Ժամացույցի սլաքները կարծես թե կանգնել ու տեղից շարժվել չէին ուզում: Աշխենը տեղը չէր գտնում, չգիտեր, թե ինչով զբաղվի, որ անցնի այս մեկ ժամը: Մեկ ժա՞մ, թե՞ մեկ կյանք: Արդեն որերորդ անգամ մոտեցավ հայելուն, նայեց իրեն ու ժպտաց: Գեղեցիկ էր, անկասկած: Իր գեղեցիկ լինելը նոր չէր հայտնաբերում: Դեռ փոքրուց լսել է դրա մասին. մեծերը շոյում էին գլուխն ու ասում. «Էս ինչ սիրուն աղջնակ է»: Հետո փորձում էին գտնել, թե ում է նման: Գիտեր՝ իր տատիկին է նման, նա էլ է շատ գեղեցիկ եղել: Ինքը չի հիշում նրան, բայց նկարներից տեսել է, թե որքան գեղեցիկ էր: Ինքն էլ տատիկի նման շագանակագույն մազեր, սպիտակ մաշկ, կապույտ աչքեր ու նուրբ դիմագծեր ունի: Նախկինում չէր էլ նկատում իր հասցեին արված գովասանքները, լսում էր շատ անտարբեր. ի՞նչ մի առավելություն…
Դպրոցում շատ էր նկատել իրեն հետևող տղաների հայացքներ, բայց միշտ անտարբեր էր, ոչ մեկին տոն չէր տալիս: Երևի պատճառն այն էր, որ տանը շատ խիստ էին դրան վերաբերվում: Չէր կարելի ու վերջ: Դպրոցականի գործը լավ սովորելն է, ոչ թե խելքն ավելորդ բաներին տալը, տղաների հետ թափառելը:Երբեք չէր փորձել այդ թեմայով մոր հետ զրուցել. գիտեր, որ չի լսի: Ամեն անգամ, երբ ուզում էր մի ինչ- որ հետաքրքիր դեպք պատմել, նկատել էր, որ նա չի լսում, կամ էլ լսելուց հետո միշտ մի բան գտնում էր, որ քննադատի, իրենց արարքը համարի երեխայական հիմարություն: Զգալով, որ մայրն իրեն չի հասկանում, էլ ոչ մի անգամ չէր զրուցում նման թեմաներից, ցույց էր տալիս, թե իրեն չեն հետաքրքրում: Միակ մարդը, որի հետ կիսվում էր, դա հորեղբոր աղջիկն էր, նա էլ միայն ամառն էր այստեղ լինում: Հայաստանում չէին բնակվում: Իսկ ամառը շատ քիչ էր բոլոր ապրումների, հետաքրքիր դեպքերի մասին խոսելու համար: Սկսեց ավելի շատ փակվել իր սենյակում: Դասերն ավարտլուց հետո տարվում էր իր մտքերով, երազներով: Սկզբում օրագիր էր պահում, փորձում էր գրի առնել հետաքրքիր դեպքերը, բայց երկար չտևեց, պատռեց: Ինչ- որ չէր ստացվում, անգամ թղթի հետ չէր կարողանում անկեղծանալ:
Ավարտական դասարանում հոգսերը շատացան. պարապում էր: Գրեթե ամբողջ օրը զբաղված էր, երազելուն ժամանակ չէր մնում: Դպրոցն ավարտեց առանց դժվարության, հետո էլ ընդունվեց ինստիտուտ: Շատ հեշտ հաղթահարեց նոր միջավայրին մերվելու պահը: Կուրսում լավ աղջիկներ կային, մտերմացան: Հետաքրքիր ու ուրախ էր անցնում ուսանողական կյանքը: Մենակ մնալու, մտքերին տրվելու այնքան էլ ժամանակ ու անհրաժեշտություն չկար: Այստեղ էլ տղաներն անտարբեր չէին իր նկատմամբ, հատկապես բարձր կուրսի տղաները. հաճոյախոսություններ, ակնարկներ… Չէ, իրեն դրանք չէին հետաքրքրում: Հազիվ էր ազատվել ճգնավորի կյանքից, ընկերուհիների հետ դասերից հետո հաճախ էին հավաքվում, զվարճանում: Իրենց տանն էլ էին լինում: Տնեցիները սիրով ընդունում էին, իր գնալու համար էլ դեմ չէին լինում: Աշխենի համար սկզբում մի քիչ անսովոր էր, սովոր չէր տնից այդքան բացակայելուն, լինի ընկերուհիներից մեկի տանը, թե սրճարանում: Հիմա երևի համարում էին մեծ, վստահում էին: Առաջին կուրսն ավարտեց բարձր գնահատականներով: Գոհ էին, տեսնում էին, որ ընդունակ է , հաճախ էին գովում. « Սիրուն գլխում սիրուն մտքեր կան: Տես, խելքդ չտաս տղաներին, սովորելդ մոռանաս»:
Տղանների՞ն, չէ, դրա մասին չէր էլ մտածում: Ոչ մեկի մեջ չէր տեսնում այն մարդուն, որին կցանկանար տեսնել իր կողքին: Բայց միշտ չէ, որ կատարվում է այն, ինչ մտածում ես…
Երկրորդ կուրսում իրենց տղաներից մի քանիսը զորակոչվեցին բանակ, իսկ զորացրվածներց էլ եկողներ եղան: Սկզբում ոնց-որ թե ուզում էին իրենց մեծ լինելը ցույց տալ, բայց հետո մտերմացան, միմյանց վերաբերվում էին որպես հասակակիցներ:
Տիգրանը տարբերվում էր բոլորից. բարձրահասակ, ատլետիկ կառուցվածքով և շատ խելացի: Երևում էր, որ նախքան ծառայելը զբաղվել է սպորտով, բայց ոչ մի անգամ իր ուժը ցույց տալու առիթ չէր ստեղծում: Շատ համեստ էր, առանց ավելորդ ձևերի: Շուտ մտերմացան: Եթե նախկինում մենակ էր օգնում կուրսեցիներին, հիմա Տիգրանի հետ էր: Չէին նեղվում, օգնում էի ինչքան հնարավոր էր: Մի օր էլ եկավ իրենց հյուր: Չգիտեր, որ պետք է գա, դուռը բացել ու մոլորվել էր. տուն հրավիրեր, թե չէ: Տնեցիները սովոր էին , որ իր մտերիմները միայն աղջիկներ են, իսկ հիմա… Հրավիրեց, ծանոթացրեց տնցիների հետ: Բոլորն էլ լավ տպավորություն ստացան. կիրթ, համեստ տղա է: Հա, համամիտ է: Բայց իր համար դրանից ավելին չէր: Եղել է, որ դասի ժամանակ զգացել է իր վրա հառած Տիգրանի հայացքը, երբ նայել է, փախցրել է հայացքը: Զգում էր, որ ինչ-որ բան է ուզում ասել, բայց միշտ լռում էր: Շատ ուրախ էր, որ չէր համարձակվում: Չէր ուզում, որ իրենց մտերմությունը դադարի, իսկ ավելին չէր էլ պատկերացնում: Այ լրիվ ուրիշ էր իր զգացածը Արսենի նկատմամբ: Նա էլ էր Տիգրանի պես երկրորդ կուրսից եկել: Սկզբում չէր էլ նկատում: Ոնց որ նկատելու արժանի ոչինչ չկար. միջահասակ, մի քիչ արհեստականորեն առաջ եկած ուսեր: Գիտելիքներով էլ չէր փայլում: Հաճախ էր այնպիսի արտահայտություններ անում, որ սկզբում իրեն հունից հանում էր: Նման խոսքերին ինքն անվանում էր անկյունում պպզած խմբի գլուխգործոց: Հենց սկզբից էլ խուսափում էր նրանից, փորձում էր զրուցելու առիթ քիչ լինի: Բայց դա հազիվ մեկ ամիս տևեց:
շարունակելի…
Էջանիշներ