Ֆորումցիների հետ ֆորումի գրառումների գրագիտության մասին խոսելիս անփույթ ու ոչ այնքան գրագետ գրառումներ անող որոշ մարդկանցից լսել եմ ինձ համար անհասկանալի ու տարօրինակ այն տեսակետը, որ իրենք իրականում լավ էլ տիրապետում են լեզվին (տվյալ դեպքում՝ հայոց) և պետք եղած դեպքում կարող են ճիշտ՝ առանց սխալների գրել ու խոսել, պարզապես չեն համարում, որ ֆորումն այն տեղն է, որտեղ անհրաժեշտ է գրագետ գրել։Այսինքն՝ որքան հասկացա, ֆորումը լուրջ տեղ չեն համարում, այդ իսկ պատճառով հարկ չեն համարում իրենց «նեղություն» տալ գրագետ գրելու համար։
Չգիտեմ ինչու, միշտ մտածել եմ, որ գրագիտություն կոչվածը ոչ միայն դպրոցում կամ բուհում որոշակի լեզվական կանոններ սերտելն ու դրա դիմաց համապատասխան բարձր գնահատական ստանալն է, այլև լեզուն՝ իր բոլոր առանձնահատկություններով ու նրբություններով, որպես սեփականություն ընկալելը, այնպես, որ գրագետ խոսելն ու գրելն արդեն մարդու ներքին պահանջը լինեն, ոչ թե ընկալվեն որպես կողքից պարտադրված, արտահայտվելու ազատությունը սահմանափակող ինչ-որ բան...
Եթե մարդը գրագետ է, ինչպե՞ս կարող է դա միայն իրեն հայտնի լինել, ինչու՞պիտի նա այդքան «խնամքով» թաքցնի իր գրագիտությունը։ Եվ, ի վերջո, ինչի՞ համար է այդ գրագիտությունը, եթե դպրոցը կամ բուհն ավարտելուց հետո պիտի ծալես ու «թանկ-թանկ» պահես հիշողությանդ հեռավոր խորքերում...
Էջանիշներ