Ես գիտեմ, որ դուք ուզում եք ավարտը տեսնել, իմանալ, թե վերջն ի՞նչ եղավ: Հավատացեք, որ ես էլ...
Իսկ առայժմ դեպքերի որոշ զարգացմուներ:
շարունակություն...
***
Աչքերը բացեց անծանոթ սենյակում: Աղքատության հոտ էր գալիս այդ սենյակից: Պատերը մերկ էին, երևում էին հողով շաղափված քարերը: Կոպիտ ու անտաշ փայտից դուռը փակ էր: Սենյակը լուսավորվում էր միայն երդիկից եկող ցերեկային լույսով, որն ամբողջովին չէր կարողանում ցրել սենյակում թագավորող խավարը: Սենյակի մի անկյունում սեղան էր դրված, անտաշ մի սեղան, վրան կավե բաժակ, կավե ափսե, կավե սափոր, կիսատ հաց ու կանաչի: Հացն ու կանաչին ափսեի մեջ չէին, դրված էին ուղղակի սեղանի անտաշ երեսին: Սենյակի մյուս անկյունում մահճակալն էր, որն ավելի շուտ փայտե արկղ էր, վրան բրդյա կոպիտ վերմակ ու դոշակ գցված: Ինքը նստած էր մի աթոռի վրա, որը հենակ չուներ: Քառոտանի, էլի անտաշ մի աթոռ էր դա: Դիմացը մարդիկ էին շարված: Խավարի պատճառով ու քանի որ ինքը նստած լինելու պատճառով նրանց ներքևից էր նայում, ու ստացվում էր, որ այդ մարդկանց տեսնում երդիկի ֆոնի վրա, դեմքերը պարզորոշ չէին երևում: Բայց աչքերը լարեց ու սկսեց զանազանել նրանց դիմագծերը. արևահարված ու կնճռոտված դեմքեր: Միամիտ մարդը սրանց կնճիռներին նայելով կմտածեր, թե տարեց մարդկանց հետ գործ ունի: Իսկ ինքն անմիջապես ճանաչեց գյուղի աշխատավորին: Կնճիռների ակոսներում հող էր, հայացքներում բերք: Հաստատ գյուղացիներ էին: Այդ դեմքերը մի տեսակ ծանոթ և անծանոթ էին: Փորձեց մտաբերել, չհիշեց: Եվ մինչ մտածում էր, հանկարծ հենց իր համար անսպասելի խոսեց.
- Շուտով մահանալու եմ ու ձեզ կանչել եմ, որ պատգամեմ, թե դիակիս հետ ինչ անեք:
Ինքն իր ձայնից ու իր խոսքերից սարսափեց: Ծեր կնոջ ձայնը, որով խոսում էր, անսպասելի էր, ասած խոսքերը՝ վախենալու: Տենդագին սկսեց մտածել ու փորձել հիշել, թե ինքն ո՞վ է, որտե՞ղ է, ինչի՞ համար: Ու մինչ մտածում էր, հանկարծ հասկացավ, որ հենց իր համար անսպասելի շարունակում է խոսել.
- Փայտից մակույկ կսարքեք: Այդ մակույկի հատակին հող կցանեք, ու երբ որ մահանամ, դիս կպառկեցնեք այդ մակույկի մեջ՝ հողի վրա: Ձեռքերս չխաչեք, կթողնեք, որ կողքերիս դրված մնան: Մակույկը կրակ կտաք ու գետով բաց կթողնեք: Այդպես պետք է հեռանամ ձեզնից...
Աչքերի առաջի պատկերը սկսեց մշուշոտվել, սևանալ, կորել: Մտքերը գնացին ու խառնվեցին աշխարհի բոլոր մտքերի լաբիրինթոսում թափառող մտքերին, իսկ ինքը խուճապահար բռնում էր իր կողքով գլորվող մտքերի կծիկների թելերի ծայրն ու տեսնելով, որ դա չէ իր միտքը անցնում էր հաջորդին, վախեցած մտածելով որ կորցրեց իր հիշողությունն ու իր միտքը, որ էլ չի գտնի ու կնմանվի իրենց գյուղի խելագար Մարգարին, որն ոչինչ չէր հիշում ու ամբողջ օրը մի ոտքի վրա կանգնած նայում էր արեգակին ու արագիլից իր՝ երկրաշարժի ժամանակ կորցրած որդուն էր պահանջում: Սարսափեց այդ արագիլանման կարգավիճակից ու սկսեց ավելի մեծ եռանդով փնտրել հենց իր մտքի թելի կծիկն ու այդտեղ էլ տեսավ մնացած բոլոր կծիկներից տարբերվող մի տարօրինակ կծիկ: Մյուս բոլոր մտքերը գնդաձև էին ու հստակ, հատիկ-հատիկ երևում էին բոլոր ոլորան թելերը, իսկ այս մեկն ուրիշ էր, ձվաձև ու տարօրինակ լղոզված, մոխրագույն... Մոռանալով իր մտքի, իր ամենամեծ հարստության՝ իր կծիկի մասին, սկսեց հմայված քայլել այս նոր, տարօրինակ ու տձև մտքի հետևից: Փորձեց նմանեցնել իրեն ծանոթ ինչ-որ մի բանի ու հանկարծ հասկացավ, որ այդ տարօրինակ կծիկը մշուշ է, ձվաձև մշուշ: «Ձուն կյանքի արարիչն է», - մտածեց ակամա, - «մշուշը կյանքի քողարկիչը», - ավելացրեց իր մտքին այս նոր միտքն ու տեսավ թե իր ուղեղի գալարներից ոնց է քանդվում ինչ-որ նոր, բայց գորշ գույնի մտքի թել, հավաքվում, փաթաթվում, դառնում կծիկ ու գնում միանալու լաբիրինթոսում գլորվող մյուս բոլոր մտքերին: Այս մի մտքին չթողնեց փախնել, վերջին պահին բռնեց թելի ծայրն ու սկսեց ընթերցել. «Ձուն կյանքի արարիչն է, մշուշը կյանքի քողարկիչը: Մշուշոտ ձուն իր մեջ պետք է նոր կյանք թաքցնի: Այդ կյանքի հասունացման համար անհրաժեշտ է կյանքի չորս բաղադրիչ... »: Բայց մինչև վերջ չկարողացավ կարդալ, որովհետև այս մտքի կծիկը որոշեց փախնել ու իր ձեռքից ցած թռչելով գնաց ու խառնվեց մյուս մտքերի առաջացրած քաոսին, որում չէր կարող առանձնանալ, երևալ... Այդ քաոսից միայն ձվաձև մշուշոտ քաոսային կծիկն էր զանազանվում ու ինքը էլի գնաց դրա հետևից՝ հմայված, գերված, կախարդված: Հանկարծ այդ մշուշոտ ձվի երեսին քրտինքի կաթիլներ սկսեցին հայտնվել, ապա մի եթերային քամի բարձրացավ, որն այդ կաթիլները հավաքեց իրար գլխի ու հավաքված ջուրն հանկարծ սկսեց եռալ ու իր աչքերի առաջ վերածվեց մի թեժ կրակի, որն արագորեն մարեց ու նրանից մնաց միայն մուրը, որին ուշադիր նայելով տեսավ, որ հող է, ոչ թե մուր: Ապա այդ հողը սուզվեց մշուշոտ ձվի մեջ, իսկ ձվի երեսն էլի սկսեց քրտնել: «Կարծես երկունքի սկիզբ լինի», - մտածեց ակամա, բայց այս մտքի թելը բռնելու ժամանակ չունեցավ, որովհետև պատկերն հանկարծ էլի սկսեց մշուշոտվել, սևանալ, կորել...
Աչքերը նորից բացեց նույն աղքատաբույր սենյակում: Սկզբից մտածեց, թե հաջողացրել է գտնել իր մտքի կծիկը ու շարունակում է դրա ընթերցումը: Հետո հասկացավ, որ սա լրիվ ուրիշ կծիկ է: Իրեն էլի մարդիկ են շրջապատում, բայց հիմա ինչ-որ ավելի շատ են: Ինքն էլ նստած չի, պառկած է արկղանման մահճակալի կոշտ դոշակին: «Երևի արդեն մեռնում եմ», - մտածեց ակամա, բայց այդ մտքից ավելի վաղ, էլի անսպասելի, սկսեց լսել իր պառավային ձայնը, որով դիմում էր իրեն շրջապատողներին.
- Ու կծնվի նա՝ առաջնորդը: Դուք նրան անմիջապես կճանաչեք, որովհետև ես ձեզ հիմա կասեմ, թե նրան ինչպես պետք է ճանաչեք: Նա կծնվի ուղիղ ութսուներկու տարի հետո, այն տարում, որը մարդիկ հիշելու են ոչ միայն նրա՝ առաջնորդի ծնունդով, այլև մեկը այլ հայտնի իրադարձությամբ: Սա ձեզ առաջին նշան: Սպասեք նրա գալստյանը 1983 թվականին: Եվ ամենակարևոր նշանը, որով ճանաչելու եք նրան: Երբ ծնվում են երեխաները, սկզբից գլուխն է դուրս գալիս, հետո մարմինը, հետո ոտքերը: Առաջնորդը ծնվելու է հակառակ ձևով, սկզբից ոտքերն է դուրս գալու, հետո մարմինը, իսկ հետո նոր գլուխը:
«Միթե քիչ առաջվա մշուշոտ ձվի երկունքը սա է», - մտածեց ու շարունակեց լսել իր բերանից ելնող, բայց ոչ իր ձայնը.
- Նա այդպես է ծնվելու, որովհետև իր կյանքում ամեն ինչով պետք է տարբերվի բոլոր մարդկանցից: Ու դուք պետք այնպես անեք, որ մարդիկ միշտ իմանան այդ տարբերության մասին: Երբեք նրա հագին չպետք է տրեխ լինի, երբեք չպետք է գուլպա հագնի: Նա պետք է իր ողջ կյանքում ոտաբոբիկ լինի: Նրան բոլորը ճանաչելու են իր ոտքերից, որովհետև իրենից առաջ իր ոտքերն են ծնվել: Նրան ճանաչելու են ամենուր: Կհարգեք ու կպատվեք նրան, իսկ երբ հասուն տարիքի հասնի, ինքը դուրս կգա մեծ աշխարհ, մարդամեջ, ու մարդիկ բոլորը կտեսնեն նրա բոբիկ ոտքերն ու կհասկանան, որ առաջնորդն է եկել: Կհասկանան, որ իրենց փրկիչն է եկել: Նրան շատ են մեծարելու մարդիկ: Սպասեք այդ օրվան ու մի մոռացեք ինձ, որ այդ ամենը իմացա ավելի շուտ, քան պետք է լինի ու ձեզ պատմեցի: Հիշեք Նուշիկ տատիկին...
Այս անունը լսելիս գլուխն արյուն լցվեց: Հանկարծ հիշեց ու սարսափեց, ինքն էլ չիմանալով թե ինչից, իսկ պատկերը սկսեց նորից մշուշոտվել, սևանալ, կորել...
Զարթնեց մետաքսե անկողնում: Այս ժամանակակից կահավորմամբ սենյակն իրեն ծանոթ էր: Գրիգորենց տանն էր, իրեն հատկացված ննջարանում: Բայց դա Բոբիկին չհանգստացրեց: Շունչը ոչ մի կերպ տեղը չէր գալիս, հևում էր: Երազներին նա արդեն վարժվել ու բանի տեղ չէր դնում: Բայց իր նախորդ երազները սրանից տարբերվում էին: Նախորդ երազներում էլ էր ինքը հանդիպել պառավ Նուշիկին, բայց հենց հանդիպել էր, այլ ոչ թե եղել նրա տեղը: Իսկ այսօրվա երազում ինքը նայում էր Նուշիկի աչքերով, խոսում Նուշիկի բերանով: Ինքը պարզորոշ տեսել էր Նուշիկի մահվան տեսարանը, նրա պատգամները ինքն էր կարդացել: Քրտինքը պատել էր Բոբիկի ճակատն ու չգիտեր ի՞նչ անել:
- Բոբ, ի՞նչ է եղել, - հարցրեց նոր սենյակ մտած Արմենը, որն եկել էր Բոբիկին արթնացնելու, - էլի երազումդ էդ պառավի՞ն ես տեսել:
- Արմ, ես այսօր գյուղ եմ գնալու, կգա՞ս հետս, - պատասխանի փոխարեն հարցրեց Բոբիկը:
- Էդ ո՞նց որ, - ուրախացած ու զարմացած հարցրեց Արմենը: - Ախր այնքան էիր բարկացած գյուղացիների վրա, որ էլ չէիր ուզում ձեր գյուղ ոտք դնել...
- Արմեն, ես քեզ պատմել եմ Նուշիկին ո՞նց են թաղել:
- Միլիոն անգամ:
- Արմեն, բայց ես չգիտեի, որ նրա մակույկի մեջ հող են լցրել:
- Չհասկացա:
- Ինձ ոչ մեկը այդպիսի բան չի պատմել: Ասել են, որ դրել են մակույկի մեջ ու մակույկը կրակ տված գետով բաց թողել...
- Է, հետո՞:
- Պետք է պարզել, մակույկի մեջ հող լցրե՞լ են, թե՝ ոչ:
- Բոբ, ի՞նչ է եղել:
- Պետք է պարզել, ուղղակի պետք է պարզել...
շարունակելի...
Էջանիշներ