ԲՌՆԱԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ
ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ
AZG Daily Culture # 007, 07-04-2007
Հեշտ չէ գրողի համար տասնութ տարի լինել գրականությունից դուրս: Այդ տարիները փաստորեն չիրականացված մտահղացումներ են եւ չգրված գրքեր: Իսկ եթե դրանց ավելացնենք ճամբարային եւ աքսորական կյանքի անազատությունը, բարոյական եւ ֆիզիկական ապրումների ամենօրյա մամլիչ ազդեցությունը, առողջական վիճակի անխուսափելի վատթարացումը, պատկերը կլինի ամբողջական:
Հազարավոր այդ օրերին Մահարին բազմիցս է իրեն տվել «ինչո՞ւ» հարցը: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Եվ գոնե երկու անգամ փորձել է պատասխանել. «...այդ պրոզան կապված է մի մարդու առօրյայի հետ, որն իր ողջ կյանքը նվիրել է Ոլիմպոսի աստվածներին: Եվ եթե նրան միշտ չեն շոյել Ոլիմպյան աստվածները, այդ նրանից է, որ նա չի արածել սրբազան լեռան ստորոտներում եւ ձգտել է միշտ լեռն ի վեր...» (Վ. Աճեմյանին, 26 մարտի 1951 թ.), «...իմ «մեղքը» ես գիտեմ: Իսկ այդ «մեղքը» նրանում է, որ ես սովորական շարքային չեմ...» (Անտոնինա Մահարուն, 24 փետրվարի 1953 թ.):
Մահարու համար գաղտնիք չէր նաեւ, թե ով էր այդ մարդկային մեծագույն ողբերգություններից մեկի պատասխանատուն. «...մեծ ոճրագործ, դահիճ եւ սինլքոր վրացի Ստալինի գործերն էին, կատարողները` նրա դրածոները, Հայաստանի մեջ հայը, Ռուսաստանի մեջ ռուսը, Բելառուսիո մեջ բելառուսը...» (Շ. Շահնուրին, 28 հունիսի 1962 թ.):
Ստալինյան հայ դրածոներին (Մուղդուսի, Եղբայր Նիկողոսյան...) Մահարին չի անդրադարձել, բայց գրչակիցներին, որոնք չեղան իրենց կոչումին արժանի բարձրության վրա` քանիցս: Հեշտ չի եղել այդ խոսակցությունը կողմերի համար, սակայն զարմանալին այն է, որ դա Մահարուն կարծես տրվել է ավելի դժվար, քան դիմացինին. «Գրողների տանը, մեր զրույցի ընթացքում ես քեզ ասացի, որ ուզում էի գրել քեզ մի քանի հարցերի մասին՝ թեթեւացնելու համար առանց այն էլ ծանրացած խղճիս բեռը, կամ խղճիս ծանրացած բեռը: Սկսում եմ քո հարցով,- ի՞նչ պատահեց: Իսկապես, Նայիրի, ի՞նչ պատահեց. ինչո՞ւ հանկարծ օր ծերության նորից բաժանվեցին մեր ճանապարհները, դու դեպի ձախ, ես դեպի աջ եւ կամ ընդհակառակը. ես այն ժամանակ ասացի եւ հիմա էլ կրկնում եմ, որ ամեն ինչ սկսվեց քո մի զարմանալի այցելությունից` Ալազանին...
Բառացիորեն գրում եմ Ալազանի խոսքերը.-
- Ես, չգիտեմ, ես Նայիրուն չեմ հիշում այդպիսի տրամադրությամբ. նա ներս մտավ եւ սկսեց գոռգոռալ, թե` ես ոչ ոքից չեմ վախենում, թե` ես հիմա էլ պնդում եմ, որ Ակսել Բակունցը դաշնակցական է եղել եւ եւլն-եւլն.:
Ես, ճիշտ ասած, Ալազանի պատումին մեծ կարեւորություն չտվի. ի՞նչ վախենալու մասին է խոսքը, ի՞նչ Ակսել Բակունց եւ դաշնակցություն, երբ դու 1954 թվից հետո համարում էիր այդ բոլորը հիմարություն... ես խնդրեցի Նորենցից, որպեսզի անցնի Ալազանին եւ ստուգի, ճի՞շտ եմ լսել, թե ոչ: Մեծ եղավ իմ ցավը, երբ Նորենցը հաստատեց իմ լսածները, Մարոյի վավերացումով...
Երկրորդ «ի՞նչ պատահեց»ը պատահեց քո նշանավոր ելույթի [1] օրը «ծխականության» [2] եւ հարակից...
Նայիրի՛, մի «պատահմունք» էլ պատահեց առանց քեզ. Իշխանյանն ինձ ուղարկեց իր «Ա. Բակունցի բիբլիոգրաֆիան» [3]. այս խիստ բարեխիղճ աշխատության մեջ նշված են եւ Բակունցի դեմ եւ թեր գրված հոդվածները. վերցրու եւ կարդա «Ն. Զարյան» բաժինը «Ա. Բակունցի մասին»: Այս էլ ինձ համար անակնկալ էր: Հետո Իշխանյանի աշխատության հետքերով ես կարդացի քո, մեղմ ասած, անթույլատրելի հոդվածները [4] ... նրանք լույս են տեսել այդ մեծ գրողի ամենաողբերգական օրերին, լույս են տեսել տասնյակ հազարավոր եւ հազարավոր տիրաժով... իսկ դու կարծում ես, որ քո մի ելույթով, որի ունկնդիրների թիվը 35-ից ավելին չէր, քավեցի՞ր քո մեղքը... Մտածիր, ուղղիր ծուռը. դու կարող ես այդ անել: Հանուն սովետահայ գրականության, հանուն իմաստուն ծերության:
... Ինձ ամեն ինչում կարող ես մեղադրել, բայց քո հանդեպ... 1954 թվից հետո... չե՛ս կարող գանգատվել: Ես քեզ մոտ եղա եւ ընկեր` քո այդ ծանր յոթնամյակի օրերին: «Հիմա քո հազարն է» [5] ... (Ն. Զարյանին, 3 հունիսի 1961թ.):
Ցավոք, Ն. Զարյանի պատասխան նամակը մեր ձեռքի տակ չէ, սակայն Գ. Մահարու «պատասխանի պատասխանից» դժվար չէ կռահել, որ այդ շրջանում բարոյական կրակահերթի տակ ընկած գրողը, ըստ իր սովորության, այս անգամ էլ գնացել է մեղքերի ժխտման կոշտ ճանապարհով եւ ավելի բարդացրել իր վիճակը. «Գիտեի, որ նամակս չի մնա, ավելի ճիշտը` չես թողնի անպատասխան: Շնորհակալություն. ես գիտեմ, թե որքան դժվար է գրել, երբ չկա «սիրտ, ժամանակ եւ տրամադրություն»:
Պատասխանում եմ կետ առ կետ, պատասխանում եմ ոչ թե ապագա դոցենտներին հիացմունք եւ քեզ` ցավ պատճառելու համար, ոչ (մի մտածի, որ ես մի բարի պտուղ եմ եւ իմ մասին այդպիսի կարծիք ունեմ, ոչ եւ ոչ), գրում եմ, որ հասկանաս ինձ եւ մանավանդ` քեզ հասկանալու համար:
Ես առանց վերապահության եւ անկեղծությամբ, ճիշտ է, ոչ մանրամասն, շարադրեցի իմ՝ քո հանդեպ ունեցած դժգոհությունները, ուրիշ դժգոհություն չունեմ ես. ասել եմ, ինչ կուտակված է եղել մեջս եւ հավատա, գրելուց հետո զգացել եմ հոգեկան թեթեւություն: Ես պարտավոր էի քեզ գրել եւ կատարեցի իմ պարտականությունը, իսկ դու գտնում ես, որ ուրիշ են պատճառները մեր (ըստ քո ուղղումի` «ավելի ճիշտը` իմ») սառնության... դու չես ուզում այդ բացատրել «երկու պատճառով», նախ, որովհետեւ դա ինձ հայտնի է [6] եւ երկրորդը` ամենակարեւորը, «բացատրել այդ պատճառը կնշանակեր շարժել իրար մեջ ներթափանցված պատճառների անախորժ կույտը, գրգռել իրար պլլված օձերի կծիկը...» (քո նամակից): Սարսափելի է: Չկարծես թե «օձերը», ո՛չ, սարսափելի է, երբ մարդը մարդուն չի հավատում...
Եվ վերջապես դա ի՜նչ սարսափելի պատճառ է, ահավոր եւ անխոստովանելի, որի մասին ես չեմ կարող գրել, ավելին, ուզում եմ «քողարկել», «օրորել քեզ եւ օրորվել ինքնախաբեությամբ»: Ես չեմ կասկածում քո ստեղծագործական ուժեղ երեւակայության վրա, ինքս էլ զուրկ չեմ այդ քանքարից, բայց շատ բան կտայի, իմանալու համար, թե դու ո՞ւր ես հասել քո երեւակայությամբ:
Կրկնում եմ, Նայիրի, ուրիշ դժգոհություն չունեմ ես, բացի այն ամենից, ինչ շարադրել եմ ի խորոց սրտի գրած նամակում:
Քեզ «անտանելի զարմանք է պատճառում այն ջանասիրությունը, որով մարդիկ, առանց պաշտոնի բերման, «ուսումնասիրում» են մեզանից քառորդ դար առաջ մոլեգնած իրադարձությունները...»,- գրում ես դու: Չգիտեմ, ո՞ւմ ես ակնարկում, Իշխանյանի՞ն թե ինձ: Եթե Իշխանյանին, ապա զարմանալու ոչինչ չկա, նա կատարել է իր գրական ուսումնասիրողի պարտականությունը, եթե ինձ... ի՞նչ ես կարծում, մի՞թե ես պարտավոր չեմ կարդալու «մեզնից քառորդ դար առաջ մոլեգնած իրադարձությունների» ընթացքում եղած գրականությունը, ճիշտ է` ուշացումով: Իսկ ե՞րբ պիտի կարդայի ես այդ նյութերը, կես դար հետո՞, կամ գուցե Իշխանյանը երեք քառորդ դար հետո՞ պիտի գրեր իր բիբլիոգրաֆիան... բայց չէ՞ որ երբ էլ որ գրվեր եւ երբ էլ որ կարդացվի այդ նյութերը, ծանր է լինելու նրանց թողած տպավորությունը, անտանելի ծանր: Ի՞նչ եմ ես խնդրել քեզանից. որ դու, որ ձեռքով որ գրել ես այդ հոդվածները, նույն ձեռքով էլ հերքես, բացատրես ներկա եւ գալիք սերունդներին հենց քո՛ պատկերներով («փայտահատի», «կացինի», «տաշեղի», «ռանդա»ի...). ճիշտ չէ՞ր լինի, եթե դու հանդես գայիր մի «Pro domo sua»-ով [7] եւ վերագնահատեիր քո անցյալը... ինչո՞ւ եմ ուզում, որ դու այդ անես. Բակունցի՞ շահերի համար. ոչ, Բակունցը ոչինչ չի շահի դրանից, նա իր շահը շահել է եւ ավելին ավելորդ է. գուցե կարծում ես, որ ե՞ս այստեղ մի շահ ունեմ... չեմ կարծում, որ կարող ես այդպես կարծել, որովհետեւ դա անհեթեթություն է. ուրե՞մն... Հավատա, որ ես ուզում եմ, որ դու այդ անես քեզ համար` նա՛խ եւ առաջ:
Ես էլի եւ նորից եմ կրկնում, մեր գժտության պատճառը միայն ու միայն եղավ եւ է՛ Ալազանի հետ քո ունեցած զրույցը, քո` քեզ հայտնի ելույթը եւ քո հոդվածների թողած ծանր տպավորությունը: Քո խոսքերով ասած` մի՛ օրորի քեզ եւ մի օրորի ինձ, եւ մի որոնի ուրիշ պատճառ, որովհետեւ այդպիսին գոյություն չունի՛:
(Շարունակելի)
Էջանիշներ