-Հիմա քեզ հարցեր են տալիս ու դու անկեղծ պատասխանում ես, - ասում է այս վայրի համար անսովոր գեղեցիկ աղջիկը: Չէի սպասում, որ այս անհրապույր վայրում կարող են գեղեցիկ աղջիկներ էլ աշխատել: - Բոլոր հարցերին պատասխանիր ճիշտ ու առանց ամաչելու: Ոչ մի կետում ամաչելու հարց չկա: Պատրա՞ստ ես:* * *
-Հա՛, պատրաստ եմ, - ասում եմ ժպտալով, մտքումս մտածելով, թե ի՞նչ անհամեստ ու ինտիմ հարցեր է տալու, որոնց պետք է պատասխանեմ:
-Անուն, ազգանուն, հայրանունդ, - տալիս է առաջին հարցը:
-Ճիշտն ասած ամաչում եմ պատասխանել, - ասում եմ ժպտալով ու տեսնում աղջկա զարմացած հայացքը: Լավ, պարզ է, գեղեցիկ է, բայց կատակներն անտեղի են: Պատասխանում եմ հարցին ու լսում հաջորդ «ամաչեցնող» հարցերը.
-Ծնողներ ունե՞ս... Աշխատու՞մ են... Ազգությու՞նդ... Քաղաքացիությու՞նդ... Դատված ազգականներ ունե՞ս:
Գուցե հենց սա՞ պետք է ինձ ամաչեցներ:
-Մոտիկ ազգական չէ, հեռավոր ունեմ:
-Չէ հեռավորը չի հետաքրքրում:
-Ուրեմն չունեմ:
Էլի հարցեր, հարցեր, հարցեր....
-Գիշերամիզություն ունե՞ս, - իսկ գուցե ա՞յս հարցն էր ամաչեցնելու:
-Հա՛, ունեմ: Քանի որ կենցաղով «բու» եմ ու գիշերներն արթուն եմ մնում, ապա հաճախ է լինում, որ գիշերները միզելու համար զուգարան եմ գնում:
Էլի զարմացած իր կապույտ աչքերն ուղղում է ինձ ու մտածում եմ. «Չէ, կատակելն հաստատ անտեղի է»:
-Գիշերամիզությունն այն է, որ գիշերները քնած ժամանակ... – սկսում է բացատրել:
-Գիտե՛մ, գիտե՛մ, - կտրում եմ նրա խոսքը, - չէ, գիշերամիզությամբ չեմ տառապում:
-Բա էլ ինչու՞ էիր ասում, եթե գիտեիր թե որն է...
-Սկզբից սխալ հասկացա հարցը, - կտրում եմ նրա խոսքը: Այստեղ բացահայտորեն հումոր, թեկուզև տափակ հումոր, անելու տեղը չէ:
Հարցաքաննությունը, կամ ավելի ճիշտ անձնական թերթիկի լրացումը մոտենում է ավարտին և վերջապես ինձ տալիս են ամենահետաքրքիր հարցը.
-Հայաստանի Հանրապետությանը ծառայել ուզու՞մ ես:
Հետաքրի՞ր է, որն է այս հարցի իմաստը, կամ ավելի ճիշտ իրական իմաստը: Հնարավոր է, որ հետագայում զորամասերում հատուկ ուշադրություն են դարձնելու այս հարցին «ոչ» պատասխանը տվածներին, համարելով պոտենցիալ վտանգավոր զինծառայող, որն ամեն վայրկյան կարող է խախտել զինվորական կանոնադրության դրույթները:
-Որ ասեմ «ոչ», բանակ չե՞ք տանի:
-Ինչու՞ չպետք է տանենք որ:
-Բա ինչու՞ եք այդ հարցը տալիս որ:
-Որովհետև մեզ դա պետք է իմանալ:
-Անկե՞ղծ պատասխանեմ:
-Երբ սկսեցինք, ի՞նչ ասացի:
-Ասացիք որ բոլոր հարցերին անկեղծ պատասխանեմ:
-Ուրեմն անկեղծ պատասխանիր:
-Մանկուց ունեցել եմ մեն-միակ երազանք, ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը ու հանուն նրա չխնայել անգամ կյանքս: Մանկուց երազել եմ բանակում ծառայելու մասին: Համարում եմ յուրաքանչյուր հայ քաղաքացու, յուրաքանչյուր երիտասարդի սրբազան պարտքը: Ուզում եմ զինվոր լինել: Ուրիշ ոչ մի միջոց չեմ տեսնում հայրենիքին օգուտ տալու համար: Ուսումն իզուր է, աշխատանքն անտեղի, կարևորը բանակում ծառայելն է ու իհարկե ուզում եմ....
-Գրեմ «հա՞»:
-Հա՜, հա՛, գրեք «հա»:
-Ապրես որ տենց ուզում ես ծառայել բանակում, ես ուրախ եմ որ այսպիսի մտածողության տեր մարդիկ կան, - առաջին անգամ գեղեցիկ աղջկա դեմքին գեղեցիկ ժպիտ է հայտնվում, որը նրան ավելի է գեղեցկացնում: Ափսո՜ս, հազար ափսոս որ երկու երնեկ մեկ տեղում չի լինում: Համենայն դեպս այս դեպքում այդ երկու «երնեկը» չէին համատեղվել:
Էջանիշներ