User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Վահագն Դավթյան

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վահագն Դավթյան

    Հ Ա Յ Ե Ր Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն
    Վահագն Դաւթեան



    ...Եւ ճանապարհը ինձ տանում է վեր:
    Շէկ քարափներ են, պզնձէ վիհեր,
    Պղնձէ տապ է,
    Պղնձէ տոթ է,
    Պղնձէ համ է,
    Պղնձէ հոտ է,
    Պղնձէ շողուն, պսպղուն փոշի:
    Արևահարող մարող օշօշի
    Դեղին հօրանջ է, ծարաւ է դեղին,
    Դեղին մորմոք է ու ցաւ է դեղին:
    Եւ ճանապարհը ինձ տանում է վեր:
    Մի յոգնած ծարաւ, շնչահատ ստւեր
    Իրեն հազիւհազ այդ տապից հանել,
    Ժայռի մութ խորշում լուռ ապաստանել
    Ու գիրկն է առել մի կապոյտ ծաղիկ...
    Եւ բարակ, բարակ, բարակ մի աղբիւր,
    Որ չես հասկանում ծիծաղ է մի բուռ,
    Թէ՞ մի բուռ լաց է, մի բուռ հեկեկանք.
    Մի վայրկեան միայն պէծին է տալիս,
    Թողնում ակունքը ու մահանալիս
    Զուգում է իրեն կանաչ պսակով...
    Հայաստան աշխարհ,
    Ինչպէ՞ս ապրեցիր
    Այդ մի բուռ ջրով ու մի լուրթ ծաղկով...
    Եւ ինչպէ՞ս եղաւ,
    Որ գլխիդ վրայ խշխշում է դեռ
    Կանաչից, աստղից ու քամուց հիւսւած
    Մենաւոր բարդին...
    Հայաստան աշխարհ,
    Առեղծւած ես հին,
    Խրթին առեզծւած
    Ու չեմ կարենում գաղտնիքդ բացել,
    Սեպագիր ես դու հողմերից եղծւած
    Ու չեմ կարենում խորին խորհուրդդ
    Խօսքի վերածել,
    Ճակատագիր ես,
    Որ մրուրի մէջ թաթախւած շանթն է
    շառաչով գրել
    Եւ սրբագրել տառապանքն ինքը...

    Բայց ինչպէ՞ս եղաւ որ քո երկինքը
    Մաքուր է այնքան,
    Ասես չի լսել և ոչ մի անեծք,
    Եւ ինչպէ՞ս եղաւ, որ ապրում ես դու
    Ծիծեռնակների
    Ու արծիւների
    Ու աստւածների կապոյտ աշխարհում...

    Հայաստան աշխարհ,
    Դու լռում, լռում,
    Լոկ տալիս ես ինձ
    Ծիծեռնակների
    Ու արծիւների
    Ու աստւածների կապոյտ աշխարհից
    Դէմքդ դիտելու շնորհը վերին:

    Ու ես նայում եմ լեռնապարերին,
    Ուր շողշողում է լուսաբացն անծիր...
    Հայաստան աշխարհ,
    Ինձ ուշ ծնեցիր.
    Ու ես չտեսայ լուսաստղի մաքուր քուրայից
    ելած
    Առաւօտները քո այն նախնական,
    Որ քայլում էին հովիտներն ի վար
    Ու ոտներն ի վար թափթփւում էին
    Ճառագայթ ու ցօղ:
    Ու ես չտեսայ կապոյտի միջով դանդաղ
    ընթացող
    Քո աստւածներին,
    Որոնց անունը կրակ էր ու սէր...
    Ես աչք եմ բացել ու քար եմ տեսել...
    Քարը՜
    Աստծոյ խիղճը քարացած,
    Քարը, որ ծանր է, ինչպէս չլացած
    Ու սրտին կաթած մարդու արտասուք...
    Քարերի բուք էր ու քարերի սուգ...

    Ու երբ իմ յոգնած երակների մէջ
    Ցաւն է տնքացել քարի ծանրութեամբ,
    Իմ ոխն արթնացել
    Ու ծառացել է քո դէմ արարո´ղ.
    Ինչո՞ւ այս քարի ու չարի հետ բիրտ,
    Զլացար մի բուռ բարութիւն ու հող...

    Բայց երբ նոյն յոգնած երակներիս մէջ
    Զարթնել է յանկարծ արարիչ մի դող,
    Շշնջացել եմ.
    --- Ների´ր արարող,
    Քանզի այդ քարի երակների մէջ
    Դու կարծրութիւնն ես դրել իմ ցեղի,
    Դրել ես կայծի հրաշքը մաքուր
    Եւ աղբիւրների լոյսը արարող...

    Ու նայում եմ քեզ,
    Սրբազան իմ հող...

    Նախաստեղծութեան մոլուցքը վայրի
    Այստեղ քարեղէն իր ոխն է թողել,
    Բայց կատարներին լճեր կան բարի,
    Իբրև աստծոյ բոբիկ ոտքերից
    Կաթկթած ցօղեր...
    Այստեղ ժայռերը յօշոտել իրար,
    Քարեր են ձևել, քարափներ քանդել,
    Բայց և կախել են քարափներն ի վար
    Աղբիւրներն իբրև, արծաթէ ծամթել:
    Ապառաժն այնքան վայրի է ու բիրտ,
    Որ շանթերն անգամ չեն կարող խոցել,
    Բայց քարէ ձեռքով, իբրև սէր ու սիրտ,
    Բռնել է բոսոր կակաչի բոցեր...

    Ալ կակաչների ապստամբութիւն
    Եւ խոնարհութիւն մանուշակների...

    Հայաստան աշխարհ,
    Բիրտ խռովքների ու քնքշանքների
    Անվերջանալի ալեբախութիւն,
    Բարբարոս բարբառ ու զտւած հնչիւն,
    Դու անմեկնելի ու մեծ ներշնչում,
    Որ մերթ հանում ու թաթախում է քեզ
    Աստղալոյսի մէջ ու արշալոյսի
    Եւ մերթ տապալում անդունդներն ի վար...
    Դու՝ լոյս, դու՝ խաւար,
    Դու՝ խառն ու խրթին,
    Որպէս խաւարով ու մառախուղով
    Խմորւող խռով նախաստեղծութիւն,
    Եւ դու՝ դաշնաւոր բանաստեղծութիւն,
    Որ աղօթում է լոյսի, բարութեան,
    Քո խաղաղութեան ու հացի համար

    Եւ բուրում է քո հոգևոր հացը...

    Քո մագաղաթի ամէն մի էջը
    Խշխշուն ու տաք մի լուսաբաց է.
    Եւ ամէն տողը
    Լուսաբացի մէջ մխացող ակօս,
    Ուր ոգիդ շռայլ ցորեան է թափել,
    Եւ ամէն նախշը՝
    Որդան կարմիրի հրեղեն թևով
    Երկինք սաւառնող յարութեան հրաշք
    Եւ համբարձումի անսուտ առասպել...

    Մագաղաթնե՜րդ...
    Ու մինչև հիմա չեմ կարողանում
    Վերծանել նրանց խորհուրդը խորին.
    Այդ ինչպէ՞ս եղաւ, որ օրը օրին
    Շնչել խաւարը քո տառապանքի
    Արտաշնչել են «առաւօտ լուսոյ»,
    «Արեգակ արդար», «փառք ճառագայթած»...

    Մայրենի լեզու,
    Դու՝ ոգի, դու՝ հաց,
    Դու՝ անզուգակից, դու՝ միակ աստւած,
    Որ աստծոյ նման զոհ է պահանջում...
    Եւ երբ շաչել է փորձութեան քամին,
    Մենք մեզ ենք դրել զոհասեղանին,
    Սակայն չենք զիջել
    Քեզնից ոչ մի բառ և ոչ մի հնչիւն»

    Հայաստան աշպարհ,
    Դու՝, խոնարհ աղօթք,
    Բայց նաև՝ արծւի ահեղ կռնչիւն
    Դու՝ վանքի զանգակ ու ռազմի դու փող,
    Դու` վիհի անկոում, գագաթի ներբող,
    Դու՝ ներման թավիշ, վրէժի եղջիւր,
    Դու՝ խաղաղ կրակ, մոլեգնած դու ջուր,
    Դու՝ սիրոյ ծաղիկ,ու վայրի տատասկ,,
    Դու՝ լեղի որոմ, կաթնահամ դու հասկ
    Նարեկայ վանքի քարէ հրթիռով
    Առ աստւած միտող դու Նարեկացի
    Եւ աստծոյ կողը գանգատով խրվող
    Ահեղ ցասումը Ֆրիկեան կայծի...
    Եւ դու` տառապանք,
    Որ ծանր է որպէս կռանը՝ սալին...
    Բայց այդ խռովված անդաշնութեան մէջ
    Դու ինչպէ՞ս գտար
    Դաշնութեան խորհուրդն՝ այդ զարմանալին:
    Խաչքարիդ վրայ
    Ասես թէ ինքը հրաշքն է թառել
    Որ թեթև շնչից պիտի վերանայ:

    Եւ քո կամուրջի
    Սլաք կամարը այնպէս է սուրում,
    Ասես հրեղէն հովատակ է նա:

    Հայաստան աշխարհ,
    Այդ ինչպէ՞ս արիր որ քարը շնչի
    Ու ոգիանայ ու դառնա Անի...

    Ինձ ուշ ծնեցիր,
    Բայց ես երևի քո մայր ոստանի
    Մի գմբէթի մէջ խորհուրդ եմ եղել,
    Մտորմունք մի լուռ,
    Նրա մի զանգի ղօղանջը տխուր,
    Շքեղ թախիծը ինչ-որ կամարի
    Եւ քար եմ եղել պարիսպների մէջ՝
    Վէմ հպարտութեան...

    Ինձ ուշ ծնեցիր
    Ու կտակեցիր ցաւը պարտութեան...
    Իմ սրտի միջով խուժում է ահա
    Դեղին սամումը անապատային,
    Հորդան այդ շեղաչ, խուժդուժը, վայրին,
    Որ խուլ կռնչում, երգում ռնգաձայն,
    Վարգում բիւրեղեայ հրաշքիդ միջով
    Ու նիզակներն է մեխում քրքիջով:

    Հայաստան աշխարհ,
    Այդ հեղեղի դէմ բիրտ ու հողմասուն
    Դու՝ փլչող գմբէթ ու ծալվող դու սիւն,
    Դու թռիչքի մէջ տապալւող կամար,
    Լպիրշ աչքի դէմ՝ դու մերկ Տիրամայր,
    Քարէ հառաչանք, քարէ արտասուք
    Եւ գեղեցկութեան ծնկածալ դու սուգ...

    Եւ քո տապալւող գեղեցկութեան հետ
    Դարեր ու դարեր տապալւել եմ ես,
    Ամէն սասանվող ու ծալւող սեան հետ
    Սասանւել եմ ես ու ծալւել եմ ես,
    Մոխիր եմ ծամել ու ծամել փոշի,
    Այդ փոշու միջից նորից թևել եմ
    Ու քո ցաւի պէս հարատևել եմ...

    ...Աշնան առավօտ... Մենավոր բարդին
    Ասես գիշերւայ թափած աստղերը
    Մէկ-մէկ հաւաքել, բարձել սաղարթին
    Ու նորից դէպի երկինք է տանում...
    Հայրենի հովիտ՝ սրբազան անուն,
    Այստեղ ձեր Նոյը, այդ պատկառելին
    Քամեց առաջին ողկոյզը արդար,
    Խմեց, խենթացաւ ու աստւածացավ
    Ու աստծոյ նման կանգնեց մերկ ու բաց...

    Աշնան առավօտ,
    Քո իսկ խելագար բոյրերով հարբած,
    Քայլում ես նորից աստծոյ նման մերկ
    Եւ առած հողի շռայլ նախընծան,
    Հողոտ ու շողոտ մտնում ես հնձան...

    Բայց դու, Հայաստան,
    Սմբակների տակ տրորւած ողկոյզ,
    Դու հեղւած գինի, բզկտւած դու լոյս,
    Հանգչող փեթակի տաք ու խուլ դու ձայն,
    Դու՝ անդուռ հնձան...

    Եւ գիշերային անքնութեան մէջ,
    Երբ իմ արիւնը մխացել տխուր,
    Մէջքիս երակը տնքացել է խուլ,
    Տնքացելկ ինչպէս մայր Արածանին,
    Հնազանդւել եմ ես նրա ձայնին,
    Ճամփայ եմ ընկել,
    Որ նշխարներդ մէկ-մէկ հաւաքեմ
    Ու ոտից գլուխ քեզ երկրպագեմ:

    Եւ թափառական գուսանի նման
    Անցել Մասիսի կապուտակ փէշով,
    Յոգնած ոտքերս ցողել մշուշով,
    Իջել եմ նորից հովիտներդ հին...

    Անձրևից յետոյ
    Արտոյտներն այնտեղ խենթանում էին,
    Անձրևից յետոյ երկնքի միջով
    Եօթը միրհավ էին թռել երևի
    Եւ թողել էին իբրև ծիածան
    Հետքը թևերի...

    Անձրևից յետոյ այնտեղ եօթ երկինք,
    Եօթ ծիածան կար ու եօթ մանկութիւն...

    Հողի կոնքերին
    Դողում մայրութեան մի տաք ցանկութիւն,
    Հևում տարփանքով, փարւում էր խոփին:

    Օրը՝ բարութեան արցունքը կոպին,
    Ոսկէ սերմեր էր ակօսին յղում:
    Եւ խոփն այնպէս էր այնտեղ պսպղում,
    Ասես նրա մէջ աշխարհի խիղճը
    Ամենախոշոր իր աստղն էր վառել...

    Հայաստան աշխարհ,
    Դու՝ արտ, դու արև,
    Դու՝ ծլարձակման կանաչ արշալոյս,
    Երկնքի դիմաց դողացող դու յոյս,
    Քրտինքով ցօղւած հասկի ճառագայթ,
    Իմաստութեան պէս խոնարհւած դու արտ,
    Դու՝ ամառային մեծ արևագալ,
    Դու՝ հնձի զնգոց, ոսկեղեն դու կալ...
    Վանքի խաւարում Տիրամօր առաջ
    Հասկերից հիւսւած ոկէցոլ դու խաչ
    Եւ արիւն հեղւած այդ յուսոյ խաչին...

    Ինձ ուշ ծնեցիր,
    Ու ես չտեսայ
    Քո Թլոր Դաւթի թուրը հրածին,
    Ինձ կտակեցիր
    Տխուր արիւնը փոքր Մհերի
    Նրա զօրաւոր անզօրութիւնը
    Քարանձաւային հառաչը նրա,
    Քարանձաւային այդ դառնութիւնը:


    (Շարունակելի)
    Վերջին խմբագրող՝ vartabooyr: 05.05.2007, 21:22:

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹԵԱՆ

    Հ Ա Յ Ե Ր Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն
    (Շարունակելի #2)
    (Դասական Ուղղագրութեամբ)

    Վահագն Դաւթեան



    Հայաստան աշխարհ,
    Ո´չ, հող չես դու լոկ, դու քար չես միայն,
    Դարեր ու դարեր գոյացել ես դու
    Մեր երազների տաք աճիւններից,
    Որոնցից անվերջ նոր երազների
    Հրաշքն է աճել,
    Դու գոյացել ես
    Մեր ըմբոստութեան շառաչիւններից,
    Որոնց արձանքն ահագնացել է
    Ու անվերջ շաչել...
    Դու գոյացել ես առեծւածներից,
    Մեռնող ու ծնւող մեր աստւածներից,
    Մեր համբերութեան քարէ բերդերից,
    Մեր սիրոյ մաքուր ծաղկաբերդերից,
    Լացող մամուռի արտասուքներից,
    Նահատակներիդ սուրբ մասունքներից,
    Օջախի բոցից, ծխանի ծխից,
    Քո ոգուց ելնող, այն մառախուղից,
    Որից աստղեր են ծնւում աշխարհում...

    Հայաստան աշխարհ,
    Իմ կավ, իմ արիւն,
    Իմ հին տառապանք ու իմ պարտութիւն,
    Իմ լուսէ խոյանք, իմ հպարտութիւն,
    Իմ թաքուն գանգատ ու իմ գոհութիւն,
    Իմ բախտ, իմ հաւատ ու իմ գոյութիւն...

    Հայաստան աշխարհ,
    Դու խաչելութեան, ցաւի, թախծութեան
    Եւ հրաշալի ու մեծ յարութեան
    Անվերջանալի արարողութիւն...

    Հայաստան աշխարհ՝ Արա գեղեցիկ,
    Հայաստան աշխարհ՝ հրեղէն դու սիւն...


    ՎԵՐՋ

    Ավելացվել է 3 րոպե անց
    ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐ
    (ՀԱՏՎԱԾՆԵՐ)
    Վահագն Դավթյան


    ՄՈՒՆԵՏԻԿ

    Հե՜յ, հեռու կացեք,
    Ճանապարհ բացեք
    Գալիս են, գալիս իշխան, վարդապետ,
    Գալիս են, գալիս, Աբուլ-Բարդի հետ.
    Ու բերում նեռին.


    ...Ծանր շղթաներն իր կուռ ձեռքերին,
    Մազերը խռիվ, շապիկն արնամած,
    Սմբատը ահա գգալիս է կամաց:
    Աչքերում շանթի ու պողպատի փայլ,
    Գալիս սիգաճեմ, գգալիս ծանրաքայլ,
    Գալիս է, գգալիս ու թվում է թե,
    Երբ ձեռքը շարժի՝ շղթան պողպատե
    Փշրվի պիտի, հոդ առ հոդ թափվի
    Կուռ թեւերն ի վար:
    Գալիս է... կանայք կանգնած շարվեշար,
    Նայում են, խոսում, շշուկ-հոգոցով.
    - Ինչ պարթեվ հասակ...
    - Ինչ աչքեր են ծով...
    - Տեսնես քանիսի՞ն սիրու տեր արել,
    Քանի՜ քանիսի սրտիկն է վառել...
    - Ինչպես անուշիկ հայրենն է ասում,
    Ախ, երնեկ նրան, ով այս դյուցազուն
    Քաջի հետ երթա, կամուրջն անցանի,
    Հետո ջուրը գա, կամուրջն այդ տանի:


    Կանգնում է Սմբատն... իսկ շուրջը նրա
    Վանականերն են վխտում հեվիհեվ,
    Կանգնում է... հայացքն ամբոխի վրա
    Ճախրում է մի պահ, հետո սրաթեվ
    Սլանում դեպի Թոնդրակա սարի
    Ժայռերը բարձրիկ:
    Ո՞ւր են իր քաջերն...
    Իսկ եպիսկոպոսն՝ այր մի լայնալանջ,
    Անշուշտ չգիտեն,
    Թե ոչ, կիջնեին, հանց շանթ ու արծիվ:


    Կրծքին ակնակուռ, ոսկեցոլ մի խաչ
    Ու ոկեփոշով օծված միրուք մի
    Խիտ ու փառահեղ,
    Այսպես բարբառեց ձայնով իր ահեղ:


    ԵՊԻՍԿՈՊՈԱ
    Իշխանաց մերոց՝ լույս ու բարություն,
    Ազատաց՝ կորով ու քաջարություն,
    Վանքերին մեր սուրբ՝ կուռ հաստատություն
    Եվ ռամիկներին երկնային երկյուղ
    Ու խոնարհություն:


    ԾԱՂՐԱԾՈՒ
    Ցնծա դու, ռամիկ, չարադատ անձիդ
    Օրհնանք մի հասավ խիստ երանելի,
    Ի՞նչ կա երկյուղից ավելի քաղցրիկ,
    Խոնարհությունից անուշ ավելի:


    ԵՊԻՍԿՈՊՈՍ
    Լռիր, խեղկատակ... Իսկ դու, ժողովուրդ,
    Նայիր ոճրամուխ այս արարածին,
    Նա իր մոլության կրքով անհագուրդ,
    Ախտակտությամբ իր դժոխածին,
    Իր խավարասեր վարդապետությամբ,
    Անուսումնական իր տգիտությամբ
    Իր ոճրաշավիղ դիվահարությամբ,
    Իր խավարտչին ու նենգ չարությամգ
    Կամեր քո հոգին հավատից հանել
    Ու տաճարն Աստծո հիմից սասանել:
    Սակայն մծղնե գործերն այդ չարի
    Անպատշաճ է խիստ պատմել մեկ առ մեկ,
    Զի աղտեղի են ու նենգ են կարի:


    ՍՄԲԱՏ
    Ով եպիսկոպոս, երկնչում ես դու
    Ասել այս մարդկանց,
    Թե ես, իրապես ինչ եմ քարոզում,
    Դու, որ կիտել ես ծով ոսկի ու գանձ
    Եվ ոսկով անգամ միրուքդ ես օծում,
    Ասա, ուսկի՞ց են այդ գանձերը քեզ...
    Չե՞ս ուզում ասել... Դե, ներիր այնժամ,
    Եթե տհաճո խոսքերն իմ լսես,
    Ադամանդներն այդ, որ կայծակում են
    Քո կրծքի խաչին,
    Ռամկի քրտինքի ծովից են հանված,
    Ալ սուտակները, որ ճառագում են
    Քո այդ «սուրբ» աջին,
    Արյամբ են այդպես վառ ծիածանված,
    Դրանք մեր արյան շիթերն են անգին...
    Բանիր չարաչար՝
    Տասնորդը վանքին...
    Մկրտիր
    Դրամ անիծյալ վանքին.
    Հաղորդվիր՝
    Դրամ տուր, դարձյալ վանքին,
    Զոհը իր հերթին
    Ու պտղին իրեն,
    Եվ ո՞վ է կարգել այդ կարգն անօրեն...


    ՁԱՅՆԵՐ
    - Ճշմարիտ է նա...
    - Ճշմարիտ է նա...


    ԵՊԻՍԿՈՊՈԱ
    Նա մոգ է, նա շուն, վայրի մի գազան,
    Նա մարմնավորյալ ոգին է չարի


    ՍՄԲԱՏ
    Առավել լավ է բնությունը շան,
    Քան բնությունը հիմար ոչխարի,
    Մեզ պետք չեն վանքեր,
    Պետք չե վանական,
    Աշխարհն է մարդու, վանքն անապական,
    Միթե տերն ինքը մեզ չի մկրտում
    Իր Աստվածային շնչով անարատ,
    Մի՞թե ամեն օր մենք չենք հաղորդվում
    Աստծո սիրով ու լույսով առատ,
    Մի՞թե կյանքը մեր,
    Տառապանքը մեր
    Մի սրբանվեր զոհ չե Աստծուն...
    Էլ ինչո՞ւ են պետք վանքերն այդ փծուն,
    Թող ազատ հոգին որտեղ կամենա,
    Այնտեղ աղոթի,
    Մի´ դնեք կապանք մեր հոգու վրա,
    Մեր ձեռն ու ոտի,
    Աստված ազատ է ստեղծել մարդուն,
    Էլ ինչո՞ւ իշխան եվ ինչո՞ւ ռամիկ,
    Նա բաշխել է մեզ լույսն իր զվարթուն,
    Այս հողն, այս ջուրը, ամենայն բարիք,
    Բայց խլել եք դուք աշխարհն այս պայծառ
    Եվ խաբում եք մեզ կյանքով հանդերձյալ:
    Ո´չ կյանքն այստեղ է, այս արեվի տակ,
    Եվ մահից հետո չկա այլ մի կյանք:
    Դուք մեզ երկիրն այս տվեք կենարար,
    Ու թող ձեզ լինի դրախտ ու եդեմ...


    ԵՊԻՍԿՈՊՈԱ
    Օ, հանդգնում է նա երկնքի դեմ,
    Հասու չի լինում նա մտոք իր կույր,
    Որ երկնքից են բարիքներ արար,
    Երկինքն է ղրկում մեզ լույսն իր մաքուր,
    Անձրեվն իր առատ, Ցողը կենարար:


    ՍՄԲԱՏ
    Ո´չ, ամպն իր անձրեվն առնում է ծովից,
    Երկրի սրտից են բխում գետ ու ծով,
    Թե ակունքներն այդ չքանան հողից,
    Ուսկի՞ց կը լինի եվ անձրեվ, եվ ցող:


    ԵՊԻՍԿՈՊՈԱ
    Իսկ թե երկինքը բարկ արեվ անի,
    Եվ խորշակ անի, եվ անի երաշտ,
    Հողը դժոխքի պիտի նմանի,
    Սեվանան պիտի արտ, արոտ ու դաշտ:


    ՍՄԲԱՏ
    Եթե երկինքը բարկ արեվ անի,
    Ամպերն անձրեվելն իրենց մոռանան,
    ետինն անդունդից հեղեղ կը հանի,
    Որ ջրվեն ծաղկունքն ու պայծառանան:


    ԵՊԻՍԿՈՊՈԱ
    Իսկ եթե երկինքը գոռա ահառիկ
    Եվ կարկուտ անի, եվ անի կայծակ,
    Մոխրանան պիտի եվ հասկ, եվ ծաղիկ,
    Ամլանա պիտի հողը ծագեծագ:


    ՍՄԲԱՏ
    Բայց երկիրն ունի անդունդներ անհուն
    Կուլ կտա իսկույն հեղեղ ու կարկուտ,
    Ու ժայռեր ունի նա շանթակայուն,
    Կը փշրի երկնի կայծակներն անգութ:


    ԵՊԻՍԿՈՊՈԱ
    Ո´չ, երկինքն է վեհ զի Տերն Արարիչ
    Բազմել է այնտեղ ամպե իր գահին
    Եվ արդարությունն ու լույսն է իր ջինջ
    Սփռոյմ երկնքից արար աշխարհին...


    ՍՄԲԱՏ
    Ով եպիսկոպող, գիտե՞ս դու սակայն,
    Որ երբ օրը գա այն դատաստանի
    Երբ փողը հնչի աբրիելական,
    Աստված երկնքից իջնի պիտի վար,
    Որ այստեղ արդար իր դատը անի:


    ՁԱՅՆԵՐ
    - Հաղթեց...
    - Հա՜յ, հաղթեց...
    - Հաղթեց Սմբատը եպիսկոպոսին...


    ՍՄԲԱՏ
    Այո, նա այստեղ իր դատը կանի,
    Նա գերեզմանից քեզ դուրս կը հանի,
    Քեզ, որ ոսկի ես միրուքիդ ցանում,
    Հագնում ես մետաքս ու հագնում բեհեզ,
    Մինչդեռ ռամիկը շինարար ու հեզ,
    Որ հողն է վարում ու հաց սերմանում,
    Իր դատած հացին կարոտ է մնում...
    Նա գերեզմանից քեզ դուրս կը հանի,
    Կը հանի ամեն տեր ու իշխանի
    Եվ ձեր ծովական մեղքերի համար
    Իր Աստվածային սուրբ դատը կանի:
    Նա կը խափանի չարը անողորմ,
    Նա կը հաստատի վսեմն ու բարին,
    Եվ արդարության անարատ ցողով,
    Եվ ազատության ոսկեղեն շողով
    Առավոտ կիջնի Հայոց աշպարհին...


    ՁԱՅՆԵՐ
    - Հաղթեց Սմբատը եպիսկոօպոսին...
    - Հաղթեց, Հա՜յ, հաղթեց եպիսկոպոսին:


    ԵՊԻՍԿՈՊՈԱ
    Գործերիդ համար չարանենգ ու սին
    Անիծում եմ ես կռապաշտ մոգիդ,
    Անիծում եմ ես մարմինդ ու հոգիդ,
    Անիծում եմ քեզ անշիջում հրով,
    Տարտարոսական թանձր խավարով,
    Կուպրի լճերով, հրեղեն գետով,
    Հրեշտակների անվրեպ նետով...


    ՔՈՒՆՁԻԿ
    Նաեվ որդերով, թունոտ իժերով,
    Տառապանքների անանց գիշերով...


    ՍՄԲԱՏ
    Քունձիկ աբեղա, օ, այստե՞ղ ես դու,
    Եվ կերպ ե՞ս առել անարատ մարդու...
    Միթե՞, ամիրա´, դու չես նկատում,
    Որ բորի թույն է այս մարդուց կաթում,
    Որ վարակ է նա... հետ տարեք ապա
    Վեղարը նրա այդ օձիկապա
    Եվ վեղարի տակ կտեսնեք նրա
    Թույնը մահահոտ:


    ՁԱՅՆԵՐ
    - Բորոտ է իրավ...
    - Բորոտ է, բորոտ...


    ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ
    Եվ դու ահավոր այդ վարակն առած,
    Ի՞նձ ես մոտեցել ով, չար արարած...
    Դահիճներ, տարեք, գլխատեք դրան:


    Ոռնոցով զարհուր ու լալահառաջ
    Տարածվեց Քունձիկն Արաբի առաջ:


    ՔՈՒՆՁԻԿ
    Օ, ողորմա ինձ,
    Փրկիչդ վերին,
    Հիշիր ամիրա,
    Ես եմ քո ձեռքը մատնել այս նեռին,
    Հիշիր, ինչպես եմ ես քեզ ծառայել...
    Եվ ա՞յս էր վարձս...


    ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ
    Ես վարձ եմ տալիս մատնիչին վայել:


    ԾԱՂՐԱԾՈՒ
    Հրաշք եղավ,
    Հրաշք եղավ,
    Շունը, իրավ, շան միս կերավ:


    Բայց խլացնելով աղաղակ ու կանչ,
    Նժույգ մի մեխվեց ամբոխի մեջ ծով,
    Իջավ նժույգից կին մի հիասքանչ,
    Դեպի ամիրան քայլեց սիգալով:
    Ու շշուկ անցավ.
    - Իշխանուհին է...
    Փառանձեմն է դա...


    ԻՇԽԱՆՈՒՀԻ
    Ողջույն, սուրբ հայրեր, ողջույն, ամիրա,
    Ի՞նչ, հավաքվել ու դատո՞ւմ եք արդեն,
    Չգիտե՞ք, սակայն, որ իմ ճորտն է նա,
    Ու կարգ է, որ ես իմ ճորտին դատեմ:
    Ուստի ազատիր թեվերը նրա,
    Եվ իմ ճորտ ռամկին ինձ տուր, ամիրա:


    ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ
    Հազիվ եմ նրան ձեռք ձգել, տիկին,
    Եվ դու ուզոմ ես՝ բաց թողնեմ կրկին...
    Հա, հա՜, հա՜, հա՜ հա...


    ՍՄԲԱՏ
    Բայց դու իզուր ես ժամանել տիկին,
    Ես չեմ ցանկանում ճորտի անունով
    Փրկել իմ հոգին...
    Ես ճորտ չեմ, օ, ոչ:
    Ես ազատությունն ինքն եմ մարմնացած,
    Ազատությունը՝ շղթայի զարկված,
    Ազատությունը՝ որ մեռնում է միշտ
    Մեռնում է նորից հարություն առնում,
    Հառնում, տառապում, ոգորում ըմբոստ
    Ու նորից մեռնում:
    Ու ես կը մեռնեմ, կը մեռնեմ խաղաղ.
    Զի սերմանել եմ իմ սերմը արդեն,
    Որոնք մայր հողում մի օր կը պայթեն,
    Ու վեր կընձյուղեն
    Ու կելնեն ի լույս,
    Ցորյանի հատը կը լինի մասուր,,
    Ու գարին՝ ընկույզ...
    Չի լինի իշխան,
    Ու չի լինի ճորտ,
    Մարդը կը դառնա արդար ու բարի,
    Եվ ազատություն կը լինի այնժամ,
    Ի մեջն աշխարհի:


    ՁԱՅՆԵՐ
    - Նա սուրբ է, նա սուրբ...
    - Աարդար մարգարե...
    - Քրիստոսն է մեր...
    - Մեր լույսը բարի...
    Վերջին խմբագրող՝ vartabooyr: 05.05.2007, 21:15: Պատճառ: Գրառման ավելացում

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (16.03.2011)

  4. #3
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    32
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Դաւթեան

    ԿՐԿՆՎՈՂ ԵՐԱԶ
    Պարույր Սևակին

    Դու, որ կյանքում երբևէ չէիր կրկնում ինքդ քեզ,
    Հիմա անվերջ կրկնվող իմ երազն ես դու դարձել,
    Գալիս ու նույնն ես ասում` թե այն օրը պարզապես
    Ուշաթափված էիր դու, իսկ մենք մեռած ենք կարծել:
    Թե քունքիդ վերքը փոքրիկ վաղուց արդեն լավացել,
    Սպիացել է վաղուց ու չի ծորում էլ արյուն...
    Հետո ուզում ես ասես ինչ-որ գաղտնիք ինձ բացել,
    Սակայն մարդիկ են խուժում, աղմկում ու խանգարում:
    --------------------------------------------------
    Մեր հանդիպումը վերջին իմ այրվող ցավն է դարձել.
    Դեմքիդ լույս կար մի խաղաղ, համակերպում կար մի մեծ,
    Ուզում էիր դու ասես ինչ-որ գաղտնիք ինձ բացել,
    Սակայն մարդիկ խուժեցին, Ու շրթունքդ կարկամեց:
    Շշնջացիր ինձ` <Հետո>...
    Իսկ <Հետոն> ծուխ էր ու շանթ,
    <Հետոն> կայծակ էր մի սև, <Հետոն> վերքն էր քո քունքի,
    <Հետո> կանգնել էի ես դագաղի մոտ քո դաժան,
    Դամբանկանս խառնած իմ կաթկթող արցունքին...
    ---------------------------------------------------
    Այս առավոտ կոպերիս նորից ցողն է արցունքի,
    Եկել էիր դու նորից իմ թուխ, իմ խենթ, իմ անսանձ...
    Եվ նորից սերտս է ցավում, որպես վերքը քո քունքի,
    Եվ նորից սիրտս է մխում, որպես գաղտնիքն այն չասված...
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (16.03.2011), Արևածագ (30.09.2010)

  6. #4
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    32
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Դաւթեան

    ***
    Օրհնյա~լ լինես դու...
    Քո գալուց առաջ
    Դատարկ, անխռով ու կույր էի ես,
    Ինչպես երևի Ադամն է եղել
    Արգելված պտուղն ուտելուց առաջ:

    (Այդ աստվածները ինչո?ւ են ուզում,
    Որ մենք կույր լինենք, լինենք անխռով
    Ու լինենք դատարկ)...

    Օրհնյա~լ լինենս դու,
    Քո գալուց հետո
    Ես տառապանքի կշիռն զգացի,
    Խռովքը խանդի, շիկնանքը շանթի
    Տեսա մրրկության ցոլանքը մաքուր,
    Ես լո~ւյսը տեսա...

    Ե'ս աստվածներին դարձա հավասար:

    Օրհնյա~լ լինես դու........
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (16.03.2011), Արևածագ (30.09.2010), Նաիրուհի (30.09.2010)

  8. #5
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    32
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Դավթյան

    ՍՐՏԻՍ ԶԱՐԿԵՐԸ և ԺՊԻՏԸ ՔՈ...

    Գլուխդ կրծքիս շնչում ես դու մեղմ,
    ՈՒ ես չգիտեմ,
    Ննջում ե՞ս արդեն
    Թե խոնջ քնքշությամբ կոպերդ փակած,
    Սրտիս զարկերն ես լսում դու լռին.
    Իսկ ի՞նչ են ասում զարկերն իմ սրտի...
    Ասում են:
    -Հոգիս, ես սիրում եմ քեզ,-
    Ասում են սակայն զգում են նաև,
    Որ այդ խոսքերով չեն ասում ոչինչ...
    Լռում են մի պահ, նոր խոսք որոնում
    Եվ չգտնելով, կրկնում են նորից.
    --Ես սիրում եմ քեզ...
    ՈՒ դա երևի
    Եվ ամենահին,
    Եվ ամենանոր,
    Եվ ամենալավ երգն ե աշխարհի.
    Իսկ ի՞նչ է ասում ժպիտը քո լուռ...
    Ասում է:
    -Սակայն այս խոսքերը դու
    Շատ շատերին ես ասել, սիրելիս...
    Զարկերն իմ սրտի ասում են:
    -Այո.
    Ես շատերին եմ այդ խոսքերն ասել,
    Բայց այդ խոսքերով
    Ես քո հասցեն եմ փնտրել երևի
    ՈՒ գտել եմ, տե՛ս:
    Բայց թարթիչներիդ կապույտ շուքի տակ
    Ծվարած ժպիտն անմեկին է շատ,
    ՈՒ չեմ հասկանում -
    Զարկերը սրտիդ կրկնում են արդյո՞ք
    Այն ամենահին,
    Այն ամենանոր,
    Այն ամենալավ երգը աշխարի:
    -Խենթ, թե չեն կրկնում, ի՞նչու են հապա
    Մազերս այսպես քո կրծքին թափված
    Մազերս,
    Նայիր,
    Երեկ հինա եմ մազերիս դրել,
    Որ երբ արցակեմ քո կրծքի վրա,
    Նրանք հին ոսկու փայլակումը տան
    ՈՒ բուրեն կրծքիդ հին գինու բույրով.
    Եթե չեն կրկնում,
    Ինչու եմ հապա ես գեղեցկանում,
    Երբ մոտդ եմ գալիս...
    -Թե իրավ է դա,
    Որտե՞ղից հապա այն չարությունը,
    Որ խառնում ես դու քնքշությանը քո...
    Ինչու է հաջախ
    Մեր հանդիպումի հույսն - անհուսալի,
    Մեր մոտիկությունն - անմերձենալի,
    Պարզությունը քո - արեղծվածային,
    Քնքշանքդ - դաժան,
    Նազանքդ - խոցող,
    Եվ կրակը քո ի՞նչու է հաճախ
    Ողջակիզումի խարույկի նման:
    -Ես կին եմ, իմ խենթ...
    ՈՒ թեկուզ հիմա
    Մազերիս ոսկին թապել եմ կրծքիդ,
    ԵՎ կիսաբաց է իմ կուրծքը քո դեմ,
    Չխաբվես սակայն...
    Ես դեռ շատ անգամ քեզ կշնորհեմ
    Մեր հանդիպումի հույսն անհուսալի,
    Մեր մոտիկությունն անմերձենալի,
    Քնքշանքն իմ դաժան,
    Նազանքն իմ խոցող...
    Գարուն կլինի, կանցնեմ փողոցով
    Գերևարելով հայացք ու հիացք
    Եվ շնորհելով քեզ շանթը խանդի...
    Գարուն կլինի,
    Ես հեռվից հեռու կձայնեմ քեզ լուռ
    Եվ կխուսափեմ...
    Գարուն կլինի,
    Գեղեցկանալով ես մոտդ կգամ
    Եվ կհեռանամ
    Առավել փխրուն ու գեղեցկացած:
    Ես կին եմ, իմ խենթ,
    Եվ ամենահին,
    Եվ ամենանոր,
    Եվ ամենալավ երգը աշխարհի
    Այդ ես եմ հյուսել
    Եվ այդպես հյուսել:
    -Գիտեմ, սիրելիս,
    Գիտեմ և քեզ եմ ես փառաբանում:
    Փառաբանում եմ
    Մազերիդ ոսկին - իմ կրծքին թապված,
    Փառաբանում եմ կուրծքդ կիսաբաց
    Եվ թարթիչներիդ կապույտ շուքի տակ
    Ծվարած ջպիտն այդ անմեկնելի,
    Որ մեղավոր է ու թովիչ սակայն...
    Փառաբանում եմ
    Մեր հանդիպումի հույսն անհուսալի,
    Մեր մոտիկությունն անմերձենալի,
    Գեղեցկացումը քո գարնանային,
    Քո հեռացումը,
    Քո վերադարձը
    Եվ անգամ ահեղ
    Խանդի սև շանթն եմ ես փառաբանում...
    ... Ողջ գիշեր այսպես զրույց են անում
    Սրտիս զարկերը և ժպիտը քո...
    1963
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (16.03.2011), Արևածագ (30.09.2010)

  10. #6
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    32
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Դավթյան

    ՈՒ ԵՍ ԳԻՏԵՄ

    ՈՒ ես գիտեմ,
    Պիտի անվերջ
    Կանչես այդպես ու հեռանաս,
    Պիտի անվերջ թվաս մոտիկ,
    Բայց և հավետ լինես անհաս,
    Լինես ծարավ
    ՈՒ ոգու քաղց,
    Տագնապի պես ինձ հետ թևես,
    Մերթ ինձ այրես պիտի տենդով
    ՈՒ մերթ վրաս լուռ անձրևես...
    Պիտի անվերջ
    Քո կարոտի
    Հրաշք հավքը վրաս հսկի
    ՈՒ թևերից իր կապուտակ
    Պիտի մաղի ցավ ու կսկիծ...
    ՈՒ ես քայլեմ պիտի անվերջ
    Գլխապտույտ վիհի ափով,
    Հարբած լույսով,
    Մութով հարբած,
    Հարբած սիրով ու տագնապով...
    Կարոտներով ու ցավերով
    Ճանապարհս պիտի ցողեմ,
    Բայց և հավետ,
    Բայց և հավետ
    Օրհնանքներով քեզ ողողեմ...
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  11. #7
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Դավթյան

    Հայտնություն

    Հավատում էի, գիտեի հաստատ, որ այս աշխարհում
    Դու ինչ-որ մի տեղ ապրում ես ու կաս,
    Բայց չգիտեի, որ մոտ ես այդքան ու հենց այս գարուն
    Հայտնվես պիտի ու գարնան հետ գաս:

    Այդպես է , հոգիս, ով հավատում է կյանքում հրաշքի,
    Նրան է միայն հրաշքն այցելում,
    Հավատավորը, ուխտավորն էի ես այդ հրաշքի,
    Ու հայտնվել ես, հրա՜շք այցելու:

    * * *

    Բառը դողում է
    ու դառնում երդում,
    Հավքը դողում է
    ու դառնում թռիչք,
    Կինը դողում է
    ու դառնում մեղսանք...

    Դրանք, երևի,
    Ամենավերին վայրկյանններդ են, կյա՛նք...

    * * *

    Աղքա՜տ եմ նորից...

    Կոպերս փակեմ,
    Գնամ,
    Մանկության մաքուր գետակից
    Արծաթ հավաքեմ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (18.11.2009), Yeghoyan (30.09.2010), Նաիրուհի (30.09.2010), Շինարար (18.11.2009)

  13. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,457
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուշակություն

    Երևի, իրոք, ինչ-որ ժամանակ ես հող եմ եղել,
    Քանի որ իմ մեջ դեռ մորմոքում է ծարավ մի վերին,
    Անձրև է տենչում ու կապույտ հեղեղ,
    Ուզում է գնալ ու ծնկի իջնել մեր աղբյուրներին։

    Իրոք, երևի, ինչ-որ ժամանակ ես հող եմ եղել,
    Քանի որ գիտեմ, հողի պես գիտեմ այն գաղտնիքը մութ,
    Թե սևահողի սև տառապանքից ինչպես է ելել
    Ծաղկի հրաշքը կարմիր ու կապույտ։

    Երևի նաև ինչ-որ ժամանակ թռչուն եմ եղել,
    Քանի որ անվերջ կապույտն է կանչում,
    Քանի որ անվերջ երազներիս մեջ թռչում եմ թեթև
    Եվ մեջքիս վրա զգում թևերի մի խուլ շառաչյուն։

    Իրոք, երևի ինչ-որ ժամանակ թռչուն եմ եղել,
    Ու մինչև իմա իմ մեջ լալիս է կապույտը վերի,
    Իսկ թիկունքիս մեջ, թիակներիս մեջ ինչ-որ ցավ կա դեռ,
    Երևի ցավն է կտրած թևերի...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (30.09.2010), Պանդուխտ (30.09.2010)

  15. #9
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    34
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քոնն է մեկընդմիշտ,
    Քոնն է այն ամենն, ինչ ունեմ կյաքում
    ԵՎ ինչ երբևէ ունենամ պիտի…
    Բայց ամենից շատ ու ամբողջովին
    Քոնն է սրտիս մեջ աննկատ բացվող
    Այն տխուրաչյա կապույտ ծաղիկը,
    Այն կապույտ բոցը,
    Որի անունը կարոտ է..
    Այո,
    Քոնն է մեկընդմիշտ
    Այդ կապույտ բոցը,
    Այդ տխուրաչյա կապույտ ծաղիկը՝
    Ամենաթանկը, ինչ ունեմ կյանքում:
    1965

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (30.09.2010), Նաիրուհի (30.09.2010)

  17. #10
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,457
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***

    Ես բաց եմ ապրել ու սիրել եմ բաց,
    Եվ սպիներ կան դրանից սրտիս...
    Իսկ քեզ մոտ եկա արդեն տառապած
    Ու սերտած սիրո խորհուրդը խրթին:

    Միամիտ էի, ինձ տանջում էին,
    Հիանում վերքիս գեղեցիկ ցավով,
    Խուսափում էին ու կանչում էին,
    Ու ժպտում էին մեղմ ու հանցավոր:

    Ես գնում էի նրանց հետքերով,
    Խենթանում էի ու հարբում էի,
    Հարբելիս դառնում բարի ու ներող
    Ու ներումներից տառապում էի:

    …Դրսում մայրամուտն ամպեր է բարդել,
    Շուտով գիշերը կիջնի հարավի…
    Հասկացի՛ր, հոգիս, հոգնած եմ արդեն
    Ու քնքշության եմ միայն ծարավի:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.01.2012), Inna (30.09.2010)

  19. #11
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են հին վերքն հաճախ է ցավում...

    Ասում են հին վերքն հաճախ է ցավում,
    Երբ եղանակը ամպոտ է ու վատ...
    Բայց գարունն այսօր այնպես է արևում,
    Փռում է լույսի հրճվանքն անարատ:

    Ծիծառներն այնպես հարբա՜ծ են թևում,
    Այնպե՜ս է շիկնել ծաղկած դեղձենին,
    Որ ես չգիտեմ, ինչո՞ւ է նվում
    Սիրտն իմ, որի մեջ բեկոր կա մի հին:

    ... Ե՞րբ է գարունն այս դառնալու ամառ,
    Որ խաղաղ զարկի սիրտն իմ խենթացած,
    Վա՜տ եղանակ է սա սրտի համար,
    ՈՒր հին բեկոր կա սիրուց մնացած:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 30.09.2010, 17:23:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianik (01.10.2010), Արևածագ (30.09.2010)

  21. #12
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,457
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավատ

    Պատահել է հաճախ՝ ցուրտ է եղել այնպես,
    Կորցրել ես հավատ ու ներշնչանք ու սեր,
    Եվ թախիծդ դեղին մի սովահար շան պես
    Ոռնացել է տխուր ու թաթերը լիզել...

    Բայց երբ լույսը նորից կոպերիդ է իջել,
    Ներշնչանքդ նորից դարձել է ձույլ մի զանգ,
    Դու կանգնել ես հողի ու երկնքի միջև,
    Շշնջացել ներից՝ դու օրհնություն ես, կյանք...

    Հառաչել է քո մեջ մի կորուսյալ աշխարհ,
    Որ արյունդ արդար դեղին մաղձի փոխի,
    Երազանքդ իբրև մի սրբազան նշխար
    Ոտնատակ է եղել ու դարձել է մոխիր...

    Սակայն բավ է եղել ցայգածաղիկ մի լուրթ,
    Փեթակի խուլ մի ձայն, հասկի մի շեկ ցոլանք,
    Մի օրհնված ողկույզ, մի աստղահամ աղբյուր,
    Որ շշնջաս նորից՝ դու օրհնություն ես, կյանք...

    Հաճախ գլխիդ վրա ինչ-որ անհայտ թևեր
    Սավառնել են անտես ու շառաչել տխուր,
    Ունայնության փոշոտ տագնապները բերել
    Ու կանչել են, կանչել դեպի հովիտ մի խուլ...

    Սակայն բավ է եղել, որ լուսամուտն ի վեր
    Կամ արծաթում գետի, իբրև ոսկե պատրանք,
    Քեզ պատահմամբ ցոլա կնոջ մարմինը մերկ,
    Որ շշնջաս նորից՝ դու օրհնություն ես, կյանք...

    Հիմա գիշեր է մեծ, ամռան հսկա գիշեր,
    Ասուպներ են դառնում մոլորակներն անհայտ,
    Ծավալվում է, ծփում աստղային լույս մի շեր,
    Ծավալվում է, ծփում մի ահավոր տագնապ։

    Ի՞նչ է գուժում տագնապն ու ի՞նչ պիտի բերի,
    Ի՞նչ են հուշում ընկնող մոլորակներն այս տաք...
    Սակայն ինչ էլ հուշեն, դու հրաշք ես վերին,
    Սակայն ինչ էլ լինի, դու օրհնություն ես, կյանք։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (01.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սարգիս Վահագն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.04.2012, 12:38
  2. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 01.01.2010, 14:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •