Դեռ չէր մթնել, երբ նա եկավ: Զարմացա, չէի սպասում նրան այդ ժամին: Իսկ նա հոգնած ժպտաց, ինչպես ժպտւոմ էր միշտ, մի քանի հարկ բարձրանալուց հետո, համբուրեց ճակատս, նստեց ու շատ սովորական իր քնքշալի ձայնով հետաքրքրվեց.
-Ի՞նչ կա-չկա:
-Հեչ,- պատասխանեցի ես ու անմիջապես սկսեցի սուրճ պատրաստել` առանց հարցնելու` կխմի, թե չէ, քանի որ նա սուրճից երբեք չէր հրաժարվում: Զգում էի, որ զննում է ինձ ու ասես թիկունքից կարդում հայացքս: Գիտեր, որ ուզում էի, որ խոսի հետս: Ու նա սկսեց խոսել այնպես, ինչպես ուզում էի, որ խոսի: Նա երբեք կարիք չուներ խնդրանքների, բացատրությունների և նման այլ բաների, առանց որոնց շատ խելացիներ ոչինչ չեն հասկանում:
Երբեք չգիտեի` ինչից է սկսելու խոսել, բայց մի բան պարզ էր, որ ոչ մի բառ բաց թողնել չի կարելի:
- Գիտես, մի անգամ, դեռ երեխա էի, խանութի ցուցափեղկում ջութակ տեսա: 3 ռուբլի արժեր: Տատիդ խնդրեցի, որ գնի ինձ համար, բայց այդպես էլ չառավ: իսկ ես մինչև հիմա ափսոսում, եմ, որ ջութակ նվագել չեմ սովորել:
Հետո լռեց: Լուռ սուրճ էր խմում. տաք ու դառը սուրճ, որը գուցե շատ զզվելի էր, քանի որ ես շատ հեռու էի խոհանոցից: Նա միակն էր, ով ինձ չէր ասում, որ իմ պատրաստած սուրճն անմահական է: Նա ԻՐՈՔ չէր ստում:
Հետո հանկարծ հարցրեց.
- Հայրենիքն ինչի՞ է նման:
Ես հոնքերիս տակից նայեցի նրան` փորձելով որոշել` խմած է, թե չէ: Հարբած չէր: Ոչ մի օրիգինալ մակդիր չանցավ մտքովս, իսկ ծամծմված արտահայտություններ դուրս տալով` նրան հիասթափեցնել չէի ուզում:
- Չգիտեմ,-ասացի ես,- իսկ ինչի՞ է նման:
- Կարմիր վարդակակաչի,- ասաց նա` գրեթե զարմացած, որ ինքս գլխի չընկա:
- Գիտես,- շարունակեց նա,- հայրենիքը սիրում են հենց այնպես, դա բացատրություն չունի, պատճառ չունի: Սիրում ես ու վերջ: Մտածիր այդ մասին:
Ես լուռ նրան էի նայում: Ինչքան էի սիրում, երբ մենակ էինք լինում, ու նա սկսում էր խոսել տարբեր բաներից, պատմում էր իր մանկությունից, իր դպրոցական տարիներից, ուսանողական կյանքից, քննություններից և այլն: Նա գիտեր` ինչպես է պետք պատմել: Գիտեր` ինչ ասեր, որ դու էլ սկսեիր պատմել:
Լավագույն հոգեբանները նրանք են, ովքեր համապատասխան կրթություն չունեն: Հոգեբան ծնվում են, դա հնարավոր չէ սովորել, ինչպես չես սովորի բանաստեղծել:
Նա ծխում էր: Նա շատ էր ծխում: Նա հիմա էլ էր ծխում: Նա միշտ ծխում էր սուրճ խմելիս ու մեկ էլ, երբ զգում էր, որ դիմացինն իրեն ասելիք ունի: Նրա հետ խոսելիս պետք էր բառապաշարից հանել բոլոր այն հոգեկան ծամածռությունները, որոնցից կամ կոկորդդ է սեղմվում, կամ ուզում ես փախչել: Եվ փոխանակ ասեի “իմ կյանքի լավագույն պահերն էին, երբ...” ասացի.
- Շատ զվարճալի էր, երբ միանում էիր մեր մանկական խորամանկություններին, խաղում մեզ հետ, երգում...
Եվ փոխարենը ասելու, որ այդ օրերը երբեք չեմ մոռանա, ավելացրի.
-Միշտ հաճույքով եմ հիշում:
- Ես էլ:
Չասացի շատ-շատ բաներ, որ միշտ ուզեցել եմ նրան ասել, չասացի, որ այն այգին, ուր գնացել էինք միասին, ամենակախարդական վայրն էր աշխարհում, չասացի, որ նա է ինձ սովորեցրել տեսնել ու գնահատել գեղեցիկը, նա է ձևավորել շատ արժեքներ: Չասացի, որ նա իմ ամենասիրելին է բոլոր-բոլորից, որ նրան կարոտում եմ անչափ, որ սարսափում եմ այն մտքից, որ մի օր նա իմ կողքին չի լինի...
- Մեկ էլ ե՞րբ կգաս,- հարցրեցի ես, զգալով, որ պատրաստվում է գնալ;
- Երբ որ ուզես,- ասաց նա ժպտալով:- Ով-ով, բայց դու հո գիտես, որ ես միշտ քո հետ եմ:
- Գիտեմ,- ասացի ես ու նրան ճանապարհեցի մինչև դուռը: Դուռը ծածկեցի, ականջս հպեցի դռանը, բայց չլսեցի նրա ոտնաձայները, ինչպես չէի լսել դրանք, երբ եկավ:
Եվ ընդհանրապես, հուշերը ոտնաձայներ չունեն:
Բայց ես պարզ լսում եմ նրա հազը....
Էջանիշներ