Philosopher. Մարդկային դիմանկար
«Կյանքը փիլիսոփայության կարիք չունի ու չպետք է ունենա, իսկ փիլիսոփայությունը մշտապես ձգտում է դեպի կյանքը։ Եզակիները հասնում են...»։
Ուլուանա
Մինչև ակումբի հանդիպումներին գալդ ակումբցիներից շատերը դժվարանում էին քեզ պատկերացնել որպես սովորական մարդկային կերպար՝ մարդուն բնորոշ հատկանիշներով։ Օրինակ՝ շատերը նույնիսկ կարծում էին, թե դու ժպտալու, ծիծաղելու ընդունակ չես։
Հիմա՝ քեզ ճանաչելուց հետո դա, իհարկե, անհեթեթ է թվում, այնուամենայնիվ, քո ստեղծած այդ լուրջ կերպարին դու ինքդ ինչպե՞ս ես վերաբերվում։
Philosopher
Վերաբերվում եմ որպես իմ ստեղծած կերպարի, որն իմ կյանքի մի փուլում եղել է իմ հիմնական կերպարը, ես նրան շատ սիրել եմ, նրա հետ գրել եմ, մտածել։ Եթե այդ կերպարը չլիներ, դժվար թե իմ մեջ այնքան մազոխիզմ գտնվեր, որ ես կարդայի, ասենք, Հեգել կամ Բուբեր։ Այդ կերպարն ինձ շատ բան է տվել։ Դա քիչ ասող ու շատ հասկացող կերպար է։ Բայց երբեմն տխուր է, համաձայն եմ. ճշմարտություններն ու գիտելիքը միշտ էլ տխուր են լինում։ Այնուամենայնիվ, ես ունեմ նաև այլ կերպար՝ մարդկային կերպարս, որը Philosopher-ին վերաբերվում է դրական, օգտվում է նրա գիտելիքներից, բայց չի երկրպագում նրան ու չի խոնարհվում նրա առաջ։ Իմ մարդկային կերպարը մարդկային է, իսկ մարդկայինը շատ ավելի լայն երևույթ է, քան ինտելեկտուալությունը կամ իմաստությունը։ Մարդկայինը մարդն է՝ իր ամբողջության մեջ, կենդանի կյանքի մասնիկը։
Իսկական philosopher-ական պատասխան է թվում, սակայն դա իմ մարդկային կերպարի դատողությունն էր՝ դրված philosopher-ական ձևի մեջ։
Ուլուանա
Իսկ ինչպիսի՞ն է Philosopher-ի ներսում ապրող Հայկը։ Փորձիր երեք բառով բնութագրել նրան։
Philosopher
Նյարդ, հոգատարություն, սթափություն։ Մարդ, որն ապրում է առանց մաշկի, բաց նյարդերով, բայց հասկանում է, որ դա չէ գլխավորը, այսինքն՝ մարգարե կամ հանճար լինելը չէ կյանքի իմաստը, կյանքի իմաստն ապրելն է, կյանքը զգալն ու սիրելը։
Ուլուանա
Փոքր ժամանակ ինչպիսի՞ երեխա էիր։
Philosopher
Ահավոր համով, բայց նաև կամակոր ու երբեք չհանձնվող։ Ինձ սիրելը երբեք հեշտ չի եղել, նույնիսկ ծնողներիս համար։ Դժվար է դիմանալ մի երեխայի, որը մանկական հմայիչ աչուկներով կարող է նայել քեզ ու ասել. «Քո պատճառով...»։ Բազմակետերը ես չեմ հիշում, ասում են, որ բավական լուրջ բաներում եմ մեղադրել։
Խոսքը երկամյա Philosopher-ի մասին է։
Ուլուանա
Փաստորեն, դեռ այդ տարիքից արդեն փիլիսոփայում էիր, հա՞։ Իսկ ես մտադիր էի հարցնել, թե որ տարիքից ես սկսել փիլիսոփայել։
Արդեն իմացա։
Լավ, իսկ դասարանցիներդ քեզ սիրու՞մ էին։
Philosopher
Իմ շուրջ միշտ եղել է հետաքրքիր աուրա, որը սիրողին խանգարել է ասել, որ սիրում է, իսկ չսիրողին խանգարել է ասել, որ չի սիրում։ Այնպես որ, դժվար է ասել, քանի որ և՛ սերը, և՛ չսիրելը միայն իմ ներքին աշխարհում են այդպիսին դարձել, գուցե մասամբ հորինվել են, գուցե նաև սխալ մեկնաբանվել։ Այնպես որ, թող այդ հարցն էլ անհայտ մնա պատմությանը։
Ուլուանա
Իսկ մանկապարտեզի դաստիարակները սիրու՞մ էին։ 
Philosopher
Մանկապարտեզի դաստիարակները, ասում են, սիրում էին, նույնիսկ, այսպես ասած, «во двор» էին տանում, քանի որ զուսպ ու խելոք էի լինում, իհարկե, նրանց հայտնի չէին իմ վայրենություններն արդեն տանը, մանկապարտեզից հետո։ Մանկապարտեզը ես միշը ընկալել եմ իբրև բանտ, որտեղ պարզապես պետք էր ապրել, գոյատևել՝ ազատության հույսով։
Ուլուանա
Փոքր ժամանակ ի՞նչ էիր երազում դառնալ։
Philosopher
Չէի երազում, ընդհանրապես։ Թե ինչ էի մտածում, երբ փոքր էի, չգիտեմ. փոքր Հայկն ինձ էդ մասին չի ասել։ 
Ուլուանա
Լավ, իսկ ի՞նչ ես դարձել։ 
Philosopher
Մարդ։ Ոչ մեծատառով, այլ պարզապես մարդ։ Այդ փոքրատառն ավելի մեծ է, քան մեծատառը։ Մասնագիտությամբ բանասեր եմ։
Ուլուանա
Եթե նորից մասնագիտություն ընտրելու լինեիր, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր։
Philosopher
Մասնագիտություն ընտրելն ինձ մոտ եղել է իմ՝ մասնագիտություն չճանաչող բնույթն ու միտքը թաքցնելու միջոց, այնպես որ հավասարապես կարող էի լինել նաև փիլիսոփա, սոցիոլոգ, աստվածաբան, հոգեբան և այլն, բայց հաստատ հումանիտար մասնագիտություն կլիներ։
Ուլուանա
Հիշում եմ, քո հանդիպման գալու առաջին օրը դու հենց սկզբից ամենայն անկեղծությամբ խոստովանեցիր, որ բացարձակապես ոչ մի կապ չունես համեստության հետ։
Հետաքրքիր է, իսկ ուրիշների մեջ համեստությունը գնահատու՞մ ես։
Philosopher
Այո, քանի որ եթե մեկը խոսում է, ապա նրան նաև լսող է պետք։
Էականը համեստ կամ անհամեստ լինելը չէ, էականը բովանդակություն ու ասելիք ունենալն է։
Ուլուանա
Իսկ ընդհանրապես մարդկային ո՞ր հատկանիշն է քեզ առաջին հայացքից գրավում։
Philosopher
Անկեղծությունը։
Ուլուանա
Ո՞րն ես համարում քո ամենամեծ թերությունը։
Philosopher
Մարդուց ավելին պահանջելը, քան նա կարող է տալ։ Դա հաճախ մեծ հիասթափությունների է հանգեցնում։ Բայց դա ես եմ, ու այդ թերությունս անկեղծորեն սիրում եմ։
Ուլուանա
Երբևէ մելամաղձության մեջ ընկնու՞մ ես։
Philosopher
Իհարկե, կյանքիս մի շրջանում սիրում էի այդ մելամաղձությունը, այն ինձ նոր ձեռքբերումներ ունենալու կիրք էր տալիս, հիմա այն ինձ չի գրավում, քանի որ ես ինձ արդեն բավական գիտեմ, որպեսզի այլևս ժամանակ չծախսեմ մելամաղձոտ ինքնախորացումների վրա։ Մելամաղձությունն ինձ երբեմն օգնում է մենակ մնալ ինքս ինձ հետ ու ապացուցել ինձ, որ այնտեղ՝ հոգուս խորքում, միամիտ բարին չի մեռնում։
Ուլուանա
Քո համոզմունքները վերջնականապես ձևավորված համարու՞մ ես։ Թե՞ կարծում ես, որ կան բաներ, որոնք դեռ ենթակա են փոփոխության։
Philosopher
Ոչ միայն չեմ համարում վերջնականապես ձևավորված, այլև հենց համոզմունքների, խորապես նոր համոզմունքների ձևավորման փուլում եմ։ Եվ այս փուլն ինձ խորապես հուզում ու հետաքրքրում է, քանի որ երջանկություն ունեմ նաև հետևելու այդ ձևավորմանը, ինչը չէի կարող անել, ասենք, 10 տարի առաջ։ Եվ դա հրաշալի է։
Ուլուանա
Կյանքումդ եղե՞լ է այնպիսի իրադարձություն, որը, քո կարծիքով, ինչ-որ լուրջ բան է փոխել քո մտածելակերպի, հայացքների մեջ։
Philosopher
Այդպիսի իրադարձությունները բազմաթիվ են, ընդ որում իմ կյանքի պարբերացումը հենց այդ իրադարձություններով է բնորոշվում։ Ես շնորհակալ եմ իմ կյանքի իրադարձություններին, դրանք թեև շատ բան սպանեցին իմ մեջ, շատ բաներ վերարժեքավորեցին, բայց նաև նոր ծնունդների ու նոր կյանքի պատճառ դարձան։
Ուլուանա
Այսինքն՝ այդ առումով որևէ մեկն առանձնացնել չե՞ս կարող։
Philosopher
Ոչ։ Եթե սկսեմ ընտրել ու որոշել, թե որն է առավել կարևոր, կկորչի ամբողջականությունը, կյանքիս միասնական ընթացքը, իսկ այն ինձ համար խիստ թանկ է։
Ուլուանա
Մարդկային ո՞ր հատկանիշների առկայության դեպքում տվյալ մարդու հետ շփումդ անհնար կհամարես։
Philosopher
Ստանդարտության, եթե մարդը մտածում, ապրում ու գործում է հասարակական ստանդարտներով։ Նաև այն դեպքում եթե չի գիտակցում ու, ամենակարևորը, չի ցանկանում գիտակցել այն արժեքները, որոնք ինքն ունի, և որոնք ես ունեմ։ Երկու դեպքերում էլ շփումն անհնար է, քանի որ ես կխոսեմ մարդու մասին, իսկ նա՝ իր։
Ուլուանա
Երբևէ այնպիսի բան արե՞լ ես, որի համար հետագա ողջ կյանքում զղջացել ես։ Թե՞ դու միշտ ամեն ինչ ճիշտ ես անում։
Philosopher
Ճիշտ նկատեցիր։ Ես ամեն ինչ ճիշտ եմ անում, այլ խնդիր է, որ գուցե սխալ ժամանակ, սխալ տեղում կամ համատեքստում եմ անում, սակայն դա արդեն իմ մեղքը չէ, դա մարդկային գոյության թերությունն է։ Հաճախ մարդիկ իրենց քայլերը քննում են դրա հետևանքներով, մինչդեռ նրանք խիստ փոքր գործոններ են եղել այդ հետևանքներում։ Այնպես որ չարժե ափսոսալ, արժե ապրել ու սիրել քո սխալը, քանի որ այն քոնն է։
Ուլուանա
Կյանքումդ եղե՞լ են այնպիսի դեպքեր, երբ քո իսկ ստեղծած կերպարդ խանգարել է քեզ գործել այնպես, ինչպես որ կցանկանայիր գործել տվյալ պահին։ Այսինքն՝ երբ սիրտդ մի բան է ուզել, բայց ճիշտ վարվելու սկզբունքն այլ բան է թելադրել։
Philosopher
Եղել է, իհարկե, և ես չափազանց հաճախ եմ կանգնած եղել այդ ընտրության առաջ՝ ում ընտրել՝ կայուն կերպարի՞դ, թե՞ հեղհեղուկ, բայց խորապես մարդկային նոր, թարմ ընթացքը։ Ես առավել հաճախ ընտրել եմ առաջինին։ Նոր անհատականության մասին խոսելիս հենց դա նկատի ունեի. ես ճանապարհ եմ փնտրում այդ երկու հոսանքների միավորման համար։
Ուլուանա
Ակումբում գրառումներ անելիս ինչու՞ սմայլիկներ չես օգտագործում։ 
Philosopher
Սկզբում համարում էի, որ անլրջացնում են։ Հիմա համարում եմ, որ կարելի է օգտագործել, բայց արդեն կերպարիս չի համապատասխանում, սակայն երբեմն օգտագործում եմ։ Ինձ համար չափազանց թանկ է այն, որ մարդիկ իմ մեջ տեսնում են իմ մարդկային կողմին, որը շատ չպետք է լինի՝ առօրեական չդառնալու համար։ Խոսքը ֆորումի մասին է։
Ուլուանա
Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ ֆորումը քեզ համար ավելի շուտ պաշտոնական միջավայր է, քան ժամանցի վայր։
Philosopher
Ոչ պաշտոնական միջավայր է, ոչ էլ ժամանց։ Ի դեպ, վերջին բառը չեմ հասկանում, ժամանց չկա, կա ապրել։ Ֆորումն ինձ համար հարազատ դարձած ու ամեն օր դարձող մարդկանց միջավայր է, որոնց անկեղծությունն ինձ գերում է, ու որոնք ինձ հավատացնում են, որ մարդկային անհատականությունն ու նրանց ընկերությունը հավերժական բաներ են։
Էջանիշներ