ԲՌՆԱԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ
(Շարունակելի #2)


Ամեն կերպ, ամեն կողմից մոտենում եմ խնդրին, հեռանում եմ խնդրից (ավելի լավ տեսնելու համար...), ուզում եմ գուշակել այն, ինչ քո կարծիքով «ինձ առավել հայտնի է, քան քեզ». ի՞նչ ես մտածում դու. գուցե... գուցե մտածում ես, որ իմ մեջ խոսել է գրական խա՞նդը, ավելի շուտ նախանձը. չէ՞ որ այդպես մտածելը ծիծաղելի է, ինչի՞ հիման վրա ես քեզ պիտի նախանձեի 1959 թվին: Մի՞թե 1959 թվին միա՛յն ես գլխի եմ ընկել, որ դու «Արա Գեղեցկի» հեղինակն ես: Կամ գուցե դու (դու սովոր ես քեզ միշտ տեսնել «թշնամիներով շրջապատված») կարծում ես, որ ես ընկել եմ քո «թշնամիների» ազդեցության տա՞կ... Չէ՞ որ դա ավելի հնարավոր էր 1954-1959 թվականներին, քան 1960-1961-ի՞ն... ուրեմն այս էլ չի, ուրիշ ի՞նչ մտածեմ, որ դու կարող ես մտածել...

Գրում ես, - «Գրում եմ առանց հույս ունենալու, որ սրանով կփարատվի մեր մեջ ծագած «թյուրիմացությունը» կամ դու որեւէ չափով կփորձես ինձ հասկանալ...»:

Գրում եմ, պատասխանում, ճիշտ հակառակը, ես չէի գրի ոչ մի տառ ու տող, եթե հույս չունենայի, որ աստիճանաբար կփարատվի մեր մեջ ծագած «թյուրիմացությունը» եւ եթե ցանկություն չունենայի քեզ հասկանալու եւ չուզենայի, որ ինձ ճիշտ հասկանաս:

Օգնիր ինձ եւ ես քեզ կհասկանամ կես խոսքից:

20-ական թվականներին կարող էինք ասել. «Ապագան ցույց կտա, թե ով է ճիշտը...», ավա՜ղ, 60-ականն ենք ապրում, այդ «ապագա» կոչեցյալը հենց այսօրն է, որ կա. մի՞թե մեզ վայել է խարխափել ինչպես 30 տարի առաջ. ոչ, մեր տարիքը սխալներն ուղղելու, իմաստության եւ ծանր պատասխանատվության տարիներ են (վերջի՜ն տարիներ...), 30 տարի առաջ կարող էինք ասել. «Որքան ապրել եմ, էնքան էլ դեռ կապրեմ».- Հիմա կարո՞ղ ենք ասել,- ո՛չ: Իհարկե, եթե հույս ունես, որ կարող ես ապրել (ֆիզիկապես) 120 տարի, կարող ես չշտապել եւ մի քանի անգամ էլ հիմնովին սխալվել, ես այդ հույսը չունեմ, դրա համար էլ բավարարվում եմ... թեթեւ սխալներ գործելով... եւ մանավանդ շտապ կարգով ուղղելով» (17 հունիսի 1961 թ.):

«Թյուրիմացությունը» չհարթվեց: Երկու գրողների ճանապարհները բաժանվեցին հերթական անգամ: Թե որքան խորն է եղել Ն. Զարյանի հոդվածների տպավորությունը, վկայում են ուկրաինացի գրող Լ. Պերվոմայսկուն գրված տողերը. «Օրերս ես բառիս բուն իմաստով գիշերներով չքնեցի: Հետին թվով կարդացի Նայիրի Զարյանի «հոդվածները» սքանչելի Ա. Բակունցի դեմ: Ցնցվեցի մինչեւ հոգուս խորքը: Ես գիտեի, որ նա այդպիսի բաներ է գրել, ինչ որ բաներ կարդացել էի, բայց այդ սարսափելի հոդվածները չէի տեսել: Ինձ համար պարզ դարձավ, որ եթե այդ հոդվածները չլինեին, Բակունցը կստանար իր պատժաչափը, ինչպես ես, եւ այսօր նստած կլիներ Երեւանում ու կգրեր: Այդ հոդվածները տպվել են 1937 թվականին, երբ Բակունցը դեռ նստած էր: Մեկ-երկու ամսից նա գնդակահարվեց»:

Հր. Քոչարի մահն առիթ դարձավ, որ Մահարին մեկ անգամ եւս անդրադառնար անձի պաշտամունքի տարիներին գրողների բարոյական կեցվածքին. «Քոչարի թաղման մասին եղած նյութերը կարդալիս հիշեցի Չարենցին. մի ժամանակ, 30-ական թվականներին, շարունակ գանգատվում էր. «Այ տղա, մի հայ գրող էլ չմեռավ, մի տեսնեինք, ո՞նց են թաղում... Լուսահոգին թող գլուխը բարձրացնի եւ տեսնի, ինչպե՞ս թաղվեց ինքը եւ ինչպես` Հրաչյա Քոչարը, որի մեջ դեռ այն ժամանակ նա տեսնում էր «Նայիրու ողորմելի համհարզը...»:

Ո՜վ դար, ո՜վ բարք... [8]

Ի՞նչ եղավ Աբովի մոտ գտնված այն փաստաթուղթը, գրված 1937 թվականին, ստորագրված Քոչարի եւ Նայիրու ձեռքով...» (Վ. Նորենցին, 8 մայիսի 1965 թ.):

Նամակը զուսպ էր, ասես ակամա հայտնված կարծիք, սակայն Վ. Դավթյանին Մահարին ուղարկեց վերլուծական մի սանդղակ, որտեղ վերջին տեղը հատկացվում էր Ն. Զարյանին. «Քոչարը քո չարը տարավ. մահվան հետ խաղալ չի կարելի, մահը քոչարի չէ: Ճի՞շտ է, որ Նայիրին իր դամբանականում ասել է. «Նրա սիրտը չդիմացավ մեր ծանր ժամանակների հարվածներին...»: Հետաքրքիր խոսք, ասույթ, որն ավելի բնորոշ է ասողի համար, քան ննջեցյալի... զառակս ի՞նչ ցուցանե. այն, որ Քոչարը մահացավ չտանելով... կոպիտ կերպով ասած` քավությո՞ւնը... քսաներորդ համագումա՞րը... սպիտակ թո՞ւղթը...

Вообщем [9] (կասեր Չարենցը), դեստալինիզացիան ջրի երես հանեց երեք կատեգորիա.

1. Ազնիվ կատեգորիան՝ Ֆադեեւն ու նրանք, որոնք ինքնասպանություն գործեցին:

2. Ապրող, սակայն տառապող, քավող եւ հատուցող կամ չհատուցող կատեգորիան. Քոչար (գուցե Վշտունի՞ն, Աբո՞վը...):

3. Անսիրտ, անխիղճ եւ անհոգի կատեգորիան. Զարյան եւ ուրիշներ՝ եթե կան:

Վերջինը կամ անխելք է կամ հեռատես: Անխելք՝ որովհետեւ չգիտե, որ նրա զղջման խոսքը կբարձրացնի նրան ժողովրդի աչքում. ժողովուրդը մեծահոգի է, իսկ Զարյանը չի ուզում օգտվել նրա մեծահոգությունից...

Կամ հեռատես՝ որովհետեւ, ով գիտե, իցե թե մի օր Ստալինը բարձրանա՜ իր պեդեստալին... եւ այն ժամանակ, օ՛, այն ժամանակ՝ Նայիրի Զարյանը ողջ գրողների միությունը Սիբիր կքշի, ներառյալ զավխոզ Խաչիկին...» (14 մայիսի 1965 թ.):

Եթե Ն. Զարյանին Մահարին գնահատում էր որպես «Արա Գեղեցիկի» հեղինակի, ապա գրող Հր. Քոչարի մասին, չնայած վերջինիս ապաշխարանքին, ուներ միայն եւ միայն բացասական կարծիք. «Քոչարի «Զավակները» Սով. Միության գրախանութներից կիպերով ետ են գալիս [10]: Շարե՜ին հրատարակությունը սատարողների դռներին...» (Մ. Արմենին, 19 հունվարի 1964 թ.), «Քոչարի եւ հարակից խնդիրների մասին: Համաձայն եմ քեզ հետ: Մի մարդ, որ չունի ոչ խիղճ եւ ոչ իսկ ամոթ. գոնե տաղանդ ունենար. այդ էլ չկա. նստել է պատասխանատուների, Պետհրատի վզին (եւ ժողովրդի) ու... քոչում է...» (նույնին,11 փետրվարի 1964 թ.):

Գրողի անգամ վերջին շրջանի գործերը, որոնցով նա մեր օրերում շարունակվում է պրոպագանդվել կինոյի լեզվով, չստիպեցին Մահարուն փոխել իր կարծիքը. «Վերջինս (Հր. Քոչարը- Գր. Ա.) ստալինյան շրջանի կարկառուն չմշակներից էր, որը բավական չար սերմեր ցանելուց եւ հեղինակություն հնձելուց հետո, վերջին շրջանին կերպով մը ուզեց քավել իր մեղքերը (Ն. Զարյանը զլացավ այդ իսկ...) եւ գրեց մի քանի տանելի բաներ, որոնք սակայն չկարողացան բարձրանալ իսկական արվեստի պատվանդանին» [11] (Շ. Շահնուրին, 18 մայիսի 1965 թ.):

Չծավալվենք: Չխախտենք թերթային հրապարակման ծավալային սահմանները: Բայց չեմ կարող չխոստովանել, որ նյութի վրա աշխատելու ողջ միջոցին ինձ հանգիստ չէին տալիս նույն հարցերը` պե՞տք է արդյոք այս հրապարակումը, ինչի՞ է ծառայելու այն, ո՞ւմ է հետաքրքիր հեռավոր ժամանակների հին դարմանը կամ անցած տարիների ձմռան ձյունը: Մինչեւ անգամ խորհրդակցեցի մարդկանց հետ, ում կարծիքի հետ հաշվի եմ նստում...

Պատասխանը հստակ եւ որոշակի էր.

- Եթե մենք ուզում ենք ստեղծել առանց չակերտների օրինաց երկիր կամ բարգավաճ Հայաստան (հասկացություններ, որոնք կաղապարավորվում են իրենց ծննդյան օրից...), ապա պետք է իրերը, մարդկանց եւ երեւույթները բարձրաձայն կոչենք իրենց անուններով, այլապես չի լինի ոչ մի երաշխիք, որ հեռու կամ մոտիկ ապագայում այս կամ այն ձեւով չեն սկսի նորից գործել պետական կամ «մտավորական» պատժիչ-վարչարարական մահակները, եւ որ նոր մատնիչները չեն ունենա իրենց անունը կրող լայնահուն փողոցներ Երեւանի կենտրոնում:


(Շարունակելի)