Շարունակություն...
***
Անցորդները զարմացած նայում էին «Օպերայի» կանգառում շփոթված կանգնած պատանուն: Այս պատանու հագին սև, փայլուն կտորից, խնամքով հարթուկված շալվար էր, վառվռուն զարդերով «ճչացող» վերնաշապիկ ու որ ամենատարօրինակն է, նա ոտաբոբիկ էր: Մարդիկ զարմացած նայում էին նրան, ապա ծիծաղելով անցնում: Բոբիկը նկատում էր այդ ծիծաղն ու ավելի է շփոթվում: Բոբիկն իր կյանքում երբեք այսքան շատ մարդ ու այսքան շատ ավտոմեքենա չէր տեսել: Իր մտքում նա ամենն այլ կերպ էր պատկերացնում: Սպասում էր, որ կլինի ամենքի ուշադրության կենտրոնում ու այդպես էլ եղավ: Բայց նա սպասում էր տեսնել հիացած հայացքներ, մտքում պատկերացնում էր, որ իրեն գուցե ձեռքերի վրա կտանեն, գուցե նույնիսկ կխոնարհվեն իր առաջ, այլ ոչ թե կնայեն այսպես՝ քմծիծաղով կամ արհամարհանքով:
- Խե՜ղճ տղա, գիժ է, - լսեց նա մի տատիկի ձայն, որը փոքրիկ թոռան ձեռքից բռնած պատրաստվում էր փողոցը անցնել:
- Սա էլ մուրացկանության նոր ձև է, - ասում էր փողոցով անցնող կոկետուհիներից մեկն իր ընկերուհուն, - իբր թե կոշիկ չունի, փող տվեք, որ առնեմ: Հագածդ թիթիզ շորերի՞ն նայեմ, թե՞ բոբիկ ոտքերիդշ...
Բոբիկը լսում էր այս խոսակցություններն ու կանգնած տեղում կուչ էր գալիս, որ չերևա, չնկատվի: Տարակուսած էր ու շփոթված, չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Քաղաքը իր ապրած գյուղից շատ էր տարբերվում, բայց ավելի շատ նկատելի էր քաղաքացիների տարբերությունը: Գյուղում միայն ինքն էր մեծամիտ ու «մեծ»: Այստեղ կարծես բոլորը իրենց Բոբիկի տեղն էին դրել, կարծես թե բոլորը կարծում էին, թե հենց իրենք են առաջնորդը... Բայց Բոբիկը նկատում էր, որ նրանցից և՛ ոչ մեկը առաջնորդ չէ: Բոբիկը զարմացած էր ու զարհուրած: Առաջին անգամ սկսեց հասկանալ, որ ինքն էլ առաջնորդ չէ, որ ինքն էլ փրկիչ չէ, որ ինքը այս բազմաթիվ մարդկանցից միայն նրանով է տարբերվում, որ բոբիկ է, որ ոտքերին կոշիկ չկա: Բոբիկն առաջին անգամ հասկացավ, որ իր ոտքերին կոշիկ չլինելու փաստը բացասական տարբերություն է: Նա հասկացավ, որ ճիշտ է, դրանով տարբերվում, բայց տարբերվում է ընկած հեղինակությամբ: Բոբիկը վախեցած կուչ էր եկել ճանապարհի մեջտեղում ու շարունակում էր լսել իր հասցեին արված վիրավորական, ծաղրական արտահայտությունները:
Վերջապես Բոբիկը հասկացավ, որ կուչ գալով ոչ մի բանի չի հասնի, որ փախնել է պետք: Բայց իր առաջնորդ չլինելու փաստը դեռ նրա ուղեղում լավ չէր ամրապնդվել ու Բոբիկի ինքնասիրությունը կկոտրվեր, եթե հիմա թողներ ու փախներ: Ու Բոբիկը հասկացավ, որ միայն մի ելք ունի: Նա պետք է իրեն պահեր այնպես, կարծես երեկվանից հետո ոչ մի բան չէր փոխվել, կարծես թե նա նույն առաջնորդն էր, նույն փրկիչը, գյուղացիների հավատն ու հարգանքը վայելող Բոբիկը: Բոբիկը այս նոր միջավայրում իրեն պետք է պահեր այնպես, ինչպես այս մարդկանցից ամեն մեկը՝ հպարտ, գլուխը բարձր, վեհ, առաջնորդ...
Բոբիկը ձգվեց ու հպարտ, հանդարտ հայացքով նայեց չորս կողմը: Բոբիկը տեսավ, որ մարդիկ նկատել են իր մեջ այդ պահին կատարված փոփոխությունը: Բոբիկը նկատեց, թե ինչպես կողքով անցնող երիտասարդներից մեկի՝ իր հասցեին արվող վիրավորական արտահայտությունը սառեց վերջինիս շուրթերին, այդպես էլ մինչև վերջ չհնչելով: Բոբիկին մի պահ նույնիսկ թվաց, թե այդ պահին մարդիկ նկատել են առաջնորդի գալուստը, զգացել են, որ իրենց առջև առաջնորդն ու փրկիչն է կանգնած: Բայց դա միայն մի պահ: Հետո Բոբիկը տեսավ, որ մարդիկ շարունակում են իրենց ուղին, այնպես, ինչպես մեկ րոպե առաջ, ու հասկացավ, որ ոչ թե մարդիկ են գտել իրենց առաջնորդին, այլ ինքն է գտել ինքն իրեն:
Բոբիկը մոտեցավ կանգառում կանգնած պատկառելի արտաքինով մի տիկնոջ ու հարցրեց.
- Չէի՞ք ասի, համալսարանը որտե՞ղ է:
- Դու քաղաքի՞ց ես, - հարցրեց տիկինը՝ պատասխանին չսպասելով: Նա առանց այդ էլ գիտեր պատասխանը այնպես որ սկսեց պարզապես ցույց տալ Երևանի Պետական Համալսարանի ճանապարհը:
Բոբիկը շնորհակալություն հայտնեց ու շարժվեց նշված ուղղությամբ: Ճանապարհին նրան դեռ շարունակում էին նայել: Կողքով անցան մի խումբ դպրոցական աղջիկներ, երևի թե 3-րդ կամ 4-րդ դասարանի աշակերտուհիներ, նայեցին Բոբիկին ու փռթկացին: Բոբիկն այս անգամ չշփոթվեց: Նա կարծես թե հասկացել էր թե իրեն ինչու են այդպես նայում ու համակերպվել էր այդ մտքին: Նա պարզապես ժպտաց ու աչքով արեց փոքրիկներին, որոնք իրեն պատասխանեցին նույն ժպիտով:
- Ոտքերդ չեն վառվում, - հարցրեց մոտ 20 տարեկան մի տղա:
Չէ, ոտքերը չէին վառվում: Ասֆալտը նրա ոտքերը հաճելի ջերմացնում էր միայն ու վերջ:
- Չէ՛, եղբայր, չեն վառվում, - ժպտալով պատասխանեց ու անցավ առաջ, առանց սպասելու տղայի հաջորդ հարցին:
Բայց այս երիտասարդը համառ էր, թեքեց ճանապարհը ու հասավ Բոբիկի ետևից:
- Անունս Արմեն է, իսկ քո՞նը, - հարցրեց տղան:
- Կարող ես Առաջնորդ կոչել, - քմծիծաղով պատասխանեց Բոբիկը, ծիծաղելով ինքն իր, իր գյուղացիների ու իր հիմար հավատի, պառավ Նուշիկի հիմար գուշակության վրա:
- Կատակասերն ես, Առաջնորդ, - ժպտաց Արմենը: - Իսկ ինչու՞ ես առանց կոշիկի:
- Երբևէ տեսե՞լ ես կոշիկներով առաջնորդ, - հարցին հարցով պատասխանեց Բոբիկը:
Արմենը ժպտաց:
- Ես առաջնորդ ընդհանրապես չեմ տեսել, դու առաջին ես, - ասաց նա: - Իսկ ո՞ւր ես գնում, երևում է քաղաքից չես: Եթե օգնելու բան կա, ասա, մի ամաչիր:
- Գնում եմ համալսարան:
- Համալսարանում ի՞նչ ես կորցրել, այ ես, օրինակ, ընդամենը 15 րոպե առաջ եմ այնտեղից փախել ու վերադառնալու ցանկություն չունեմ:
- Դու համալսարանում ես սովորում, - ուրախացած հարցրեց Բոբիկը:
- Այո՛, այո՛: Կամ ավելի ճիշտ փորձում եմ սովորել ու միշտ չէ, որ դա հաջողվում է: Դու էլ ես ուզո՞ւմ ընդունվել:
- Հա, ուզում եմ ուսանող դառնալ, գնում եմ ընդունվելու:
- Բայց դեռ քննությունների շրջանը չի, ու՞ր ես գնում:
- Ի՞նչ քննություն:
- Ընդունելության քննություն: Ի՞նչ է, չգիտես դա ինչ է, - քահ-քահ ծիծաղեց Արմենը:
- Իսկ առանց դրա ընդունվել չի՞ լինի, - շփոթված հարցրեց Բոբիկը:
- Կլինի, ինչու՞ չպետք է լինի, - ուրախ-զվարթ պատասխանեց Արմենը: - Եթե շատ փող ունես կամ պաշտոնյա բարեկամ, խնդիր չունես, հաշվի, որ արդեն ընդունվել ես:
- Իսկ որ առաջնորդ եմ, դա չի օգնի:
Արմենին դուր եկավ կատակը, նա երկա՜ր, շատ երկար սովորում էր:
- Արմե՛ն, ինչու՞ են մարդիկ ինձ թարս նայում, - հարցրեց Բոբիկը:
- Թարս չեն նայում, խոնարհվելով են նայում, չէ որ առաջնորդն է գալիս, - նորից ծիծաղելով ասաց Արմենը:
- Չէ, լուրջ, ինչու՞ են թարս նայում:
- Որովհետև անսովոր է փողոցում ոտաբոբիկ մարդ տեսնել, եղբայր իմ առաջնորդ, կոշիկ հագիր:
- Բայց ես իմ կյանքում կոշիկ չեմ հագել ու չեմ ունեցել, - շփոթված ասաց Բոբիկը:
- Լու՞րջ ես ասում, - զարմացավ Արմենը: - Այդ ինչպես է ստացվել:
- Երկար պատմություն է, մի օր կպատմեմ: Ինձ հիմա մի տեղ ցույց տուր, որտեղից կարելի է կոշիկ առնել:
- Իսկ որտե՞ղ ես գիշերելու:
- Ինձ իմ ազգականներից մեկի հասցեն են տվել, կգնամ նրանց տուն, մենակ թե պետք է խնդրեմ, որ այդ տեղը ցույց տաս:
- Ցույց կտամ, - ժպտալով ասաց Արմենը: - Իսկ հիմա քայլով մարշ, պարո՛ն առաջնորդ, գնում ենք կոշիկ առնելու:
Ու նրանք ուրախ շաղակրատելով շարունակեցին ճանապարհը:
Շարունակելի...
Էջանիշներ