Ժամանակակից վրացականացում
Վերջերս Հայաստանում եւ Ջավախքում ահազանգեր եղան, որ Ջավախքի տարածքում պատրաստվում են կառուցել բանտ-կալանավայր (գաղութ), որտեղ պետք է իրենց երկարաժամկետ պատիժները կրեն ու «բնակվեն» Վրաստանի հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, երեւի թե նաեւ նրանց ընտանիքները: Այս մասին վիրահայ հայաստանաբնակ ՀՀ ԱԺ պատգամավորները նույնպես աղմկում էին:
Հետաքրքիր է, որ մեր տեղեկատվության աղբյուրի համաձայն, այդ բանտ-կալանավայրը կառուցվում է Սաղամո գյուղի մոտ՝ ՀՀ-ին սահմանամերձ շրջանում: Այն կառուցելու համար անց է կացվել համապետական մրցույթ, որի հաղթող է ճանաչվել մի վիրահայ, ով նաեւ վիրահայերի հայրենակցական կազմակերպության մեջ է ու երեւի իր առջեւ նպատակ է դրել Ջավախքը դարձնել Սիցիլիա... Դե մեր Ազգային Ժողովում էլ ի՜նչ պիտի սովորի: Այսինքն, եթե չի հաջողվում հայերին Ջավախքից հանել «քաղաքակրթորեն», ապա հիմա «գողականով» կփորձեն դուրս հանել...
Ա՛յս մասին ՀՀ ԱԺ «աղմկարար» պատգամավորները չգիտես ինչու լռում էին եւ լիուլի մեղադրում վրացական իշխանություններին: Բա ի՞նչ անեն վրացիները, չօգտվե՞ն մեր սեփական տականքի ագահությունից ու անգրագիտությունից, իհա՛րկե պիտի օգտվեն...
Մրցույթում հաղթող այդ հայի հայրը մի աշխատություն ունի, որում պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես է Ջավախքում իրականացվում «սպիտակ ցեղասպանություն»... Ինչպես ասում են՝ «դե ե՛կ վարդապետ ու մի՛ խենթացիր»:
Սա թերեւս մեկ դրվագ է Ջավախքը Հայաստանից կտրելու խնդրում: Իսկ որպեսզի Ջավախքի շրջափակումն ավելի հաստատուն լինի, Ջավախքի՝ ՀՀ-ին սահմանամերձ ռուսաբնակ գյուղերի՝ Օրլովկա, Սպասովկա, Գորելովկա, Եֆրեմովկա, Ժդանովի, Կալինինո... վաճառվող տները գնելու համար վրացական կառավարությունը 700 հազ. դոլար է հատկացրել՝ ՌԴ գաղթող ռուսների փոխարեն աջար ու սվան բնակեցնելու նպատակով: Գուցե հետո, ավելի թանկ գնով, թուրք-մեսխերի՞ն վաճառեն: Տները 1500-2000 դոլար արժողություն ունեն, եւ մի հայ բարերարի համար մեծ խնդիր չէր այս հարցը լուծել ի օգուտ տեղաբնակ հայերի... Բայց չէ, մեր բարերարներն առհասարակ խուսափում են Ջավախք գնալուց, հանկարծ չնեղացնեն հարեւաններին, իսկ ջավախահայերը նեղանան էլ՝ ոչինչ, իրենց համար թող գան Հայաստանում տուն գնեն, այստեղ էլիտար շենքեր ունենք արդեն, թե չէ գյուղի կիսաքանդ տները... Այո՛, ոմանց համար Հայրենիքն ու սեփական շահը անհամատեղելի են:Ու սա, վստահաբար, կհանգեցնի վրացամինսկիխմբյան «Լաչինի» եւ վրացահոբլական «Մեղրու» միջանցքների մի այլ տարբերակի առաջանալուն, որը Ջավախքը կտրելու է ՀՀ-ից:Այլ բաներ էլ են կատարվում Ջավախքում: ԱՄՆ ներկայացուցիչները մանրախնդրորեն ուսումնասիրում են Ջավախքից հեռացած ռուսական ռազմահանգրվանների փոխարեն ամերիկյանը՝ ՆԱՏՕ-ականը տեղադրելու հարցը: Ախալքալաքի հարավային մասում մինչեւ 1982թ. գործել է օդանավակայան, որտեղ հանգրվանել են նույնիսկ «Միգ» եւ «Սու» տիպի ինքնաթիռներ, ռազմական ծանր ուղղաթիռներ: Ահա այդ տարածքն է ուսումնասիրվում, ինչպես եւ՝ Գյումրի գնացող ճանապարհահատվածին կառուցված 15-րդ ռազմական ավանի տարածքը, որտեղ գրեթե մինչեւ 1999թ. գործել է զենիթա-հրթիռային գունդը:Ի միջի այլոց, երբ ադրբեջանական զլմ-ները թմբկահարում էին, թե ռուսական ռազմաբազաների զենք-զինամթերքն ու տեխնիկան բերվել է Գյումրիի ռազմաբազա, միեւնույն ժամանակ համառորեն լռում էին, որ վրացական կողմի խնդրանքով էին թողել, որ ադրբեջանական տարածքով՝ այդ զենքի ու տեխնիկայի 70%-ը տարվի ՌԴ, Դաղստան: Սա էլ մեր՝ տեղեկատվական պատերազմին լուրջ չվերաբերելու հետեւանքներից է:Դե եթե այս ամենին էլ գումարենք, որ բատոնո Սահակաշվիլին վրաց կաթողիկոս Իլիա 2-րդի շուրթերով խորհրդարանում հարց է բարձրացրել Վրաստանում սահմանադրական միապետություն ստեղծելու համար եւ իրեն էլ նախատատի կողմից «Բագրատիոն» տոհմից է հռչակել, ապա պարզ կլինի, որ Ջավախքի շրջափակումը կդառնա վտանգավոր իրականություն: Դե եթե վրացիներն էլ իրենց «խասյաթին» համապատասխան պատմագողությամբ «Բագրատիոն-Բագրատունի» հարցը բարձրացնեն, ապա Արեւմտյան Հայաստանի հարցն էլ առկախ կդառնա: Առանց այն էլ դպրոցներում մի ժամանակ նշում էին Վանի, Կարսի ու Էրզրումի վրացապատկան լինելը...
Հայկ Թորգոմյան
Էջանիշներ