User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Բոբիկը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Բոբիկը

    Դնում եմ քննարկման նոր գործիս մի մասը, հուսով, որ այն կընթերցեք: Հիշեցնեմ, որ սիրում եմ առողջ քննադատությունը ու շատ եմ շոյվում հաճոյախոսություններից, բայց դրանց չեմ սպասում: Սիրում եմ օբյեկտիվությունը: Ձեզ բարի ընթերցում եմ կամենում:

    ԲՈԲԻԿԸ


    Ի՞նչ կլիներ, եթե ծնված լինեի հարևան գյուղում: Առաջին հերթին չէր ծնվի այս պատմությունը: Ծնված չէ՞ր լինի այս պատմությունը: Է՛, ավելի լավ: Կապրեի որպես սովորական մարդ, ինչպես դու կամ ընկերդ, ինչպես մեր գյուղից քաղաք տեղափոխված, ինստիտուտն ավարտած ու գիտնական դարձած Համբարձումը, ինչպես մեր գյուղի ամենամեծ սեփականատեր Եղիշն ու էլի շատ ուրիշներ:
    Բայց ես ծնվեցի մեր գյուղում, որը գուցե մեր երկրի ամենահետամնաց գյուղն է, գուցե հակառակը՝ ամենաառաջադեմներից է, բայց որում, ամեն դեպքում, շարունակում են սնոտիապաշտ մնալ, հավատալ ինչ-որ անհեթեթ բաների, գուշակումների, աստղերի դասավորությանը, սուրճի... ՉԷ, մեր գյուղում սուրճ խմելու կուլտուրան այդպես էլ չմտավ, թե չէ հաստատ սուրճի բաժակին էլ կհավատային:
    Բայց ես ծնվեցի ոչ թե հարևան, այլ հենց մեր գյուղում: Ծնվեցի մի հասարակ գյուղացու ընտանիքում, որը, թվում է, թե այս պատմության ու գյուղի լեգենդար պառավ Նուշիկի գուշակության հետ պետք է կապ չունենար, բայց իմ ծնունդի շնորհիվ ունեցավ ու դարձավ գյուղի ամենահայտնի ընտանիքը, ծնողներս դարձան գյուղի մյուս բոլոր երեխաների ծնողների նախանձի առարկան: Եղբորս ու քույրիկներիս էլ երեխաներն էին նախանձում, որովհետև գյուղի ամեն մի երեխա երազում էր, որ ես իր եղբայրը լինեի: Նրանց հետ խաղում էին միայն այն պատճառով, որ վախենում էին չխաղալ իմ եղբոր ու քույրերի հետ, նրանց չէին ճնշում, ծեծում ու հալածում, որովհետև ո՛չ մեկը չէր համարձակվի մատով անգամ կպնել իմ հարազատին:
    Այո՛: Ես գյուղի հերոսն էի: Գյուղի ամենաճանաչված ու հարգված մարդը: Գյուղում իմ վրա ոչ մեկը չէր բարկանում, ձայնը կամ ձեռքը վրաս չէր բարձրացնում, ու բոլորը փորձում էին կատարել իմ բոլոր կամակորությունները: Ես ամենահայտնի ու ամենիսարված մարդն էի: Ես հերոս էի ո՛չ թե իմ կատարած հերոսությունների ու սխրանքների համար, ո՛չ թե իմ քաջության համար, ո՛չ թե ծնողներիցս ժառանգած փառքի համար, ո՛չ թե իմ անձնվիրության, բարության, խելքի կամ նման ինչ-որ մի բանի համար, այլ որովհետև այդպես էր գուշակել պառավ Նուշիկը:
    Պառավ Նուշիկին թեև կախարդ չէին անվանում, բայց երևի հոգու խորքում նրան այդպես էին պատկերացնում գյուղացիները: Այդ ցնդած պառավին ես չեմ տեսել, որովհետև մահացել է ծնվելուցս շատ ու շատ տարիներ առաջ: Ոչ էլ նրա նկարն եմ տեսել, որովհետև նա նույնիսկ նկար չի ունեցել: Չեմ ճանաչել թոռներին, որովհետև պատմում են, որ նա կույս է մահացել, էլ ի՞նչ թոռ, ի՞նչ բան: Չեմ տեսել նրա ուրիշ ազգականներին, որովհետև ասում են, որ նա ուրիշ տեղից է եկել մեր գյուղում բնակվել ու հետո մահացել, իր կյանքի մասին ոչ մի ուրիշ հուշ, պատմություն չթողնելով, բացի այն ամենից, ինչն արել է մեր գյուղում: Չեմ տեսել նույնիսկ նրա գերեզմանը, որովհետև իր պատգամի համաձայն նրա դին դրել են մի մակույկի մեջ, մակույկը կրակ տվել ու գետով բաց թողել: Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե մեր ծանծաղ գետը ինչպե՞ս կարող էր հեռու-հեռուները տանել պառավ Նուշիկին իր մեջ առած վառվող մակույկը, բայց պատմում են, որ այդպես է եղել:
    Պառավ Նուշիկը գուշակ է եղել, պարզատես: Նա տեսել է այն ամենը, ինչը կատարվում կամ կատարվել է իր շուրջը, ու այն ամենը, ինչը դեռ չէր կատարվել, բայց պետք է կատարվեր: Ասում են, որ նա նույնիսկ գուշակել է իր մահվան օրը ու հենց դրա համար էլ նախօրոք պատգամել էր, թե ինչ է պետք անել իր դին: Նա գուշակել է թե որ ձմեռն է ցուրտ լինելու, իսկ որն է երկար տևելու, որ տարին է երաշտ լինելու, իսկ որ տարին անընդհատ անձրևելու է: Այս գուշակումներից ելնելով են գյուղում վարել տնտեսությունը, իմացել, թե ո՞ր տարուն է պետք է ծառերը թաղել, իսկ որ տարում շատ բերք կուտակել, որ տարում ինչ է պետք ցանել, վառելիք որքան է պետք հավաքել ու ասում են, որ պառավ Նուշիկի շնորհիվ է, որ մեր գյուղը մինչև այսօր գոյատևել է, ու դա ես չեմ հասկանում, որովհետև գիտեմ որ այդ պառավը մեր գյուղ է եկել 92 տարեկան հասակում ու մահացել է 97 տարեկանում: Եթե նույնիսկ այդ հինգ տարիներին նա ճշգրիտ գուշակել է եղանակը, ապա դա դեռ չի նշանակում, որ գյուղը նրա շնորհիվ է գոյատևել:
    Որտե՞ղ էիր, պառավ Նուշիկ, որ մեր գյուղը հիմնվեց, որ տարբեր ընտանիքներ եկան, հիմնեցին գյուղը, ամեն մեկն իր համար մի տուն կառուցեց, բաժանեցին հողերը, հետները բերած անասունի համար գոմեր սարքեցին, գտան զուլալ աղբյուրն ու նրա ջուրը բերին, հասցրին գյուղի կենտրոն, տնկեցին մրգատու այգիները, սկսեցին մշակել ու սարքեցին, չեղած տեղից սարքեցին մի փոքրիկ, բայց սիրուն ու հարմարավետ բնակավայր: Քանի ու քանի տարիներ էր այդպես հանգիստ ապրել ու գոյատևել գյուղը, մինչև որ դու եկար՝ քո այդ հիմար գուշակություններով: Քո վախճանից հետո գյուղը քանի ու քանի տարի է ապրել ու գոյատևել առանց քո գուշակումների....
    Բայց չէ, այ այստեղ ես արդեն չափն անցա, որովհետև պառավ Նուշիկն իր մահից հետո գյուղին առանց գուշակումների չէր թողել: Կատարել էր իր ամենավերջին ու ամենաազդեցիկ գուշակությունն, իսկ հետո ինքն իրենից գոհ քնել՝ իմանալով որ էլ չի զարթնելու այլ լողալու է վառված մակույկի մեջ: Կատարել է մի գուշակություն, որը փոխելու է իմ ամբողջ կյանքը ու դարձնելու մի թշվառ մարդ, իսկ ինքը թողել ու անխռով դեմքով գնացել է այս աշխարհից, երևի թե հավիտենական հանգիստ գտնելով դժողքի կրակների մեջ...

    Ես բոբիկ եմ: Բոբիկ եմ բառիս բուն, իսկական և լայն իմաստով: Չեմ կատարում համեմատություն ու չեմ չափազանցնում, ես ուղղակի բոբիկ եմ: Բոբիկ եմ, որովհետև ծնողներս անգրագետ են: Բոբիկ եմ, որովհետև մեր գյուղի նույնիսկ ուսուցիչներն անգրագետ են: Բոբիկ եմ, որովհետև այդպես է գուշակել գուցե և գրագետ, բայց այդ տխմար պառավ Նուշիկը:
    - Ու կծնվի նա՝ առաջնորդը, - ասել է նա իր սնարի շուրջը հավաքված ու նրան մյուս աշխարհ ճանապարհող գյուղացիներին, - Դուք նրան անմիջապես կճանաչեք, որովհետև ես ձեզ հիմա կասեմ, թե նրան ինչպես պետք է ճանաչեք: Նա կծնվի ուղիղ ութսուներկու տարի հետո, այն տարում, որը մարիկ հիշելու են ոչ միայն նրա՝ առաջնորդի ծնունդով, այլև մեկը այլ հայտնի իրադարձությամբ: Սա ձեզ առաջին նշան:Սպասեք նրա գալստյանը 1983 թվականին: Եվ ամենակարևոր նշանը, որով ճանաչելու եք նրան: Երբ ծնվում են երեխաները, սկզբից գլուխն է դուրս գալիս, հետո մարմինը, հետո ոտքերը: Առաջնորդը ծնվելու է հակառակ ձևով, սկզբից ոտքերն է դուրս գալու, հետո մարմինը, իսկ հետո նոր գլուխը: Նա այդպես է ծնվելու, որովհետև իր կյանքում ամեն ինչով պետք է տարբերվի բոլոր մարդկանցից: Ու դուք պետք այնպես անեք, որ մարդիկ միշտ իմանան այդ տարբերության մասին: Երբեք նրա հագին չպետք է տրեխ լինի, երբեք չպետք է գուլպա հագնի: Նա պետք է իր ողջ կյանքում ոտաբոբիկ լինի: Նրան բոլորը ճանաչելու են իր ոտքերից, որովհետև իրենից առաջ իր ոտքերն են ծնվել: Նրան ճանաչելու են ամենուր: Կհարգեք ու կպատվեք նրան, իսկ երբ հասուն տարիքի հասնի, ինքը դուրս կգա մեծ աշխարհ, մարդամեջ, ու մարդիկ բոլորը կտեսնեն նրա բոբիկ ոտքերն ու կհասկանան, որ առաջնորդն է եկել: Կհասկանան, որ իրենց փրկիչն է եկել: Նրան շատ են մեծարելու մարդիկ: Սպասեք այդ օրվան ու մի մոռացեք ինձ, որ այդ ամենը իմացա ավելի շուտ, քան պետք է լինի ու ձեզ պատմեցի: Հիշեք Նուշիկ տատիկին ու ամեն անգամ հիշելիս աղոթեք նրա հոգու հանգստության համար, որ չափսոսաց իր իմացածն ու ձեզ պատմեց: Իսկ հիմա ինձ հանգիստ թողեք, ես հոգնած եմ, քնել եմ ուզում: Այսօր վերջին անգամ եմ քնելու, որովհետև էլ չեմ զարթնելու: Վաղն արդեն մահացած կլինեմ ու չմոռանաք, թե ինչ եք խոստացել անել աճյունիս հետ: Դե՛, մնաք բարով:
    - Գնաս բարով, Նուշիկ տատ, - պատասխանել են լացակումած կանայք: Տղամարդիկ միայն լուռ կրծել են շուրթերը, մտածելով, թե ի՞նչ է լինելու իրենց տնտեսության վիճակը՝ առանց պառավ Նուշիկի գուշակությունների:
    Իսկ Նուշիկ տատը քնել է, շրջապատված գյուղացիներով, որոնք նստած նրա կողքին սպասել են մահվանը: Հետո բացվել է առավոտն ու առավոտի հետ միասին բացվել են պառավ Նուշիկի աչքերը: Ուրախացել են գյուղացիները, տեսնելով, որ պառավ գուշակն իրենց չի լքել ու մտածելով, որ նա իր գուշակություններով իրենց դեռ շատ օգուտ կտա: Բայց պառավը ոչ մի բառ չի ասել: Գյուղի ջահել հարսներից մեկը ուրախ – զվարթ գնացել ու պառավի համար շիլա է սարքել: Երբ բերել են, որ ուտի, պառավը գլխի շարժումով հրաժարվել է: Հետո բաժակով ջուր են բերել, պառավը շուրթերը պինդ սեղմել ու հրաժարվել է նաև դրանից: Պատմում են, որ ամբողջ օրը անշարժ պառկած առաստաղին է նայել: Հետո եկել է գիշերը ու պառավը նորից քնել է: Այս գիշեր արդեն քիչ մարդիկ են կողքին նստել: Իսկ առավոտյան շողացել են արևի ճառագայթներն ու դրանց փայլը արտացոլվել է պառավի աչքերում: Զարմացած գյուղացիները տեսել են, որ պառավը դեռ կենդանի է: Այդ օրն էլ պառավը ոչ մի փշրանք հաց կամ մի կաթիլ ջուր բերանը չի առել, չի պատասխանել գյուղացիների տված հարցերին, չի ասել որևէ այլ խոսք, այլ պառկած նայել քանդված առաստաղին: Հետո էլի մթնել ու այդ գիշեր պառավի կողքին ավելի քիչ մարդ է նստած մնացել: Իսկ առավոտյան Նուշիկը զարթնել է՝ ավելի նիհար, քան նախորդ օրը, ավելի դուրս պրծած աչքերով, քան նախորդ օրը, մազերն ավելի ճերմակ քան նախորդ օրը: Զարթնել ու էլի լուռ պառկել է ամբողջ օրը: Հետո էլի է մթնել ու էլի լուսացել: Ու այպես ութ օր շարունակ: Ութերորդ օրն արդեն նրա սնարի կողքը գիշերը ոչ մեկը չի մնացել, ոչ թե այն պատճառով, որ էլ չէին հավատում, թե նա կմեռնի, այլ որովհետև ամեն մեկն իր գործն ուներ, պետք է իր տանը քներ, հանգստանար, որ հաջորդ օրը կարողանար կովին արոտ տանել, այգում էտ անել, երեխաների համար ճաշ եփեր, գյուղի կենտրոնի աղբյուրից տուն ջուր բերեր, մի խոսքով ապրեր իր հերթական սովորական օրը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.02.2010), Hayk Avetisyan (15.03.2013), Sambitbaba (04.03.2013), Մանուլ (25.02.2010), Ֆոտոն (16.08.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ԲՈԲԻԿԸ

    Աչքերը յոթ անգամ փակել էր Նուշիկը, որպեսզի քնի ու էլ չզարթնի: Հետո յոթ անգամ էլ բացել էր աչքերը: Հետո փակել էր ութերորդ անգամ, բայց ութերորդ անգամ չէր բացել: Ութերորդ օրն էլ չի զարթնել պառավ Նուշիկը, մահացած քնած մնալով իր փոքրիկ տնակում՝ մենակության մեջ: Հետո գյուղացիներից մեկն եկել էր որ տեսնի, թե այսօր իրեն ինչպես է զգում պառավը ու տանը տարածված հոտից հասկացել, որ Նուշիկն էլ ուղղակի չէր զգում: Անմիջապես հավաքվել էր գյուղի ողջ բնակչությունը, առանց ավելորդ ձևականությունների պառավի դին դրել էին նախորդ պատրաստած մակույկի մեջ, նախօրոք նախապատրաստված ձևով կրակ էին տվել ու բաց թողել գետով: Պառավ Նուշիկից մնացել էր միայն հիշողությունն ու նրա կտակած գուշակություն ժառանգությունը:
    Անցել էին տարիներ: Անցել էր գուշակված ութսուներկու տարին ու գյուղում մնացել էին մի քանի պառավ, ովքեր տեսել էին պառավ Նուշիկին: Բայց նրանք էլ փոքրիկ, հինգ-վեց տարեկան երեխա են եղել Նուշիկի կենդանության օրոք ու շատ բան չէին հիշում նրանից: Բայց լեգենդը մնացել էր ու գյուղի ահելն ու ջահելն այդ տարի անհամբեր սպասում էին առաջնորդի գալստյանը: 1983 թվականին մեր գյուղում ծնվել է ռեկորդային թվով երեխա: Բոլոր երիտասարդ ամուսինները այդ տարի երեխա էին բերում, հուսով, որ հենց իրենց ժառանգը կլինի առաջնորդը: Բայց անցավ 1983 տարին ու բոլոր երեխաներ ծնվում էին գլխի կողմից:
    Գյուղացիներն անհանգիստ էին: «Որտե՞ղ է առաջնորդը», - տարակուսում էին նրանք: Իսկ առաջնորդը չկար: Բայց գյուղացիները հին անգրագետ ժողովուրդը չէին ու հասկանում էին, որ պատմությունն ու գուշակությունը ճշգրիտ գիտություններ չեն ու չէր կարելի ճշգրտորեն գուշակել առաջնորիդ գալստյան տարին: Եթե նրանք լինեին պառավ Նուշիկի սերնդակիցները, չէին տարակուսի, թե ինչպե՞ս եղավ, որ ցնորված պառավն իր գուշակումից ութ օր հետո մահացավ՝ հասկանալով, որ ժամանակն անկառավարելի է: Ու իմաստուն գյուղացիները սկսեցին առաջնորդի գալստյանը սպասել հաջորդ՝ 1984 թվականին: Առաջնորդն էլի չեկավ: Նրան սպասեցին նաև 1985-ին: Առաջնորդը կարծես մոռացած լիներ նրանց մասին: 1986 թվականին արդեն քչերը հույս ունեին, թե առաջնորդը կգա, քչերն էին սպասում նրան: Շատերը չէին սխալվել, որ չէին սպասում: Առաջնորդը մոռացել էր նրանց մասին: 1987 թվականին արդեն գյուղում հավատը խախտված էր, արդեն ոչ մեկը չէր հավատում, թե առաջնորդ է ծնվելու, բացի Սմբատ պապից: Սմբատ պապը կանչեց իր թոռանն ու ասաց.
    - Ծոռ եմ ուզում, բալա: Ու ինքը առաջնորդ ա լինելու, ես գիտեմ: Այնպես որ, բալա, տես, թե ի՞նչ ես անում:
    - Է՜, պա՛պ, - նեղսրտեց Սմբատի թոռը: - Էլ ինչքա՞ն երեխա բերեմ: էս չորս տարվա մեջ հինգ հատ երեխա բերինք: Էլ ինչքա՞ն բերենք: Էդքանին պահել է չէ պետք: Իսկ էդ պառավ Նուշիկը շառլատանի մեկն է երևի եղել...
    - ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ս, - պոռթկած Սմբատ պապը: - Մեր գյուղը որ գոյատևում է, դա իր շնորհքն է: Մոռանալն ու ուրանալն է բոլոր դժբախտությունների պատճառը, քո նման ուրացողների պատճառով է, որ ձեր նախնիներին չեք ուզում ճանաչել, կործանվում է...
    - Ա՛յ պապ, ի՞նչ նախնի: Էդ պառավը մեր գյուղում չորս տարի է ապրել ու կույս է մեռել, իսկի ժառանգ չունի, ի՞նչ նախնի:
    - Նա մեր փրկիչն է եղել ու գուշակել է երկրորդ փրկչի գալուստը: Ու դու էն խորոտ հարսիս հետ պետք է նրա գուշակությունն իրականություն դարձնեք: Գիտեմ, որ այս տարի է ծնվելու...
    - Պա՛պ, խորոտ հարսդ ծննդաբերությունը ծանր է տանում: Ու ամեն տարի ավելի ծանր: Չեմ ուզում նրան նոր փորձության տանել...
    - Բալա, էս իմ վերջին տարին է: Էսօր, էգուց ես մեռնելու եմ գնամ Նուշիկ տատի քովը: Ինձ երջանիկ դարձրու, թող որ նրան տանեմ ավետիսը՝ իր գուշակությունը կատարվելու ավետիսը: Վերջին մարդն մնացել, որ Նուշիկին իմ աչքերով տեսել եմ, թող որ սևերես դուրս չգամ, պարզ աչքերով նայեմ տատի աչքերին ու ասեմ. «Պառավ, ասած արել եմ, քո գուշակած առաջնորդ ծոռին ծնել»: Թող, բալա, թող որ կարենամ էդքան բանն ասել: Նոր ծոռ բեր ինձ համար, բալա:
    Սմբատ պապի թոռը չդիմացավ պապի աղաչանքին ու իր խորոտ կնոջը պատմեց խոսակցությունը: Խորոտ հարսն էլ բիձուն շատ էր սիրում, ու չուզեց սիրտը կոտրի: Որոշեցին նոր երեխա բերել ու բերին: Բայց խորոտ հարսն իրոք ծանր էր տանում ծննդաբերությունն ու այս անգամ չդիմացավ: երեխան ծնվեց ճիշտ այնպես, ինչպես իր հինգ եղբայրներն ու քույրերը, այսինքն՝ սկզբից գլուխը, հետո մարմինը, հետո նոր ոտքերը: Ծնեց երեխային ու իր մահկանացուն կնքեց խորոտ հարսը: Նրա թաղմանը շատ արցունքներ թափվեցին, բայց էլ այդ մատղաշ կյանքը հետ չէին բերելու արցունքները: Գյուղի ջահել մայրերից մեկը իրեն վերցրեց երեխային, որոշելով իր կաթով կերակրել, դրանով իր հարգանքի տուրքը մատուցելով խորոտ հարսին: Բայց երեխան օր օրի նիհարում ու չէր մեծանում: Ապրեց երկու ամիս ու մահացավ:
    Խորոտ հարսի թաղումից հետո հուսահատվել էր Սմբատ պապը: Պառկեց Նուշիկի նման մահճակալին ու սկսեց նայել առաստաղին: Գյուղի հարսները նրա համար շիլա էին բերում, չէր ուտում, ջուր էին բերում, չէր խմում: Միայն ժամանակ առ ժամանակ շշնջում էր. «Էս ի՞նչ օյին բերիր իմ գլխին, ա՛յ Նուշիկ տատ: Էս ի՞նչ փորձանքի բերիր, ա՛յ Նուշիկ տատ»: Ու այդպես ուղիղ ութ գիշեր քնեց ու յոթ առավոտ զարթնեց Սմբատ պապը: Հետո ճակատագրի չար հեգնանքով ճիշտ պառավ Նուշիկի նման ութերորդ օրն էլ չզերթնեց բիձեն: Նրա համար մի պուճուր դագաղ սարքեցին, որովհետև հիվանդությունից լղարել էր բիձեն, մնացել էր միայն ոսկորն ու կաշին:
    Հետո ինչ-որ անհասկանալի հիվանդությամբ հիվանդացան Սմբատ պապի չորրորդ ու հինգերորդ՝ երկվորյակ ծոռները: Հիվանդացան ու մահացան իրենց մոր մահվանից ուղիղ երեք ամիս հետո, նույն օրը: Խելագարվեց Սմբատ պապի թոռը: Աչքերում ինչ-որ սատանայական փայլ թրև էր գալիս գյուղում օր ու գիշեր: Օր ու գիշեր անիծում էր պառավ Նուշիկին ու պառավ Նուշիկի գուշակությունը: Հետո մի օր կանգնեց գյուղամիջում ու գոռաց.
    - Էդ պառավ դին հեռու չէր կարող գնալ: Մեր գետը ծանծաղ է, գտնելու եմ, ու խոշտանգեմ դրա դին:
    Գյուղացիք փորձեցին համոզել Սմբատի թոռանը, որ չփնտրի, բացատրել, որ շատ ու շատ տարիներ են անցել, շատ-շատ վառված մակույկը գտնի, դին փտած կլինի, մեկ էլ գուցե ոսկորները մնացած լինեն:
    Բայց Սմբատի թոռը իր պապի նման էր, որ գլուխը մի բան մտցնում էր, էլ մոռանալ չկար: Ու գնաց պառավ Նուշիկի դին փնտրելու: Գետի երկայնքով գնում է, ժայռերի վրա մագլցում է որ վերից նայի, մակույկի հետքն երևում է, թե ոչ: Նայում, տեսնում է հեռվում, գետի վրա կրակ է վառվում: Մտքում ասում է. «Հրես պառավի մակույկը, բա ո՞նց հասնեմ»: Հետո իր խելագարված ուղեղով մտածում, սևացած աչքերով նայում ու կարծում է, որ եթե այդտեղից ցատկի, ուղիղ մակույկի կողքը ջրի մեջ կընկնի: Մտածելն ու անելը մեկ են լինում, ընկնում է, գլուխը տալիս մի քարի, ջարդում: Մի կերպ ոտքի է կանգնում, նայում շողացող արևին ու շշնջում. «Ես քո արևը թաղեմ, Նուշիկ տատ»: Շշնջում է ու անշնչացած ընընում գետնին:
    Գյուղացիները ութ գիշեր ու յոթ օր սպասում են Սմբատի թոռան վերադարձին, բայց վերջինս չի գալիս: Վերջապես որոշում են գնալ, որոնել: Գնում ու գտնում են ծտի ու ճիճվի կեր դառած մի այլանդակված դիակ: Զզվանքը մի կերպ զսպելով բերում են գյուղ ու առանց երաժշտության թաղում են հոր, կնոջ ու զավակների շիրիմների կողքին: Երեք գերեզմանի տեղ էլ թողած են լինում, որովհետև ի՞նչ իմանային, թե ինչ կլիներ որբ մնացած մյուս երեք զավակներին:

    Ահա թե ինչպես եղավ, որ մեր հետամնաց գյուղում դադարեցին հավատալ պառավ Նուշիկի գուշակություններին, փոքր ինչ առաջադիմեցին: Ու ամեն ինչ այդպես էլ կշարունակվեր, եթե հաջորդ տարի՝ 1988 թվականին ես չծնվեի ու իմ ծնվելուց առաջինը ոտքերս, հետո մարմինս, իսկ հետո նոր գլուխս չելներ: Միանգամից հիշեցին պառավ Նուշիկին ու նրա գուշակությունը: Միանգամից հասկացան, որ եկել է առաջնորդը: «Հիմա՛ր Սմբատ», - շշնջում էր տատմերը՝ պորտալարս կտրելիս: Այնքան էր հուզված, որ ձեռքերը դողում էին ու փորիս կենտրոնում մինչև այսօր էլ այդ դողալու հետքերը մնացել են: Ու չգիտեմ, ինչից էր այդքան հուզված, նրանից, որ առաջնորդի պորտալարն է կտրում, թե, որովհետև հիշել էր Սմբատ պապին, ում, ասում են, ջահել տարիներին սիրահարված է եղել: Ծնվելուս պահին մարդկանց թվացել է, թե տունն անգամ դղրդում է: Մարդիկ կարծել են, թե առաջնորդի ծնունդն է դղրդացնում տունը: Խեղճ ու հիմար, սնահավատ մարդիկ են եղել: Հետո իմացել են, որ այդ դղրդյունը հայտնի՝ 1988 թվականի երկրաշարժն է: Այո՛, ես ծնվեցի դեկտեմբերի 7-ին, մի օր, որը մարդիկ այսօր չեն հիշում իմ ծնունդի հետ կապված, բայց հիշում են արյունարբու երկրաշարժով...
    Ու այսպես մարդիկ գտան իրենց առաջնորդին: Փաստը, որ ես ծնվեցի հազարավոր մահերի ուղեկցությամբ, որ իմ ծնունդը համընկավ բազմաթիվ կանանց այրիացման, բազմաթիվ մանուկների որբացման, բազմաթիվ ծնողների՝ զավակներին կորցնելու, բազմաթիվ ընտանիքների անօթևան մնալու հետ, մարդկանց համոզեց, որ ես առաջնորդն եմ: Մարդիկ միշտ էլ իրենց հոգու խորքում ուզում են առաջնորդ ունենալ, ու եթե անգամ այդ առաջնորդը գալիս է ավերածություններով, ինչպես որ նրանց կարծիքով ես եկա, մարդիկ այդ առաջնորդին ընդունում են գլխաբաց, հուսալով որ նա այդ ավերածություններից հետո զբաղվելու է շինարարությամբ...
    Մարդիկ մոռացան, որ իմ ծնունդը ավելի շուտ էր սպասվում, մտածելով, որ գուշակելիս ժամանակի մեջ սխալվելը հեշտ է, իսկ մյուս բոլոր գուշակումները կատարվել են: Մարդիկ սիրում են հավատալ հրաշքներին ու փրկիչներին, որովհետև առավել հեշտ է հույսը փրկչի, այլ ոչ թե ինքդ քեզ վրա դնել:
    Ու այդպես ծնվեցի ես՝ ծնվելուս պահին դառնալով գյուղի հերոսը, անկախ իմ կամքից: Դառնալով ճանաչված, զուտ այն պատճառով, որ աշխարհին հակառակ գնալով թարս եմ ծնվել: Է՜հ, Նուշիկ տատ, փոխեցիր ո՜ղջ կյանքս:


    Շարունակելի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.02.2010), Hayk Avetisyan (15.03.2013), Mark Pauler (24.02.2010), Մանուլ (25.02.2010)

  5. #3
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԲՈԲԻԿԸ

    ՇԱՐՈՒՆԱՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ........................

  6. #4
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԲՈԲԻԿԸ

    Ինչպես միշտ, շատ հետաքրքիր ոճով ես գրում: Մի շնչով կարդացվում է :
    Մարդիկ սիրում են հավատալ հրաշքներին ու փրկիչներին, որովհետև առավել հեշտ է հույսը փրկչի, այլ ոչ թե ինքդ քեզ վրա դնել:
    Հատկապես այս միտքը դուրս շատ եկավ: Ապրես :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԲՈԲԻԿԸ

    Շատ լավ ես գրում, հետաքրքիր ու ոչ ավանդական ոճ ունես, անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը

  8. #6
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Հետաքրքիր էր, անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը: Հուսով եմ երկար սպասեցնել չէս տա…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  9. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Տպավորիչ էր, ապրես… Միայն թե, գիտես Chuk ջան, (քո սպասած քննադատությունն է )այն թվականներին, երբ քո նկարագրությամբ ապրում էր Նուշիկը, ժողովուրդի հավատքը աստծո ու Քրիստոսի՝որպես փրկչի , մանավանդ անգրագետ ու խոր գյուղերում, շատ մեծ էր: ՈՒ արդյոք փոքր ինչ չափազանցված չէ՞ր ժողովրդի կողմից պատմվածքի հերոսին որպես փրկիչ սպասելը:
    Մյուսների պես ել էլ հետաքրքրությամբ սպասում եմ շարունակությանը:

  10. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Չու՛կ, ինձ չսպանես Վերջապես կարդացի: Սպասում եմ շարունակությանը:
    ՈՒ արդյոք փոքր ինչ չափազանցված չէ՞ր ժողովրդի կողմից պատմվածքի հերոսին որպես փրկիչ սպասելը:
    Դե չափազանցություններ էլի կային: Հենց թեկուզ ոտքերով ծնվելը: Ճիշտ է՝ դա նորմալ չի համարվում, բայց այդքան հազվադեպ հանդիպող երևույթ չէ:

    Ավելացվել է 35 վայրկյան անց
    Ամեն դեպքում չափազանցությունները գործի արժեքը բնավ չեն իջեցնում
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 03.05.2007, 18:41: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բոբիկը

    Բոլորին շատ շնորհակալություն կարծիքների ու գնահատականների համար:
    Ներողություն եմ խնդրում շարունակությունը հրապարակելն ուշացնելուս համար, պարզապես այնտեղ շատ բաներից սիրտս կախ է ու փոփոխություններ եմ անում:

    Չափազանցություններն իհարկե ճիշտ եք նկատել, բայց ես դրանք դիտմամբ եմ արել: Ի դեպ շարունակության մեջ փորձում եմ այդ չափազանցություններից շատերի հարցերը հիմնավորել, թեև այդքան էլ լավ չի հաջողվում:

    Իսկ չափազանցությունները... դրանք դեռ առջևում են

    Հ.Գ. Բյուր, շնորհակալ եմ որ ժամանակ գտար: Բա մյուսները ե՞րբ ես կարդալու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բոբիկը

    Շարունակություն...

    ***

    Անցորդները զարմացած նայում էին «Օպերայի» կանգառում շփոթված կանգնած պատանուն: Այս պատանու հագին սև, փայլուն կտորից, խնամքով հարթուկված շալվար էր, վառվռուն զարդերով «ճչացող» վերնաշապիկ ու որ ամենատարօրինակն է, նա ոտաբոբիկ էր: Մարդիկ զարմացած նայում էին նրան, ապա ծիծաղելով անցնում: Բոբիկը նկատում էր այդ ծիծաղն ու ավելի է շփոթվում: Բոբիկն իր կյանքում երբեք այսքան շատ մարդ ու այսքան շատ ավտոմեքենա չէր տեսել: Իր մտքում նա ամենն այլ կերպ էր պատկերացնում: Սպասում էր, որ կլինի ամենքի ուշադրության կենտրոնում ու այդպես էլ եղավ: Բայց նա սպասում էր տեսնել հիացած հայացքներ, մտքում պատկերացնում էր, որ իրեն գուցե ձեռքերի վրա կտանեն, գուցե նույնիսկ կխոնարհվեն իր առաջ, այլ ոչ թե կնայեն այսպես՝ քմծիծաղով կամ արհամարհանքով:
    - Խե՜ղճ տղա, գիժ է, - լսեց նա մի տատիկի ձայն, որը փոքրիկ թոռան ձեռքից բռնած պատրաստվում էր փողոցը անցնել:
    - Սա էլ մուրացկանության նոր ձև է, - ասում էր փողոցով անցնող կոկետուհիներից մեկն իր ընկերուհուն, - իբր թե կոշիկ չունի, փող տվեք, որ առնեմ: Հագածդ թիթիզ շորերի՞ն նայեմ, թե՞ բոբիկ ոտքերիդշ...
    Բոբիկը լսում էր այս խոսակցություններն ու կանգնած տեղում կուչ էր գալիս, որ չերևա, չնկատվի: Տարակուսած էր ու շփոթված, չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Քաղաքը իր ապրած գյուղից շատ էր տարբերվում, բայց ավելի շատ նկատելի էր քաղաքացիների տարբերությունը: Գյուղում միայն ինքն էր մեծամիտ ու «մեծ»: Այստեղ կարծես բոլորը իրենց Բոբիկի տեղն էին դրել, կարծես թե բոլորը կարծում էին, թե հենց իրենք են առաջնորդը... Բայց Բոբիկը նկատում էր, որ նրանցից և՛ ոչ մեկը առաջնորդ չէ: Բոբիկը զարմացած էր ու զարհուրած: Առաջին անգամ սկսեց հասկանալ, որ ինքն էլ առաջնորդ չէ, որ ինքն էլ փրկիչ չէ, որ ինքը այս բազմաթիվ մարդկանցից միայն նրանով է տարբերվում, որ բոբիկ է, որ ոտքերին կոշիկ չկա: Բոբիկն առաջին անգամ հասկացավ, որ իր ոտքերին կոշիկ չլինելու փաստը բացասական տարբերություն է: Նա հասկացավ, որ ճիշտ է, դրանով տարբերվում, բայց տարբերվում է ընկած հեղինակությամբ: Բոբիկը վախեցած կուչ էր եկել ճանապարհի մեջտեղում ու շարունակում էր լսել իր հասցեին արված վիրավորական, ծաղրական արտահայտությունները:
    Վերջապես Բոբիկը հասկացավ, որ կուչ գալով ոչ մի բանի չի հասնի, որ փախնել է պետք: Բայց իր առաջնորդ չլինելու փաստը դեռ նրա ուղեղում լավ չէր ամրապնդվել ու Բոբիկի ինքնասիրությունը կկոտրվեր, եթե հիմա թողներ ու փախներ: Ու Բոբիկը հասկացավ, որ միայն մի ելք ունի: Նա պետք է իրեն պահեր այնպես, կարծես երեկվանից հետո ոչ մի բան չէր փոխվել, կարծես թե նա նույն առաջնորդն էր, նույն փրկիչը, գյուղացիների հավատն ու հարգանքը վայելող Բոբիկը: Բոբիկը այս նոր միջավայրում իրեն պետք է պահեր այնպես, ինչպես այս մարդկանցից ամեն մեկը՝ հպարտ, գլուխը բարձր, վեհ, առաջնորդ...
    Բոբիկը ձգվեց ու հպարտ, հանդարտ հայացքով նայեց չորս կողմը: Բոբիկը տեսավ, որ մարդիկ նկատել են իր մեջ այդ պահին կատարված փոփոխությունը: Բոբիկը նկատեց, թե ինչպես կողքով անցնող երիտասարդներից մեկի՝ իր հասցեին արվող վիրավորական արտահայտությունը սառեց վերջինիս շուրթերին, այդպես էլ մինչև վերջ չհնչելով: Բոբիկին մի պահ նույնիսկ թվաց, թե այդ պահին մարդիկ նկատել են առաջնորդի գալուստը, զգացել են, որ իրենց առջև առաջնորդն ու փրկիչն է կանգնած: Բայց դա միայն մի պահ: Հետո Բոբիկը տեսավ, որ մարդիկ շարունակում են իրենց ուղին, այնպես, ինչպես մեկ րոպե առաջ, ու հասկացավ, որ ոչ թե մարդիկ են գտել իրենց առաջնորդին, այլ ինքն է գտել ինքն իրեն:
    Բոբիկը մոտեցավ կանգառում կանգնած պատկառելի արտաքինով մի տիկնոջ ու հարցրեց.
    - Չէի՞ք ասի, համալսարանը որտե՞ղ է:
    - Դու քաղաքի՞ց ես, - հարցրեց տիկինը՝ պատասխանին չսպասելով: Նա առանց այդ էլ գիտեր պատասխանը այնպես որ սկսեց պարզապես ցույց տալ Երևանի Պետական Համալսարանի ճանապարհը:
    Բոբիկը շնորհակալություն հայտնեց ու շարժվեց նշված ուղղությամբ: Ճանապարհին նրան դեռ շարունակում էին նայել: Կողքով անցան մի խումբ դպրոցական աղջիկներ, երևի թե 3-րդ կամ 4-րդ դասարանի աշակերտուհիներ, նայեցին Բոբիկին ու փռթկացին: Բոբիկն այս անգամ չշփոթվեց: Նա կարծես թե հասկացել էր թե իրեն ինչու են այդպես նայում ու համակերպվել էր այդ մտքին: Նա պարզապես ժպտաց ու աչքով արեց փոքրիկներին, որոնք իրեն պատասխանեցին նույն ժպիտով:
    - Ոտքերդ չեն վառվում, - հարցրեց մոտ 20 տարեկան մի տղա:
    Չէ, ոտքերը չէին վառվում: Ասֆալտը նրա ոտքերը հաճելի ջերմացնում էր միայն ու վերջ:
    - Չէ՛, եղբայր, չեն վառվում, - ժպտալով պատասխանեց ու անցավ առաջ, առանց սպասելու տղայի հաջորդ հարցին:
    Բայց այս երիտասարդը համառ էր, թեքեց ճանապարհը ու հասավ Բոբիկի ետևից:
    - Անունս Արմեն է, իսկ քո՞նը, - հարցրեց տղան:
    - Կարող ես Առաջնորդ կոչել, - քմծիծաղով պատասխանեց Բոբիկը, ծիծաղելով ինքն իր, իր գյուղացիների ու իր հիմար հավատի, պառավ Նուշիկի հիմար գուշակության վրա:
    - Կատակասերն ես, Առաջնորդ, - ժպտաց Արմենը: - Իսկ ինչու՞ ես առանց կոշիկի:
    - Երբևէ տեսե՞լ ես կոշիկներով առաջնորդ, - հարցին հարցով պատասխանեց Բոբիկը:
    Արմենը ժպտաց:
    - Ես առաջնորդ ընդհանրապես չեմ տեսել, դու առաջին ես, - ասաց նա: - Իսկ ո՞ւր ես գնում, երևում է քաղաքից չես: Եթե օգնելու բան կա, ասա, մի ամաչիր:
    - Գնում եմ համալսարան:
    - Համալսարանում ի՞նչ ես կորցրել, այ ես, օրինակ, ընդամենը 15 րոպե առաջ եմ այնտեղից փախել ու վերադառնալու ցանկություն չունեմ:
    - Դու համալսարանում ես սովորում, - ուրախացած հարցրեց Բոբիկը:
    - Այո՛, այո՛: Կամ ավելի ճիշտ փորձում եմ սովորել ու միշտ չէ, որ դա հաջողվում է: Դու էլ ես ուզո՞ւմ ընդունվել:
    - Հա, ուզում եմ ուսանող դառնալ, գնում եմ ընդունվելու:
    - Բայց դեռ քննությունների շրջանը չի, ու՞ր ես գնում:
    - Ի՞նչ քննություն:
    - Ընդունելության քննություն: Ի՞նչ է, չգիտես դա ինչ է, - քահ-քահ ծիծաղեց Արմենը:
    - Իսկ առանց դրա ընդունվել չի՞ լինի, - շփոթված հարցրեց Բոբիկը:
    - Կլինի, ինչու՞ չպետք է լինի, - ուրախ-զվարթ պատասխանեց Արմենը: - Եթե շատ փող ունես կամ պաշտոնյա բարեկամ, խնդիր չունես, հաշվի, որ արդեն ընդունվել ես:
    - Իսկ որ առաջնորդ եմ, դա չի օգնի:
    Արմենին դուր եկավ կատակը, նա երկա՜ր, շատ երկար սովորում էր:
    - Արմե՛ն, ինչու՞ են մարդիկ ինձ թարս նայում, - հարցրեց Բոբիկը:
    - Թարս չեն նայում, խոնարհվելով են նայում, չէ որ առաջնորդն է գալիս, - նորից ծիծաղելով ասաց Արմենը:
    - Չէ, լուրջ, ինչու՞ են թարս նայում:
    - Որովհետև անսովոր է փողոցում ոտաբոբիկ մարդ տեսնել, եղբայր իմ առաջնորդ, կոշիկ հագիր:
    - Բայց ես իմ կյանքում կոշիկ չեմ հագել ու չեմ ունեցել, - շփոթված ասաց Բոբիկը:
    - Լու՞րջ ես ասում, - զարմացավ Արմենը: - Այդ ինչպես է ստացվել:
    - Երկար պատմություն է, մի օր կպատմեմ: Ինձ հիմա մի տեղ ցույց տուր, որտեղից կարելի է կոշիկ առնել:
    - Իսկ որտե՞ղ ես գիշերելու:
    - Ինձ իմ ազգականներից մեկի հասցեն են տվել, կգնամ նրանց տուն, մենակ թե պետք է խնդրեմ, որ այդ տեղը ցույց տաս:
    - Ցույց կտամ, - ժպտալով ասաց Արմենը: - Իսկ հիմա քայլով մարշ, պարո՛ն առաջնորդ, գնում ենք կոշիկ առնելու:
    Ու նրանք ուրախ շաղակրատելով շարունակեցին ճանապարհը:




    Շարունակելի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (26.02.2010)

  14. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բոբիկը

    Շարունակություն...

    ***


    2005 թվականի ամառն իմ կյանքի ամենահեղափոխական շրջանն է: 1988 թվականին ծնված և առ այսօր ապրող ամեն մի մարդ ականատեսն է եղել դարը փոխվելուն, ապրել է 20-րդ և 21-րդ դարերում: Ես իմ ողջ կյանքում տարբերվել եմ բոլորից: Այո՛, տարբերվել եմ, բայց իրականում տարբերությունս եղել է մտացածին, այնպես որ տարօրինակ չէ, որ այս հարցում էլ ես տարբերվեցի բոլորից, թեև տարբերությունս էլի իրական չէ: Եթե այլոց համար դարը փոխվել է 2001 թվականի հունվարի մեկին, ապա ինձ համար 2005 թվականի ամռանը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ժամանակաշրջանը եղել է ոչ թե 20-րդ դարից 21-րդի անցում, այլ նախնադարից նոր դարի:
    Մանկությունս հիշելիս հիշում եմ պառավ Նուշիկի գուշակության պատճառով լկստված փոքրիկ երեխային, որին ամեն ինչ թույլատրելի էր:
    Զարմանալին համագյուղացիներիս համբերությունն ու իմ հանդեպ կույր հավատն էր: Փրկիչը, այսինքն ես, նրանց միակ հույսն էի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ ես ապրում էի հուսալքված գյուղում: Հուսալքված գյուղ, որում ապրելուս տասնվեց տարիների ընթացքում երբևէ չնկատեցի հուսալքության որևէ նշան: Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ…
    Իմ գալստյանը նրանք սպասել են ութսունվեց երկար ու ձիգ տարիներ, գրեթե մեկ դար, որի ընթացքում ինչե՜ր ասես որ չի եղել երկրում: Գյուղն իր վրա զգացել է 1915 թվականի եղեռնի ծանր հետևանքները. այստեղ են գաղթել մազապուրծ ընտանիքներ, հիմնվել հյուրընկալ գյուղում, եղել է սով ու դժվարին տարիներ: Գյուղն իր տղամարդկանց ուղարկել է համաշխարհային պատերազմներին, որոնցից քչերն են վերադարձել: Սովետական միության տարիներին Սիբիր աքսորումը, անհնազանդների բանտարկությունները, դժվար պայմանները, սովը, աղքատությունը գյուղին չեն շրջանցել: Ու ամեն մի այսպիսի դժվար շրջանում գյուղացիները նորից ու նորից հիշել են պառավ Նուշիկին ու նրա գուշակությունը, անհամբեր սպասել նշված ժամանակին, ինձ…
    Բայց իմ կարիքը գյուղում ավելի շատ զգացին միայն իմ ծնվելուցս հետո: Ծննդյանս օրվա ավերիչ երկրաշարժը մեր գյուղում շատ տներ քանդեց, շատերին որբացրեց, այրիացրեց, թողեց անզավակ: Աղքատությունը, հուսալքությունը, հուսահատությունն ու թշվառությունը իրենց ձեռքերը լայն տարածեցին մեր գյուղի վրա: Այդ դաժան մթության մեջ խեղճ ու սնահավատ գյուղացին միայն մեկ լուսավոր կետ էր տեսնում՝ ինձ, մի ոտաբոբիկ մանուկի, ով ապրում էր թշվառացած գյուղում առանձնացված մի փոքրիկ աշխարհում, որտեղ գյուղացին երբեք չէր մտնում արտասվաթոր աչքերով, երբեք ցույց չէր տալիս իր խեղճությունը: Իմ այդ փոքրիկ աշխարհում տեսնում էի միայն ուրախ ու զվարթ մարդկանց, ովքեր երբեք չէին մերժում իմ որևէ խնդրանքը, կամ ավելի ճիշտ՝ հրամանը…
    Զարմանալի է, շատ զարմանալի է մեր օրում այդ աստիճան սնոտիապաշտությունը, այն էլ Քրիստոնյա գյուղում, ուր չկա չկնքված մարդ, ուր բոլորի սրտում ապրում է Հիսուս փրկիչը, բայց շարունակում են սպասել, հուսալ, որ այլ փրկիչ էլ կլինի, ով գուցե կլինի Քրիստոսի հետնորդը, կամ նրա օրհնությամբ արդար գործ անողը, ով կլինի իրենց դժվարին վիճակից հանողը, առաջնորդողը դեպի լուսավոր ապագա…
    Ահա թե ինչու էի ես մեծանում սեփական անձիս մասին շատ բարձր կարծիքով, ինձ երևակայելով աշխարհի պտույտի կենտրոն: Այլ կերպ չէր կարող լինել մի մարդու հետ, ում միակ զրկանքը մանկության ընթացքում եղել է կոշիկի ու գուլպայի բացակայությունը:
    Խե՜ղճ, հետամնաց մարդիկ: Նրանք այնքան լուրջ էին վերաբերվել գուշակությանը, որ նույնիսկ բարուրելիս ոտքերիս թաթերը բարուրից դուրս են թողել: Մանկությանս մասին պատմելիս ծնողներս ասում էին, որ իրենց ամենից առավել միշտ զարմացրել է, թե առաջնորդն ինչու՞ է այդքան լացկան: Հակված եմ մտածել, որ ոտքերս էին սառում, դրա համար եմ այդքան շատ արտասվել: Համենայն դեպս ծնողներիս՝ իմ մանկության մասին պատմություններն այդ են հուշում: Նրանք պատմում են, որ առաջին բառս «գու՛պա՛» է եղել, այլ ոչ թե «մամա», «պապա» կամ «կակա»: Փաստորեն գուլպա եմ պահանջել նրանցից…
    Բայց դա, ինչպես արդեն ասացի, իմ միակ զրկանքն էր: Մնացած ամեն ինչն ունեցել եմ: Ունեցել եմ գյուղացիներիս կույր հավատի շնորհիվ, ովքեր մի կտոր հացը կտրում էին ոչ միայն իրենց, այլև իրենց զավակների բերանից ու տալիս ինձ ոչ միայն հացի, այլև ասենք հեծանիվի տեսքով, ու ես ապրում էի այդ թշվառ մարդկանց մեջ ինձ թագավոր պատկերացնելով, մինչև որ դարձա տասնվեց տարեկան պատանի ու ուզեցի ընդլայնել թագավորությանս շրջանակները, ձեռք բերել նոր հպատակներ: Դրա համար որոշեցի տեղափոխվել Երևան, ընդունվել համալսարան, դառնալ ուսանող, մինչև հաջորդ բարձունքներիս հասնելը:
    Համագյուղացիներս այս որոշումն ընդունեցին խանդավառությամ՝ հիշելով պառավ Նուշիկի գուշակության շարունակությունը, ենթադրելով, թե դա էլ տեղի ունեցավ: Նրանք գիտեին, որ առաջնորդին քաղաքում ուղեկցորդ պետք չէ, որ իմ բոբիկ ոտքերն են լինելու յուրօրինակ ուղեկցորդներս:
    Ա՜խ, այդ բոբիկ ոտքերը… Կարծրացած, հաստացած ու հարված կաշվով այդ դիմացկուն ու ճկուն բոբիկ ոտքերը, որոնց նայելիս հիշում եմ պառավ Նուշիկի գուշակությունն ու իմ կեղծ փառքով մանկությունը…
    Ինձ քաղաքում իջեցրին մեքենայից ու մենակ թողեցին, հեռացան: Նախնադարից նոր դար բերեցին մի հին ու քանդված ավտոմեքենայով ու հեռացան՝ իրենց հետևից միայն գորշ ծխի քուլաներ թողնելով, որոնք արագորեն ձուլվեցին քաղաքի գարշ օդի մնացյալ ծխի անտեսանելի քուլաներին:
    Քաղաք ընկնելուս հենց առաջին րոպեներին հուսալքվեցի ու դարձա խեղճ ու թշվառ մի մարդ, ով գիտակցում իր անզորությունն ու փոքրությունը, իր սովորական, հասարակ մարդ լինելը, մյուսներից չտարբերվելը…
    Չէ, խաբում եմ, տարբերվում էի: Տարբերվում էի ու հասկանում այդ տարբերությունը: Դա միայն իմ բոբիկ ոտքերը չէին: Շատ բաներով էի տարբերվում ու հասկանում էի, որ մյուսներին նմանվելու համար դեռ շատ աշխատանք պետք է կատարեմ, ինձ ամբողջովին փոխեմ:
    Ու անիծեցի… Անիծեցի պառավ Նուշիկին ու իր գուշակությունը: Ու նեղացա բոլոր հարազատներիցս ու համագյուղացիներս՝ իրենց հիմարության ու կյանքից հետ մնալու համար: Նեղացա ու որոշեցի կապս գյուղի հետ կտրել, այլևս երբեք չվերադառնալ, մոռանալ, փոխել կյանքս, փոխվել, նմանվել կողքիններիս, դառնալ նոր մարդ՝ սովորական, ոչ առաջնորդ…



    Շարունակելի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (24.02.2010)

  16. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Ես ավելի միստիկ շարունակություն ու վերջաբան էի սպասում, անսպասելի էր: Սակայն, իմաստը, այն, ինչի մասին սկսում ես մտածել, կարդալուց հետո, պետք է բոլորիս: Բոբիկ լինելու գիտակցումը, բոբիկ չմնալու ձգտումը, ստերեոտիպերից ազատվելու փորձը, ցանկությունը.... Շատ լավ էր Դեռ լրիվ չեմ մարսել, մի անգամ էլ եմ ուզում կարդալ, հետո գուցե նորից գրեմ

  17. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բոբիկը

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ավելի միստիկ շարունակություն ու վերջաբան էի սպասում, անսպասելի էր: Սակայն, իմաստը, այն, ինչի մասին սկսում ես մտածել, կարդալուց հետո, պետք է բոլորիս: Բոբիկ լինելու գիտակցումը, բոբիկ չմնալու ձգտումը, ստերեոտիպերից ազատվելու փորձը, ցանկությունը.... Շատ լավ էր Դեռ լրիվ չեմ մարսել, մի անգամ էլ եմ ուզում կարդալ, հետո գուցե նորից գրեմ
    Դեռ ավարտված չի
    Ամեն ինչ դեռ առջևում է
    Համ էլ շնորհակալու եմ գնահատականի համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #14
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Սպասում եմ, մեծ անհամբերությամբ, հետաքրքիր է շարունակությունը ու ձգող իր ետևից, գրելով հասել ես մի արդյունքի, որը շատ հաճախ ամենակարևորն է գրվածքի մեջ, այն քաշում է իր ետևից ստիպում հետևել մինչև վերջ, չշեղվել ու կլանվել մինչև վերջ, անմնացորդ, ԱՊՐԵՍ

  19. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոբիկը

    Չու՛կ, ի՞նչ կլինի, արագացրու: Ախր երեկ երբ մի երկու բառով ասացիր, թե հետո ինչ է լինելու, հետաքրքրությունից վառվեցի:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •