Մեր խմբի դայակները հաճախ էին փոխվում, իսկ դաստիարակը միշտ միակն էր ու անկրկնելին։ Դայակների մեջ մեկ-մեկ լավերն էլ էին պատահում։ Բայց զզվելիներն էլ քիչ չէին։ Ամենազզվելին ընկեր Գայանեն էր։ Էդ կինը մի ուրիշ երևույթ էր։ Բոյով, թմբլիկ, գեղեցիկ երիտասարդ կին էր, բայց էդ ի՜նչ լաչառ, կոպիտ, գռեհիկ ու դաժան էր, էլ ասելու չի։ Երեխաները նրա համար կարծես ընդհանրապես մարդ չլինեին։ Տանել չէին կարողանում դրան։ Այնպես էր ստացվել, որ քրոջս ու եղբորս դայակն էլ եղավ հետո (այսպես ասած՝ ընտանեկան դժբախտություն էր, էլի )։ Մենք էլ տանը մի տիկնիկ ունեինք, էնքան նման էր մեր էդ դայակին, էդ տիկնիկի անունը դրել էինք Գայանե ու երեքով ամբողջ օրը հո չէինք չռփում։ Ամբողջ օրը ծեծում էինք էդ խեղճ տիկնիկին ու այդպիսով ատելի դայակից մուռ հանում։ Ընդհանրապես իմ մանկության համարյա բոլոր խաղալիքները պահպանվել են, հատկապես տիկնիկները, բայց էդ մեկը դաժան ծեծի հետևանքով վերջը հաշմանդամ դառավ, դեն նետեցինք։
Էջանիշներ