Իրականում նույնիսկ դա էլ չէ: Ուիթմենը, Չարենցը այնքան բարձրաձայն էին խոսում իրենց հանճարի մասին, որ ավելի բարձրաձայն խոսել կարող էր մեկ էլ երևի Եհովան... Բայց դա մեծամտություն չէր, այլ սեփական արժեքի այնպիսի գիտակցում, որը ոչ միայն թույլ է տալիս, այլև պարտավորեցնում է խոսել այդ արժեքի մասին, որովհետև այդ արժեքը, եթե այն իրական արժեք է, ոչ միայն այդ մարդունն է, այլև նրան շրջապատող հասարակությանը, հետևաբար` այն պետք է ի ցույց դրվի, գնահատվի, և առաջին հերթին հենց իր` այդ մարդու կողմից: Ավելին, եթե այդ մարդը իսկապես լուրջ արժեքներ ունի, ապա նա այնքան լավ է գիտակցում իրական արժեքի գինը, այնքան լավ է ճանաչում "արժեք" կոչվածի որակները, որ այն տեսնում է ամենուր, որտեղ նրա գոնե մի նշույլ կա, և այստեղ իր անձը բացառություն լինել չի կարող: Իրականում մեծամտությունը իրական արժեքի և դրա նկատմամբ մարդու վերաբերմունքի անհամատասխանությունն է, սեփական արժեքի ոչ-ադեկվատ բարձր գնահատումը: Ընդ որում, այսպիսի ոչ-ադեկվատ գնահատումը բոլորովին էլ ավելի վտանգավոր չէ, քան ոչ-ադեկվատ գնահատականի այլ ձևերը, այդ թվում` ինքնախարազանումն ու մեղավորության, ոչնչության զգացումը: Մեծ հարց է, թե որ հոգեվիճակն է ավելի վտանգավոր. այն մարդու, որը գերբնական ուժին ասում է. "Ես անասում եմ քո առաջ, բայց ես քո հետ եմ" (Լյութեր), թե մարդը, որը մեծ, ոչ-ադեկվատ ինքնագնահատական ունի: Քաղաքակրթության պատմությունը ցույց է տալիս, որ առաջին դեպքում առավել մեծ վտանգներ կան, քան երկրորդի պարագայում, թեև երկուսն էլ միանշանակորեն վտանգավոր են, և առաջին հերթին` հենց իր` այդ մարդու համար: Այս մասին ուշագրավ աշխատություն է Ֆրոմի "Մարդն իր համար" աշխատությունը, որում Ֆրոմը ցույց է տալիս, որ ամենամեծ մեծամտության տակ կարող է թաքնված լինել ամենամեծ թերարժեքությունը և ամենամեծ խոնարհության տակ` ամենամեծ մեծամտությունը: Այնպես որ` խնդիրը մեծամիտ կամ խոնարհ, համեստ լինելը չէ: Խնդիրն այն է, թե դու` մարդդ, աշխարհին ինչ ունես ասելու, ինչ message ես բերում նրան: Մնացածը` պայմանականություններ են և ունայնություն:
Էջանիշներ