User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Բոբիկը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Բոբիկը

    Դնում եմ քննարկման նոր գործիս մի մասը, հուսով, որ այն կընթերցեք: Հիշեցնեմ, որ սիրում եմ առողջ քննադատությունը ու շատ եմ շոյվում հաճոյախոսություններից, բայց դրանց չեմ սպասում: Սիրում եմ օբյեկտիվությունը: Ձեզ բարի ընթերցում եմ կամենում:

    ԲՈԲԻԿԸ


    Ի՞նչ կլիներ, եթե ծնված լինեի հարևան գյուղում: Առաջին հերթին չէր ծնվի այս պատմությունը: Ծնված չէ՞ր լինի այս պատմությունը: Է՛, ավելի լավ: Կապրեի որպես սովորական մարդ, ինչպես դու կամ ընկերդ, ինչպես մեր գյուղից քաղաք տեղափոխված, ինստիտուտն ավարտած ու գիտնական դարձած Համբարձումը, ինչպես մեր գյուղի ամենամեծ սեփականատեր Եղիշն ու էլի շատ ուրիշներ:
    Բայց ես ծնվեցի մեր գյուղում, որը գուցե մեր երկրի ամենահետամնաց գյուղն է, գուցե հակառակը՝ ամենաառաջադեմներից է, բայց որում, ամեն դեպքում, շարունակում են սնոտիապաշտ մնալ, հավատալ ինչ-որ անհեթեթ բաների, գուշակումների, աստղերի դասավորությանը, սուրճի... ՉԷ, մեր գյուղում սուրճ խմելու կուլտուրան այդպես էլ չմտավ, թե չէ հաստատ սուրճի բաժակին էլ կհավատային:
    Բայց ես ծնվեցի ոչ թե հարևան, այլ հենց մեր գյուղում: Ծնվեցի մի հասարակ գյուղացու ընտանիքում, որը, թվում է, թե այս պատմության ու գյուղի լեգենդար պառավ Նուշիկի գուշակության հետ պետք է կապ չունենար, բայց իմ ծնունդի շնորհիվ ունեցավ ու դարձավ գյուղի ամենահայտնի ընտանիքը, ծնողներս դարձան գյուղի մյուս բոլոր երեխաների ծնողների նախանձի առարկան: Եղբորս ու քույրիկներիս էլ երեխաներն էին նախանձում, որովհետև գյուղի ամեն մի երեխա երազում էր, որ ես իր եղբայրը լինեի: Նրանց հետ խաղում էին միայն այն պատճառով, որ վախենում էին չխաղալ իմ եղբոր ու քույրերի հետ, նրանց չէին ճնշում, ծեծում ու հալածում, որովհետև ո՛չ մեկը չէր համարձակվի մատով անգամ կպնել իմ հարազատին:
    Այո՛: Ես գյուղի հերոսն էի: Գյուղի ամենաճանաչված ու հարգված մարդը: Գյուղում իմ վրա ոչ մեկը չէր բարկանում, ձայնը կամ ձեռքը վրաս չէր բարձրացնում, ու բոլորը փորձում էին կատարել իմ բոլոր կամակորությունները: Ես ամենահայտնի ու ամենիսարված մարդն էի: Ես հերոս էի ո՛չ թե իմ կատարած հերոսությունների ու սխրանքների համար, ո՛չ թե իմ քաջության համար, ո՛չ թե ծնողներիցս ժառանգած փառքի համար, ո՛չ թե իմ անձնվիրության, բարության, խելքի կամ նման ինչ-որ մի բանի համար, այլ որովհետև այդպես էր գուշակել պառավ Նուշիկը:
    Պառավ Նուշիկին թեև կախարդ չէին անվանում, բայց երևի հոգու խորքում նրան այդպես էին պատկերացնում գյուղացիները: Այդ ցնդած պառավին ես չեմ տեսել, որովհետև մահացել է ծնվելուցս շատ ու շատ տարիներ առաջ: Ոչ էլ նրա նկարն եմ տեսել, որովհետև նա նույնիսկ նկար չի ունեցել: Չեմ ճանաչել թոռներին, որովհետև պատմում են, որ նա կույս է մահացել, էլ ի՞նչ թոռ, ի՞նչ բան: Չեմ տեսել նրա ուրիշ ազգականներին, որովհետև ասում են, որ նա ուրիշ տեղից է եկել մեր գյուղում բնակվել ու հետո մահացել, իր կյանքի մասին ոչ մի ուրիշ հուշ, պատմություն չթողնելով, բացի այն ամենից, ինչն արել է մեր գյուղում: Չեմ տեսել նույնիսկ նրա գերեզմանը, որովհետև իր պատգամի համաձայն նրա դին դրել են մի մակույկի մեջ, մակույկը կրակ տվել ու գետով բաց թողել: Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե մեր ծանծաղ գետը ինչպե՞ս կարող էր հեռու-հեռուները տանել պառավ Նուշիկին իր մեջ առած վառվող մակույկը, բայց պատմում են, որ այդպես է եղել:
    Պառավ Նուշիկը գուշակ է եղել, պարզատես: Նա տեսել է այն ամենը, ինչը կատարվում կամ կատարվել է իր շուրջը, ու այն ամենը, ինչը դեռ չէր կատարվել, բայց պետք է կատարվեր: Ասում են, որ նա նույնիսկ գուշակել է իր մահվան օրը ու հենց դրա համար էլ նախօրոք պատգամել էր, թե ինչ է պետք անել իր դին: Նա գուշակել է թե որ ձմեռն է ցուրտ լինելու, իսկ որն է երկար տևելու, որ տարին է երաշտ լինելու, իսկ որ տարին անընդհատ անձրևելու է: Այս գուշակումներից ելնելով են գյուղում վարել տնտեսությունը, իմացել, թե ո՞ր տարուն է պետք է ծառերը թաղել, իսկ որ տարում շատ բերք կուտակել, որ տարում ինչ է պետք ցանել, վառելիք որքան է պետք հավաքել ու ասում են, որ պառավ Նուշիկի շնորհիվ է, որ մեր գյուղը մինչև այսօր գոյատևել է, ու դա ես չեմ հասկանում, որովհետև գիտեմ որ այդ պառավը մեր գյուղ է եկել 92 տարեկան հասակում ու մահացել է 97 տարեկանում: Եթե նույնիսկ այդ հինգ տարիներին նա ճշգրիտ գուշակել է եղանակը, ապա դա դեռ չի նշանակում, որ գյուղը նրա շնորհիվ է գոյատևել:
    Որտե՞ղ էիր, պառավ Նուշիկ, որ մեր գյուղը հիմնվեց, որ տարբեր ընտանիքներ եկան, հիմնեցին գյուղը, ամեն մեկն իր համար մի տուն կառուցեց, բաժանեցին հողերը, հետները բերած անասունի համար գոմեր սարքեցին, գտան զուլալ աղբյուրն ու նրա ջուրը բերին, հասցրին գյուղի կենտրոն, տնկեցին մրգատու այգիները, սկսեցին մշակել ու սարքեցին, չեղած տեղից սարքեցին մի փոքրիկ, բայց սիրուն ու հարմարավետ բնակավայր: Քանի ու քանի տարիներ էր այդպես հանգիստ ապրել ու գոյատևել գյուղը, մինչև որ դու եկար՝ քո այդ հիմար գուշակություններով: Քո վախճանից հետո գյուղը քանի ու քանի տարի է ապրել ու գոյատևել առանց քո գուշակումների....
    Բայց չէ, այ այստեղ ես արդեն չափն անցա, որովհետև պառավ Նուշիկն իր մահից հետո գյուղին առանց գուշակումների չէր թողել: Կատարել էր իր ամենավերջին ու ամենաազդեցիկ գուշակությունն, իսկ հետո ինքն իրենից գոհ քնել՝ իմանալով որ էլ չի զարթնելու այլ լողալու է վառված մակույկի մեջ: Կատարել է մի գուշակություն, որը փոխելու է իմ ամբողջ կյանքը ու դարձնելու մի թշվառ մարդ, իսկ ինքը թողել ու անխռով դեմքով գնացել է այս աշխարհից, երևի թե հավիտենական հանգիստ գտնելով դժողքի կրակների մեջ...

    Ես բոբիկ եմ: Բոբիկ եմ բառիս բուն, իսկական և լայն իմաստով: Չեմ կատարում համեմատություն ու չեմ չափազանցնում, ես ուղղակի բոբիկ եմ: Բոբիկ եմ, որովհետև ծնողներս անգրագետ են: Բոբիկ եմ, որովհետև մեր գյուղի նույնիսկ ուսուցիչներն անգրագետ են: Բոբիկ եմ, որովհետև այդպես է գուշակել գուցե և գրագետ, բայց այդ տխմար պառավ Նուշիկը:
    - Ու կծնվի նա՝ առաջնորդը, - ասել է նա իր սնարի շուրջը հավաքված ու նրան մյուս աշխարհ ճանապարհող գյուղացիներին, - Դուք նրան անմիջապես կճանաչեք, որովհետև ես ձեզ հիմա կասեմ, թե նրան ինչպես պետք է ճանաչեք: Նա կծնվի ուղիղ ութսուներկու տարի հետո, այն տարում, որը մարիկ հիշելու են ոչ միայն նրա՝ առաջնորդի ծնունդով, այլև մեկը այլ հայտնի իրադարձությամբ: Սա ձեզ առաջին նշան:Սպասեք նրա գալստյանը 1983 թվականին: Եվ ամենակարևոր նշանը, որով ճանաչելու եք նրան: Երբ ծնվում են երեխաները, սկզբից գլուխն է դուրս գալիս, հետո մարմինը, հետո ոտքերը: Առաջնորդը ծնվելու է հակառակ ձևով, սկզբից ոտքերն է դուրս գալու, հետո մարմինը, իսկ հետո նոր գլուխը: Նա այդպես է ծնվելու, որովհետև իր կյանքում ամեն ինչով պետք է տարբերվի բոլոր մարդկանցից: Ու դուք պետք այնպես անեք, որ մարդիկ միշտ իմանան այդ տարբերության մասին: Երբեք նրա հագին չպետք է տրեխ լինի, երբեք չպետք է գուլպա հագնի: Նա պետք է իր ողջ կյանքում ոտաբոբիկ լինի: Նրան բոլորը ճանաչելու են իր ոտքերից, որովհետև իրենից առաջ իր ոտքերն են ծնվել: Նրան ճանաչելու են ամենուր: Կհարգեք ու կպատվեք նրան, իսկ երբ հասուն տարիքի հասնի, ինքը դուրս կգա մեծ աշխարհ, մարդամեջ, ու մարդիկ բոլորը կտեսնեն նրա բոբիկ ոտքերն ու կհասկանան, որ առաջնորդն է եկել: Կհասկանան, որ իրենց փրկիչն է եկել: Նրան շատ են մեծարելու մարդիկ: Սպասեք այդ օրվան ու մի մոռացեք ինձ, որ այդ ամենը իմացա ավելի շուտ, քան պետք է լինի ու ձեզ պատմեցի: Հիշեք Նուշիկ տատիկին ու ամեն անգամ հիշելիս աղոթեք նրա հոգու հանգստության համար, որ չափսոսաց իր իմացածն ու ձեզ պատմեց: Իսկ հիմա ինձ հանգիստ թողեք, ես հոգնած եմ, քնել եմ ուզում: Այսօր վերջին անգամ եմ քնելու, որովհետև էլ չեմ զարթնելու: Վաղն արդեն մահացած կլինեմ ու չմոռանաք, թե ինչ եք խոստացել անել աճյունիս հետ: Դե՛, մնաք բարով:
    - Գնաս բարով, Նուշիկ տատ, - պատասխանել են լացակումած կանայք: Տղամարդիկ միայն լուռ կրծել են շուրթերը, մտածելով, թե ի՞նչ է լինելու իրենց տնտեսության վիճակը՝ առանց պառավ Նուշիկի գուշակությունների:
    Իսկ Նուշիկ տատը քնել է, շրջապատված գյուղացիներով, որոնք նստած նրա կողքին սպասել են մահվանը: Հետո բացվել է առավոտն ու առավոտի հետ միասին բացվել են պառավ Նուշիկի աչքերը: Ուրախացել են գյուղացիները, տեսնելով, որ պառավ գուշակն իրենց չի լքել ու մտածելով, որ նա իր գուշակություններով իրենց դեռ շատ օգուտ կտա: Բայց պառավը ոչ մի բառ չի ասել: Գյուղի ջահել հարսներից մեկը ուրախ – զվարթ գնացել ու պառավի համար շիլա է սարքել: Երբ բերել են, որ ուտի, պառավը գլխի շարժումով հրաժարվել է: Հետո բաժակով ջուր են բերել, պառավը շուրթերը պինդ սեղմել ու հրաժարվել է նաև դրանից: Պատմում են, որ ամբողջ օրը անշարժ պառկած առաստաղին է նայել: Հետո եկել է գիշերը ու պառավը նորից քնել է: Այս գիշեր արդեն քիչ մարդիկ են կողքին նստել: Իսկ առավոտյան շողացել են արևի ճառագայթներն ու դրանց փայլը արտացոլվել է պառավի աչքերում: Զարմացած գյուղացիները տեսել են, որ պառավը դեռ կենդանի է: Այդ օրն էլ պառավը ոչ մի փշրանք հաց կամ մի կաթիլ ջուր բերանը չի առել, չի պատասխանել գյուղացիների տված հարցերին, չի ասել որևէ այլ խոսք, այլ պառկած նայել քանդված առաստաղին: Հետո էլի մթնել ու այդ գիշեր պառավի կողքին ավելի քիչ մարդ է նստած մնացել: Իսկ առավոտյան Նուշիկը զարթնել է՝ ավելի նիհար, քան նախորդ օրը, ավելի դուրս պրծած աչքերով, քան նախորդ օրը, մազերն ավելի ճերմակ քան նախորդ օրը: Զարթնել ու էլի լուռ պառկել է ամբողջ օրը: Հետո էլի է մթնել ու էլի լուսացել: Ու այպես ութ օր շարունակ: Ութերորդ օրն արդեն նրա սնարի կողքը գիշերը ոչ մեկը չի մնացել, ոչ թե այն պատճառով, որ էլ չէին հավատում, թե նա կմեռնի, այլ որովհետև ամեն մեկն իր գործն ուներ, պետք է իր տանը քներ, հանգստանար, որ հաջորդ օրը կարողանար կովին արոտ տանել, այգում էտ անել, երեխաների համար ճաշ եփեր, գյուղի կենտրոնի աղբյուրից տուն ջուր բերեր, մի խոսքով ապրեր իր հերթական սովորական օրը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.02.2010), Hayk Avetisyan (15.03.2013), Sambitbaba (04.03.2013), Մանուլ (25.02.2010), Ֆոտոն (16.08.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ԲՈԲԻԿԸ

    Աչքերը յոթ անգամ փակել էր Նուշիկը, որպեսզի քնի ու էլ չզարթնի: Հետո յոթ անգամ էլ բացել էր աչքերը: Հետո փակել էր ութերորդ անգամ, բայց ութերորդ անգամ չէր բացել: Ութերորդ օրն էլ չի զարթնել պառավ Նուշիկը, մահացած քնած մնալով իր փոքրիկ տնակում՝ մենակության մեջ: Հետո գյուղացիներից մեկն եկել էր որ տեսնի, թե այսօր իրեն ինչպես է զգում պառավը ու տանը տարածված հոտից հասկացել, որ Նուշիկն էլ ուղղակի չէր զգում: Անմիջապես հավաքվել էր գյուղի ողջ բնակչությունը, առանց ավելորդ ձևականությունների պառավի դին դրել էին նախորդ պատրաստած մակույկի մեջ, նախօրոք նախապատրաստված ձևով կրակ էին տվել ու բաց թողել գետով: Պառավ Նուշիկից մնացել էր միայն հիշողությունն ու նրա կտակած գուշակություն ժառանգությունը:
    Անցել էին տարիներ: Անցել էր գուշակված ութսուներկու տարին ու գյուղում մնացել էին մի քանի պառավ, ովքեր տեսել էին պառավ Նուշիկին: Բայց նրանք էլ փոքրիկ, հինգ-վեց տարեկան երեխա են եղել Նուշիկի կենդանության օրոք ու շատ բան չէին հիշում նրանից: Բայց լեգենդը մնացել էր ու գյուղի ահելն ու ջահելն այդ տարի անհամբեր սպասում էին առաջնորդի գալստյանը: 1983 թվականին մեր գյուղում ծնվել է ռեկորդային թվով երեխա: Բոլոր երիտասարդ ամուսինները այդ տարի երեխա էին բերում, հուսով, որ հենց իրենց ժառանգը կլինի առաջնորդը: Բայց անցավ 1983 տարին ու բոլոր երեխաներ ծնվում էին գլխի կողմից:
    Գյուղացիներն անհանգիստ էին: «Որտե՞ղ է առաջնորդը», - տարակուսում էին նրանք: Իսկ առաջնորդը չկար: Բայց գյուղացիները հին անգրագետ ժողովուրդը չէին ու հասկանում էին, որ պատմությունն ու գուշակությունը ճշգրիտ գիտություններ չեն ու չէր կարելի ճշգրտորեն գուշակել առաջնորիդ գալստյան տարին: Եթե նրանք լինեին պառավ Նուշիկի սերնդակիցները, չէին տարակուսի, թե ինչպե՞ս եղավ, որ ցնորված պառավն իր գուշակումից ութ օր հետո մահացավ՝ հասկանալով, որ ժամանակն անկառավարելի է: Ու իմաստուն գյուղացիները սկսեցին առաջնորդի գալստյանը սպասել հաջորդ՝ 1984 թվականին: Առաջնորդն էլի չեկավ: Նրան սպասեցին նաև 1985-ին: Առաջնորդը կարծես մոռացած լիներ նրանց մասին: 1986 թվականին արդեն քչերը հույս ունեին, թե առաջնորդը կգա, քչերն էին սպասում նրան: Շատերը չէին սխալվել, որ չէին սպասում: Առաջնորդը մոռացել էր նրանց մասին: 1987 թվականին արդեն գյուղում հավատը խախտված էր, արդեն ոչ մեկը չէր հավատում, թե առաջնորդ է ծնվելու, բացի Սմբատ պապից: Սմբատ պապը կանչեց իր թոռանն ու ասաց.
    - Ծոռ եմ ուզում, բալա: Ու ինքը առաջնորդ ա լինելու, ես գիտեմ: Այնպես որ, բալա, տես, թե ի՞նչ ես անում:
    - Է՜, պա՛պ, - նեղսրտեց Սմբատի թոռը: - Էլ ինչքա՞ն երեխա բերեմ: էս չորս տարվա մեջ հինգ հատ երեխա բերինք: Էլ ինչքա՞ն բերենք: Էդքանին պահել է չէ պետք: Իսկ էդ պառավ Նուշիկը շառլատանի մեկն է երևի եղել...
    - ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ս, - պոռթկած Սմբատ պապը: - Մեր գյուղը որ գոյատևում է, դա իր շնորհքն է: Մոռանալն ու ուրանալն է բոլոր դժբախտությունների պատճառը, քո նման ուրացողների պատճառով է, որ ձեր նախնիներին չեք ուզում ճանաչել, կործանվում է...
    - Ա՛յ պապ, ի՞նչ նախնի: Էդ պառավը մեր գյուղում չորս տարի է ապրել ու կույս է մեռել, իսկի ժառանգ չունի, ի՞նչ նախնի:
    - Նա մեր փրկիչն է եղել ու գուշակել է երկրորդ փրկչի գալուստը: Ու դու էն խորոտ հարսիս հետ պետք է նրա գուշակությունն իրականություն դարձնեք: Գիտեմ, որ այս տարի է ծնվելու...
    - Պա՛պ, խորոտ հարսդ ծննդաբերությունը ծանր է տանում: Ու ամեն տարի ավելի ծանր: Չեմ ուզում նրան նոր փորձության տանել...
    - Բալա, էս իմ վերջին տարին է: Էսօր, էգուց ես մեռնելու եմ գնամ Նուշիկ տատի քովը: Ինձ երջանիկ դարձրու, թող որ նրան տանեմ ավետիսը՝ իր գուշակությունը կատարվելու ավետիսը: Վերջին մարդն մնացել, որ Նուշիկին իմ աչքերով տեսել եմ, թող որ սևերես դուրս չգամ, պարզ աչքերով նայեմ տատի աչքերին ու ասեմ. «Պառավ, ասած արել եմ, քո գուշակած առաջնորդ ծոռին ծնել»: Թող, բալա, թող որ կարենամ էդքան բանն ասել: Նոր ծոռ բեր ինձ համար, բալա:
    Սմբատ պապի թոռը չդիմացավ պապի աղաչանքին ու իր խորոտ կնոջը պատմեց խոսակցությունը: Խորոտ հարսն էլ բիձուն շատ էր սիրում, ու չուզեց սիրտը կոտրի: Որոշեցին նոր երեխա բերել ու բերին: Բայց խորոտ հարսն իրոք ծանր էր տանում ծննդաբերությունն ու այս անգամ չդիմացավ: երեխան ծնվեց ճիշտ այնպես, ինչպես իր հինգ եղբայրներն ու քույրերը, այսինքն՝ սկզբից գլուխը, հետո մարմինը, հետո նոր ոտքերը: Ծնեց երեխային ու իր մահկանացուն կնքեց խորոտ հարսը: Նրա թաղմանը շատ արցունքներ թափվեցին, բայց էլ այդ մատղաշ կյանքը հետ չէին բերելու արցունքները: Գյուղի ջահել մայրերից մեկը իրեն վերցրեց երեխային, որոշելով իր կաթով կերակրել, դրանով իր հարգանքի տուրքը մատուցելով խորոտ հարսին: Բայց երեխան օր օրի նիհարում ու չէր մեծանում: Ապրեց երկու ամիս ու մահացավ:
    Խորոտ հարսի թաղումից հետո հուսահատվել էր Սմբատ պապը: Պառկեց Նուշիկի նման մահճակալին ու սկսեց նայել առաստաղին: Գյուղի հարսները նրա համար շիլա էին բերում, չէր ուտում, ջուր էին բերում, չէր խմում: Միայն ժամանակ առ ժամանակ շշնջում էր. «Էս ի՞նչ օյին բերիր իմ գլխին, ա՛յ Նուշիկ տատ: Էս ի՞նչ փորձանքի բերիր, ա՛յ Նուշիկ տատ»: Ու այդպես ուղիղ ութ գիշեր քնեց ու յոթ առավոտ զարթնեց Սմբատ պապը: Հետո ճակատագրի չար հեգնանքով ճիշտ պառավ Նուշիկի նման ութերորդ օրն էլ չզերթնեց բիձեն: Նրա համար մի պուճուր դագաղ սարքեցին, որովհետև հիվանդությունից լղարել էր բիձեն, մնացել էր միայն ոսկորն ու կաշին:
    Հետո ինչ-որ անհասկանալի հիվանդությամբ հիվանդացան Սմբատ պապի չորրորդ ու հինգերորդ՝ երկվորյակ ծոռները: Հիվանդացան ու մահացան իրենց մոր մահվանից ուղիղ երեք ամիս հետո, նույն օրը: Խելագարվեց Սմբատ պապի թոռը: Աչքերում ինչ-որ սատանայական փայլ թրև էր գալիս գյուղում օր ու գիշեր: Օր ու գիշեր անիծում էր պառավ Նուշիկին ու պառավ Նուշիկի գուշակությունը: Հետո մի օր կանգնեց գյուղամիջում ու գոռաց.
    - Էդ պառավ դին հեռու չէր կարող գնալ: Մեր գետը ծանծաղ է, գտնելու եմ, ու խոշտանգեմ դրա դին:
    Գյուղացիք փորձեցին համոզել Սմբատի թոռանը, որ չփնտրի, բացատրել, որ շատ ու շատ տարիներ են անցել, շատ-շատ վառված մակույկը գտնի, դին փտած կլինի, մեկ էլ գուցե ոսկորները մնացած լինեն:
    Բայց Սմբատի թոռը իր պապի նման էր, որ գլուխը մի բան մտցնում էր, էլ մոռանալ չկար: Ու գնաց պառավ Նուշիկի դին փնտրելու: Գետի երկայնքով գնում է, ժայռերի վրա մագլցում է որ վերից նայի, մակույկի հետքն երևում է, թե ոչ: Նայում, տեսնում է հեռվում, գետի վրա կրակ է վառվում: Մտքում ասում է. «Հրես պառավի մակույկը, բա ո՞նց հասնեմ»: Հետո իր խելագարված ուղեղով մտածում, սևացած աչքերով նայում ու կարծում է, որ եթե այդտեղից ցատկի, ուղիղ մակույկի կողքը ջրի մեջ կընկնի: Մտածելն ու անելը մեկ են լինում, ընկնում է, գլուխը տալիս մի քարի, ջարդում: Մի կերպ ոտքի է կանգնում, նայում շողացող արևին ու շշնջում. «Ես քո արևը թաղեմ, Նուշիկ տատ»: Շշնջում է ու անշնչացած ընընում գետնին:
    Գյուղացիները ութ գիշեր ու յոթ օր սպասում են Սմբատի թոռան վերադարձին, բայց վերջինս չի գալիս: Վերջապես որոշում են գնալ, որոնել: Գնում ու գտնում են ծտի ու ճիճվի կեր դառած մի այլանդակված դիակ: Զզվանքը մի կերպ զսպելով բերում են գյուղ ու առանց երաժշտության թաղում են հոր, կնոջ ու զավակների շիրիմների կողքին: Երեք գերեզմանի տեղ էլ թողած են լինում, որովհետև ի՞նչ իմանային, թե ինչ կլիներ որբ մնացած մյուս երեք զավակներին:

    Ահա թե ինչպես եղավ, որ մեր հետամնաց գյուղում դադարեցին հավատալ պառավ Նուշիկի գուշակություններին, փոքր ինչ առաջադիմեցին: Ու ամեն ինչ այդպես էլ կշարունակվեր, եթե հաջորդ տարի՝ 1988 թվականին ես չծնվեի ու իմ ծնվելուց առաջինը ոտքերս, հետո մարմինս, իսկ հետո նոր գլուխս չելներ: Միանգամից հիշեցին պառավ Նուշիկին ու նրա գուշակությունը: Միանգամից հասկացան, որ եկել է առաջնորդը: «Հիմա՛ր Սմբատ», - շշնջում էր տատմերը՝ պորտալարս կտրելիս: Այնքան էր հուզված, որ ձեռքերը դողում էին ու փորիս կենտրոնում մինչև այսօր էլ այդ դողալու հետքերը մնացել են: Ու չգիտեմ, ինչից էր այդքան հուզված, նրանից, որ առաջնորդի պորտալարն է կտրում, թե, որովհետև հիշել էր Սմբատ պապին, ում, ասում են, ջահել տարիներին սիրահարված է եղել: Ծնվելուս պահին մարդկանց թվացել է, թե տունն անգամ դղրդում է: Մարդիկ կարծել են, թե առաջնորդի ծնունդն է դղրդացնում տունը: Խեղճ ու հիմար, սնահավատ մարդիկ են եղել: Հետո իմացել են, որ այդ դղրդյունը հայտնի՝ 1988 թվականի երկրաշարժն է: Այո՛, ես ծնվեցի դեկտեմբերի 7-ին, մի օր, որը մարդիկ այսօր չեն հիշում իմ ծնունդի հետ կապված, բայց հիշում են արյունարբու երկրաշարժով...
    Ու այսպես մարդիկ գտան իրենց առաջնորդին: Փաստը, որ ես ծնվեցի հազարավոր մահերի ուղեկցությամբ, որ իմ ծնունդը համընկավ բազմաթիվ կանանց այրիացման, բազմաթիվ մանուկների որբացման, բազմաթիվ ծնողների՝ զավակներին կորցնելու, բազմաթիվ ընտանիքների անօթևան մնալու հետ, մարդկանց համոզեց, որ ես առաջնորդն եմ: Մարդիկ միշտ էլ իրենց հոգու խորքում ուզում են առաջնորդ ունենալ, ու եթե անգամ այդ առաջնորդը գալիս է ավերածություններով, ինչպես որ նրանց կարծիքով ես եկա, մարդիկ այդ առաջնորդին ընդունում են գլխաբաց, հուսալով որ նա այդ ավերածություններից հետո զբաղվելու է շինարարությամբ...
    Մարդիկ մոռացան, որ իմ ծնունդը ավելի շուտ էր սպասվում, մտածելով, որ գուշակելիս ժամանակի մեջ սխալվելը հեշտ է, իսկ մյուս բոլոր գուշակումները կատարվել են: Մարդիկ սիրում են հավատալ հրաշքներին ու փրկիչներին, որովհետև առավել հեշտ է հույսը փրկչի, այլ ոչ թե ինքդ քեզ վրա դնել:
    Ու այդպես ծնվեցի ես՝ ծնվելուս պահին դառնալով գյուղի հերոսը, անկախ իմ կամքից: Դառնալով ճանաչված, զուտ այն պատճառով, որ աշխարհին հակառակ գնալով թարս եմ ծնվել: Է՜հ, Նուշիկ տատ, փոխեցիր ո՜ղջ կյանքս:


    Շարունակելի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.02.2010), Hayk Avetisyan (15.03.2013), Mark Pauler (24.02.2010), Մանուլ (25.02.2010)

  5. #3
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԲՈԲԻԿԸ

    ՇԱՐՈՒՆԱՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ........................

  6. #4
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԲՈԲԻԿԸ

    Ինչպես միշտ, շատ հետաքրքիր ոճով ես գրում: Մի շնչով կարդացվում է :
    Մարդիկ սիրում են հավատալ հրաշքներին ու փրկիչներին, որովհետև առավել հեշտ է հույսը փրկչի, այլ ոչ թե ինքդ քեզ վրա դնել:
    Հատկապես այս միտքը դուրս շատ եկավ: Ապրես :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԲՈԲԻԿԸ

    Շատ լավ ես գրում, հետաքրքիր ու ոչ ավանդական ոճ ունես, անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը

  8. #6
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Հետաքրքիր էր, անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը: Հուսով եմ երկար սպասեցնել չէս տա…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •