ihusik-ի խոսքերից
Թումանյանի քառյակներից մի քանիսն (ըստ արևելյան փիլիսոփայության) իմ մեկնաբանությամբ: Մեկնաբանություններս լավ ընկալելու համար կարող եք կարդալ նաև "Հոգեբանություն և փիլիսոփայություն" բաժնում մարդու էության, Ոգու անմահության, քարմայի ու վերամարմնավորման օրենքների մասին կատարած գրառումներս.
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
Հոգու անմահության ու վերամարմնավորման օրենքի մասին է խոսքը, երբ փոխելով բազում մարմնական ձևեր մնաում է հար ու հավետ անմահ Ոգին որպես անցվոր ու հյուր այս աշխարհում...
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռներն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
Կրկին վերամարմնավորման օրենքի ու էվոլուցիոն անխախտ ընթացքի մասին...
(Մարդակեր - Մարդասպան - Մարդ)
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում.
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մընում,-
Զարմանում եմ, թե ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տըվել ինձ.
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
Քարմայի օրենքն է, երբ մարդ կարող է միանալ Նրան՝ Աստծուն, միայն իր քարմայի պարտքերը մարելուց հետո, երբ կտա վերջին վերցրած մանրեդրամն ու նոր կկարողանա դուրս գալ բանտից (աստվածաշնչյան օրինակով)՝ երկրի վրա վերամարմնավորման անհրաժեշտությունից...
Ասի. <<Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ...>>
Երբ ճառագեց անծայրածիր Քո ժըպիտը հոգուս դեմ.
-Ի՜նչ էաճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես.
Դու Աստվա՜ծ ես, դու անհու՜ն ես, անանուն ես ու անես...
Բոլոր կրոններն էլ այդ միտք են պնդում, որ մարդ իր մեջ ունի Աստծուն կամ հենց ինքն Նրա նմանակն է հանդիսանում Ոգեղեն կերպարով ու նմանությամբ ու որ մեզ տրված այն Բարձրագույն Ես-ն էլ մերը չէ, այլ Նրա՝ Բացարձակի ու Անհունի մի մասնիկը և "մենք ինքներս մեզ չենք պատկանում" ու վերջ ի վերջո վերադառնալու ենք Նրան...
Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ.
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ՝
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նըրա մոտ...
Ողջ մարդկային էվոլուցիայի նպատակն էլ դա է՝ գտնել ու վերադառնալ դեպի Նա՝ Աստվածային Էությանը, որին հնարավոր է հասնել մեր մեջ գտնելով նախ Նրա Որդուն (Քրիստոսին՝ քրիստոնեաների համար), որը և մի է Նրա (Աստծո) հետ: Այդ Աստծո հետ Միասնությունն էլ թարգմանաբար արտահայտում է "Յոգա" բառը...
Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ Էս աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ՝ անմա՜հ, անվերջ՝ Քեզ են երգում Քո ձենով...
Այո՛, Աստվածային այդ Էությամբ, կամ այլ կերպ ասած, Աստծո մեջ՝ մենք բոլորս էլ մի ենք ու այդտեղից է ծնվում իսկական Սերը, որ միացնում ու զգալ է տալիս մեր մեջ այդ միասնական, Աստվածային Էությունն... Ամեն բան Նրանով եղավ և առանց Նրա ոչինչ չեղավ՝ ինչ որ եղավ...
Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում Տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ՝ ազատ Նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին:
Սա բոլոր այն խեղճ ու կըրակ հավատացյալներին ի գիտություն, որոնք ցանկանում են Անսահմանին ու Բացարձակին սահմանափակեն իրենց սահմանափակ խելքի պատերի ներսում ու համարեն սեփական կրոնը միակ ճշմարիտն ու իրենց կերպարով ու պատկերով կառուցած աստվածն էլ միակ գոյություն ունեցողը:
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
Այո՛, հյուր ենք մենք այս կյանքում անցավոր ու երբ հոգին մարդու վեր է բարձրանում՝ նա անհաղորդ է դառնում երկրի փառքին ու գանձերին նրա ու էլ ավելի անհասկանալի ու խորթ թվում նա վար մնացած մարդկանց համար (օտար՝ յուրայինների մեջ)...
Երկու շիրիմ իրար կից
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե՝ ի՜նչ տարան աշխարհքից:
Մինչդեռ տարօրինակ են մարդիկ, որ հյուր լինելով այս աշխարհքում գանձեր են դիզում ու չեն հասկանում, որ աշխարհքից մարդ ֆիզիկական գանձեր չի կարող իր հետ տանել, այլ միայն սրտի մեջ կրած ու կուտակած գանձերը, որն է՝ Մարդը...
Էջանիշներ