«Դատաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերը, ինքնին դատավարության ընթացքը, անառարկելիորեն ապացուցում են, որ այս քրեական գործը մտացածին եւ փուչ է, իսկ դատավարությունը' զավեշտալի եւ խայտառակ»,- այսօր Ախալցիխեի շրջանային դատարանում իր պաշտպանական ճառում հայտարարեց «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նա շեշտեց, որ այն, ինչ կատարվում է, ջավախահայ գործչի նկատմամբ իշխանությունների պատվերով, ոստիկանության ու հատուկ ծառայությունների կողմից իրականացված հաշվեհարդար է:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հանրային կարգը խանգարելու նպատակով ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային խմբակային դիմադրություն ցույց տալու մեջ: Նա մոտ 8 ամիս է' գտնվում է անազատության մեջ: Վահագնը, ինչպես նաեւ նրա հայրն ու անչափահաս եղբայրը' մեղադրվում են զենք-զինամթերքի անօրինական ճանապարհով ձեռք բերման եւ պահպանման մեջ:
Ըստ դատապաշտպանի' այս դատաքննությունը հեռու է «արդարադատություն» կոչվելուց եւ այդ պատճառով էլ կեղծ ու շինծու մեղադրանքներով կառուցված այս քրեական գործը «տապալվելու է, եթե ոչ Ախալցիխեի կամ Թբիլիսիի դատական ատյաններում, ապա գոնե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում»:
Ստեփան Ոսկանյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալներ Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյաններին ճանաչել անպարտ Վրաստանի Քր. Օր.ի 236-րդ հոդվածի 1-ին մասով, 226-րդ հոդվածով, 353-րդ հոդվածի 2-րդ մասով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ» ենթակետերով իրենց մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ: Ինչպես նաեւ' դատապաշտպանը պահանջեց դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և կայացնել արդարացման դատավճիռ' հռչակելով վերջիններիս անմեղությունն իրենց առաջադրված մեղադրանքում:
Էջանիշներ