ՔԱՌԵԱԿՆԵՐ

Բաբա Թահէր Օրիան

1
Ես մի չարքաշ մարմին ունեմ, Աստւած իմ,
Ծով կարօտն իմ սրտին ունեմ, Աստւած իմ,
Տան փափագից, պանդխտութեան հառաչից,
Հուր կրակն իմ կրծքին ունեմ, Աստւած իմ:

2
Առանց քեզի վարդ չի բացւի պուրակում,
Թէ բացւի էլ չի ունենայ՝ բոյր եւ գոյն,
Առանց քեզի ում շրթունքին ժպիտ կայ
Սիրտն արիւն, դէմքը կըլնի միշտ տրտում:

3
Շալ կը կապեմ ու ղադաք շոր կը հագնեմ,
Բախտի անւի պտոյտը ես կը գովեմ,
Ու լւալու համար ձեռքեր ապերախտ,
Ողջ ծովերի ջրերն ամբողջ կը շրջեմ:

4
Դո´ւ, որ երկնի գիտութիւնը չես սովրել,
Դո:ւ, որ քայլդ դէպ գինետուն չես արել,
Դո´ւ, որ քո շահն ու վնասը չը գիտես,,
Ե՞րբ կը հասնես ընկերներիդ, վա´յ, վա՜յ քեզ:

5
Եթէ սի՞րտն է սիրուհի, էլ սիրուհի՞ն ինչըն է,
Սիրուհի՞ն է թէ սիրտը, սի՞րտն ապա ինչըն է,
Ես սիրուհին ու սիրտը միևնոյնն եմ համարում,
Ու չը գիտեմ սի՞րտն ի´նչ, կամ սիրուհի՞ն ի´նչըն է:

6
Մութ գիշեր էր, ճամբան քարոտ, ես հարբած,
Գաւաթըն ընկաւ ձեռքիցս, բայց ողջ մաց,
Պահապանը վարպետօրէն այն պահեց.
Թէ չէ հարիւր գաւաթ ջարդւեց դեռ չընկած:

7
Աչքիս խոռոչըն ապարանքըդ է, սիրելի´ս,
Ոտքիդ հողը լինի մէջտեղն աչքերիս,
Օ՜, չը լինի որ սխալմամբ ոտ փոխես,
Ոտքըդ ծակեն սուր փշերը կոպերիս:

8
Ցաւ ու դարմանըս եարից կը լինի,
Կապ, անջատումըս էլ եարից գեղանի.
Մսագործն եթէ իմ կաշին քերթի,
Երբէք իմ հոգին եարից չի բաժնի:

9
Քանի ինձնից դու հեռու ես, սիրտ չունեմ,
Սրտիս խորքում ուրիշ փափագ, խինդ չունեմ.
Կեանքդ վկայ, եա´ր, այս երկու աշխարհից,
Սիրուհուց զատ մի այլ տենչանք, իղձ չունեմ:

10
Զմրուխտ սարեր, ժպտուն սարեր ու դաշտեր,
Ժպտուն մարդիկ, որ ցանել են ծաղիկներ,
Շատերն եկել, շատերը կան ու կը գան,
Բայց կը մնան նոյն միշտ նոյն դաշտերն ու սարեր:

11
Գարունն եկաւ անապատում, դաշտ, ձորում,
Ջահէլ կեանքս անցաւ ինչպէս մի գարուն,
Ջիւանների շիրմին ծաղիկ կը բուսնի,
Երբ փերիններ գան շրջելու ծաղկոցում:

12
Դու չես հարցնում քեզ սիրողից շւարած,
Թէ գարունդ ո՞ւմ հետ անցաւ միշտ անդարձ,
Ասա, ո՞ւմ հետ դու գործ ունես, որ վաղուց,
Մոռացել ես ինձ յաւիտեան՝ բեզարած:

13
Ջահէլ սիրտս ի՞նչ գիտէր, թէ հուժկու առիւծ՝ յաղթ էի,
Հալածում է ինձ մահն այժմ և առիւծ է ամեհի,
Ինձնից շշմած խուսափում էր առիւծն հզօր կատաղի,
Սայահբ կռւել կարող չեղաւ մարմինս ընդդէմ ժանտ մահի:

14
Մի հողագործ մղկտալով, այս դաշտում,
Արիւն ցայտող աչքով արտ էր մշակում,
Ե´ւ ցանում էր, ե´ւ ասում էր, -Ա՜խ ափսոս,
Որ պիտ ցանենք, յաւէտ թողնենք այս դաշտում:

15
Նրա համար հոգիս վատ է ու տարաբախտ աշխարհում,
Որ մարմինս մրջիւնների համար եմ ես սնուցում,
Չգիտէի պայմանն ի՞նչ էր, ծառայութեան, գերութեան,
Իզուր ապշած, շւարած եմ փուչ աշխարհի կրկէսում:

16
Սէր գնող մի սիրտ ունեմ վշտալից,
Ու եռանդուն է շուկան այդ սէրից,
Սրտիս տենչանքով հագուստ գործեցի,
Առէշ(՝ սիրուց, թեզանն՝ աղետից:

17
Ճակատագի´ր, միշտ ականջիս դու հնչէ,
Թէ –քո ցաւին ոչ մի դարման բուժիչ է
Թէ գոհար էլ լինես՝ գնորդ չունես դու,
Հէնց այս կեանքըդ է, որ ընթացիկ, սիրւած չէ:

18
Դա՜դ ու ամա՜ն էս աշխարից ու սրտից,
Սիրտս է տենչում տեսածներըն աչքերիս
Դաշոյն շինեմ՝ ծայրն ամուր պողպատից,
Խրեմ աչքըս, սիրտս փրկւի էս դարդից:

19
Երնեկ նրանց, մարմինն հոգուց չեն ջոկում,
Այս փուչ կեանքի մահւան մասին չեն խոկում.
Սովորում են վշտին օրեր, տարիներ,
Իրենց ցաւին դեղ ու դարման չեն հոգում:

20
Ով սիրող է՝ չի վախենայ իր կեանքից,
Սիրահարը չի վախենայ մութ բանտից.
Սիրող սիրտը քաղցած գայլ է, որ երբեք
Չի վախենայ հովւի ահեղ հայ-հայից:

21
Երնէկ նրանց որ քեզ յաճախ տեսնում են,
Քեզ հետ անոյշ զրոյց անում, նստում են.
Թէ քեզ տեսնել կարող չըլնեմ, գէթ գնամ,
Տեսնեմ նրանց, ովքեր քեզ միշտ տեսնում են:

22
Երնէկ նրանց, որ քեզ հետ են միշտ նստում,
Զւարթ սրտով միշտ քեզ հետ են զրուցում.
Սիրողների սովորութիւնն հէնց այն է,
Որ համարձակ միշտ գալիս են քեզ տեսնում:

23
Երնէկ նրանց՝ ոտից գլուխ տխմար* են,
Բոցերի մէջ թացի, չորի ախմար* են.
Ժամ1, քեաբէում2, կռատնում3, տաճարում4,
Եարից դատարկ, տան մէջ անգամ ահմար* են:

24
Ծաղկեպաններ, էլ դուք կակաչ մի ցանէք,
Այգեպաններ, ծաղիկներից ձեռք քաշէք.
Եթէ վարդի պայմանն այ էր, որ տեսայ,
Քանդէք վարդերն ու նրանց տեղ փուշ ցանէք:

25
Բան մի արա, որ նեղութեան մէջ ընկնես,
Այս լայնութեամբ աշխարհը նեղ լինի քեզ.
Երբ որ վաղը մեր նամակներն ուզենան,
Քո նամակի ընթերցումից ամաչես:.

26
Սիրոյդ վիշտը շրջիկ, մոլար ինձ դարձրեց,
Բախտի տենչը անթև, անփառ5 ինձ դարձրեց.
Ինձ ասացիր, - Սպասի´ր դու, սպասի´ր,
Սպասումը նսեմ, թշւառ ինձ դարձրեց:

27
Թող Աստւած իմ, երկնի վիզը կոտրւի,
Տարաւ ամբողջ զաւակներին աշխարհի.
Մէկը չասաց կենդանի է այսինչը.
Ողջ ասում են՝ մեռաւ տղան այսինչի:

28
Նորից մթնեց, որ հէգ կեանքս հրկիզւի,
Փէշիս ծայրից մինչ օձիքս հրկիզւի.
Վախենում էմ՝ ի սէր չքնաղ մի կոյսի,
Որ վերջըն էլ իմ օրէնքս հրկիզւի:

29
Երնեկ նրանց, որ քո սէրն են ըմպում միշտ,
Գլուխները ծնկիդ վրայ դնում միշտ.
Սրտիս խորքում ես սիրում եմ այն մարդկանց,
Ովքեր իրենց սրտում քեզ են սիրում միշտ:

30
Երնեկ նրանց որ չը գիտեն ոչ մի բառ,
Ոչ գրում են, ոչ էլ կարդում գէթ մի տառ.
Այս դաշտերի եղնիկների հովիւն են,
Մաջնունի պէս թափառում են անդադար:


* տխմար = տխմար
* ախմար = ախմար
1 کنشت (Քոնէշթ) = հրեաների (ժողովարանը) եկեղեցին:
2 کعبه Քեաբէ = Մեկկայում գտնւող մահմեդականների տաճարը
3 بتخانه (Բօթխանէ) = կռապաշտների եկեղեցին (կռատուն):
4 دیر (տաճար) = Քրիստոնեաների տաճարը:
5 Փառ = փետուր


(Շարունակելի)