User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: 7. Սողոմոնյան իմաստնություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    7. Սողոմոնյան իմաստնություն

    7. Սողոմոնյան իմաստնություն

    Երբ նոր էի սկսել գրել իմ բանակային կյանքի յուրօրինակ օրագիրը, նաև այն ժամանակ, երբ դեռ միայն մտածում էի այն գրելու մասին, կարծում էի, թե թեման, որի մասին հիմա պատրաստվում եմ պատմել, շրջանցելու եմ: Թե ինչու՞ էի որոշել շրջանցել, հստակ չգիտեմ: Գուցե պատճառն այն էր, որ ինձ համար տհաճ թեմա է, գուցե պատճառն այն էր, որ կարծում էի, թե ընթերցողիս տհաճ կլինի կարդալ, իսկ գուցե պատճառն այն էր, որ մտածում էի, ի՞նչ մի թեմա է, որ դրա մասին էլ գրեմ, կամ գուցե լրիվ այլ պատճառ էր, կամ էլ այս բոլորն իրար հետ գումարած, չգիտեմ, բայց փաստը, որ հիմա գրում եմ, անհերքելի է:
    Եվ այսպես եկեք միասին բացենք ըստ իս բանակի ամենաանդուր վայրի, այն է զուգարանի դռներն ու տեսնենք, թե այնտեղ ի՞նչ է կատարվում:
    Որքա՜ն, որքա՛ն պատմություններ են կապված զինվորական զուգարանների հետ: Կարծում եմ, որ ամեն մի զինվոր, ամեն մի զինծառայող սրա հետ կապված մի տհաճ պատմություն կհիշի:
    Դեռևս մի քանի տարի առաջ բանակում ամենաստորացուցիչ «աշխատանքը» կապված էր հենց այս վայրի՝ զուգարանի հետ: Խոսքը գնում է այն մասին, որ սպաները զինծառայողներին հարկադրում էին մոռանալով սեփական արժանապատվության մասին, փորձելով թաքցնել իրենց բացահայտ զզվանքը, մաքրել զուգարանները՝ իրենց և իրենց ընկերների ետևից: Այս հարկադրանքին հաջորդում էին զինվորների մեջ թշնամության առաջացումը, միմյանց վրա այդ գործը բարդելու փորձերը, սպաների դեմ ըմբոստացումն ու կալանավորումը, ինքնասպանության կամ սպանության փորձերը... Հարցն այնքան լրջացավ, որ հարկադրված էին ամենավերին մակարդակով հարցի լուծում գտնել, և վերջապես Պաշտպանության նախարարը հրաման ստորագրեց, ըստ որի արգելվում է զինվորին զուգարան մաքրել հանձնարարելը, և այդ գործը դրվեց քաղաքացիական աշխատողների վրա: Այսօր բանակում զինվորների զուգարան մաքրելու փաստն արդեն միայն պատմություն և հիշողություն է, թեև տհաճ, վատ զգացմունքներ արթնացնող հիշողություն: Ասում են, որ մինչև այսօր էլ որոշ զորամասերում որոշ սպաներ փորձում են զինվորներին զուգարանը մաքրել հարկադրել, երբ անձնական թշնամանքից դրդված ուզում են ստորացնել: Այդպե՞ս է, թե՞ ոչ, չգիտեմ: Իմ աչքերով չեմ տեսել, իսկ պատմությունները զորամասից զորամաս թռնում են աղավաղված, փոփոխված:
    Ու թեև այսօր զինվորները զուգարան չեն մաքրում, թեև այսօր նրանք ավելի սարքին վիճակում են, քան մի քանի տարի առաջ, թեև ավելի հաճախակի են մաքրվում և համեմատաբար մաքուր են, միևնույն է, շարունակում են մնալ բավականին տհաճ մի վայր, որի հետ բավական շատ ներքին հարցեր են կապված, կան հաստատված ու կայուն սովորություններ, համոզմունքներ:
    Զինվորական զուգարանում հատակին ընկած իրը չեն վերցնում ոչ միայն զզվելու պատճառով, այլև այն պատճառվ, որ այդ իրը բարձրացողն անմիջապես կմտնի զինվորական հասարակության կողմից «մերժվածների» մեջ: Լավագույն դեպքում նա կպրծնի իր նկատմամբ ծաղրական ու արհամարհական վերաբերմունքով: Թե այս ավանդույթն ինչպես է առաջացել, այդպես էլ հստակ պատասխան չստացա: Հարցուփորձիս արդյունքում լսեցի տարբեր վարկածներ, որոնցից մեկն ավելի հավանական համարեցի ու հակված եմ համարել, որ այդպես էլ եղել է, ու որ այդ ավանդույթը մտցնելը նաև արդարացված է: Պատմում են, որ եղել են դեպքեր, երբ զինծառայողները վերցրել են գետնին ընկած ատամի խոզանակն ու մաքրել ատամները, կամ էլ վերցրել ու շարունակել են օգտագործել հիգիենայի այլ պարագաներ: Պետք է որ համաձայնվեք, որ սա ոչ միայն զզվանք առաջացնող երևույթ է, այլև հակահիգիենիկ, որ սրա արդյունքում կարող են հիվանդություններ առաջանալ, տարածվել և այլն: Չէ որ զինվորական զուգարանը շատ բաներով է տարբերվում սովորականից: Զինվորական հասարակությունում հավաքված են տարբեր խավի, տարբեր սովորությունների տեր, տարբեր կրթության մակարդակի, տարբեր դաստիարակության մարդիկ, որոնցից մեկը թքում է հատակին, մյուսը անմիջապես հատակի վրա իր քիթն է մաքրում, մյուսն ալարում է հասնի զուգարանակոնքին ու իր գործն անում է անմիջապես գետնի վրա, մեկն էլ խմած ժամանակ, չգիտես, թե ինչու՞, որոշում է հենց զուգարանի գետնին սիրտը թափել...
    Որոշ զորամասերում զուգարանները մաքրվում են հազվադեպ և մտնելով այնտեղ տեսնում ես միայն սիրտդ խառնեցնող տեսարան, ու քիչ է մնում, որ դու էլ հենց այդ հատակին հետ տաս, ու քանի դեռ զինվորներին այնպիսի «դաստիարակություն» չի տրվում, որ նաև զուգարանները մաքուր պահեն, համարում եմ որ այս «ավանդույթն» արդարացված է:
    Ի դեպ նույն ավանդույթը վերաբերվում է ոչ միայն անձամբ զուգարանին, այլև լոգարաններին, լվացարաններին: Մտնելով զինվորական բաղնիք, լվացարաններում անպայման կտեսնեք նրանց մեջ ընկած և չվերցված օճառ, ածելի, ատամի խոզանակ, օճառաման կամ այլ հիգիենայի պարագաներ, քանզի լվացարանի մեջ ընկած իրը ոչ միայն ընդունված չէ վերցնել, այլև, այսպես ասած, «արգելված» է...
    Ու այստեղ ես էլի մի պատմություն եմ հիշում և կփորձեմ շատ կարճ պատմել:


    * * *


    Նոր զորամաս տեղափոխվելու երկրորդ օրն էր: Ծանոթ չէի այստեղի զինծառայողներին, չգիտեի տեղի սովորությունները: Գնացել էի լվացվելու և հիացել տիրող մաքրությամբ: Շատ էի լսել, որ սա հատուկ զորամաս է, որ այս զորամասին հետևում են լրիվ ուրիշ մակարդակով, բայց խոստովանում եմ, որ այսպիսի մաքրության (համեմատած հին զորամասիս հետ) չէի սպասում: Առաջին ուրախալի նորությունն այն էր, որ ոտները լվանալու համար առանձին, ցածր, վաննայակերպ լվացարաններ կային, որ այստեղ պարտադրված չէի ոտքերս լվանալ նույն բարձր լվացարանում, որտեղ ձեռքերս էի լվանում: Թևերս քշտեցի, օճառամանս դրեցի լվացարանի վրա, որպեսզի սկսեմ ձեռքերս լվալ: Չիտես թե ինչու ուշադիր ինձ էին հետևում մի քանի զինվորներ: Հետո իմացա որ նորակոչիկներ են: Նրանց ուշադրություն չէի դարձնում: Բանակում անկախ քեզնից սովորում ես ուշադրություն չդարձնել քեզ սևեռված բազմաթիվ հայացքներին: Հանկարծ մի անզգույշ շարժում և ժամացույցիս շղթան պոկվում է: Դանդաղեցրած կադրերով տեսնում եմ թե ինչպես է այն ընկնում: Ակնթարթորեն հիշում եմ, որ մի հրաշալի մարդու նվեր է: Ակնթարթորեն հիշում եմ, որ լվացարանի մեջ ընկածը չեն վերցնում: Ակնթարթորեն մտածում եմ, որ գուցե այս զորամասում այդպես չէ՝ հաշվի առնելով մաքրությունը: Ակնթարթորեն մտածում եմ, որ եթե այնուամենայնիվ այդպես է, ապա չեմ կարողանա ժամացույցս վերցնել: Ակնթարթորեն ուղեղս ձեռքիս հրահանգում է և դանդաղացված կադրերով տեսնում եմ, թե աջ ձեռքս ինչպես եմ առաջ մղում, հասցնում պահել ժամացույցիս տակ ու արդեն արագացված, սովորական կադրերով տեսնում, թե ինչպես է ժամացույցը սայթաքում օճառոտ ձեռքիցս ու ընկնում լվացարանի մեջ...
    Ուզում եմ հետևումս կանգնած զինվորներին հարցնեմ, թե ինչպիսի՞ն են տեղի սովորությունները, բայց աչքերս բարձրացնելով ու նրանց խղճահարված, փոքր-ինչ վախվորած կամ շփոթված հայացքները տեսնելով հասկանում եմ հարցիս պատասխանը՝ առանց հարցնելու: Կռահածս պատասխանը հաստատում է նրանցից մեկի արած արտահայտությունը.
    - Ապե՛ր, ափսո՜ս էր:
    Վայրկենական զայրույթը խուժում է գլուխս: Բարկացած եմ իմ անզգուշության ու ընդունված սովորույթների պատճառով: Մտածում եմ անելիքիս մասին ու վճռում վայրկենական.
    - Ի՞նչն էր ափսոս:
    - Ժամացույցը:
    - Ի՞նչ իմաստով էր ափսոս:
    Զգում եմ, որ լարված մտածում է: Չի հասկանում հարցիս բուն իմաստը: Երևի մտածում է. «Ի՞նչ է ուզում ասի, որ ժամացույցն արժեք չունի՞»: Բայց իմ ասելիքն այլ էր: Վերջապես, մի քանի վայրկյան լռելուց հետո, պատասխանում է.
    - Դե որ կորավ, էդ իմաստով:
    - Այսինքն ո՞նց թե կորավ, հեսա, լվացարանի մեջ է, չի կորել:
    - Հա, բայց հո չե՞ս կարող վերցնել:
    - Ոչ միայն կարող եմ, այլև հիմա վերցնելու եմ:
    - Ապե՛ր, ի՞նչ ես ասում, ախր լվացարանի մեջ ա ընկել, ո՞նց կարող ես վերցնել:
    - Շատ հանգիստ, մենակ թե սպասիր ձեռքերս լվանամ:
    Տեսնում եմ, որ զինվորներից մեկն արագ դուրս է գալիս լվացվելու սենյակից: Հասկանում եմ, որ գնացել է հեղինակավոր զինվորներին կանչելու, այդ ընթացքում ներկաները շարունակում են ինձ հարցաքննել.
    - Ապեր, դու զինվորական սովորություններից ծանո՞թ ես:
    - Հա՛, ծանոթ եմ, ինչի՞ ես հարցնում:
    - Բա ո՞նց ես վերցնելու:
    Պատասխանելու կարիք չի լինում, որտև սպասածիս համաձայն ներս են մտնում երեք զինվոր, որոնց շարժուձևից, պահվածքից հասկանում եմ, որ այստեղի հեղինակավորներից են: Ասենք երկուսին անմիջապես ճանաչեցի, նախորդ օրվա խոսակցությանը եղել էին՝ Շավոն ու Քլունգը: Երրորդը մինչև այսօր էլ չգիտեմ, թե ո՞վ էր, դեմքը չեմ հիշում, որ այսօր, երբ արդեն բոլորին ճանաչում եմ, իմանամ թե ում հետ էի խոսում: Չեմ հիշում նաև, թե կոնկրետ ովքեր էին նորակոչիկները, ովքեր ականատես էին եղել ժամացույցս գցելուն, նրանց միայն թախծոտ, փոքր-ինչ անհանգստացած ու փոքր-ինչ վախվորած աչքերն եմ հիշում, որոնցով բանակում մարդկանց չես կարող ճանաչել, քանի որ շատերի աչքերն է այդպիսին: Ինչ որ է, խոսեց Շավոն.
    - Էդ ու՞մ ժամացույցն է ընկել:
    Փաստորեն չէի սխալվել, թե ինչու էր այն մի զինվորը դուրս փախել:
    - Ես եմ գցել:
    - Բա ասում են, ուզու՞ մ ես վերցնես:
    Դե իհարկե չէի սխալվել, բայց այս վայրկյանների մեջ ինչպես էր հասցրել հերիք չէ նրանց գտնել, դեռ ամեն ինչ էլ պատմել:
    - Գիտե՞ս ոնց, «ուզել»-ն ըստ էության նշանակում է մտածել, տարակուսել վերցնե՞լ, թե՞ չվերցնել: Իսկ ես չեմ տարակուսում, ես վերցնելու եմ:
    Ես երևի թե ժամանակը դիտմամբ էի ձգում, որպեսզի անելիքս որոշեմ, իսկ Քլունգն այդ պահին ինձ է տալիս ճիշտ նույն հարցը, որն ինձ քիչ առաջ տվեցին ու որին ես ճիշտ նույն կերպ պետք է պատասխանեմ ու նա նույն կերպ շարունակելու է.
    - Ապեր, դու զինվորական սովորություններից ծանո՞թ ես:
    - Հա՛, ծանոթ եմ, ինչի՞ ես հարցնում:
    - Բա ո՞նց ես վերցնելու:
    Ես արդեն պատրաստ էի այս հարցին: Այն ինձ համար արդեն անսպասելի չէր...
    - Կան բաներ, որոնք այնքան թանգ ու հարազատ են ինձ համար, որ դրանց առջև ես պատրաստ եմ մոռանալ, որ զինվորական ծառայության մեջ եմ ու որ այստեղ որոշակի սովորություններ կան, որոնց «պետք է» ենթարկվել: Կարծում եմ, որ ձեզնից ամեն մեկի համար պետք է լինեն այդպիսի թանկ բաներ....
    - Ի՞նչ... – սա Շավոյի զայրացած ձայն է:
    - Ավելի կոնկրետ ասա, - սա Քլունգի հանդարտ, մարդամոտ և դիմացինին հասկանալ փորձող ձայնն է:
    - Իմ համար շատ հարազատ ու մի հիասքանչ մարդու նվեր է, որը ես պատրաստ չեմ այստեղ կորցնել: Անշուշտ պետք է ավելի ուշադիր ու խնամքով լինեի, բայց եղածն եղած է ու նրանից չեմ կարող հրաժարվել:
    - ԼՎԱՑԱՐԱՆԻ ՄԵՋ Ա ԸՆԿԵԼ, - սա էլի Շավոյի զայրացած, արդեն իրեն կորցրած ձայն է:
    - Սպասիր, - սա էլի Քլունգի հանդարտ ձայնն է, ու սաստում է Շավոյին: - Ըստ էության ինքը ճիշտ է ասում: Համ էլ, որ խորը մտածենք, էս լվացարաններն այդքան էլ կեղտոտ չեն: Սրանցում ո՛չ ոտ են լվանում, ո՛չ էլ ուրիշ շատ կեղտոտ բան: Հավաքարարներն էլ ամեն օր քլորով ու օճառով պլպլացնում են: Ընկածն էլ ինչ-որ անկապ բան չի, իրա համար մեծ նշանակություն ունի: Հիմա մարդն անզգույշ ա եղել, ընկել ա: Պատկերացրու քո հարյուր դոլլարանոց ոսկե շղթան ընկներ, ի՞նչ էիր անելու...
    - Հա՛, բայց...
    - Դե էլ ի՞նչ բայց, վերցրու ապե՛ր, վերցրու, բայց մյուս անգամները զգույշ եղիր, ամեն դեպքում բանակում որոշակի սովորություններ կան...
    Նրանք այնքան էին տարված հարցի քննարկմամբ, որ չէին նկատել, որ ես արդեն վաղուց վերցրել էի ժամացույցը...
    Բայց էլի շեղվեցի բուն թեմայից: Սա արդեն մոտս սովորություն է դառնում: Վերադառնամ պատմությանս:





    * * *
    Զուգարանի հաջորդ «ավանդույթ» դարձած սովորությունը վերաբերվում է ջուրը քաշելու պրոցեսին: Իսկ ավելի ճիշտ այս պրոցեսին են վերաբերվում մի քանի իրար փոխլրացնող սովորություններ: Առաջին դա վերաբերվում է կոնկրետ «ունիտազի» համբավին, այսինքն, եթե շատ կոպիտ ասենք, որ այն համարվում է «ոչ մաքուր», ապա այդ «ունիտազի» ջուրը քաշելը համարվում է նվաստատուցիչ: Եվ սրա հետ կապված մի փոքրիկ սովորություն կա, որ եթե տվյալ զուգարանին անծանոթ զինվորը պետք է օգտվի նրանից, ապա «հին», այսինքն այդ զուգարանին ծանոթ զինվորներին հարցնում է.
    - Այստեղ ջուրը քաշու՞մ են:
    Եթե մոտակայքում զինվոր չգտնի, ապա համենայն դեպս, անվտանգության համար, առանց քաշելու դուրս կգա: Ու հենց նմանատիպ դեպքերի համար էլ գործում է հստակ գործող հաջորդ սովորությունը:


    շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.07.2009, 12:56: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (29.08.2013), armen9494 (06.09.2011), Enigmatic (13.07.2009), erewanski (13.08.2009), Rammstein (11.12.2010), Արևածագ (09.11.2010), Լեո (01.07.2009), Լուսաբեր (11.07.2011), Նաիրուհի (15.12.2009), Ֆոտոն (25.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •