Որևէ տարածք պահպանել կարողանալու համար հարկավոր է իրականացնել հասարակության կազմակերպման անհրաժեշտ ձև, որպեսզի հասարակությունն ունենա անհրաժեշտ ռեսուրս… Մենք հաղթեցինք, բայց այդ անհրաժեշտ կազմակերպումը չենք իրականացնում և մեր ռեսուրսը չի աճում անհրաժեշտ չափով /ոմանք գուցե պնդեն, որ նվազում է/… Հասարակական կյանքի ռացիոնալ կազմակերպման փորձ և ավանդույթ մենք չունենք, պատմությունն այդ հնարավորությունը մեզ չի ընձեռել… Սա է նաև պատճառը, որ մենք դարեր շարունակ տարածքներ ենք կորցրել… Պատերազմի ժամանակ կազմակերպվելու ունակություն, կյանքը ցույց տվեց, մենք ունենք, բայց ահա խաղաղ ժամանակ արագ զարգացում ապահովող, ազգի ոգին ամրացնող, հայությանը համախմբող կառավարման արվեստ մենք չունենք… Ու մեղավորը մեկ կամ մի քանի հոգի չեն, մեղավորը ավանդույթի և գիտակցության բացակայությունն է… եթե մենք շատ արագ, շատ մոտ ժամանակներում չկարողանանք լրացնել գրեթե հազարամյա մեր այս թերությունը, ապա ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գոյությունը վտանգված կլինի…