ՈՒշացած նամակ
Անահիտն աչքերը բացեց սրտի արագ զարկերից: Զանգը խփեցի՞ն, թե՞ իրեն թվաց: Լռություն…Երևի երազում էր լսել:
Մտքերը հավաքեց. հա՝ երեխաներին դպրոց էր ճանապարհել, ամուսնուն՝ աշխատանքի ու ա՜յ քեզ բան, ննջել էր բազմոցին: Նորից հիշեց երեկոյան անախորժ դեպքերը, ամուսնու սովորական դարձած ուշ վերադառնալը: Արդեն հոգնել էր անարդյունք վիճաբանություններից: Էլ ուժ չուներ հանդուրժելու ամուսնու կենսաձև դարձած հարբեցողությունն ու ընտանիքի հանդեպ անտարբերությունը: Հոգնել էր բոլոր հոգսերը մենակ կրելուց…
Նորից զանգ…Հա էլի, դռան զանգն էր:
Ուղղելով ցավից նվացող մեջքը՝ ելավ տեղից, փաթաթվեց բրդյա շալի մեջ ու ակնածանքով մոտեցավ դռանը. «Տեսնես ո՞վ է այս վաղ ժամին»:
Փոստատարն էր: Թերթերի հետ մի նամակ էլ կար: Փակելով դուռը՝ Անահիտը մի պահ քարացավ. նամակն ասես այրեց ձեռքերը, շնչառությունը կանգ առավ: Մի քանի րոպե շուռումուռ տվեց նամակը դողացող ձեռքերում: Չէր համարձակվում բացել չսպասված նամակը: Հետո շունչը տեղը բերեց ու զգուշորեն, որ հանկարծ չվնասի ծրարի մեջ ամփոփված այնքա՜ն թանկարժեք թղթի կտորը, բացեց այն: Հուզմունքից սկզբում չկարողացավ կարդալ, տառերն ասես լողում էին: Արցունքակալած աչքերը մի կերպ սկսեցին կարդալ.
«Բարև սիրելի Անահիտ…
Տարօրինակ է, որ այս նամակը, որը սկիզբ է առել մեր բաժանման օրից ու շարունակվել է մտքումս իմ ողջ կյանքում, հիմա դժվարանում եմ գրի առնել: Չգիտեմ ինչպե՞ս սկսել, ո՞ր պահից պատմել: Թերևս հենց բաժանման պահից, որից հետո էլ երբեք չհանդիպեցի քեզ: Հիշու՞մ ես գարնանային տաքուկ այն օրը, երբ միասին պուրակում նստել ու չէինք կշտանում իրար նայելուց: Մեզ թվում էր, թե մեր նման դեռ ոչ ոք չի սիրել: Թևածում էր պերճախոս լռությունը, որը վերջապես խղվեց իմ հուզված ձայնով. «Այսօր երեկոյան մորս հետ կգանք ձեր տուն»:
…Ես այնպես կաշկանդված էի ինձ զգում ձեր միջանցքում սպասելիս: Նայում էի ճոխ պատերին կախված թանկարժեք նկարներին ու լսում, թե ինչպես է մայրդ կողքի սենյակում հորդորում հորդ, որ ներս հրավիրի ու լսի մեզ: «Հա լա՜վ…շուտով կավարտվի ֆուտբոլը, 10 րոպե չե՞ն կարող սպասել: Համ էլ ես այդ սոված որբին աղջիկ տվողը չեմ: Դու հասկանու՞մ ես, որ մենք այս մինուճարն ունենք…», –ասում էր նա:
Այդ պահին, Անահի՛տ, ես սկսեցի ատել ֆուտբոլը, 10 րոպեն ասես 10 տարվա վերածվեց: Ու ընդունելությունն ավարտվեց հայրիկիդ մերժմամբ, որը սակայն այսպես հիմնավորվեց. «Մեր աղջիկը դեռ փոքր է ամուսնանալու համար»: Ես ապշած նայում էի քեզ, որ աչքերդ հատակին հառած՝ այդպես էլ ոչինչ չասացիր: Վճիռը կայացած էր: Այդ օրն իմ աշխարհն ասես շրջվեց: Եվ ե՛ս էլ կայացրի իմ վճիռը:
Մի քանի ամիս ճգնավորի պես օր ու գիշեր պարապում էի, ասես դրանով փորձելով ետ մղել կարոտն ու սերը: Անասելի դժվարություններ հաղթահարեցի, որոնք միայն ինձ են հայտնի: Իմ ունեցածը միայն ինձ համար մոմի պես վառվող մայրս էր, վիրավորված ինքնասիրությունս, ու համառությունս: Ես չունեի ո՛չ փող, ո՛չ հարուստ հարազատներ: Ինչևէ…Ընդունվեցի բժշկական ինստիտուտ: Քո մասին չէի ուզում լսել ոչինչ: Սաստում էի ընկերներիս, երբ փորձում էին զրույց բացել մեր հարաբերությունների մասին: Անգամ եղավ ժամանակ, երբ ինձ թվաց, թե մոռանում եմ քեզ: Բայց ամեն անգամ որև դժվարության հանդիպելիս, կրկին աչքիս առաջ հառնում էին ձեր միջանցքի պատերը, մորս խղճահար դեմքն ու քո անլուր հայացքը: Ու բորբոքվում էր խորտակված սերս՝ ուժ տալով ու առաջնորդելով ինձ…
Հիմա ես ապրում եմ Երևանում, ունեմ իմ կլինիկան: Ամուսանացած եմ հրաշալի մի կնոջ հետ, որին պատմել եմ մեր անկատար սիրո մասին: Սիրտս թեթևացավ, երբ նա ասաց. «Կյանքում ոչինչ զուր չի լինում: Գուցե դու պիտի անցնեիր այդ ամենի միջով, որպեսզի կայանայիր ու գտնեիր քո տեղն այս կյանքում»: Ու ես նրան ավելի հարգեցի, երբ առաջարկեց մեր աղջնակի անունը դնել քո անունը…
Փոքրիկ Անահիտն արդեն 4 տարեկան է: Ու գիտես…Միշտ հարց եմ տալիս ինքս ինձ. ինչպե՞ս կվարվեմ ես տարիներ անց, եթե նրա ձեռքը խնդրելու գա ինձ նման աղքատ մի տղա: Ո՞րն էր, ասա՛…ո՞ր ուղին էր ճիշտը…»:
Արցունքներից ամբողջապես թրջված նամակն Անահիտի թուլացած ձեռքերից սահեց ցած: Հիմա նա գիտեր Տիգրանի հարցի պատասխանը…
Էջանիշներ