ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՏՊԱՐԱՆԸ (Շարունակելի)
4.- Կանոնադրութիւններ .- Տպարանի շատ լոյս ընծայած գրքերից մէկն էլ կանոնադրութիւններն ու ծրագիր կանոնագրերն են, որոնք պատկանում են ազգային դպրոցներին, Թեմական ու Կրօնական խորհուրդներին եւ զանազան միութիւնների:
Սոյն գրքոյկները սովորաբար ունեն շատ փոքր ծաւալ: Դրանցից մի քանիսը բաղկացած են հազիւ չորս էջից: Ընդհանուր թիւը հասնում է շուրջ 30-ի:
5.- Պարբերականներ .- Վանքի տպարանում տպագրւած առաջին պարբերականը «Նոր Ջուղայի Լրաբեր»-ն է, որ լոյս է տեսել 1904-1908 թւերին, խմբագրութեամբ առաջնորդական տեղապահ Բագրատ վրդ. Վարդազարեանի:
Բագրատ վարդապետն իր գործունէութեամբ եւ տարած ազգօգուտ աշխատանքներով, համարւում է Նոր Ջուղայի երկրորդ Խաչատուր Կեսարացին եւ իրաւամբ արժանի է այդ կոչման:
«Նոր Ջուղայի Լրաբեր» -ից լոյս է տեսել 45 համար միայն, որի մանրամասն ցանկը տրւելու է իր տեղում:
«Լրաբեր»-ից բացի, այստեղ տպագրւել է նաեւ Նոր Ջուղայի «Բօյ սկաուտս» Միութեան «Ընկեր ամսագիր»-ը, 1920 թւին, որից լոյս է տեսել միայն երեք թիւ: Ջուղայում տպագրւել են նաեւ վիմատիպ ամսագրեր:
6.- Զանազան Տպագրութիւններ .- Բացի սովորական գիրք ու գրքոյկներից, տպագրւել են նաեւ զանազան ձեւ ծանուցումներ, յայտարարութիւններ, կոնդակներ, կրօնական բովանդակութեամբ գրութիւններ, ազդեր, ստացագրեր, հաշւեգրեր, հրաւիրագրեր, շնորհաւորագրեր, այցեկարտեր եւ այլն եւ այլն, որոնց նմոյշները թւական հերթականութեամբ եւ առանձին ցուցակով, պահւում են տպարանի արխիւներում:
Այս այլազան տպագրութիւնների մէջ, յատուկ յիշատակութեան արժանի են 1693 թւին տպագրւած երկու «Կոնդակ»-ները, որոնք բողոք նամակներ են կաթողիկոսական ընտրութեան առթիւ:
Տպաքանակ, Արժէք, Լեզու Եւ Բովանդակութիւն
Թէեւ դժւար է սպառիչ ձեւով խօսել կամ տեղեկութիւններ տալ, մինչեւ այժմ վանքի տպարանում լոյս տեսած բոլոր գրքերի տպաքանակների, արժէքների, լեզւի ու բովանդակութեան մասին, բայց այդուհանդերձ անհրաժեշտ է գէթ խիստ համառօտ ձեւով անդրադառնալ դրանց եւ որոշ ծանօթութիւններ տալ:
Ստորեւ մի քանի նշումներ դրանց մասին.
1. Տպաքանակ .- Տպագրւած գրքերի այլազանութեան նման դրանց տպաքանակն (թիրաժն) եւս եղել է շատ տարբեր:
Թէեւ մեր ձեռքի տակ չենք ունեցել բոլոր գրքերի տպաքանակը, բայց եղածների մէջ եւս նկատելի է անհամեմատելի տարբերութիւններ:
Մեծածաւալ գրքերի մէջ եղած ամենաշատ տպաքանակ ունեցողը, կարելի է 1895 թւին հրատարակւած «Աւագ Շաբաթ» -ը համարել, որն ունի 621 էջ եւ տպագրւել է 3158 օրինակով:
Այս գիրքն ունի բարդ տպագրութիւն (ձայնանիշների եւ տառատեսակների տեսակէտից), վերջին տարիներում Երուսաղէմից եւ այլ վայրերից խիստ պահանջ կար ու մինչեւ այժմ էլ դեռ չի սպառւել:
Նոյնանման գրքերից ամենաքիչ տպաքանակ ունեցողը 1963 թւին տպագրւած «Ժամագիրք Ատենի»-ն է, որ ունի 176 էջ եւ որից տպագրւել է միայն 200 օրինակ:
Տպարանի առաջին շրջանի գրքերից 1647 թւին հրատարակւած «Գիրք տումարաց որր եւ պարզատումար կոչի» գրքոյկից տպագրւել է 500 օրինակ:
Միւս ամենաշատ տպաքանակ ունեցող գրքերն եղել են դասագրքերը՝ 400-600 օրինակներով, իսկ վերջին տարիների ամենաշատ տպաքանակով գրքոյկն եղել է «Նոր Ջուղայի թանգարան» -ը, 1000 օրինակ:
Տեղեկագրերը տպագրւել են միջին հաշւով 100-200, իսկ որոշները 20-80 օրինակներով: օրացոյցներից մեր ձեռքի տակ ունեցած ցուցակում, ամենաշատ տպաքանակը ցոյց է տրւած մինչեւ 399 օրինակ, տպագրւած 1901 թւի համար:
2. Արժէք .- Գրքերի արժէքները, տպարանի հիմնման օրերին, բնականաբար եղել է շատ ցածր, հատորը 1-2 ռիալ, իսկ դարերի հետ եւ կեանքի թանգանալու համահաւասար, դրանց արժէքներն եւս սկսել են բարձրանալ:
«Պատմութիւն Նոր Ջուղայի» գրքի երկու հատորի արժէքը, սկզբնական օրերին եղել է 6 ռիալ, իսկ «Աւագ Շաբաթ»-ը՝ 5 ռիալ, որոնցից առաջինը դարձել է հազւագիւտ եւ այժմ վաճառւում է 1000-2000, իսկ վերջինը՝ 150-200 ռիալ արժէքով:
Նոր տպագրւած եկեղեցական գրքերից 1963 թւի «Ժամագիրք Ատենի»-ն ունի 200 ռիալ, իսկ 1965 թւի «Մաշտոց»-ը 150 ռիալ արժէք :
3. Լեզու .- Տպարանից լոյս տեսած առաջին գրքերի լեզուն, բնականաբար եղել է գրաբարը, մինչեւ որ 19-րդ դարի վերջերից սկսել են հրատարակւել նաեւ աշխարհաբար լեզւով գրքեր եւ կամաց կամաց իրենց տեղը բոլորովին զիջել են վերջինին:
Մինչեւ այդ թւականները, հայերէն գրական լեզուն ամենուրեք ընդունւած էր գրաբարը, այնպէս որ Նոր Ջուղան բացառութիւն չէր կարող կազմել եւ դրա համար էլ տպարանի հաստատսան օրից սկսեալ բոլոր գրքերը, դասագրքերը, ազդերն ու յայտարարութիւնները, տպագրւում էին բացառաբար գրաբար լեզւով:
Հայ կեանքում տիրող ընդհանուր զարթօնքի ու վերելքի հետ, Նոր Ջուղան եւս յառաջադիմութիւն է արձանագրում եւ կամաց կամաց գրաբարը տեղի է տալիս աշխարհաբարին:
Նոր Ջուղան որպէս կրօնական ու մշակութային կենտրոն, բնականաբար այնքան հեշտ էլ չպէտք է թողնէր նախնեաց սովորութիւնը եւ հէնց այդ նկատառումով էլ, գտնւել են անհատներ, որ մինչեւ վերջ էլ չեն հաշտւել աշխարհաբարի հետ եւ հաշտ աչքով չեն նայել աշխարհաբարի հետ եւ հաշտ աչքով չեն նայել աշխարհաբար գրողներին:
Որպէս օրինակ, յիշատակութեան արժանի է Հնդկաստանում ապրող ջուղայեցի յայտնի բանասէր մտաւորական Մեսրոպ Սէթեանցի անհանդուրժողականութիւնը, որ մինչեւ իր կեանքի վերջը՝ 1939 թ., անհաշտ պայքար տարաւ աշխարհաբարի դէմ, նոյն իսկ իր նամակները շարադրելով գրաբարեան պարզ ոճով:
Տպարանի առաջին աշխարհաբար գիրքը, այն էլ Ջուղայի բարբառով, կարծում ենք պէտք է համարել 1878 թւին տպագրւած Հ. Բագրատունու «Տարերք քերականութեան» գիրքը, որը աշխարհաբարի է վերածել Տէր Մեսրոպ քհնյ. Դաւթեանը, որպէս ձեռնարկ օգտագործելու համար Հայոց Ազգային Դպրոցներում:
Ջուղայի տպարանի առաջին դասագիրքը, պէտք է համարել 1772 թւի «Այբբենարան»-ը, եթէ իհարկ է մինչ այդ խմորատիպով չեն եղել, որոնց մասին յիշատակութիւն կայ, բայց մենք չենք ունեցել ձեռքի տակ:
4. Բովանդակութիւն .- Բովանդակութեան տեսակէտից եւս, տպագրւած գրքերը հնարաւոր չէ խմբաւորումների բաժանել: Այս առթիւ կարելի է միայն ասել, որ ամենաշատ տպագրւած գրքերն եղել են դասագրքերը, օրացոյցները, տեղեկագրերը, կրօնական ու եկեղեցական գրքերը եւ որոշ չափով էլ կենսագրական ու պատմական գրքերը:
Պատմական գրքերի մէջ ամենից արժէքաւորն ու կարեւորը, պէտք է համարել Յարութիւն Թ. Տէր Յովհանեանի «Պատմութիւն Նոր Ջուղայու» երկհատորը, որոնցից առաջին հատորն ունի 497, իսկ Բ. հատորը՝ 317 էջ:
Տպագրւած գրքերն եւս իրենց բովանդակութեան տեսակէտից ուսումնասիրութեան մի առանձին նիւթ են, որոնք սերտօրէն առնչութիւն ունեն տիրող դարի, շրջանի մտածելակերպի, ժողովրդի հասկացողութեան ու ըմբռնումների հետ:
Տեղին է այստեղ յիշել, որ բովանդակութեան եւ լեզւին կապւող յիշատակելի գրքերից է Սեղբեստրոս խաչ. քհնյ. Յովհաննիսեանի «Աշխարհաբար համառօտ աղօթագիրք» -ը, տպագրւած 1907 թւին, որով աղօթքները, կրօնական ասացւածքներն ու Պատարագը, իրենց գրաբարի տեղը զիջում են աշխարհաբարին:
Տպագրւած գրքերի մէջ կարեւոր տեղ ունեն նաեւ թարգմանութիւնները, որոնք սկսւեցին 20-րդ դարի սկիզբներից եւ շարունակւեցին մինչեւ 20 -ական թւականները:
Դրանցից յիշենք Եզնիկ վրդ. Երկարակեցեանի «Հնդկական», «Ճապոնական» եւ այլ հեքիաթներն ու Տէր Գարեգին քհնյ. Կիրակոսեանի «Մարտիրոսացած Հայաստան» գրքերը:
Պարբերականներ
Ա.Տպագիր
1. Նոր Ջուղայի Լրաբեր 1904-1908 Խմբագիր՝ Բագրատ վրդ. Վարդազարեան:
Ցանկ
1904 թ. Յունւ. - Դեկտ. 12 թիւ
1905 թ. Յունւ. - Դեկտ. 11 թիւ
1906 թ. Յունւ. - Հոկտ. 10 թիւ
1906 թ. Յունւ. - Հոկտ. 11 թիւ
1907 թ. Յունւ. - Դեկտ. 4 թիւ
1908 թ. Յունւ. Նոյեմբ. 8 թիւ
Գումար՝ 45 թիւ
Էջ՝ 4, շարւածք՝ 33 * 22 եւ 41.2 * 25.5 սմ.,
2. Բրիտանական եւ արտաքին Աստւածաշնչի ընկերութեան «Շաբթաթերթ» :
Տպւած՝ 1908 թ. եւ 1911 թւերին:
Ծանօթ. Անունը կայ 1908 եւ 1911 թւերի տպարանի ձեռագիր ցուցակում, (էջ՝ 24 եւ 55), որից տպագրւել է 500 -ակն օրինակներ:
3. Ընկեր ամսագիր :
Խմբագիր՝ Յովսէփ Աբգարեան:
Հրատարակութիւն՝ Նոր Ջուղայի «Բօյ Սկաուտս» Միութեան:
1920 թ., էջ՝ 18, շարւածք՝ 18.2 * 7 սմ. :
Լոյս է տեսել 3 թիւ 1 (Յունիս), թիւ 2 (Յուլիս), թիւ 3 (Օգոստոս):
Ծանօթ. «Հայ պարբերական մամուլի մատենագիտութիւն» -ի մէջ (Ա. Կիրակոսեան, Երեւան, 1970), յիշւած են Նոր Ջուղայում տպագրւած մի քանի այլ թերթերի անուններ՝ «Նոր Ջուղայի Աւետաբեր» (արդեօ՞ք Աստւ. ընկերութեան շաբաթաթերթ» -ը), «Զանգակ» եւ «Պելճիքա», որոնց տպագրութեան մասին մեզ չյաջողւեց որեւէ տեղեկութիւն ձեռք բերել: Երկար ջանքերից յետոյ չյաջողեցինք Բէյրութից ստանալ նաեւ Ա. Տէր Խաչատրեանի «Հայ մամուլի ցուցահանդէս» գրքոյկը, (Բէյրութ, 1963 թ.) դրանց աղբիւրը գտնելու համար:
Բ. Խմորատիպ
1. Ջանքեր , գրական, գիտական եւ զաւեշտական ամսագիր:
Օրգան Ն. Ջուղայի «Դասախօս» Միութեան:
Խմբագրական կազմ:
Լոյս է տեսել 1914-1918 թւերին:
Էջ20, գրութիւն՝ 18.5 * 14 սմ.:
2. « Կամուրջի Պատանեկան Միութեան Ամսագիր »:
Հրատարակութիւն՝ Հ. Յ. Դ. «Կամուրջ» -ի Պատանեկան Միութիւն:
1938 թ., էջ26, գրութիւն՝ 27 * 19 սմ.:
Ծանօթ Լոյս է տեսել 1938-39 թւերին, ճիշտ խորագիրը չյաջողեցինք իմանալ, քանի որ մեր ձեռքի տակ եղած միակ համարը յատկացւած է «Մայիս 28» -ին եւ յատուկ վերնագիր չունի:
Մեր ճիգերը դրանցից մի այլ օրինակ գտնելու համար անցան ապարդիւն:
3. Հայ Երիտասարդ Ամսագիր :
Հրատարակութիւն՝ Ն. Ջ. Հ. Յ. Դ. Ժատանեկան Միութեան:
Լոյս է տեսել 1953 թւին:
Թիւ 1-ը 1953 թ. Մարտ:
Էջ՝ 24 34, գրութիւն՝ 20 * 14 սմ.:
ՎԵՐՋ




Մեջբերել
Էջանիշներ