Երկու հայի միակ և չկայացած ՙդուելը՚
1904թ. ամռանը ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի կողմից Հովհաննես Լոռիս-Մելիքովը ընդգրկվում է ազգային պատգամավորական խմբի մեջ, որի անդամներն էին արքեպիսկոպոսներ Սվաճյանը (ղեկավար) և Այվադյանը: Խմբի առաքելությունն էր լինելու գնալ Եվրոպա և Ամերիկա ու հասնել այն բանին, որ մեծ տերությունները պաշտպանեն սասունցիներին և Օսմանյան կայսրության մեջ իրականացնեն հայանպաստ բարեփոխումներ: Նրանք լինում են Ֆրանիսայի, Անգլիայի, ԱՄՆ-ի ղեկավարների մոտ, սակայն բացի ցավակցանքից, այլ բանի չեն կարողանում հասնել:
1905թ. նոյեմբերին Մ. Չերազը իր կողմից հրատարակվող ՙԼ’ Արմենի՚ թերթում տպագրած իր իսկ հոդվածում կծու խոսքեր է ասում ազգային պատգամավորական առաքելություն իրականացրած հայ գործիչների` Սվաճյանի, Այվադյանի և Լոռիս-Մելիքովի հասցեին, նրանց պախարակելով անձեռնահասության, վախկոտության, դասալքության և այլ մեղքերի համար: Մասնավորապես Հ. Լոռիս-Մելիքովին անվանում է ՙհայ-ռուսական բժիշկ, Թուրքիայի հայերի հարցում վատատեղյակ մարդ և այլն՚:
Հոդվածը կարդալուց հետո Հ. Լոռիս-Մելիքովը անմիջապես, որպես մարտավկա, Մ. Չերազի մոտ է ուղարկում իր մտերիմներ Կիյարին և ուսանող Ֆունդուկլյանին, պահանջելով, որ նա ներողություն խնդրի իր խոսքերի համար կամ դուրս գա իր հետ ՙդուելի՚:
Մարտավկաների և Մ. Չերազի բանակցությունները տևում են համարյա 3 շաբաթ, քանի որ վերջինս ամեն կերպ խուսափում է և’ մեկից, և’ մյուսից, պնդելով, թե ինքը իր հոդվածում ոչ թե վիրավորել, այլ քննադատել է նրանց, ինչին Լոռիս-Մելիքովը կարող է պատասխանել խմբագրությանը նամակ գրելու միջոցով: Բացի այդ, նա գտնում էր, որ հայերի մեջ մենամարտը ընդունված չէ, քանի որ այն մարդասպանություն է, և այդ առթիվ մեջբերում է կատարում գրող Պոլ Ադամից: Հետո առաջարկում է հոդվածը քննարկելու համար կազմել միայն հայերից բաղկացած հանձնաժողով:
Ի վերջո մարտավկա Կիյարը Մ. Չերազին տեղեկացնում է, որ ներողություն խնդրելուց կամ մենամարտելուց հրաժարվելը նրա համար կնշանակի մասնագիտական որակազրկում:
Դրանից հետո Հ. Լոռիս-Մելիքովը ողջ եղելությունը հոդվածի ձևով հրապարակում է Փարիզի ՙՕրօր՚ և ՙՅումանիտե՚ թերթերում: Ֆրանսիայի հասարակայնությունը տեղեկանում է Մ. Չերազի վախկոտության և խայտառակության մասին: Իսկ նրան այլ բան չի մնում անել, քան ընդունել պարտությունը: ՙԼ’ Արմենի՚ թերթի 1906թ. հունվարի 1-ի համարում նա շարադրում է իր վերաբարմունքը կատարված միջադեպի մասին, հայտնում իր ափսոսանքը, որ այն դարձել է հրապարակման նյութ և հայտարարում, որ դադարեցնում է իր թերթի հրատարակությունը:
Այս դեպքից անցել է ավելի քան 100 տարի: Փոխվել են ժամանակներն ու բարքերը: Այսօր արդեն կարելի է ասել, որ հեռավոր 1905թ. Մեծն Չերազը ոչ թե վախկոտություն, այլ քաջություն ու իմաստնություն դրսևորեց:
Քաջություն, քանի որ կարողացավ բաց ճակատով ընդունել հայրենակցի նկատմամբ իր պարտությունն ու ֆրանսիական հասարակայնության շրջանում իր խայտառակությունը: Չմոռանանք, որ դա տեղի է ունեցել 20-րդ դարասկզբի Ֆրանսիայում, երբ այդպիսի խայտառակությունը հավասարազոր էր կործանումի:
Իմաստնություն, քանի որ չգնաց իրենից տասը տարի կրտսեր, ռուսական ազնվականության ոգով դաստիարակված տաքարյուն հայի մարտահրավերին, որի ժամանակ կարող էին զոհվել ինքը կամ Հովհաննեսը: Հիշենք, օրինակ, ռուս գրականության հանճարներ Ա. Պուշկինի և Մ. Լերմոնտովի ողբերգական ճակատագրերը:
Այդ դեպքից հետո Մ. Չերազը և Հ. Լոռիս-Մելիքովը ապրեցին և հանուն հայ ժողովրդի աշխատեցին համապատասխանաբար ևս 24 և 26 տարի և մահացան առաջինը 77, երկրորդը 69 տարեկան հասակում:
Կարծում եմ, որ հայոց մեծերի հետ պատահած այս միջադեպը կարող է շատ ուսանելի լինել այսօրվա մեր տաքարյուն, անզուսպ ու անհեռատես որոշ երիտասարդների համար:
Հարություն Մինասյան
Հոգեբույժ




Մեջբերել
Ինձ հույս եմ տալիս, որ գոնե միամիտ էր, շատ չէր հասկանում: Բայց մի՞թե բոլոր հայերն էլ միամտաբար ռուսամոլ չեն:

/

Էջանիշներ