User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Պինգվինաշենի հնաոճ պատերի արձանագրություններից...

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պինգվինաշենի հնաոճ պատերի արձանագրություններից...

    Սևանա լիճը որպես իրավաբանական անձ :


    Զարմանահրաշ ու թովիչ հագուստով է զարդարված Սևանա լիճը առավոտյան : Մեղմ փչող հովիկը կամ զեփյուռը , որին Երևանում օգոստոսին ՙհողմ կամ բուք՚ կանվանեին , զովացնում է առանց այդ էլ արդեն տանջված ու արևից կիզված սիրտդ , մարմինդ , հոգիդ :
    Նայում ես ափից Սևանա լճին ու թվում է , թե այն անդադար հոսում է չգիտես ուր , բայց միևնույն է , դարձյալ անսպառ է մնում նրա ավազանը : Մերթընդմերթ ծովի վրայից կամ ափից լսվում են ճայերի ճվողյունները , որոնք , տարօրինակ է , բայց երեխայի ծիծաղի ձայն են հիշեցնում : Բայց դա չէ , որ նրանց Սևանի զարդն է դարձնում : Ասես ամպերի մի վիթխարի ջոկատ տարածվում են սպիտակաթույր ճայերը ամբողջ Սևանա լճի ափամերձ ջրի մակերևույթի վրա ծածկելով լճի բնանկարը և անգամ ճաճանչափայլ ու բոցակեզ հորիզոնը :
    Արևի նորածագ ճառագայթները , մինչ ես լուռ շատախոսում էի ձեր հետ , վառ կարմրով ներկեցին դիմացի թերակղզին ժամանակին Սևանա կղզին , այժմ ասես ծովի մեջ խրված մի նետի տեսք ունեցող Սևանա թերակղզին : Սարերի վրա տեղ-տեղ կարելի է ինչ-որ սև հետքեր տեսնել . ուշադիր նայողը կհասկանա , որ դրանք ամպերի ստվերներն են , որոնք ընկնում են լեռնալանջերին :
    Լեռները շրջապատում են լիճը : Թվում է լեռները խոսում են քո հետ , թվում է ուզում են հայտնել իրենց սրտի ցավը , դարդերը կամ վերջապես ձանձրացել են անվերջ այդպես լուռ ու անդադար կանգնելուց , ՙհավերժ պահապանի ՚ դերը խաղալուց . և ու~մ են պաշտպանում , նրանց , ովքեր իրենց ե±ն ոչնչացնում … ասես հայցում են նրանք թոշակի գնալ , սակայն այս ամենը նրանք լուռ են անում :
    Գեղեցիկ է արշալույսի շողերով ցողված Սևանի ավազանը : Ախ~ այդ լիճը .. ինչպե~ս է բուրում իր բուրմունքով , ինչպե~ս է թովում իր թովքով , ինչպե~ս է ձգում իր մագնիսով , ինչպես հանգստություն պարգևում իր տեսքով :
    Կախարդուհի է Սևանա լիճը , և ոչ-ոք զերծ չէ այդ կախարդանքից . նստում ես ափին , նայում լճին , ու սիրտդ թպրտում է մանկան նման , ուզում ես դու էլ ճայ լինես , սլանաս Սևանի վրայով , ասես մի կարապ վայրէջք կատարես , լողաս լճի ողորկ մակերևույթին անասելի ու աննկարագրելի բավականություն ու հաճույք ստանալով : Այո’ , Սևանաը կարող է և իվիճակի է հանգստացնել ընդարմացած ուղեղդ :
    Հիրավի , որ մեծ է լճի զմայլքը : Ամեն ակնթարթին ասես ասես մի կամակոր արքայադստեր պես , մի նոր հագուստով է ներկվում Սևանա լիճը կապտա-կանաչավուն , դեղնա-կանաչավուն , կապույտ-արծաթագույն , և իրականում սա է Սևանա լճի զմայլքը : Ինչ ասացի , լճի …… աստված կսիրե’ք , այստեղ մի ամբողջ ծով է անծիր , անվերջ , մուգ կապույտ ու խաղաղ , հանգիստ ու մեղմ հանդարտության շտեմարան :
    Երեկո է : Արդեն հոգնած արևը պատրաստվում է մայր մտնել և շուտափույթ իր գիրկն է հավաքում իր փոքրիկ ճառագայթներին : Սևանա լիճը անհանգիստ է , թվում է ինչ-որ մեկը խախտել է նրա մշտնջենական անդորրը : Ոչմիտեղից եկող ալիքները համարձակորեն խայտում են ափին : Քամին ինձ չի թողնում տեղից վեր կենալ : Նրա աղմուկը տանջում է բացասական զգացումներս : Ինչ-որ սրբազան սարսուռ է հաամկում հոգիդ , երբ մենակ ես երեկոյան Սևանա ափին : Թվում է դու Էդիպն ես , իսկ Սևանը Սֆինքսը և զրուցում եք միմյանց հետ , չնայած-որ ոչ մեկդ ոչ մի բառ չի արտասանել : Իսկ Սևանը , ……. , այն նորից փոխել է զգեստը : Եթե չլիներ թույլ կապույտ երանգը , կարելի է կարծել , թե կանգնած ես կանաչով պատված դաշտավայրի եզրին :
    Հորիզոնի վրա միակ տեսանելի կերպարը մառախուղի մեջ թաղված Սևանա կղզին է , որն ասես մի կախարդական տեսիլք լինի : Թվում է ինչ-որ խորհրդավորությամբ է այն լցված , ու անհասանելի բարձրունք է , որտեղ տաղված են աներևակայելի գանձեր : Եվ , եթե չլիներ այն ՙնեղ արահետը՚ , որը կղզին կապում է ցամաքի հետ , կարելի է կարծել , որ Ստիվենսոնը հենց այս ՙԳանձեի Կղզու՚ մասին է պատմել իր գրքում : Դատարկ է ծովը լուռ ու սրընթաց :
    Մայրամուտի շողերը իրենց օրհասական վերջին կայծերն են հղում , և Սևանա լիճը ըղմկվում է կիսախավարի մեջ , ինչու± կիսախավարի , որովհետև աբողջ լճի հայելանման մակերևույթը պսպղում է Լուսնի մխիթարող շողիկներից :
    Գեղեցիկ է Սևանը Հայաստանում : Իրար զուգահեռ ալիքների անընդհատ հաջորդականությունները , որոնք թվում է , թե վերջ չունեն , իրարից առաջ ընկնելով , խարազանում են ափը , և այդ գործընթացը այնքան գեղեցիկ երանգ ունի , որ ակամա հայացքդ կանգ է առնում ափամերձին :
    Տարօրինակ ու խորհրդավոր է Սևանը . երբևէ հարցրեք մի ՙսևանասերի ՚, ինչ զգացում է ապրում գիշերը Սևանի հետ մնալիս : Սևանը ձգող է ինչպես մագնիսը , տարօրինակ , նույն-իսկ փոքր-ինչ վախենալի ինչպես Լոխ-Նեսսը , սառը ինչպես հանգուցյալը , բայց ինչ-որ անբնական հրայրք կա նրա սրտում , որ չնայած վախին ու ցրտին , ուզում ես լինել Սևանում , զգալ ,հոտ քաշել , շոշափել , տեսնել և յոթերրորդ զգայարանով շփվել Սևանի հետ :
    Նայում ես այս հոգեզմայլ տեսարաններին ու չես կարողանում պատկերացնել , որ այստեղով ժամանակին Բեշիրն է անցել , որ Աշոտ Երկաթն է այստեղ կռվել :
    Իսկ սարերը լռում են , մտքում երևի քմծիծաղ տալով , թե ՙ այ մարդիկ , դուք ի±նչ գիտեք ինչ է եղել , միայն մենք ենք և այս ջրի վերջին կտորը ,որ գիտենք իրականում ինչ է եղել , մենք ենք ձեր պատմությունը , մենք էինք ,որ կանգնած էինք այստեղ այնժամ , երբ Նոյը խարսխեց իր տապանը մեր ընկերուհու վրա : Դուք ի±նչ գիտեք աշխարհի բանից ՚ :
    Զարմանալի է , Երևանում Սևան անունը տալիս են լողալու բնազդով , իսկ երբ Սևանում ես , երբեմն նույնիսկ չես էլ ուզում լողանաս այլ միայն բավարարվում ես նրանով , որ Սևանը կա , գոյություն ունի , որ կողքիդ է , որ ապրում ես քո թանկարժեք ժամանակից գեթ մի քանի ակնթարթ նրա հետ , և այն ատեսանելի վախը ,որ առկա է մեր յուրաքանչյուրի մեջ , այստեղ արդեն բոլորովին ուրիշ կերպ է իրեն պահում , այստեղ զգում ես , որ թիկունքիդ կանգնած է մի այնպիսի հզոր թիկնապահ , որ մի աբողջ ժողովուրդ է փրկել , թագավորների ու ակամա նյարդային բջիջներդ թուլանում են , իսկ ռեցեպտորներիդ ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է Գեղամա ծովի վրա : Ուզում ես թափավազքով առաջ մղվել , թռչել Սևանի վրայով ու անէանալ , տարրալուծվել , ամեն մի հյուլեյով առանձին զգալ այն գերագույն հաճույքը , բավականությունն ու բավարարվածությունը , որը տալիս է Սևանա լիճը :
    Արդեն առավոտ է , սպիտակ ամպերը ծածկում են Սևանը : Կարծես գզգզված բամբակի ահռելի կտորներ լինեն այդ ամպերը , որոնք անկանոն կերպով լողում են երկնքում : Բայց ահա ասես ինչ-որ մի ՙԱդամ Սմիթի անտեսանելի ձեռքով՚ կարգավորվեցին նրանց շարքերը , այժմ ամբողջ Սևանը շրջապատող պարսպասարերին խոյանում է մի ուրիշ պարիսպ ամպերը շրջան կազմելով օղակել են ավազանը գրկող լեռները : Իսկ ամպերը շաժվում են դեպի լիճը , թվում է սարերի վրայից մի վիթխարի ձյունատեղում է գալիս և ուր որ է կճխլի մեզ ու կթափվի Սևանա լիճը իր ճերմակ լավայի տակ առնելով Սևանը :
    Այսօր Սևանը ՙկարճ-կապույտ՚ շրջազգեստ է հագել : Թեթև ալեկոծություն է , ու զեփյուռը չի թողնում լսել ալիքների ափին դիպչելու ձայնը , այն անընդհատ խաղում է ականջիդ մեջ : Ինչ-որ աննկարագրելի հաճույք պարուրում է հոգիդ ու չես ուզում այստեղից քայլ անել : Որոշ մարդիկ զրկանքների են գնում , ամբողջ կյանքում փափագում են դրախտ ընկնել , իսկ Սևանի շրջակայքում բնակվող մարդիկ նույնիսկ չեն էլ կասկածում , որ իրենք արդեն գտնվում և ապրում են այդ դրախտում :
    Յուր կապույտ ու լայն փեշերը տարածելով Գեղամա և Զանգեզուրի լեռների հարևանությամբ , թե’ մոտից և թե’ հեռվից ամենատարբեր զգեստներով զարդարուն իր նեքին աշխարհն է մեր առաջ բացում Գեղամա ծովը :
    Եկե’ք , ուրեմն պաշտպանենք ու պահպանենք մեր վեջին լիճը , չոլ ու հանդերի արանքում ընկած մեր վերջին ջրի կտորն ու խոնավ վայրը , մեր պատմության նախշը , մեզ սնող ու կերակրող , և վերջապես մեր ներաշխարհի գաղտնիքների անխոնջ պահապանին , որ յուրաքանչյուրիս համար մի առանձին իրեն համապատասխան դուռն է բացում .............. մեր Սևանա լիճը :

    Սևան 2001
    Հատուկ Պինգվինաշենի համար

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պինգվինաշենի հնաոճ պատերի արձանագրություններից...

    Թաքնված տաղանդ…
    Թվում է լեռները խոսում են քո հետ , թվում է ուզում են հայտնել իրենց սրտի ցավը , դարդերը կամ վերջապես ձանձրացել են անվերջ այդպես լուռ ու անդադար կանգնելուց , ՙհավերժ պահապանի ՚ դերը խաղալուց . և ու~մ են պաշտպանում , նրանց , ովքեր իրենց են ոչնչացնում … ասես հայցում են նրանք թոշակի գնալ , սակայն այս ամենը նրանք լուռ են անում :
    Ինչ լավ ես նկարագրել…
    Եկե’ք , ուրեմն պաշտպանենք ու պահպանենք մեր վեջին լիճը , չոլ ու հանդերի արանքում ընկած մեր վերջին ջրի կտորն ու խոնավ վայրը , մեր պատմության նախշը , մեզ սնող ու կերակրող , և վերջապես մեր ներաշխարհի գաղտնիքների անխոնջ պահապանին , որ յուրաքանչյուրիս համար մի առանձին իրեն համապատասխան դուռն է բացում .............. մեր Սևանա լիճը :
    Հաստատ այս տողերը գրել ես բնապահպանական ակցիայի շրջանակներում

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պինգվինաշենի հնաոճ պատերի արձանագրություններից...

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Թաքնված տաղանդ…

    Ինչ լավ ես նկարագրել…

    Հաստատ այս տողերը գրել ես բնապահպանական ակցիայի շրջանակներում
    ոչ ... դա առօրեական կանչադիմում էր

    Ավելացվել է 2 րոպե անց
    Ինչ-որ ոչ երկրային :




    Երբ անտարբեր ու հոգնած դառը երազներից , որ ծնում է այս կորուսյալ աշխարհը , նա մուտք գործեց այդ սենյակ , միանգամից հափշտակվեց մի զույգ աչքերի կողմից : Հեռվից նայողը դա կարող էր բնորոշել որպես մի տձև , բայց ողորկ մարմին , որի վերնամասը ամբողջովին սև էր , միջնամասը սպիտակա-կապտավուն , իսկ ներքևի մասը …… ընդհանուր ֆոնի վրա աննկատ էր մնում : Մոտ եկողը կարող էր համոզվել որ դա `պարզապես սովորական մի աղջիկ էր :
    Դրա աչքերը ասես ինչ-որ բան էին որոնում նրա աչքերի մեջ ,հոգում , մարմնում և ավելի խորը խորխորատներում : Դա մի արյունռուշտ պայքար էր , որում ոչ մեկ հաղթող չէր դուրս գալու , սկայն ոչ մեկ էլ չէր ուզում պարտվել :
    Նա , որ տարիները մաշելով կամ տարիներից մաշվելով , եկել կանգնել էր կայնքի միջնակետին մոտ գտնվող միջակայքում , հեշտ կոտրվող ընկույզ չէր , մանավանդ կաղին . այն , որ ճակատից կախ էին ընկել մի քանի դուրս ընկած կամուրջներ , վկայում էին , որ փորձված է վերջինս :
    Դրա մի զույգ աչքերը մեխում էին նրա անձի մեջ ամբողջ ինքնատիրապետման սկավառակները : Ընդհարումը անխուսափելի էր : Եվ այն տեղի ունեցավ , սակայն առանց ֆիզիկական զոհերի :
    Մութ էր , երբեմն առ երբեմն ինչ-որ լույսի աղոտ նշույլներ էին առկայծում իրականության մեջ `հիշեցնելով , որ այն դեռ գոյություն ունի , սակայն նրա և դրա ցավը այդ չէր : Նա իր ձեռքերում սոսկ բռնել էր դրա իրանը , այն ասես ինքն իրեն , հին ժամացույցի տեմպերով աջ ու ձախ էր տատանվում : Այդ օրը նա տանն էր թողել իր հոգսերն ու կնճիռերը , որի մասին դա նույնիսկ պատկերացում չուներ :
    Ինչևից է , նա չհամբերեց մինչև կեսգիշեր , երբ սովից արդնանում են տառապյալ արարածները , նա դրան համբուրեց կեսգիշերից մեկ ժամ առաջ : Ավելի ճիշտ հակառակը , այդ դա նրան համբուրեց նրա `
    հետախուզական բնույթ կրող գիտական-պրակտիկ ուսումնասիրությունից հետո . նա զգաց , որ ալիքը ներխուժեց իր կոկորդը և ուր որ է տակն ու վրա կանի ամբողջ բնօրրանը ….. կրքասփյուռ ալիքը ներխուժեց ուղեղի զգայարաները հաճելի կայծեր պարգևելով և ջարդելով վեջինիս պաշտպանության համակարգը , և այդժամ նա կորցրեց գիտակցությունը … … …
    Իսկ երբ ուշքի եկավ անցել էր արդեն շուրջ կես տարի : Բարեբախտաբար դա արդեն չքացել էր , որովհետև դա ասես ինչ-որ ոչմարդկային , ոչ երկրային լիներ :


    Երևան 2000
    Հատուկ Պինգվինաշենի համար


    Ավելացվել է 18 րոպե անց
    Խրամատի ոլորաններում


    Մշուշն աստիճանաբար ցրվում էր և արդեն ընգծվում էր հարթավայրի եզրագիծը :
    Չնայած կողքից սուրացող գնդակներին ` Սամվելը ` գլուխը վեր , փորձում էր տարորոշել առջևի զրահամեքենայի հեռավորությունը խրամատից : Այն անշարժացել էր արկի հետ հանդիպելով , բայց Սամվելը համոզված էր , որ անձնակազմը սպասում էր հարմար րոպեի , որպեսզի վերսկսեր տապալված գրոհը : Սամվելը ` իր Կալաշնիկով տիպի AKM ավտոմատը ձեռքին , սպասում էր : Նրա խրամատը գտնվում էր պաշտպանական առաջին գոտում , որտեղ համարյա մարդ չէր մնացել , բացի հարևան խրամատի անդրանիկ զինվորից . բոլորը կանգնեցնելով հակառակորդի սրընթաց գրոհը զոհվել էին մարտում :
    Սամվելը նորից մի հայացք գցեց կանաչապատ զրահամեքենային և սրտի թրթիռով նկատեց , որ վառելիքատարը ծակվել էր , և հիմա զրահամեքենայի կողքից ` տաք երկաթի վրայով հոսում էին բենզինի բարակ շիթերը :
    Սամվելը մի կողմ դրեց ավտոմատը , վերցրեց սպանված ընկերոջ ավստրիական սնայպերը ` իր յուրօրինակ օպտիկական նշանոցով և նշան բռնեց բենզինի բաքին : Մոտ երկու րոպե գերուշադրությամբ նշան բռնելուց հետո ` Սամվելը հանգստտացնելով ջղերը , քաշեց ձգանը : Զրահամեքենան վերջին անգամ փայլփլաց արևի տակ իր գոռոզ տեսքով , ապա ըղմկվեց պայթյունի ալիքի մեջ : Երբ ծուխը ցրվեց , Սամվելը տեսավ շրջված և սևացած զրահամեքենան , հիմա նա համոզված էր , որ մեքենայի անձնակազմը ոչնչացված էր …. Ասես ահռելի մուրճի հարված իջավ խրամատին : Սամվելը իրեն գցեց գետնին . նույն վարկյանին պայթեց արկը ,նրանից հետո ևս մի քանիսը…..
    Սամվելը անշտապ վեր կացավ ` նույնիսկ վրայի փոշին թափ չտալով : Ըստ երևույթին թշնամին նկատել էր խրամատի միակ պաշտպանին և որոշել շարքից դուրս հանել նրան հրետանու միջոցով և միևնույն ժամանակ ոչնչացնել չարաբաստիկ խրամատը : Համոզված լինելով , որ առաջին գոտին ՙմաքուր՚ է , հակառակորդի հետևակը սկսեց առաջանալ ` դիրքեր գրավելու :
    Թշնամու հետախույզների մի դասակ , սողալով մոտենում էր առաջին գոտուն : Սամվելը որոշեց հակառակորդին մոտ թողնել ,ապա նոր ուղիղ նշանառությամբ կրակ բացել : Իսկ հակառակորդն արդեն մոտ էր , ևս մի 150 մետր և …դեռ 50 մետր չմնացած հարևան խրամատից ճարճատաց ձեռքի գնդացիրը : Այդ այն միակ զինվորն էր ,որ Սամվելից զատ պատահակնորեն ողջ էր մնացել : Այդ գնադացիրը խառնեց Սամվելի պլանները և նա որոշեց դեռևս չմատնել իր գոյությունը : Իսկ գնդացիրը ամենևին էլ ուշադրություն չդարցնելով ոչ մեկի , շարունակ խփում էր թշնամուն : Թիկունքում երևի նույնիսկ չէին կասկածում ,որ Սամվելն ու իր հարևանը առաջին գոտում են , որովհետև երրորդ գոտուց շարունակ համազարկեր էին տեղում ` ուղղված առաջին գոտի և հակառակորդի խորը թիկունք : Թշնամու դասկից ողջ մնացած հինգ հոգին կատաղի կրակ էին բացել , և հանկարծ Սամվելը տեսավ , թե ինչպես բեղավորի ձեռքին հայտնվեց Ֆ-1 տիպի նռնակ և մինչև կհասցներ նշան բռնել , օղակը մի կողմ թռավ , և նռնակը վայրեջք կատարեց գնդացրորդի խրամատում : Իր վերջին կրակահեթով գնդացրորդը խոցեց նռնակը նետողին , ապա հավիտյան լռեց , որպեսզի հետագայում սերունդների կողմից հիշատակվի որպես անբասիր հերոսության օրինակ հանդիսացող հայորդու մի կերպար :
    Թշնամու դասակի ողջ մնացած զինվորները , ասես հանգստանալով , ետ սողացին զեկուցելու : Նրանց հեռանալուց տաս րոպե անց 2 հրասայլեր հետևակի հետ միասին ուղղություն վերցրին 2 գոտի , իսկ թիկունքից յուրայիները լռում էին , ասես ամայություն էր...
    Սամվելը աչք ածեց խրամատով մեկ , գտավ ձեռքի նռնականետը , լիցքավորեց զրահարար արկով և նշան բռնեց առջևի հրասայլին ,ապա անվրդով տեսքով քաշեց ձգանը : Երբ ծուխը ցրվեց , Սամվելը տեսավ իր ` մի կողմ շուռ տված հրասայլը : Իսկ երկրորդը հանկարծակիի եկած կանգ առավ , որը հնարավորություն տվեց Սամվելին վերալիցքավորելու նռնականետը : Սակայն այս անգամ նա վրիպեց : Հստակ լսելով դեպի իր կողմը պտտվող հրասայլի աշտարակի ձայնը , նա նորից լիցքավորեց նռնականետը , բայց չհասցրեց կրակել : Հրասայլը սկսեց իրար ետևից արկեր բաց թողնելով շարժվել դեպի խրամատը : Սամվելը պառկեց գետնին , ապա դիակներց մի յուրահատուկ նեցուկ սարքեց իր նռնականետի համար , նշան բռնեց, և երբ կողքին սուրացին փոքր տրամաչափի գնդակները, քաշեց ձգանը : Սոսկալի հարվածը պոկեց հրասայլից իր աշտարակը : Բայց հետևակը գլխի ընկնելով , որ գործ ունի մեկ զինվորի հետ , անմիջապես գրոհեց խրամատը :
    Իր մի քանի փամփուշտներով փամփշտակալը հակցնելով ավտոմատին Սամվելը սկսեց ետ մղել գրոհը : Շուտով վիրավորվեց կրծքից , բայց էլի աշխատում էր չդողացնել ձեռքերը , որ չվրիպի , իսկ փամփուշներն արդեն սպառվում էին : Սամվելը դիմակայեց մոտ տաս րոպե , բայց այդ տաս րոպեն նրան հավիտենականությունն թվացին : Հանկարծ սարսափով նկատեց , որ թշնամին մոտ երկու դյուժին է , իսկ ինքը ընդհամենը 4 փամփուշտ ունի : Աչքերը մթնել էին , արյուն շատ էր կորցրել , չէր կարողանում ուղիղ նշան բռնել : Ձեռք տարավ գրպանը և ի զարմանս իրեն մի ուրիշ փամփուշտներով լի պահունակ գտավ , ապա արագ միացրեց ավտոմատին : Եվ սկսեց Սամվելը վեջին ուժերով դիմակայել թշնամուն , վերջն արդեն մոտիկ եր և պարզ , ո’չ , նա չէր վախենում մահից , նա միայն մտածում էր թանկ վաճառել իր կյանքը ….
    Ու կրակում էր Սամվելը ինքնամոռաց , անէացած աշխարհից , մինչև վեջին կաթիլ արյունը ներդնելով այդ հոգեկորույս ու խելագար գոտեմարտում , առանց մտածելու , առանց հասկանալու : Արյունն արդեն հաստ շիթերով կախվել էր կրծքից ….բայց նա կրակում էր: Չէր ել ուզում հավատալ , որ ողջ մտալու կամ գերի հանձնվելու այլընտրանք ունի , չէ որ այստեղ իրենց կործանումը գտան նրա ընկերները , հարազատները ……. Կրակում էր Սամվելը վերջին ուժերով , ասես վրեժ լուծելով ամբարտավան ու անագորույն թշնամուց բոլոր նրանց համար , ովքեր իրենց արյունով ներկեցին փառքի ճանապարհը :

    Եվ միայն այն ժամանակ իր թուլացած ձեռքերվ նա թողեց ավտոմատը , երբ զգաց `թիկունքից գրոհում է յուրայիների պահեստային գումարտակը , որ ետևից իրեն իր արմունկների վրա է պահում յուրայինների ջոկատից մի անծանոթ , բայց հարազատ զինվոր , որի համազգեստին ասես առավոտյան սառը քամուց փռփռոմ էր Եռագույնը, իսկ դրոշի տակ քիմիական մատիտով հստակ գրված էր ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ :



    Երևան 1998
    Հատուկ Պինգվինաշենի համար
    Վերջին խմբագրող՝ Root: 21.05.2007, 14:59: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պինգվինաշենի հնաոճ պատերի արձանագրություններից...

    Հետո


    Հեռու ` շատ հեռու , հորիզոնի վրա , շողշողացին արևի նորահաս շողերը , և գիշերվա թագուհին ավելի սքողվեց իր սահմանների մեջ :
    Արևածագ էր : Բարձրաբերձ լեռան վրա թառած ամրոցի ստվերը տարածվում էր ամբողջ հարթավայրով մեկ , ասես ցանկանում էր իր վիթխարի տեսքով սարսուռ առաջացնել մարդկանց սրտերում : Բայց մարդիկ չէին երևում :
    Արևի ճառագայթները դանդաղորեն սահելով գետնի վրայով մեկը մյուսից առաջ էին անցնում ` երկնքում ասես մի նրբահյուս ծիածանի ցնորք թողնելով :
    Բնությունը ժպտում էր կանաչով : Գարուն էր :
    Ձնից նորազատ հողը երերաց բազմաթիվ ձնծաղիկների ցողունների ճնշման ներքո , ապա տեղի տվեց , մի կողմ քաշվեց : Ամբողջ հարթավայրը ներկվեց բաց մանուշակագույնով : Նորածիլ բույսերը իրենց արմատները խորը մտցնելով իրենց մոր գիրկը աճում զարգանում էին : Կանաչազարդ անտառի եզրագիծը երկնքի ֆոնի վրա ասես երևակայական մի խաբկանք լիներ : Թվում էր ` ձեռքդ մոտեցնես ` կցրվի այդ հրաշալի , սակայն խաբուսիկ տեսիլքը :
    Բայց դա այդպես չէր :
    Մուգ կանաչը ծածկում էր հորիզոնի ստորոտը : Գեղեցիկ էր մայր բնությունը ` մայր երկիրը : Չէր լսվում միայն ծիտիկների ծլվլոցը : Կապույտ երկնքի խորքերում սավառնում էին մի քանի անգղ : Սրընթաց վարգով թռչելով ` ասես բավականություն էին ստանում նրանք , այստեղից այնտեղը մի քանի վայրկյանում ակնթարթային արագությամբ կտրելով :
    Խաղաղություն էր , և ոչ մի արհեստական գործոն չէր պղծում այս ` հրաշքով պահպանված փոքրիկ դրախտի անդորրը :
    Մերթընդմերթ անտառից լսվում էր խուլ տկտկոց .ՙ Տակ-տակ, տակ , տակ-տակ ՚ - փայտփորիկն իր համար բույն էր շինում : Երբեմն մեղմ ֆսֆսոց արձակելով ` անտառից դուրս էին գալիս աղվեսները , շուրջբոլորը նայում , ապա ասես ձանձրանալով ` պառկում էին արևի ճաճանչափայլ շողերի տակ ` իրենց ընդարմացած մարմինը տաքացնելու ու կենսարար ճառագայթներով սնելու :
    Արևաճաճաչափայլատականություն էր : Գեղեցիկ էր շուրջբոլորը : Այս հիրավի նրբագեղ բնության մեջ , ինչպես կասեր Րաֆֆին ` ՙՉէր երևում միայն մարդը ՚ : Ոչ մի հետք , ոչ մի նշույլ : Իսկ ինչու± : Որովհետև արդեն վաղուց էր , շատ վաղուց , որ մարդ արարածը ջնջվել էր երկրի երեսից :
    Շուրջբոլորն իսպառ անտարբերություն էր , երբ վաղորդայնի շողերով ներկված կապույտ երկնքում հանկարծ առկայծեցին աստղերը ……

    Երևան 2000
    Հատուկ Պինգվինաշենի համար

  5. #5
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պինգվինաշենի հնաոճ պատերի արձանագրություններից...

    Շատ ինքնատիպ ու հետաքրքիր էր:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պինգվինաշենի հնաոճ պատերի արձանագրություններից...

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Թաքնված տաղանդ…
    Հաստատ այս տողերը գրել ես բնապահպանական ակցիայի շրջանակներում
    Ետ ժամանակ հլը տենց ակցիաներ չկային

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զարդեր և հնաոճ իրեր
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.09.2010, 17:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •