Գոհարը սովորականի պես արթնացավ առավոտ շուտ ու անաղմուկ մոտեցավ աթոռին: Շուտ արթնանալն իր համար արդեն դժվար չէր , սովորել էր, միայն անաղմուկ էր շարժվում, որ տղային չարթնացնի: Թող քնի, դեռ շուտ է: Աթոռից վերցրեց շորը , որ հագնի , քարացավ… Էս ի՞նչ է արել, շորը վառարանին մոտ էր դրել , ու մի կողմը կրակից դեղնել էր: Նստեց աթոռին ու մոլորվեց: Ի՞նչ աներ, ախր երեսատեղի միակ շորն էր, սա պետք է հագներ ու գնար աշխատանքի: Անտեր եղանակն էլ չէր բացվում. անձրև, անձրև: Ինքն էլ ստիպված չորացնելու համար բերեց տուն: Ոնց չէր նկատել, որ վառարանին մոտ է դրել: Ի՞նչ անի, ախր ունեցած շորերը բանի պետք չեն, ամոթ է դրանցով դուրս գա: Ամեն անգամ որոշում էր իրեն նոր շոր գնի, բայց դե… Մինչև աշխատավարձի ստանալը ոնց -որ հերիքում էր, տեղավորվում էր այդքան փողի մեջ: Բայց հենց ստանում էր, պարտքերը բաժանում, մանր- մունր առևտուր անում, տակը ոչինչ չէր մնում: Հետո էլ ինչ մի իր ժամանակն էր, տղային կոշիկ է պետք… Ու ամեն անգամ հետոյին թողնելով , հիմա էս մեկի հույսին է մնացել, սա էլ…
Ախ իմ անտեր բախտ: Ե՞րբ սկսվեց իր այս տանջալից կյանքը, ե՞րբ իր բախտի անիվը շրջվեց: Մտովի կյանքի կծիկը այս էլ քանի անգամ ետ դարջրեց , փորձելով գտնել իր հարցի պատասխանը :
…Ուսանող էր, որ հանդիպեց Արային, սիրեցին միմյանց ու որոշեցին ամուսնանալ: Չէին վախենում դժվարություններից. երկուսն էլ ուսանող, առանց տուն…
Արան տեղափոխվեց երեկոյան բաժին, առավոտյան աշխատում էր, երեկոյան սովորում: Հետո էլ գործարանում մնաց , արդեն բարձր պաշտոնով, բարձր աշխատավարձով: Մի քիչ փող հավաքեցին ու գնեցին այս տունը: Մի սենյակ էր, , տատանվում էին, գնել թե մի քիչ էլ հավաքեն , ավելի մեծը գնեն: Բայց չսպասեցին, ու լավ էր, թե չէ հիմա հիմա սա էլ չէր ունենա: Ինքը չէր աշխատում, երեխան փոքր էր, մեծանար, հետո…
Հետոն չեղավ այնպես, ինչպես սպասում էին: Ամեն ինչ փոխվեց, խառն ու անորոշ էր: Անկախ երկրի ունեցան, բայց դրա տված քաղցր պտուղները դեռ հեռու էին: Մնաց առանց աշխատանքի Արան չէր հաշտվում իրենց վիճակի հետ և որոշեց շատերի պես բախտը դրսում փորձել: Սկզբում լավ էր, հաճախակի էր զանգում, փող ուղարկում: Հետո զանգերը պակասեցին, հետո փողը ու մի օր էլ երկուսն էլ սպառվեցին:
Չգիտեր, ինչ մտածեր, մտքով միայն վատ բաներ էին անցնում: Չէր կարողանում տեղը գտնել, բայց ի՞նչ կարող էր անել: Սպասում էր ու չէր էլ նկատում իրենից թաքուն հարևանների փսփսոցը: Հետո սկսեցին իր ներկայությամբ էլ խոսել, խորհուրդ տալ.
–Ի՞նչ ես խառնվել, ի՞նչ ես դարդ անում, նրանից էլ հույսդ կտրի: Կարող ես, քեզ ու երեխայիդ պահի: Նա իր տունն ու տեղն ունի, քեզ էլ վաղուց մոռացել է: Մոտից եկողներ կան, չե՞ն ասել:
Հույսդ կտրի… Հա, կտրեց ու սկսեց աշխատանք փնտրել: Դիպլոմն առած այս ու այն կողմ էր վազում, խնդրում, համոզում, որ ինքը լավ մասնագետ է, պարտաճանաչ:ճիշտ է, փորձ չունի, բայց չի հիասթափեցնի: Անօգուտ: Կամ չէին լսում, կամ էլ լսելուց հետո միշտ քմծիծաղում էին.
–Գիտես, մենք չենք կասկածում քո գիտելիքների վրա, բայց մեզ երիտասարդ մասնագետ է պետք:
Գլխիկոր գալիս էր տուն, հուսահատվում, հետո նորից իր մեջ ուժ գտնում, նորից փնտրում …ու գտավ:
Մեծ գործակալություն էր, աշխատասենյակներն էլ շատ ու դրանց մաքրելու համար վատ չէն վարձատրում: Առավոտ շուտ գնում էր, մաքրում ու այդ աշխատանքն ավարտված էր: Միշտ շատ շուտ էր գնում: Աշխատանքն ավարտելուց հետո , երբ տուն էր դառնում, լինում էր, որ հանդիպում էր տնօրենին:Սա էլ ,ասես բարևի տեղ ,սովորություն դարցած բառերն էր ասում.
–Այ Գոհա՛ր ջան, ասել եմ, էսքան շուտ ինչի՞ ես գալիս, գիտեմ, որ կես ժամում էլ գործդ կավարտես, ինչի՞ ես անհանգստանում: Տնաշեն, էս պահակից էլ շուտ ես գալիս,- հետո էլ որպես վերջաբան,-Ինչ ասեմ, մի հարմար գործ լիներ, էդ ավելը թողնեիր: Տեսնենք, տեսնենք, թե տեղ եղավ, առաջինը դու ես:
Սկզբում հավատում էր այդ խոսքերին, հույսով սպասում, իրեն պատկերացնում մեկ այս պաստոնին, մեկ այն… Հետո համակերպվեց այն մտքին, որ այս խոսքերը պարզապես մի բան ասելու համար են, ընդունում էր որպես անհաջող հաճոյախոսություն:
ՀԻմա էլ առանց ինչ- որ սպասելիքի գալիս էր աշխատանքի, ու գալիս էր շուտ, ոչ թե չհասցնելու վախից, այլ վախենում էր, որ այստեղ կհանդիպի իր համակուրսեցիներին ու
… Ու կասի, որ աշխատում է որպես հավաքարար…
Հետո էլ ուրիշ գործ գտավ: Վարսավիրանոցում: Հա, էլի հավաքարար, ուրիշ ի՞նչ: Ծանր չէր աշխատանքը, բայց ամբողջ օրը ստիպված էր այստեղ մնալ: Ազատ ժամանակ շատ էր ունենում և պարապ չմնալու համար գործել սովորեց, վատ չէր, մայր ու տղա գոհ հագնում էին:
Ապրում էին առանց դժգոհելու: Փորձում էր տղային պահել այնպես, որ դրսում չնեղվի, հոր պակասը չզգա: Հազիվ, ծայրը- ծայրին հասցնելով , կարողանում էր տղային պահել, մոռացել էր իրեն, միշտ հերթից դուրս էր : Հիմա էլ ստիպված է այս կրակից դեղնած շորով գնալ: Էհ, գոնե այս աշխատավարձից իրեն հերթ հասներ: Հագավ, կանգնեց հայելու առաջ, վերցրեց շուկայի մեծ ու դատարկ պայուսակը և փորձեց դրանով ծածկել շորի վառված մասը, ստացվեց: Կրծես թե վատ չէր, միայն թե պետք է մի քիչ կուչ եկած քայլի, որ հարմար լինի ծածկելը: Լավ, այդպես էլ կանի:
Էջանիշներ