User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: 7. Սողոմոնյան իմաստնություն

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    7. Սողոմոնյան իմաստնություն

    7. Սողոմոնյան իմաստնություն

    Երբ նոր էի սկսել գրել իմ բանակային կյանքի յուրօրինակ օրագիրը, նաև այն ժամանակ, երբ դեռ միայն մտածում էի այն գրելու մասին, կարծում էի, թե թեման, որի մասին հիմա պատրաստվում եմ պատմել, շրջանցելու եմ: Թե ինչու՞ էի որոշել շրջանցել, հստակ չգիտեմ: Գուցե պատճառն այն էր, որ ինձ համար տհաճ թեմա է, գուցե պատճառն այն էր, որ կարծում էի, թե ընթերցողիս տհաճ կլինի կարդալ, իսկ գուցե պատճառն այն էր, որ մտածում էի, ի՞նչ մի թեմա է, որ դրա մասին էլ գրեմ, կամ գուցե լրիվ այլ պատճառ էր, կամ էլ այս բոլորն իրար հետ գումարած, չգիտեմ, բայց փաստը, որ հիմա գրում եմ, անհերքելի է:
    Եվ այսպես եկեք միասին բացենք ըստ իս բանակի ամենաանդուր վայրի, այն է զուգարանի դռներն ու տեսնենք, թե այնտեղ ի՞նչ է կատարվում:
    Որքա՜ն, որքա՛ն պատմություններ են կապված զինվորական զուգարանների հետ: Կարծում եմ, որ ամեն մի զինվոր, ամեն մի զինծառայող սրա հետ կապված մի տհաճ պատմություն կհիշի:
    Դեռևս մի քանի տարի առաջ բանակում ամենաստորացուցիչ «աշխատանքը» կապված էր հենց այս վայրի՝ զուգարանի հետ: Խոսքը գնում է այն մասին, որ սպաները զինծառայողներին հարկադրում էին մոռանալով սեփական արժանապատվության մասին, փորձելով թաքցնել իրենց բացահայտ զզվանքը, մաքրել զուգարանները՝ իրենց և իրենց ընկերների ետևից: Այս հարկադրանքին հաջորդում էին զինվորների մեջ թշնամության առաջացումը, միմյանց վրա այդ գործը բարդելու փորձերը, սպաների դեմ ըմբոստացումն ու կալանավորումը, ինքնասպանության կամ սպանության փորձերը... Հարցն այնքան լրջացավ, որ հարկադրված էին ամենավերին մակարդակով հարցի լուծում գտնել, և վերջապես Պաշտպանության նախարարը հրաման ստորագրեց, ըստ որի արգելվում է զինվորին զուգարան մաքրել հանձնարարելը, և այդ գործը դրվեց քաղաքացիական աշխատողների վրա: Այսօր բանակում զինվորների զուգարան մաքրելու փաստն արդեն միայն պատմություն և հիշողություն է, թեև տհաճ, վատ զգացմունքներ արթնացնող հիշողություն: Ասում են, որ մինչև այսօր էլ որոշ զորամասերում որոշ սպաներ փորձում են զինվորներին զուգարանը մաքրել հարկադրել, երբ անձնական թշնամանքից դրդված ուզում են ստորացնել: Այդպե՞ս է, թե՞ ոչ, չգիտեմ: Իմ աչքերով չեմ տեսել, իսկ պատմությունները զորամասից զորամաս թռնում են աղավաղված, փոփոխված:
    Ու թեև այսօր զինվորները զուգարան չեն մաքրում, թեև այսօր նրանք ավելի սարքին վիճակում են, քան մի քանի տարի առաջ, թեև ավելի հաճախակի են մաքրվում և համեմատաբար մաքուր են, միևնույն է, շարունակում են մնալ բավականին տհաճ մի վայր, որի հետ բավական շատ ներքին հարցեր են կապված, կան հաստատված ու կայուն սովորություններ, համոզմունքներ:
    Զինվորական զուգարանում հատակին ընկած իրը չեն վերցնում ոչ միայն զզվելու պատճառով, այլև այն պատճառվ, որ այդ իրը բարձրացողն անմիջապես կմտնի զինվորական հասարակության կողմից «մերժվածների» մեջ: Լավագույն դեպքում նա կպրծնի իր նկատմամբ ծաղրական ու արհամարհական վերաբերմունքով: Թե այս ավանդույթն ինչպես է առաջացել, այդպես էլ հստակ պատասխան չստացա: Հարցուփորձիս արդյունքում լսեցի տարբեր վարկածներ, որոնցից մեկն ավելի հավանական համարեցի ու հակված եմ համարել, որ այդպես էլ եղել է, ու որ այդ ավանդույթը մտցնելը նաև արդարացված է: Պատմում են, որ եղել են դեպքեր, երբ զինծառայողները վերցրել են գետնին ընկած ատամի խոզանակն ու մաքրել ատամները, կամ էլ վերցրել ու շարունակել են օգտագործել հիգիենայի այլ պարագաներ: Պետք է որ համաձայնվեք, որ սա ոչ միայն զզվանք առաջացնող երևույթ է, այլև հակահիգիենիկ, որ սրա արդյունքում կարող են հիվանդություններ առաջանալ, տարածվել և այլն: Չէ որ զինվորական զուգարանը շատ բաներով է տարբերվում սովորականից: Զինվորական հասարակությունում հավաքված են տարբեր խավի, տարբեր սովորությունների տեր, տարբեր կրթության մակարդակի, տարբեր դաստիարակության մարդիկ, որոնցից մեկը թքում է հատակին, մյուսը անմիջապես հատակի վրա իր քիթն է մաքրում, մյուսն ալարում է հասնի զուգարանակոնքին ու իր գործն անում է անմիջապես գետնի վրա, մեկն էլ խմած ժամանակ, չգիտես, թե ինչու՞, որոշում է հենց զուգարանի գետնին սիրտը թափել...
    Որոշ զորամասերում զուգարանները մաքրվում են հազվադեպ և մտնելով այնտեղ տեսնում ես միայն սիրտդ խառնեցնող տեսարան, ու քիչ է մնում, որ դու էլ հենց այդ հատակին հետ տաս, ու քանի դեռ զինվորներին այնպիսի «դաստիարակություն» չի տրվում, որ նաև զուգարանները մաքուր պահեն, համարում եմ որ այս «ավանդույթն» արդարացված է:
    Ի դեպ նույն ավանդույթը վերաբերվում է ոչ միայն անձամբ զուգարանին, այլև լոգարաններին, լվացարաններին: Մտնելով զինվորական բաղնիք, լվացարաններում անպայման կտեսնեք նրանց մեջ ընկած և չվերցված օճառ, ածելի, ատամի խոզանակ, օճառաման կամ այլ հիգիենայի պարագաներ, քանզի լվացարանի մեջ ընկած իրը ոչ միայն ընդունված չէ վերցնել, այլև, այսպես ասած, «արգելված» է...
    Ու այստեղ ես էլի մի պատմություն եմ հիշում և կփորձեմ շատ կարճ պատմել:


    * * *


    Նոր զորամաս տեղափոխվելու երկրորդ օրն էր: Ծանոթ չէի այստեղի զինծառայողներին, չգիտեի տեղի սովորությունները: Գնացել էի լվացվելու և հիացել տիրող մաքրությամբ: Շատ էի լսել, որ սա հատուկ զորամաս է, որ այս զորամասին հետևում են լրիվ ուրիշ մակարդակով, բայց խոստովանում եմ, որ այսպիսի մաքրության (համեմատած հին զորամասիս հետ) չէի սպասում: Առաջին ուրախալի նորությունն այն էր, որ ոտները լվանալու համար առանձին, ցածր, վաննայակերպ լվացարաններ կային, որ այստեղ պարտադրված չէի ոտքերս լվանալ նույն բարձր լվացարանում, որտեղ ձեռքերս էի լվանում: Թևերս քշտեցի, օճառամանս դրեցի լվացարանի վրա, որպեսզի սկսեմ ձեռքերս լվալ: Չիտես թե ինչու ուշադիր ինձ էին հետևում մի քանի զինվորներ: Հետո իմացա որ նորակոչիկներ են: Նրանց ուշադրություն չէի դարձնում: Բանակում անկախ քեզնից սովորում ես ուշադրություն չդարձնել քեզ սևեռված բազմաթիվ հայացքներին: Հանկարծ մի անզգույշ շարժում և ժամացույցիս շղթան պոկվում է: Դանդաղեցրած կադրերով տեսնում եմ թե ինչպես է այն ընկնում: Ակնթարթորեն հիշում եմ, որ մի հրաշալի մարդու նվեր է: Ակնթարթորեն հիշում եմ, որ լվացարանի մեջ ընկածը չեն վերցնում: Ակնթարթորեն մտածում եմ, որ գուցե այս զորամասում այդպես չէ՝ հաշվի առնելով մաքրությունը: Ակնթարթորեն մտածում եմ, որ եթե այնուամենայնիվ այդպես է, ապա չեմ կարողանա ժամացույցս վերցնել: Ակնթարթորեն ուղեղս ձեռքիս հրահանգում է և դանդաղացված կադրերով տեսնում եմ, թե աջ ձեռքս ինչպես եմ առաջ մղում, հասցնում պահել ժամացույցիս տակ ու արդեն արագացված, սովորական կադրերով տեսնում, թե ինչպես է ժամացույցը սայթաքում օճառոտ ձեռքիցս ու ընկնում լվացարանի մեջ...
    Ուզում եմ հետևումս կանգնած զինվորներին հարցնեմ, թե ինչպիսի՞ն են տեղի սովորությունները, բայց աչքերս բարձրացնելով ու նրանց խղճահարված, փոքր-ինչ վախվորած կամ շփոթված հայացքները տեսնելով հասկանում եմ հարցիս պատասխանը՝ առանց հարցնելու: Կռահածս պատասխանը հաստատում է նրանցից մեկի արած արտահայտությունը.
    - Ապե՛ր, ափսո՜ս էր:
    Վայրկենական զայրույթը խուժում է գլուխս: Բարկացած եմ իմ անզգուշության ու ընդունված սովորույթների պատճառով: Մտածում եմ անելիքիս մասին ու վճռում վայրկենական.
    - Ի՞նչն էր ափսոս:
    - Ժամացույցը:
    - Ի՞նչ իմաստով էր ափսոս:
    Զգում եմ, որ լարված մտածում է: Չի հասկանում հարցիս բուն իմաստը: Երևի մտածում է. «Ի՞նչ է ուզում ասի, որ ժամացույցն արժեք չունի՞»: Բայց իմ ասելիքն այլ էր: Վերջապես, մի քանի վայրկյան լռելուց հետո, պատասխանում է.
    - Դե որ կորավ, էդ իմաստով:
    - Այսինքն ո՞նց թե կորավ, հեսա, լվացարանի մեջ է, չի կորել:
    - Հա, բայց հո չե՞ս կարող վերցնել:
    - Ոչ միայն կարող եմ, այլև հիմա վերցնելու եմ:
    - Ապե՛ր, ի՞նչ ես ասում, ախր լվացարանի մեջ ա ընկել, ո՞նց կարող ես վերցնել:
    - Շատ հանգիստ, մենակ թե սպասիր ձեռքերս լվանամ:
    Տեսնում եմ, որ զինվորներից մեկն արագ դուրս է գալիս լվացվելու սենյակից: Հասկանում եմ, որ գնացել է հեղինակավոր զինվորներին կանչելու, այդ ընթացքում ներկաները շարունակում են ինձ հարցաքննել.
    - Ապեր, դու զինվորական սովորություններից ծանո՞թ ես:
    - Հա՛, ծանոթ եմ, ինչի՞ ես հարցնում:
    - Բա ո՞նց ես վերցնելու:
    Պատասխանելու կարիք չի լինում, որտև սպասածիս համաձայն ներս են մտնում երեք զինվոր, որոնց շարժուձևից, պահվածքից հասկանում եմ, որ այստեղի հեղինակավորներից են: Ասենք երկուսին անմիջապես ճանաչեցի, նախորդ օրվա խոսակցությանը եղել էին՝ Շավոն ու Քլունգը: Երրորդը մինչև այսօր էլ չգիտեմ, թե ո՞վ էր, դեմքը չեմ հիշում, որ այսօր, երբ արդեն բոլորին ճանաչում եմ, իմանամ թե ում հետ էի խոսում: Չեմ հիշում նաև, թե կոնկրետ ովքեր էին նորակոչիկները, ովքեր ականատես էին եղել ժամացույցս գցելուն, նրանց միայն թախծոտ, փոքր-ինչ անհանգստացած ու փոքր-ինչ վախվորած աչքերն եմ հիշում, որոնցով բանակում մարդկանց չես կարող ճանաչել, քանի որ շատերի աչքերն է այդպիսին: Ինչ որ է, խոսեց Շավոն.
    - Էդ ու՞մ ժամացույցն է ընկել:
    Փաստորեն չէի սխալվել, թե ինչու էր այն մի զինվորը դուրս փախել:
    - Ես եմ գցել:
    - Բա ասում են, ուզու՞ մ ես վերցնես:
    Դե իհարկե չէի սխալվել, բայց այս վայրկյանների մեջ ինչպես էր հասցրել հերիք չէ նրանց գտնել, դեռ ամեն ինչ էլ պատմել:
    - Գիտե՞ս ոնց, «ուզել»-ն ըստ էության նշանակում է մտածել, տարակուսել վերցնե՞լ, թե՞ չվերցնել: Իսկ ես չեմ տարակուսում, ես վերցնելու եմ:
    Ես երևի թե ժամանակը դիտմամբ էի ձգում, որպեսզի անելիքս որոշեմ, իսկ Քլունգն այդ պահին ինձ է տալիս ճիշտ նույն հարցը, որն ինձ քիչ առաջ տվեցին ու որին ես ճիշտ նույն կերպ պետք է պատասխանեմ ու նա նույն կերպ շարունակելու է.
    - Ապեր, դու զինվորական սովորություններից ծանո՞թ ես:
    - Հա՛, ծանոթ եմ, ինչի՞ ես հարցնում:
    - Բա ո՞նց ես վերցնելու:
    Ես արդեն պատրաստ էի այս հարցին: Այն ինձ համար արդեն անսպասելի չէր...
    - Կան բաներ, որոնք այնքան թանգ ու հարազատ են ինձ համար, որ դրանց առջև ես պատրաստ եմ մոռանալ, որ զինվորական ծառայության մեջ եմ ու որ այստեղ որոշակի սովորություններ կան, որոնց «պետք է» ենթարկվել: Կարծում եմ, որ ձեզնից ամեն մեկի համար պետք է լինեն այդպիսի թանկ բաներ....
    - Ի՞նչ... – սա Շավոյի զայրացած ձայն է:
    - Ավելի կոնկրետ ասա, - սա Քլունգի հանդարտ, մարդամոտ և դիմացինին հասկանալ փորձող ձայնն է:
    - Իմ համար շատ հարազատ ու մի հիասքանչ մարդու նվեր է, որը ես պատրաստ չեմ այստեղ կորցնել: Անշուշտ պետք է ավելի ուշադիր ու խնամքով լինեի, բայց եղածն եղած է ու նրանից չեմ կարող հրաժարվել:
    - ԼՎԱՑԱՐԱՆԻ ՄԵՋ Ա ԸՆԿԵԼ, - սա էլի Շավոյի զայրացած, արդեն իրեն կորցրած ձայն է:
    - Սպասիր, - սա էլի Քլունգի հանդարտ ձայնն է, ու սաստում է Շավոյին: - Ըստ էության ինքը ճիշտ է ասում: Համ էլ, որ խորը մտածենք, էս լվացարաններն այդքան էլ կեղտոտ չեն: Սրանցում ո՛չ ոտ են լվանում, ո՛չ էլ ուրիշ շատ կեղտոտ բան: Հավաքարարներն էլ ամեն օր քլորով ու օճառով պլպլացնում են: Ընկածն էլ ինչ-որ անկապ բան չի, իրա համար մեծ նշանակություն ունի: Հիմա մարդն անզգույշ ա եղել, ընկել ա: Պատկերացրու քո հարյուր դոլլարանոց ոսկե շղթան ընկներ, ի՞նչ էիր անելու...
    - Հա՛, բայց...
    - Դե էլ ի՞նչ բայց, վերցրու ապե՛ր, վերցրու, բայց մյուս անգամները զգույշ եղիր, ամեն դեպքում բանակում որոշակի սովորություններ կան...
    Նրանք այնքան էին տարված հարցի քննարկմամբ, որ չէին նկատել, որ ես արդեն վաղուց վերցրել էի ժամացույցը...
    Բայց էլի շեղվեցի բուն թեմայից: Սա արդեն մոտս սովորություն է դառնում: Վերադառնամ պատմությանս:





    * * *
    Զուգարանի հաջորդ «ավանդույթ» դարձած սովորությունը վերաբերվում է ջուրը քաշելու պրոցեսին: Իսկ ավելի ճիշտ այս պրոցեսին են վերաբերվում մի քանի իրար փոխլրացնող սովորություններ: Առաջին դա վերաբերվում է կոնկրետ «ունիտազի» համբավին, այսինքն, եթե շատ կոպիտ ասենք, որ այն համարվում է «ոչ մաքուր», ապա այդ «ունիտազի» ջուրը քաշելը համարվում է նվաստատուցիչ: Եվ սրա հետ կապված մի փոքրիկ սովորություն կա, որ եթե տվյալ զուգարանին անծանոթ զինվորը պետք է օգտվի նրանից, ապա «հին», այսինքն այդ զուգարանին ծանոթ զինվորներին հարցնում է.
    - Այստեղ ջուրը քաշու՞մ են:
    Եթե մոտակայքում զինվոր չգտնի, ապա համենայն դեպս, անվտանգության համար, առանց քաշելու դուրս կգա: Ու հենց նմանատիպ դեպքերի համար էլ գործում է հստակ գործող հաջորդ սովորությունը:


    շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.07.2009, 12:56: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (29.08.2013), armen9494 (06.09.2011), Enigmatic (13.07.2009), erewanski (13.08.2009), Rammstein (11.12.2010), Արևածագ (09.11.2010), Լեո (01.07.2009), Լուսաբեր (11.07.2011), Նաիրուհի (15.12.2009), Ֆոտոն (25.07.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    շարունակություն...

    Բանն այն է, որ եթե զուգարանից քեզնից առաջ օգտվողը ջուրը չի քաշել, ապա ջուրը չպետք է քաշես և դու՝ անկախ տվյալ ունիտազի ունեցած «վարկանիշից»: Հո ուրիշի կեղտոտածը դու չե՞ս մաքրելու: Անշուշտ զզվելի է պպզել ուրիշ արած կեղտի վրա, քաշել դրանից եկող տհաճ հոտը, բայց այստեղ՝ բանակում, դա այնքան պատվազրկող չէ, որքան ուրիշի կեղտոտածը մաքրելը, իսկ ուրիշի հետևից ջուրը քաշելն ասոցացվում է հենց դրա հետ: Ուրիշ հարց, որ եթե գտնես այդ ջուրը չքաշողին մի քանի քաղցր խոսք կասես, գուցե խոսքից գործողության անցնես, բայց քանի դեռ չես գտել, հարկադրված ես պպզել նրա կեղտի վրա ու ավելացնել այնտեղ եղած կեղտաքանակը: Քո վեր կենալուց հետո էլ ջուրը չես քաշի, որովհետև չես կարող դա այնպես անի, որ ջրի հոսքը տանի միայն քո բաժին կեղտը, ինքնաբերաբար կգնա նաև նախորդիդ թողած պաշարն ու փաստորեն կստացվի, որ դու մաքրեցիր նրա կեղտը: Այնպես որ տարօրինակ չէ, որ հաճախ, մինչև քաղաքացիական հավաքարարների մաքրելը այդ պպզովի ունիտազերում կեղտի բուրգեր են գոյանում և զուգարանում տիրում է նորին մեծություն շան հոտը:
    Ի՞նչ անեմ, երբ սկսել էի պատմել այս պատմությունը (ասենք դեռ բուն պատմությանը չեմ էլ հասել) մի քանի ակնարկով հասկացրել էի, որ տհաճ թեմա է լինելու, այնպես որ ինձ չմեղադրեք զզվելի բաներ գրելու համար, կարող էիք պարզապես չկարդալ:
    Իսկ հիմա մի քանի բառ այսպես կոչված «պպզովի» ունիտազների մասին: Ուղղակի հրաշալի է, որ բանակում ունիտազներն այդպիսին են, այլ ոչ թե «նստովի», հակառակ դեպքում, մի կողմ դնելով մնացած բոլոր հարցերը, պետք է հայտնեմ իմ համոզմունքը, որ կունենայինք մի խայտառակ իրավիճակ: Կրկին պատկերացնում ենք զինվորական բազմազան հասարակությունը ու պատկերացնում, թե այդ հասարակության անհատներից քանիսը չեն կարողանա այդ ունիտազներից ճիշտ օգտվել: Մեկը, ներեցեք իհարկե, կմիզի նստատեղի վրա, մյուսը միայն իրեն է հայտնի, թե ինչ կանի, արդյունքում սկսած հասարակ զզվանքից, վերջացրած հիգիենայի մասին իրական պատկերացումներով զինծառայողը չի կարողանա նրա վրա նստել գործ անելու համար: Ու հենց այստեղից էլ, վերջապես, սկսում եմ այն պատմությունը, որը նախապես մտադրվել էի պատմել:


    * * *
    Բարեքախտությու՞ն է, թե՞ ոչ, որ ընկել եմ այս զորամաս, հստակ չգիտեմ, գիտեմ որ այս զորամասը շատ հարցերով համարվում է փորձնական և նաև ցուցադրական: Մասնավորապես այս զորամաս են բերում արտասահմանյան պատվավոր հյուրերին՝ հայոց պաշտպանական բանակի «ապրելակերպին» ծանոթացնելու համար: Բայց այս պահին մոռանանք ցուցադրական պահը և խոսենք փորձնականից, ավելի կոնկրետ մի փորձից, ասենք որն, ըստ էության, նաև ցուցադրական է:
    Այս զորամասում զինծառայողների համար նախատեսված երկու զուգարան կա՝ մեկն ավանդական «պպզովի», մյուսը ոչ ավանդական, փորձնական, «նստովի» ունիտազներով:
    Փորձելով համեմատել երկու զուգարանների մաքրությունները, տեսնում ենք, որ փորձնական իր մաքրության աստիճանով մի քանի անգամ գերազանցում է ավանդակին: Սա անշուշտ հիացնում է սպաներին և փորձը դնողներին, բայց արդյո՞ք նրանց հայտնի է այդ մաքրության իրական պատճառը:
    Իսկ իրականությունն այն է, որ հեղինակավոր զինվորները գիտակցելով այն ամենը ինչ վերևում շարադրել էի, մյուս բոլոր զինծառայողներին արգելել են օգտվել «ժամանակակից» «փորձնական» «նստովի» ունիտազներով զուգարանից: Արդյունքում ստացվել է, որ զինվորներն ունեն միայն մեկ՝ ավանդական զուգարան, իսկ նորը՝ «փորձնական» միշտ մաքուր:
    Բայց փորձ դնողները երևի թե համարեցին, որ փորձն առավել քան հաջողված է, քանի որ մեկ երջանիկ օր տեսանք, թե ինչպես բանվորները գործիքները ձեռքներին եկան, փակեցին «ավանդական» զուգարանն ու սկսեցին քանդել: Երկար տարակուսելու կարիք չեղավ: Ամբողջ զորամասում կայծակնային արագությամբ տարածվեց այն լուրը, որ «ավանդական» զուգարանը ևս ցանկանում են փոխարինել «ժամանակիցով», որ այդ զուգարանում դնելու են «նստովի» ունիտազներ:
    Այս հարցի մասին ես ինքս երկար մտածել չհասցրի, քանզի ինձ շուրջօրյա ազատ արձակում էին հատկացրել և ես շտապեցի տուն՝ հարազատներիս ու ընկերներիս տեսնելու:
    Զորամաս վերադարձա հաջորդ օրն երեկոյան՝ համաձայն հրահանգի, լրիվ մոռացած զորամասի վերջին՝ զուգարանային նորության մասին: Օրը կիրակի էր, հանգստյան օր և զորամասում էին, բնականաբար, միայն վերակարգի սպաները ու զինծառայողները: Բոլորն այլայլված էին, իրար խառնված:
    Փորձնական զուգարանն ապականված էր: Զինվորները փայլել էին իրենց հնարամտությամբ: Ամեն մեկը մի հնար մտածել էր, թե ինչպե՞ս անի, որ հա՛մ բավարարի իր բնական պահանջները, համ էլ չնստի պոտենցիալ վտանգավոր և պոտենցիալ զզվելի այդ անիծված «նստովի» ունիտազի վրա: Ասում էին, որ նույնիսկ այնպիսի հնարամիտներ էին եղել, որ հաջողացրել էին «նստովի» ունիտազից օգտվել «ավանդական» եղանակով. պպզել էին այպես կոչված «նստաշրջանի» վրա ու արել իրենց սև, կամ ավելի ճիշտ մուգ շագանակագույն գործը:
    Մի խոսքով զուգարանն ապականված էր բառիս բուն իմաստով, այն աստիճան, որ դրանում զինվորներն էլ չէին կարող բավարարել իրենց բնական պահանջները: Բայց նույնիսկ այս դեպքում զինվորները կարողացել էին աչքի ընկնել իրենց վառ հնարամտությամբ ու ճարպկությամբ ու չգիտես թե ոնց, հաջողացրել էին մտնել սպաների զուգարաններից մեկը: Այստեղ ունիտազները թեև «պպզովի» են, բայց ընդամենը երկու հատ են, և քանի որ եղել էին մարդիկ ովքեր ջուրը չէին քաշել, կամ գուցե քաշել էին, բայց ջրի հոսքի թափը չէր բավականացրել կեղտը տանելու համար և, հետևաբար, հաջորդ բոլոր նստողները ևս ջուրը չէին քաշել, այնպես էէ բառիս բուն իմաստով ապականված էր նաև սպաների զուգարանը:
    Մի խոսքով զորամասում սոդոմ-գոմոր էր: Բոլորը խառնված էին, բոլորը սպասում էին գումարտակի հրամանատարի հաջորդ օրը զորամաս գալու, հույսով, որ վերջինս այս ամենը տեսնելով կկարգադրի վերաբացել «ավանդական» զուգարանը, քանի որ վերջապես կտեսնի, որ «մոդեռն» զուգարանը զորամասի համար չի:
    Այդ ընթացքում միակ զինվորը, ով կարող էր հանգիստ բավարարել իր բնական ցանկությունները, ես էի, որովհետև բախտի բերմամբ ունեի մյուս սպայական զուգարանի բանալին (ի դեպ այդ օրը վերջապաս հասկացա, որ թերևս ճիշտ են անում, որ զուգարանը կողպում են) և կարող էի հանգիստ օգտվել նրանից, ինչն էլ արեցի: Իհարկե այստեղ ևս ամեն ինչ հարթ չընթացավ, քանի որ երկու զինվոր կռահելով որ այդ զուգարանի դուռը բացվել է, շտապեցին այնտեղ: Խնդրեցին որ թույլատրեմ ներս մտնել:
    - Խնդիր չկա, - պատասխանեցի, - բայց, տղե՛րք, մաքուր կպահեք:
    Ինձ տվեցին ավանդական հարցը, որին, ճիշտն ասած, սպասում էի.
    - Իսկ այստեղ ջուրը քաշու՞մ են:
    - Ե՛ս քաշում եմ, ու դու՛ք էլ կքաշեք:
    - Ընկե՛ր, բայց կարող ա ստեղ...
    - Կարողա-մարողա չկա, ես ձեզ պայմանն ասեցի:
    Տղերքը հասկացան պայմանը և ներս մտան, նրանցից մեկը մյուսին ձայնեց.
    - Հա, ոնց որ մաքուր ա, կարող ենք հանգիստ քաշել:
    Իրենց կարիքները բավարարելուց հետո ջուրը քաշելով գնացին: Բայց իրականությունից չշեղվելու համար պետք է ասեմ, որ նրանցից մեկի ջուրը քաշելու հետևանքով կեղտն ամբողջովին չէր գնացել և նա, ազնվորեն, հինգ րոպե սպասեց՝ ամեն անգամ ջրի տարան ջրով լցնելու ժամանակ ջուրը քաշելով, մինչև որ զուգարանը վերադարձավ իր նախնական մաքրությանը:
    Ինչևէ, այսպես գլորվում էր կիրակի օրը և շուտով գիշեր էր ու բոլոր պառկեցին հանգստանալու՝ անհամբեր սպասելով գումարտակի հրամանատարին:
    Լույսը բացվեց արդեն երկուշաբթի օրը: Լույսը բացվելուց քիչ անց եկավ գումարտակի հրամանատարը, որն, ինչպես և պետք էր սպասել, սաստիկ զայրացավ կատարվածը տեսնելով: Ինչպես և սպասում էին բոլորը, նա արագորեն գտավ հարցի լուծումը: Ինչպես և սպասում էին բոլորը, նա անմիջապես հասկացավ, որ «ժամանակակից» «նստովի» ունիտազներով զուգարանը զինվորների համար չէ և առանց հապաղելու տվեց խիստ սպասված հրամանը.
    - Կողպե՛լ զուգարանը: Սրանից հետո զուգարանի երես չեք տեսնի: Որտեղ ուզում եք, բավարարեք ձեր կարիքները: Ուզում եք, կարող եք ճաշարանում անել ձեր գործը, հետո նստեք կողքը հաց ուտեք, եթե ձեր շնորհք էդ ա: Բացի դրանից բոլոր զինվորները երեք շաբաթ ժամկետով զրկվում են ազատ արձակումներից:
    Ահա այսպես, շատ արագ ու իմաստուն կերպով որոշվեց բոլորին այնքան հուզող ու տանջող հարցը, միայն հասկանալի չէր, որ եթե զինվորներին արգելվելու էր զուգարանից օգտվել, ապա բանվորներն ինչու՞ էին շարունակում «մոդեռնացնել» «ավանդական» զուգարանը: Որ կողպեն ու թթու դնե՞ն...

    04.04.2007-06.04.2007
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.07.2009, 12:56:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (09.06.2010), ARMbrain (29.08.2013), Enigmatic (13.07.2009), Freeman (31.05.2010), Rammstein (11.12.2010), Արևածագ (09.11.2010), Լեո (01.07.2009), Նաիրուհի (09.07.2011), Ֆոտոն (25.07.2009)

  5. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ կողպեն ու թթու դնե՞ն...
    Ասում են՝ թթուն լավ ա մարսողությանը

    Chuk, բայց իրոք լավ ես գրում, է, արդեն բանակային կյանքը լա՜վ պատկերացնում եմ
    Ոչինչ, Արտակ ջան, դիմացի, քիչ մնաց :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Լավն էր ու զզվելի...
    Լավ, բա էդ զուգարանների կողպումից հետո զինվորները որտե՞ղ են անում իրենց «մուգ շագանակագույն» գործը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #5
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Էս ռեալիզմը քեզ հեռու կտանի Էդքան հեռու մի գնա, Ակումբին հլը պետք ես
    Չէ, ընդհանրապես, շատ լավ ա, էնքան հավեսով ես պատմում՝ ոնց որ Կիլիմանջարոյի ձյուների մասին պատմես ու ընդհանրապես հեմինգուեյական արձակ ա մոտդ։ Ու էդ մենակ քո մոտ չի, բանակից ինչ գրում են՝ ոնց որ Հեմինգուեյի "Հրաժեշտ զենքին" վեպից լինի։ Այ սենց ախտորոշում ։ Էլի գրի, մի օր քեզ կարող ա Նոբելյան մրցանակ սպասել, գիտես Սոլժենիցինը գիտե՞ր, որ իրան Նոբելյան մրցանակ են տալու գուլագը նկարագրելու համար Լավ ա, լուրջ՝ լավ ա

  8. #6
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Դեմք ես դու ապե

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մի օր հանդիպենք( հավանաբար շաբաթ օրը) կփոխանցեմ տպավորություններս հակառակ դեպքում մի վախտ պիտի գրեմ , կալարես կարդաս
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 25.04.2007, 13:28: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են՝ թթուն լավ ա մարսողությանը

    Chuk, բայց իրոք լավ ես գրում, է, արդեն բանակային կյանքը լա՜վ պատկերացնում եմ
    Ոչինչ, Արտակ ջան, դիմացի, քիչ մնաց :
    Դիմանում եմ, ճարս ի՞նչ
    Դիմանալու բան չկա, կարճ ժամանակում հարմարվում ես:
    Քեզ շնորհակալություն
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր ու զզվելի...
    Լավ, բա էդ զուգարանների կողպումից հետո զինվորները որտե՞ղ են անում իրենց «մուգ շագանակագույն» գործը...
    Շնորհակալություն կարծիքի համար
    Իսկ զուգարանները, բնականաբար, բացվեցին: Վերնագիրը պատահական չի ընտրված: մի տաս ժամ համոզելուց հետո գումարտակի հրամանատարը որոշեց այս անգամ զիջել: Իրականում օրինակ ինձ համար ի սկզբանե պարզ էր, որ նա հենց այդ ձևով զիջելու է: Դա բնական ձև է: Այժմ զինվորները գիտեն, որ այդպես վարվել չի կարելի: Նստարանակոնքերը փոխվել են, որ զինվորները չզզվեն ու օգտվեն: Հիմա նրանք ավելի զգուշավոր են, գիտեն թե ինչ հետևանք կարող է ունենալ իրենց գործողությունները: Հիմա ավելի նորմալ են օգտվում այդ զուգարաններից: Հրամանատարը կարողացավ գործնականում ապացուցել իր իմաստնությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ռեալիզմը քեզ հեռու կտանի Էդքան հեռու մի գնա, Ակումբին հլը պետք ես
    Չէ, ընդհանրապես, շատ լավ ա, էնքան հավեսով ես պատմում՝ ոնց որ Կիլիմանջարոյի ձյուների մասին պատմես ու ընդհանրապես հեմինգուեյական արձակ ա մոտդ։ Ու էդ մենակ քո մոտ չի, բանակից ինչ գրում են՝ ոնց որ Հեմինգուեյի "Հրաժեշտ զենքին" վեպից լինի։ Այ սենց ախտորոշում ։ Էլի գրի, մի օր քեզ կարող ա Նոբելյան մրցանակ սպասել, գիտես Սոլժենիցինը գիտե՞ր, որ իրան Նոբելյան մրցանակ են տալու գուլագը նկարագրելու համար Լավ ա, լուրջ՝ լավ ա
    Չեմ կարդացել, կկարդամ կհհամեմատեմ: Իսկ նոբելյանը ստանալիս մաղարիչ կանեմ, անպայման: Կատակը մի կողմ, շնորհակալություն բարձր գնահատականիդ համար, դա ինձ ոգևորում է
    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմք ես դու ապե
    Շնորհակալ եմ Երվանդ
    Ուրախ եմ, որ հավանել ես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Ծանր ա...
    Ի դեպ գնացքների զուգարանները հիշեցի կարդալուց:

  12. #10
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Վերջին նյութը կարդացի ու հիշեցի որ մեկը չեմ կարդացել, քանի որ բացեցի մի անգամ, մի նախադասություն կարդացի, հետո կանչեցին, հետո կոմպը անջատեցի...մի խոսքով էդպես էլ չկարդացի ու մոռացա...հիմա ուղղեցի սխալս...

    երևի կզարմանաս, եթե ասեմ, որ էս գործը ինձ ամենաշատը դուր եկավ...ոչ թե բովանդակության, այլ գրելուդ ոճի պատճառով...մենակ դու կարող ես ամենազզվելիի մասին գրել էսքան հետաքրքիր ու սիրուն ձևով...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Չու՛կ, իմ կարդացած յոթ գործերից ամենահաջողվածը, կարծում եմ, սա էր Շատ դիպուկ էր:

  14. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծանր ա...
    Ի դեպ գնացքների զուգարանները հիշեցի կարդալուց:
    Ես գնացք չեմ նստի

    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    երևի կզարմանաս, եթե ասեմ, որ էս գործը ինձ ամենաշատը դուր եկավ...ոչ թե բովանդակության, այլ գրելուդ ոճի պատճառով...մենակ դու կարող ես ամենազզվելիի մասին գրել էսքան հետաքրքիր ու սիրուն ձևով...
    Ես ջանացել եմ
    Շնորհակալություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չու՛կ, իմ կարդացած յոթ գործերից ամենահաջողվածը, կարծում եմ, սա էր Շատ դիպուկ էր:
    Շնորհակալ եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #13
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Ճիշտ է նկատել Philosopher-ը, ոճդ Հեմինգվեյի գրելաոճին նման է, որը կոչվում է метод айсберга. Թեթև հասարակ պատմվածքներ, երկխոսություններ, բայց միայն արտաքինից, քանզի տողատակինը այնքան լայն ու խորն է, որ գուցե ոչ բոլորն են ամբողջը տեսնում ու գիտակցում: Ինչպես айсберг, այն ծովի երեսին կարող է փոքրիկ լինել, բայց տարածվել մետրերով և կիլոմետրերով ծովի տակ:

    Ահա այդպիսին են քո գրվածքներդ, ես դրանք հաճույքով եմ կարդում, ևս մեկ անգամ շնորհակալություն ինձ նման շանս տալու համար
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  16. #14
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Chuk ջան, վերջապես հաջողվեց մինչև վերջ կարդալ այս ստեղծագործությունը …Չէ…ոչ թե ձանձրալի էր գրված, այլ այնքան իրական էր պատկերված այն մասերը, որ իրոք զզվում ու չէի կարողանում առաջ անցնել: Բայց վերջում այդ զզվանքը մոռացվեց ու մնաց տխրությունը Թերևս ոչ մի հետամնաց երկրում այսքան ցածր մակարդակի վրա չէ բանակային կենցաղը: Ախր ինչի՞ ենք այսքան բռի ազգ…Դեռ հետո էլ մեր մշակույթից ենք խոսում, հայավարի գլուխներս ենք գովում…
    Իսկ գրելավոճիդ մասին խոսք չկա, քո պարզ ու միաժամանակ խորիմաստ խոսքով կարողանում ես թափանցել մարդկանց հոգիների խորքերը, խորհել տալ այն ամենի մասին, ինչը հուզում է քեզ: ՈՒ ես հենց քո այդ շնորհն եմ սիրում, որը ասոցացնում եմ «Սողոմոնյան իմաստնության հետ»: Շնորհակալ եմ, սիրելի Chuk…

  17. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 7. Սողոմոնյան իմաստնություն

    Շնորհակալ եմ, Manon և Apsara
    Ի դեպ խոստովանություն: Հույս ունեմ, որ հետագայում այս գործերի տպագրումն ու տարածումը մասնավորապես բանակային ու սպայական շրջանակներում, պետք է գոնե փոքր-ինչ օգնի որոշ հարցերում փոփոխություններ ակնկալելու գործում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •