Քանի որ շատերին էր հետաքրքրում, թե այնուամենայնիվ ի՞նչ էր եղել ակումբին շաբաթ և կիրակի օրերին, որոշեցի բացել այս թեման: Այսպիսով, արդեն երևի թե մեծ մասիդ հայտնի է, որ ակումբը դարձել էր, այսպես կոչված, նենգորդների «զոհ»: Վնասարարներին հաջողվել էր մուտք գործել կայքի ղեկավարման համակարգ, ամբողջովին ջնջել տվյալների բազան, կատարել մի քանի այլ գործողություններ: Այդ թվում ձեզնից շատերը վստահ են, որ այդ ամենը կատարել են ադրբեջանցի նենգորդները, քանի որ տեսել են, որ կայքի շարքից դուրս գալու առաջին ժամերին այն վերահասցեավորվում էր ադրբեջանական որոշ կայքերի վրա:

Իրականում վնասարարները հայերն էին: Ադրբեջանական կայքերի վրա վերահասցեավորումն, իրականում, երևի թե կասկածն իրենց վրայից գցելու փորձ էր, այդպես եմ ենթադրում: Թե ով(քեր) է(են) անող(ներ)ը, կռահում ենք, քանի որ ունենք անհերքելի ապացույցներ, որոնք նույնիսկ բավարար կլինեն իրավապահ մարմիններին, որոնց, անշուշտ, չենք ցանկանում դիմել: Թե ինչու՞ են արել, դա էլ ենք կռահում, հասկանում: Այստեղ միայն կարող եմ ասել, որ, հարգելներս, ազնիվ քայլ չէ ձեր արածը, դուք շարժվել եք թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ մարդկային օրենքների դեմ, դուք ձեր այդ քայլով մեզ ևս մեկ անգամ ապացուցել եք, որ այն դրդապատճառը, ինչի համար կատարել եք ձեր քայլը, այսինքն ձեր նկատմամբ մեր գործողությունները ֆորումի շրջանակներում, լիովին արդարացված են:

Վնաս մեզ չհասցրիք, իրականում: Այո, ձեզ նույնիսկ հաջողվեց կարդալ իմ նամակները (հակասահմանադրական քայլ, ա՛յ, ա՛յ, ա՛յ), բայց հասկացեք, այդ ամենով դուք ոչ մի խնդիր չլուծեցիք: Այո՛, օգտվեցիք մեր փոքրիկ անփույթությունից... շնորհակալություն, այսուհետև ավելի ուշադիր կլինենք, դուք մեզ օգնեցիք, որպեսզի մենք ավելի ճիշտ կազմակերպենք մեր քայլերը՝ հետագայում առավել լուրջ խնդիրներից խուսափելու համար: Չեմ հասկանում ադրբեջանական կայքերին հղում անելու ձեր քայլը, միթե՞ դա հային հարիր է, հայկական կայքը վերահասցեավորել ադրբեջանականի վրա

Ինչի՞ հասաք: Փառքի՞: Հոգեկան բավարարվածությա՞ն: Սեփական արժանապատվության ամրապնդմա՞ն:
Մոռացե՞լ էիք Հայաստանի Հանրապետության օրենքնե՞րը, մեջբերում եմ.
ՀՀ քրեական օրենսգիրք
Բաժին 9. Հասարակական անվտանգության, համակարգչային տեղեկատվության անվտանգության, հասարակական կարգի եվ բարոյականության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ
Գլուխ 24. Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները
Հոդված 253. Համակարգչային սաբոտաժը

1. Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, համակարգչային սարքավորումները շարքից դուրս բերելը կամ համակարգիչը, համակարգչային համակարգը, ցանցը կամ մեքենայական կրիչները վնասելը (նենգադուլը)`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը`
1) զուգորդվել է առանց թույլտվության համակարգչային համակարգ կամ ցանց մուտք գործելով (ներթափանցելով),
2) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
Բայց չէ որ, որքան ես գիտեմ, դա ձեր մասնագիտությունն է, իսկ այ կայքեր փչացնելը, այլոց email-ի հասցեների գաղտնաբառերին տիրանալը՝ ՈՉ:

Ի՞նչ ենք անելու մենք: «Հակա» քայլերի չենք դիմելու, մենք օրինախախտ չենք:
Ի՞նչ ենք անելու մենք: Անելու ենք ավելին, քան պաշտպանվելն է, հզորանալու ենք: Հզորանալու ենք օրեցօր, շաբաթից շաբաթ... դարից դար: Ոչ միայն ուժեղացնելու ենք ֆորումի պաշտպանության համակարգը, այլ ավելացնելու նրա հնարավորությունները, առաջ ենք տանելու մեր մյուս նախագծերը, ինտերնետի շրջանակներում ստեղծելու ենք նորանոր օգտակար կայքեր, ինտերնետից դուրս՝ անելու ենք այլ հանրօգուտ աշխատանք:
Ի՞նչ շահեցիք: Ոչինչ:
Ի՞նչ կորցրեցիք: Կռահեք ինքներդ: Հեղինակությու՞ն: Ժամանա՞կ: Հոգու անդո՞րր: Բարի համբա՞վ...
Ի՞նչ կորցրեցինք: Ոչինչ:
Ի՞նչ շահեցինք: Շատ բան: Նոր փորձ ձեռք բերեցինք, ավելի լուրջ սկսեցինք վերաբերվել պաշտպանության համակարգի խնդրին...
Ուրեմն ո՞րն էր ձեր քայլի իմաստը: Տվեք ինքներդ ձեզ այդ հարցը, պատասխանը մեզ չասեք, չի հետաքրքրում: Բայց հասկացեք, որ չարությամբ առաջընթացը հետընթաց է:

Իսկ ակումբի այցելուներից, հյուրերից ու հատկապես անդամներից ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար, խոստանալով, որ մեր ուժերի շրջանակներում անելու ենք ամենը, որպեսզի այլևս նման խնդիրներ չառաջանան: Բնականաբար չենք կարող երաշխավորել 100%-անոց անխափան աշխատանք, քանի որ մտածելով տրամաբանորեն հասկանում ենք, որ ցանկացած միջոցի դեմ կա հակամիջոց, բայց որ մեր ուժերն ու հնարավորությունները չենք խնայելու, դա հաստատ:

Ձեզ բարի ժամանց ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում ակումբում՝ առհավետ