* * *
Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես դու կոծում ինձ համար.
Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,-
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հույսով ապահով:
Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը:
* * *
Սրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՜խ, ինչ կլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատեւ երազ:
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել:
Էջանիշներ