ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽԱՂՈՒՄ, ՈՐԻՑ ՏՈՒԺՈՒՄ Է ՋԱՎԱԽՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Ջավախքում իրավիճակի որեւէ գնահատական տալու համար նախընտրելի է համեմատել Վրաստանի անկախացումից հետո ժամանակահատվածը խորհրդային տարիների հետ: «Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ, Ախալքալաքի շրջանային ժողովի կրթության, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ստեփան Հակոբյանի հավաստմամբ, ամենից առաջ տարբերությունն այն է, որ խորհրդային Վրաստանի ժամանակ Ախալքալաքն ուներ շրջանի կարգավիճակ: «Մենք էլ հնարավորություն ունեինք զարգացնելու մեր գիրն ու գրականությունը, քչից-շատից կային նաեւ սոցիալական հնարավորություններ: Կային նաեւ անվտանգության երաշխիքներ ժողովրդի բարգավաճման համար»:
Խորհրդային Միության փլուզումից հետո իրավիճակը փոխվեց: «Մենք էլ կողմ քվեարկեցինք Վրաստանի անկախությանը: Եվ Վրաստանի օրենքներով ամրագրվեց փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Սակայն ստացվեց այնպես, որ այսօր վտանգված է մեր ազգային, մշակութային ինքնությունը», կարծում է Ստեփան Հակոբյանը: Ըստ նրա, Ջավախքի այսօրվա խնդիրները շատ են, բայց ամենավտանգավորն այսօր լեզվի հարցն է: «Այսօր վտանգված են դպրոցները, հայ մշակույթը, եւ այս պարագայում հետագայի եւ գոյատեւման մասին խոսելը շատ դժվար է: Ցավոք, անկախության այս տասնհինգ տարիների ընթացքում չգտնվեց մի հովանավոր ուժ, որ Վրաստանի իշխանությունների հետ կարողանար լուծել մեր խնդիրները», իր մտահոգությունն է հայտնում Հակոբյանը:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակ հնարավոր ելքերին, ապա, Ստեփան Հակոբյանի պատկերացմամբ, «եթե չունենանք մեր ինքնավարությունը կամ ինքնավարության տարբերակը, ապա այն նավը, որի մեջ մենք ենք, միանշանակ խորտակվելու է»:
Անկախացման սկզբնական տարիներին հայ-վրացական հարաբերություններում Ջավախքը, ըստ «Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահի, դերակատարում ուներ, սակայն գնալով այն դարձավ երկրորդական, երրորդական հարց: «Այսօր հասել է այնտեղ, որ հայ-վրացական հարաբերություններում Ջավախքը դարձել է Վրաստանի ներքին իրավասության հարց: Հայաստանի իշխանությունները մշտապես մեր տարածաշրջանը համարում են Վրաստանի ներքին գործ, ինչը շատ վիրավորական ու ցավալի է, մեր նկատմամբ չկա հոգատարություն կամ վրաց իշխանությունների հետ որեւէ համատեղ ծրագիր»:
Հակոբյանի կարծիքով, Ջավախքին շատ բան պետք չէ, այլ միայն ստեղծելու, արարելու, Վրաստանի լիարժեք քաղաքացի դառնալու հնարավորություն: «Եթե արտաքնապես կարող է բարվոք վիճակի տպավորություն թողնել, ներքուստ վիճակը բավականին վատ է: Օրինակ, հայկական դպրոցների տնօրենների քննությունն անցկացվում էր կամ ռուսերեն, կամ վրացերեն: Արդյոք նման դեպքում կարելի՞ է խոսել հայեցի դաստիարակության մասին: Այս պայմանների, սոցիալական վիճակի պատճառով մարդիկ արտագաղթում են: Ղեկավար պաշտոններում եղած հայերն էլ ավելի շուտ հակահայ քաղաքականության մասնակից են, իսկ Հայաստանն ու Վրաստանը եղբայրություն են խաղում, որից տուժում է Ջավախքի ժողովուրդը: Այսօրվա անուշադրությունը Ջավախքի հանդեպ կբերի այն բանի, որ Դեմիրճյան, Ջիվանի ու Տերյան այլեւս այս տարածաշրջանում չեն ծնվի: Ես չգիտեմ ինչպես, բայց պետք է համատեղել ուժերը լուծելու մեր խնդիրները, մեր վտանգված գոյությունը»:
Մի քանի տարի առաջ հինգ ընկերների ձեւավորած «Ակունք» միությունը մի որոշ ժամանակ անց, ըստ անհրաժեշտության, վերածվեց «Ակունք» պարբերականի: Բացի տպարան ծախսերից, որ իրականացվում են Երեւանում, թերթում աշխատում են հասարակական հիմունքներով, անվճար բաժանում են թերթը` բոլոր ծախսերը հոգալով ինքնուրույն: Ներկա դրությամբ ցանկալի է, որ դառնա ամենօրյա թերթ, քանի որ տեղեկացված լինելու զգալի պակաս կա: «Հայկական թերթեր բաժանորդագրվելու փող չկա, վրացականները տեղացիները չեն կարող կարդալ լեզվի չիմացության պատճառով», փաստում է «Ակունք» անկախ պարբերականի խմբագիր Մելս Թորոսյանը: Խմբագրի խոսքերով, թերթի հիմնական խնդիրն է օժանդակել հայապահպանությանը տարածաշրջանում:
«Ակունքն» արդեն երկրորդ տարին հանդես է գալիս մի հետաքրքրական նախաձեռնությամբ: «Դրա անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Վրաստանի հայկական դպրոցներում ամբողջությամբ արգելվեց հայ ժողովրդի պատմության դասավանդումը: Թերթը հայոց պատմության մրցանակաբաշխություն է անցկացնում ողջ տարվա ընթացքում` բոլոր դպրոցների ընդգրկմամբ: Նախաձեռնությունը մեծ ոգեւորություն է առաջացրել, դպրոցներում հայոց պատմության արտաժամյա պարապմունքներ են անցկացվում: Մենք միջոցներ չունենք խրախուսելու նման պարապմունքներ անցկացնող ուսուցիչներին, եւ գուցե այդ հարցում օգնի Հայաստանը, քանի որ, օրինակ, վրացական իշխանությունները կրկնակի ու եռակի են վարձատրում Ջավախքի հայկական դպրոցներում վրացերեն դասավանդող ուսուցիչներին», յուրօրինակ «թերթային» դասավանդման մասին հպարտությամբ է ներկայացնում Մելս Թորոսյանը:
Ընդհանուր առմամբ, Ջավախքի ներկա վիճակը Թորոսյանը բնութագրում է անորոշ: Բնակչության զգալի մասը բողոքում է, բայց Թորոսյանն իրեն բողոքողներից չի համարում: «Մարդկանց մեծ մասը վախեցած է, թե պայքարելու դեպքում հակասություն կսկսվի եւ այս տարածաշրջանը կդառնա երկրորդ Ղարաբաղ: Մենք պետք է կարողանանք խաղաղ միջոցներով, միջազգային եւ վրացական օրենսդրության հիման վրա ապացուցել, որ այս տարածաշրջանին պետք է ինքնավարություն, որ նոր կարողանա ինտեգրվել վրացական հասարակությանն ու պետությանը»:
Վրացերենի իմացությամբ աշխատանք ունենալու եւ այդ կերպ վրաց հասարակությանն ինտեգրվելու առնչությամբ հայտարարություններին Թորոսյանը նայում է թերահավատորեն: «Լավ, ես չգիտեմ վրացերեն, ինձ չեն վերցնում աշխատանքի, բայց ինչո՞ւ աշխատանքի չի ընդունվում նաեւ թիֆլիսահայը, որ լավ էլ գիտի վրացերեն: Կառավարության կազմում այսօր հայ չկա, մի քանի պատգամավորն էլ ինչ-ինչ ճանապարհներով դարձել են խորհրդարանական: Այս պատգամավորները ժողովրդի ընտրյալը չեն, այլ իշխանության»:
Մելս Թորոսյանը համաձայն չէ նաեւ Վրաստանի պաշտոնական վիճակագրությանը, որի համաձայն հայերը կազմում են Վրաստանի բնակչության հինգ-վեց տոկոսը: «Մեր տվյալներով, մոտ տասնհինգ տոկոսը, բայց ունենք մի քանի պատգամավոր, այն էլ իշխանական ցուցակներով ընտրված: Եվ հետաքրքրական է, որ մեծամասնականով ընտրված ունենք միայն մեկ պատգամավոր»:
Ամեն դեպքում, Ջավախքում, Թորոսյանի խոսքերով, առաջնային պետք է ստեղծվեն աշխատատեղեր, որ չի իրականացվել ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային շրջանում: «Աշխատող ուժն էլ հեռանում է, եւ հիմա երեւի դրսում ավելի շատ ջավախահայ կա, քան Ջավախքում: Բացի աշխատատեղերից, ներդրումներ են պետք: Արդեն չորրորդ տարին Վրաստանում նոր նախագահ ունենք, բայց խոստացված նորոգված ճանապարհները դեռ չենք տեսել, էլ չասած ներքին ճանապարհների մասին, որոնք ուղղակի անանցանելի են: Այստեղ պետք է նպաստել գյուղատնտեսության զարգացմանը, որ մարդիկ մնան իրենց հողում եւ աշխատեն: Ընդ որում, այս ամենի մասին վրացական լրատվամիջոցներն ուրիշ բան են ասում, հայաստանյանները` ուրիշ, տեղականները` ուրիշ»: Ախալցխայում հայությունն անգլուխ է մնացել... եւ ոչ միայն Ախալցխայում
Խնդիրները Ջավախքում բազմաթիվ են, բայց հարցն այն է, թե երբ եւ ինչպես պիտի դրանք լուծվեն: Այսօր վարվող քաղաքականությունը, ըստ Ախալցխայի Հայ ազգային հասարակական միության նախագահ Լյուդվիգ Պետրոսյանի, թույլ չի տալիս կտրուկ քայլեր անել: «Հայաստանյան իշխանություններն ու կուսակցություններն էլ ամեն ինչ անում են, որ մենք հանկարծ այստեղ գլուխ չբարձրացնենք, կոնֆլիկտ չունենանք: Իսկ մեր պահանջներից ոչ մեկը կոնֆլիկտի պատճառ չէ, դրանք ինքնուրույն լուծելու հարցեր են, եւ եթե մենք բոլորս միասին, Հայաստանի հետ, քայլեր չձեռնարկենք, այդ հարցերը կբարդանան: Վրացական իշխանությունները, հայաստանյանների հետ պայմանավորվածությամբ, հույսը դնում են նրանց վրա, սաստկացնում են ոտնձգությունները` համոզվածությամբ, որ ոչ մի համարժեք ռեակցիա չի լինի, քանի որ Հայաստանը այս տարածաշրջանի հայությանը հսկողության տակ է պահում: Ի դեպ, վրացիներն են այս մասին խոսում, թե Հայաստանը երաշխավոր է, որ Ջավախքում հայերը ոչինչ չեն անի»:
Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաքին, ապա, Լյուդվիգ Պետրոսյանի կարծիքով, երեւի Ջավախքի լուծելու հարցը չէ: «Չնայած մեր տեղեկատվական դաշտը մեռած է, Ախալցխայում անգամ ինտերնետ չի գործում, բայց ես չեմ ուզում մտածել, թե Հայաստանի իշխանությունները որեւէ կերպ կարդարացնեն թուրք-վրացական այս գծի կառուցումը: Իմ կարծիքով, շան գլուխն ավելի խորն է թաղված, որտեղ մենք հարց լուծող չենք: Եթե փորձենք ինչ-որ կերպ գործել, գուցեեւ ուրիշի կատուն մեր շալակը վերցրած կլինենք», գտնում է Պետրոսյանը:
Ախալցխայի իրավիճակի առնչությամբ էլ, Հայ ազգային հասարակական միության նախագահի վկայությամբ, հասել է այնտեղ, որ հայության համար կա գոյատեւման խնդիր: «Դուրս գնացողներն էլ չեն վերադառնում, մտավորականություն չկա, քաղաքականությամբ զբաղվող չկա եւ փաստորեն հայությունն անգլուխ է մնացել: Կպահպանի՞ այսօր Ախալցխան իր հայեցի դեմքը: Սա է գլխավորը, թեեւ կան բազմաթիվ տնտեսական, սոցիալական խնդիրներ եւ դրանք շատ են խորացել: Ուղղակի դրանք վաղուց կան, մի տեսակ կաշիներս սովորել են»:
Տասը տարվա ընթացքում Ախալցխայի հայ բնակչությունը, ըստ Լյուդվիգ Պետրոսյանի, 62 տոկոսից իջել է 31-32 տոկոսի: Հետագայի առումով էլ Պետրոսյանի հայացքները խնդրահարույց են. «Արտագաղթը կանգնեցնելու համար պետք է ողնաշարներս շտկենք ու մեր հարցերը լուծենք, որ մեզ չխանգարեն, քանի դեռ ի վիճակի ենք: Վաղը ուշ կլինի: Կհիշեք երեւի, թե երկու տարի առաջ ինչ պատմություն եղավ Ախալցխայում մի խաչքար տեղադրելու համար, տարբեր կողմերից հարվածեցին, ամենամեծ հարվածներն էլ Հայաստանից էին: Ապագայի առումով ասեմ, որ ավելի գլոբալ գործընթացներում ինչ կհաղթենք, ինչ տանուլ կտանք, կախված է մեզնից: Մենք այստեղ պետք է կարողանանք իրար գլխի հավաքվել, կազմակերպվել ու գոնե աշխատենք մեղմացնել հարվածները, հատկապես որ մենք քաղաքականություն ստեղծել կամ անել չենք կարող»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ախալքալաք-Երեւան
Էջանիշներ