ԻՆՉՈՒ ԵՆՔ ՕԳՈՍՏՈՍ 11-ԻՆ ՏՕՆՈՒՄ ՆԱՒԱԱՐԴ 1-Ը ( ԱՄԱՆՈՐԸ #1)
Հովիկ Ներսիսեան, Պատմաբան
Հնագոյն շրջանում սովորութիւն է եղել նոր թւականներ սկսելու հարցը կապել տւեալ ազգին վերաբերող այս կամ այն պատմական ազգային առասպելի կամ պատմական մի իրադար_ութեան հետ, իսկ տարեսկիզբը առանց բացառութեան կապւած է եղել տարւայ եղանակների և այս եղանակներում տեղի ունեցող կենցաղային երևոյթների հետ, յատկապէս Միջին Արևելքում: Մեր նախնիները լինելով հին աշխարհի ( Միջին Արևելքի ) մտայնութեան և հաւատամքի մտորումների ընդհանուր առանցքի և ոլորտի մէջ, չէին կարող բացառութիւն կազմել, մասնաւորապէս երբ հայ ժողովուրդի օրացոյցը աստղագիտական հիմնաւորում ունէր և ամսանունները արտացոլում էին երկրագործական աշխատանքի մինչ սրբութեան հասցւած գործի իմաստը, որը կապակցւած էր բնութեան կարբեւոր փոփոխութիւնների հետ, որոնք որևէ կերպ ազդում էին առօրեային և աշխատանքին:
Հնում այդ հեռաւոր ժամանակների հայ մաքրակրօն քրմերը իրենց բազմամեայ դիտարկումներով նկատել էին , որ բնութիւնը յարութիւն է առնում գարնան սկզբին , և այդ օրն էլ, գարնան գիշերահաւասարի օրը Մարտի 21-ը դիտեցին որպէս նոր տարի, նոր տարեգլուխ, և որը նշում էին ցնծալի տօնախմբու-թեամբ, փառաբանում էին բնութեան զարթօնքը, հողագործի աշխատանքը և աղերսում աստւածներին որպէսզի բերքառատ դարձնեն տարին:
Իսկ թէ ինչու՞ այժմ մեր նոր տարեգլուխն ենք դարձրել Օգոստոս 11- ը որը ոչ մի առնչութիւն չունի, ոչ բնութեան կարեւոր փոփոխութիւնների և ոչ եղանակներում տեղի ունեցող կենցաղային երեւոյթների և ոչ էլ աստղագիտական հիմնաւորում ունենալն է մեր քննարկման նիւթը:
Համեմատական միտումով ստորև տալիս ենք մի խումբ մեզ շրջապատող ժողովուրդների տոմարի տարեսկիզբը, որոնք բոլորն էլ ըստ ժամանակի մտայնութեան սերտ կապակցւում են, տարւայ եղանակների և բնութեան այլ կարեւոր փոփոխու-թիւնների հետ:
1- Պարսիկները իրենց հնագոյն շրջանում, նոր-տարին տօնում էին աշնանային գիշերահաւասարի օրերին, Բագիեադիշ ամսի Բագա (10րդ ) օրը, նոյնիսկ Հախամանէշ դինաստեայի Արդաշիր բ-ի ( մթա. 405-359) կրօնական բարեփոխումներից յետոյ, երբ ամսանուններն ևս փոխւեց նոր Աւեսթայի անուններով, նոր-տարին նոյնութեամբ տօնում էին նոյն օրը, նոր ամսանուն Միսրա-ի (Միհր) 16-րդ օրը ( Միսրա օրը ) որը նոյն նախկին և հին Բագիեադիշ ամսի Բագա օրն էր որը համընկնում էր բաբելական Թաշրիթու ամսւա 10-րդ օրւան, որոնք մեր այսօրւայ տոմարով հաւասար Սեպտեմբեր 29-ին, համընկնելով աշնանային գիշերահաւասարի օրերին: Նկատի ունենալով որ հետագայում երբ պարսիկները առաջնորդւեցին Եազդգերդի կոչւող տոմարով տարին հաշւարկում էին 365 օր այլ ոչ թէ 365.25 օր, հետևապես ամեն 4 տարին մէկ օր արևադարձային տարւայ նկատմամբ առաջ էր ընկնում, և այսպիսով նոր-տարին շարժուն լինելով 1075 թւին պարսից նոր-տարին համընկել էր Փետրւար 26-ին: Յիշեալ թւականին, Պարսկաստանի տէրն ու տիրականն ու թագաւորն էր թիւրքմէնական Օղուզ ցեղախմբի Թողրոլ Բէգի ,(1063-1072) եղբօրորդի Սելջուկեան դինաստիայի Մալէքշահը (1072-1092) որը իր թագաւորութեան 3րդ տարում հրահանգեց ճշտել, բարելաւել ու անշարժեցնել տոմարը: Որոշւեց նոր-տարին այսուհետև տօնել միայն գարնան գիշերահաւասարի օրը: Հրահանգը կատարւեց և 1076 թւից այս նոր անշարժ տոմարը կոչւեց Ջալալի կամ Մալեքի և այդուհետ մինչև այսօր պարսիկները նոր-տարին տօնում են գարնան գիշերահաւասարի օրը, ֆարւարդին 1-ին (Մարտ 21-ին)
2- Ալեքսանդրեան տոմար- Այս տոմարը նոյն Սելևկեան տոմարն է, որը գործածւում էր Միջին Արևելքում: Բաբելացիք մթա.3-րդ դարում այս տոմարն էին գործածում: Ամենահին փաստը որ ունենք, պատկանում է Ալեքսանդրեան 23 թ. (մթա. 289), հրեանները մակաբայեցիների գրքի մէջ ևս մթա. 2րդ դարի սկզբում այս տոմարն են գործածել : Փոքր Ասիա- ից, Սիրեաից և Արաբեաից մինչև Հնդկաստան ևս այս տոմարն է գորածածւել: Ըստ այս մակեդոնական տոմարին, տարեսկիզբը (նոր-տարին) համընկնում էր աշնանային գիշերահաւասարի օրւայ հետ, այն է դիօս (դոպս) ամսի մէկին:
3- Հռոմէական տոմար- Հռոմէացիների հին տոմարի նոր-տարին զուգադիպում էր Մարտ ամսին, այսինքն գարնան սկցբին, այն է գարնանային գիշերահաւասարի օրւան: Այդ են վկայում նրանց ամսանունները որոնք ցոյց է տալիս որ ամիսները անւանւել են թւական կարգով, օրինակ Սեպտեմբեր (september) ստեղծւել է լատին սեփթեմ (septem) բառից, որը նշանակում է եօթներորդ, Հոկտեմբեր (october) որը գալիս է լատիներէն օքթօ (octo) թւից, և կոչում էին octobere mensis (օքթոբեր մենզիս) «ութերորդ ամիս»: Նոյեմբեր (november) ամսանունը նշանակում է « իններորդ » (novem -ինը), և դեկտեմբերը (desember) նրանց տասներորդ ամիսն էր, դրա համար էլ կոչւում է desember (desem «տասը») , հետևապէս տարէսկիզբն երբ լինի Մարտ ամիսը, այս ամիսները իսկապէս լինում են 7րդ, 8րդ, 9րդ, և 10րդ:
4- Միհրականութեան՝ Միհր աստծոյ պաշտամունքի հետևանքով , որը հայկական բարձրավանդակից մթա 4-2 դդ. տարածւելով մուտք գործեց հելենիստական երկրները: Յունաստանում և 4րդ դարում հռոմէական կայսրութիւնում տարէսկիզբը տօնւում էր ձմեռային արևադարձային օրը, դեկտեմբեր 25ին քանզի այդ օրը Միհրը լոյսի և բարութեան աստւածը, որը յաճախ հաւասարւում էր Արև աստծոյ հետ և յիշւում էր «Անյաղթ Արև» (Sol invictus) յաղթում է խաւարին: Նոյնիսկ երբ Յուլիոս Կեսարի (Gaius Julius Ceasar) կարգադրութեամբ հռոմէական տոմարը մթա. 45-ի Յունւար 1-ից փոխարինւեց արեգնակային տարով ( Յուլեան տոմար): Նկատի առնելով որ տարւայ միջին տևողութիւնը կազմում է 365.58 օր 11րոպէ և 14 վայրկեան, հաշւի չառնւած 11 րոպէ 14 վայրկեան տարբերութիւնը 1582-թւին տարբերութիւնը դարձել էր 10 օր: Սխալն ուղղւեց 16-րդ դարում Հռոմի Գրիգորիս գ. Պապի ռեֆորմով, և 1582-ի Հոկտեմբեր 4-ին յաջորդւեց Հոկտեմբեր 15-ը, և Յուլեան տոմարը վերանւանւեց Գրիգորեան տոմար, բայց տարէմուտը դարձեալ նոյն Դեկտեմբեր 25-ի ձմեռային արևադար-ձային օրերին էին տօնում:
5- Եգիպտացիները ունէին 3 եղանակ որոնց ազդեցութեան ոլորտի մէջ էր ընկնում իրենց աշխատանքը. Այդ 3 եղանակները կոչւում էին akhet (հորդում, վարարում) սկսում էր Թօթ ամսի 1-ից որը եգիպտացիների տարէգլուխը՝ նոր-տարին էր և համընկնում էր Օգոստոս 29-ին և տևում էր 60 օր, մինչև Սեպտեմբեր 30-ը. ապա ջրի մակարդակն իջնելուց յետոյ, արգասաբեր տիղմով ծածկւած դաշտերի բուսնումի շրջան Proyet (բուսնում) եղանակը, (Սեպտեմբեր 30-ից մինչև դեկտեմբեր 29-ը) 90 օր, և shoma ( ամառ) Դեկտեմբեր 29-ից Յուլիս 26-ը (7ամիս)
6- Այս եգիպտական օրացոյցի համակարգի մէջ ընդգըրկւել էին վեց այլ ժողովուրդներ՝ վրացիները, աղւանները, (Կովկասի աղւանները) եթովպիացիները, աթենացիները, բիւթանացիները և կապադովկիացիները, որոնց առաջին ամիսը, նոր-տարին նոյնպէս զուգակցւել էր եգիպտական օրացոյցի առաջին ամսւայ թոթի 1-ին, կամ հռոմէական օրացոյցով, Օգոստոս 29-ին, Վրացիների Ախլածելի ամսւայ 1-ը, աղւանների՝ Նաւասարդիոնը, եթովպիացիների՝ Մաքարամը, աթենացիների՝ Մենիքւոնը, բիւթանացիների՝ Դեսոսը, և կապադովկիացիների՝ Արտանան:
Բացի վերոյիշեալներից, կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ երբ »ò ազգերի օրացոյցները դասակարգել էին մի քանի խմբերի, հայերը չէին մտել այդ խմբերից և ոչ մէկի մէջ:
7- Հայոց հին տոմար- Անանեա Շիրակացին 7-րդ դարի հայ գիտնականը՝ առաջինն էր որ կայուն հիմքերի վրայ դրեց ճշգրիտ գիտութիւների ուսում-նասիրութիւնը Հայաստանում, յայտնում է թէ, հնում տարեսկիզբ է համարւել գարնանամուտը, գարնան գիշերահաւասարի օրը՝ Մարտ 21-ը: Դա տարւայ առաջին օրն էր, առաջին ամսւայ Նաւասարդի 1-ը, որ նւիրւած էր մեր Արամազդ մեծ աստծուն: Այդ ժամանակ մեր արարիչին երկնքում ներկայացնող Արեւը յաղթահարում է ցրտին ու խաւարին և իր պարգևած ջերմութեամբ արար աշխարհը յարութիւն է առնում: Եւ առ այդ հայ ժողովուրդը տօնում էր իր Նաւասարդ մէկը, որպէս բնութեան հրաշալի զարթօնքի, դաշտ ու այգում գործի անցնելու ուրախութեան օր:
Այդ ժամանակների հայ բարեկրօն քրմերը իրենց բազմամեայ դիտարկումներով նկատել էին որ բնութիւնը յարութիւն է առնում, կենդանանում է և Արամազդ աստւածը նոր կեանք է պարգեւում գարնան սկզբին, և այդ օրն էլ դարձրին նոր-տարի, նոր տարեգլուխ, որը նշում էին ցնծալի տօնախմբութեամբ և փառաբանում էին բնութեան զարթօնքը, հողագործի աշխատանքը, և աղերսում առ Արամազդ, որպէսզի բերքառատ դարձնի տարին: Այն տեղի էր ունենում Արածանի գեդի ափերին, թագաւորի, թագուհու, զօրապետերի, արքունականների և հայոց բանակի հետ միասին ու ներկայութեամբ:
Այս մեր հնադարեան անշարժ տոմարի հիման վրայ սահմանում էին նշանաւոր տոների ժամանակացոյցը: Բնական է որ յիշեալ տոները կարող էին տօնւել ըստ անշարժ կամ «սրբազան» տոմարի սահմանւած հաստատուն ժամանակում, այլապէս դրանց կատարումը տարւայ տարբեր ժամանակներում անիմաստ կըլիներ: Ինչպէս օրինակ, անիմաստ կլիներ Վարդավառի տօնը, ջուր ցանելու կամ ջրի մէջ լողալու խաղերը ամռանը կատարելու փոխարէն, կատարէին ձմեռը, և կամ Ծաղկազարդը, որը կապակցւում է հին հայկական նոր-տարւայ տօնակատարութիւններին, և համընկնում է բնութեան գարնանային զարթօնքի պաշտամունքի հետ նւիրւած ծիսական արարողութիւններին, և արտա-
յայտում է բնութեան վերազարթնումը, որը նոյնիսկ այսօր մեր եկեղեցու այն տօներից է, որ գարնան (Մարտ-Ապրիլ) օրերին է տօնւում, և որպէս եկեղեցական արարողութիւն, կարդացւում է «երգ երգոցի» հետևեալ հատւածը, « Զի ահա ձմեռն անց, անձրեւ անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում: Ժամանակ եհաս հատանելոց, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում, թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց ...» որը գարնանային բնութեան զարթօնքն է գովերգում, փոխարէն գարնանը տօնելու, անիմաստ կլիներ աշնանը կամ ձմեռը տօնէին:
Հայ Արշակունեեաց դինաստիայի հիմնադիր Տրդատ Ա-ին (63-88) վերագրւած նորամուծութիւնների և միջոցառումների հետ է կապւած Արտաշեսեան թագաւորական դինաստիայի պաշտամունքին, իր նախնիների, Պարթև Արշակունիների պաշտամունքի աւելացնելը և հայկական տոմարի փոփոխումը:
Հայկական տարին պարունակում էր 12 ամիս և 5 կամ 6 օր՝ «Աւելեաց» 13րդ ամիսը: Տարւայ իւրաքանչիւր ամիս բաղկացած էր 30 օրից, (բացակայում էր բաժանումը ըստ եօթնօրեայ շաբաթների) և այդ օրերից իւրաքանչիւրը ուներ իր անունը:
(Շարունակելի)
Էջանիշներ