ՋԵԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋԵԲՐԱՆ
հատված "Մարգարեն" էսսեից
թարգմ.` Հ.Ա.
ՑԱՎԻ ՄԱՍԻՆ
Հետո հարցրեց մի կին.
_ Ասա մեզ Ցավի մասին:
Եվ նա ասաց.
_ Ձեր ցավը երկփեղկումն է խեցու, որում ամփոփված է
ըմբռնելու ձեր շնորհը:
Ինչպես պտղի կորիզն է հարկավոր ջարդել, որ նրա միջուկը արև տեսնի,
այնպես էլ դուք պետք է ճանաչեք ցավը:
Եթե ձեր սիրտը չդադարեր ապշել կյանքի ամենօրյա հրաշքներից,
ապա ձեր ցավը ոչ պակաս ապշեցուցիչ կթվար ձեզ, որքան ուրախությունը:
Եվ դուք ձեր սրտի տարվա եղանակները կընկալեիք այնպես, ինչպես
միշտ ընկալել եք ձեր դաշտերի վրայով անցնող տարվա եղանակները:
Եվ դուք անխռով կնայեիք ձեր տխրության ձմեռների միջով:
Ձեր ցավի մեջ շատ բան դուք ինքներդ եք ընտրել:
Դա դառը դեղ է, որով ձեր ներսի բուժակը դարմանում է ձեր հիվանդ էությունը:
Դրա համար էլ վստահեք բուժակին և լռությամբ ու հանգստությամբ խմեք նրա դեղերը. քանզի նրա ձեռքը՝ ծանր և ամուր, Անտեսանելու հոգատար ձեռքով է ուղղորդվում,
Ու թեև ձեր շուրթերն այրում է նրա մոտեցրած թասը, դա այն կավից է պատրաստված, որը բրուտը թրջել է իր սրբազան արցունքներով:
Էջանիշներ