Բարսեղ Կանաչյան
(1885-1967)
Շարունակելի #1

Անշուշտ, Կանաչյանն առավել կարեւոր ուժ էր որպես հայ ստեղծագործող:
Կանաչյանի ստեղծագործություներն այնուամենայնիվ քանակով շատ չեն «Ընտանիքս պահելու համար ստիպված էի մասնակի դասեր տալ մինչեւ ուշ գիշեր (դաշնակ, ջութակ, ներդաշնակություն), որով քիչ ժամանակ ունեի ստեղծագործելու, այդչափն ալ կպարտիմ երգչախմբիս (Գուսան), որը վարած եմ ամբողջ 30 տարի, ուրեմն մեր համերգներու հայտագիրը լեցնելու համար աշխատած եմ միշտ նորությոններ տալ ժողովըրդին», - գրում է նա իր մի նամակում։ Այդ սակավաթիվ գործերը, սակայն, պատկառելի տեղ են գրավում հայ, մասնավորապես խմբերգային գրականության մեջ։
Կանաչյանի ստեղծագործությունն ընդգրկում է 23 խմբերգ, 7 մեներգ, 19 մանկական երգեր դաշնամուրով եւ «Աբեղա» օպերան։ 1919 թ. հրատարակված պրակների մեջ կան նաեւ 5 անուն խմբական, 1 միայնակ եւ 1 զուգերգ, որոնք պարզագույն դաշնակումներ են։ Հնարավոր է, որ հայտնվեն անյայտ մնացած այս երկերն եւս։
Այդ երգերը տարբեր բովանդակության, տարբեր տրամադրությունների, բայց միշտ հուզականորեն հագեցված, երբեմն մանր, հաճախ բավական խոշոր ստեղծագոր-ծություններ են։ Մեկ մասը հիմքում ունի ժողովրդական երաժշտական նյութ, հանդի-սանում է ժողովրդական երգի (մեծ մասամբ՝ պարերգերի) այս կամ այն ձեւով կատարված մշակում, մյուս մասը լիովին ինքնուրույն հորինված է։
Կանաչյանը երգեր է գրել Պատկանյանի, Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի, Շանթի, Միրաքյանի, Շահազիզի եւ ուրիշ հայ բանաստեղծների ոտանավորներով։ Բծախնդիր արվեստագետի մոտեցումով նա Amine ոտանավորները երաժշտակա-նացրել է նուրբ-հուզական մեղեդիներով, որոնք միահյուսվել են բանաստեղծության հետ, ամբողջություն կազմել։ Այս տեսակետից հատկապես աչքի են ընկնում «Օրոր»-ը, «Ասում են ուռին», «Ալվարդի երազը» եւ ուրիշներ։
Ընդհանրապես, մեղեդիականությունը Կանաչյանի ստեղծագործության համար որոշիչ սկզբունք է եղել եւ բնութագրական է թե՛ նրա բուն երգային եւ թե՛ դասերգային (օր. «Ուռի», «Աբեղա» օպերան եւ այլն) հատվածների համար։ Կանաչյանի գործերը ժամանակագրական կարգով դիտելով, դյուրությամբ կարելի է նկատել հեղինակի ստեղծագործական վարպետու-թյան շարունակական աճը, նրա ոճի (մասնավորա-պես՝ նաեւ ազգային ինքնատիպության տեսակետից) զարգացումը, բյուրեղացումը։
Կանաչյանի կատարած գործը հաճախ գնահատվել է կոմիտասյան ավանդություն-ները շարունակող իր էությամբ։
Հիրավի, Կանաչյանը որպես հայ երաժշտական արվեստում կոմիտասյան ուղղությունը շարունակող կոմպոզիտոր, շոշափելի արժանիքներ ունի։
Այն դեպքում, երբ սփյուռքահայ մի շարք կոմպոզիտորների գործերում ազգայինը ներկայացված է միայն այսպես կոչվող հայ քաղաքային ժողո-վըրդական երգի ոճով, Կանաչյանը այդ ոճն եւս որդեգրելով (առավելապես իր սկզբնական գործերում), լայն տեղ տվեց ինքնատիպության տեսակետից ավելի բնորոշ՝ գեղջուկ երգի մեղեդիական ոճին։
Այն դեպքում երբ մի շարք հեղինակների գործերում ներդաշնակցման միջոցներն ու կերպը, բուն իսկ երաժշտական ֆորմը հայ երգերը դնում էին եվրոպական մի կաղապարի մեջ եւ հաճախ դրանք դառնում էին օրինտալ մեղեդի պարունակող եվրոպական տիպի երաժշտական գործեր, Կանաչյանը գործադրեց այնպիսի միջոցներ, որոնք չխախտեցին նրա ընտրած ժողովրդական մեղեդիների ազգային-ժողովրդական բնույթը, պահպանեցին դրանք որպես իրենց ամբողջության մեջ ազգային տեսակետից յուրօրինակ երկեր։

ՎԵՐՋ