններից)
9. Ֆիլմադարան (Ռուֆն ու Կլօրը հոյակապ վերլուծական թեմաներ ունեն ֆիլմերին վերաբերվող, պետք է շարունակել նույն ոճով)
10. Ձայնադարան (երաժշտություն, կատարողներ, խմբեր, նոր ձայնագրություններ)
11. Պատկերասրահ (լուսանկարիչներ, նկարիչներ, նրանց գործերը)
12. Կրեատիվ (ակումբցիների աշխատանքները, դրանց քննարկումները)
- Գրական ստեղծագործություններ
- Հոդվածներ, էսսեներ, վերլուծականներ
- Նկարչական աշխատանքներ
- Լուսանկարչական աշխատանքներ
- Ձեռքի աշխատանքները
- Կրեատիվ գաղափարներ (տարբեր ոլորտների առնչվող)
13. Համայնք (այստեղ մարդիկ կարող են ներկայանալ, ծանոթանալ, զրուցել, հանդիպումներ կազմակերպել և տեղադրել այդ հանդիպումների ու իրենց լուսանկարները)
Բացի դրանից կարելի է ունենալ «Ակումբի մասին» բաժին, որտեղ կներկայացվի Ակումբի ստեղծման պատմությունը, անցած ուղին, գործունեությունը, նպատակը, կանոնակարգը, ղեկավարները, ինչպես նաև այն ունենալ«Հարցեր ու առաջարկներ» ենթաբաժին: Այնտեղ կարելի է նաև տեղադրել «Արխիվ», որտեղ կլինի Ակումբի նախկին (այսինքն ներկայիս) ողջ պարունակությունը՝ իր բոլոր թեմաներով:
Իմ պատկերացրած նոր ֆորմատում ամենօրյա լիքը աշխատանք է պահանջվում մոդերատորներից՝ ապահովելու համար լրահոսն ու նոր ինֆորմացիան տարբեր բաժիններում՝ չհաշված քննարկումներին հետևելն ու մոդերավորումը: Չգիտեմ՝ արդյոք հնարավոր է գտնել այդպիսի մոդերների, որոնք կանեն էդ ամենը բարի կամքի հիմունքներով: Երևի թե հնարավոր է: Եթե ոչ, ապա կարելի է ավելացնել գովազդները ու փոքր հոնորարներ ստեղծել «աշխատողների» համար, գոնե որպես փոքր պարգևատրություններ և խրախուսանքներ:
Էջանիշներ