Ժող, խնդրում եմ թույլ ներվեր ունեցողներին չկարդալ: Խնդրում եմ նաև գրվածին մի փոքր հումորով վերաբերվել, հակառակ դեպքում տրամադրության անկում գոնե ապահովված է:



Շներն էլ են հաչում քեզ համար, Հայաստան


Մայրաքաղաքի կենտրոնական եւ ոչ կենտրոնական փողոցները շարունակում են զարդարված մնալ Հանրապետականի գովազդային հսկա վահանակներով: Ամենուր ՀՀԿ-ն հայ ժողովրդի երեսով է տալիս իր ծրագրած մեծագործությունները՝ «Քեզ համար, Հայաստա՛ն» կարգախոսով, որը Սերժ Սարգսյանի բերանի ծամոնն էր նախընտրական մղձավանջի օրերին:

Մղձավանջը, փաստորեն, շարունակվում է. ամբողջովին ավերված կամ դեռ կիսաքանդ խաչմերուկներում խցանումների մեջ հայտնված ուղեւորների ու վարորդների հայացքները ակամա սեւեռվում են այդ վահանակների վրա, եւ «Քեզ համար, Հայաստան» կարգախոսը չար կատակ է թվում, թվում է, թե հենց այս խցանումներն էլ են «Քեզ համար, Հայաստան», սույն ցուցապաստառների ֆոնին աղբ քչփորողներն են «Քեզ համար, Հայաստան»: Ու եթե պետավտոտեսչության զույգ տեսուչները իրենց ծառայողական մեքենայով մի կերպ ճողոպրում-դուրս են պրծնում խցանումից՝ շվարած ու անօգնական վարորդների, ուղեւորների ու անցորդների աչքի առաջ, ապա նրանք դա անում են միայն ու միայն «Քեզ համար, Հայաստան»: Ինչ-որ մեկի նյարդերն, ի վերջո, չեն դիմանում, նա թողնում է իր մեքենան անտեր, դուրս է գալիս փողոց եւ քաղաքացիական հագուստով իրականացնում «գաիշնիկի», Գալուստ Սահակյանը կասեր՝ գործառույթներ: Այդ գործառույթները նա, անշուշտ, իրականացնում է դարձյա՛լ «Քեզ համար, Հայաստան»:

Փողոցներում ամեն քայլափոխի աղբ թափողներն ու շրջակայքն աղտոտողներն էլ են այդ բաներն անում հատուկ «Քեզ համար, Հայաստան», նույնիսկ կեսգիշերից հետո հարբածներն ու ուռածներն են ամբողջ կոկորդով հայհոյանքներ բղավում միմյանց հասցեին՝ խաղաղ քնածներին դիվադադար անելով «Քեզ համար, Հայաստան», զուգահեռաբար տասնյակ ու հարյուրավոր անտեր շներ սկսում են համերաշխ հաչել, եթե արդեն գուշակեցիք՝ հաչում են անձամբ «Քեզ համար, Հայաստան» ջան:

Այնպես որ, այս մանրուքներից չարժե սրտնեղել, քանի որ ամեն դեպքում բոլոր մղումներն ազնիվ են եւ հստակ ձեւակերպված են քաղաքը դեռ զարդարող վահանակների վրա: Դրանք չեն հավաքում ոչ թե ինչ-որ հետին մտքով, այլ դարձյալ ու վերստին «Քեզ համար, Հայաստան»: Որ մշտաբորբոք փարոս մնա կարգախոսը երեքներով քարշ եկող աշակերտի ջանասիրությամբ սերտած ու սարսափելի շեշտադրումով արտասանող Սերժիկ Սարգսյանի կերպարը «Քեզ համար, Հայաստան»:

taregir.am