ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ
Ազատագրված հայկական տարածքը առևտրի առարկա դարձնելը և այն հանձնելու փորձերը ոչ մի կերպ չեն նպաստում արցախյան հիմնահարցի լուծմանն ու մահացու սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես հայոց պետականության ապագայի։ Հայաստանի քաղաքական գործիչները՝ «կառուցողական երկխոսության» ճահճում խրված, հարվածի տակ են դնում հայ ազգի գոյությունը։ Փաստորեն այսօր տեղի է ունենում մի նոր «մյունխենյան համաձայնություն», որ մեզ մղում է դեպի ռազմավարական փակուղի ու նպաստում ԼՂՀ ու Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծմանը։
Այսօր, մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնում է 1918 թ. առաջին հայկական հանրապետության հռչակման օրը, մենք ուզում ենք հիշեցնել և 1920 թվականին այդ հանրապետության անփառունակ կործանման մասին, որի հետևանքով առանց գեթ մեկ կրակոցի թշնամուն հանձնվեցին Կարսն ու Իգդիրը, Արարատ լեռն ու հին մայրաքաղաք Անին։ Դա հնարավոր դարձավ այն ժամանակվա ղեկավարների անողնաշարության, «դիվանագիտական կոմպլեմենտարիզմի» շնորհիվ։
Այսօր մենք Հայաստանի ղեկավարությունից ու քաղաքական կուսակցություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին ցանկացած խոսակցությունները։ Մենք պահանջում ենք բացահայտել բանակցությունների բովանդակությունը, համարում ենք անթույլատրելի հայ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերվող տեղեկատվության թաքցնելը։
Ցանկցած քաղաքական գործիչ կամ պաշտոնյա (անկախ երկրին մատուցած նախկին ծառայություններից), որն այսօր հայտնում է հայոց հողը հանձնելու պատրաստակամության մասին, Հայրենիքի դավաճան է ու իր ժողովրդի բացահայտ թշնամի։
Էջանիշներ