ԱՆՀԱՅՏ ԹԵԼԵՐ
Սկսվել էին տխուր, ձանձրալի եղանակներ։
Թեև օգոստոսը նոր էր, բայց լեռնային այդ գյուղում աշունն արդեն ցույց էր տալիս իր բոլոր գույները. անտառը պարուրող կաթնագույն մշուշը երեկոյից իջնում էր գյուղի վրա և մինչև առավոտ ծածկում նրան իր պաղ, թափանցիկ քողով. հաճախ տեղում էր մանրահատ անձրև, մի այնպիսի անձրև, որ ծակծկում է մարդու երեսի մաշկը, սարսուռ է ազդում մարմնին և թվում է, թե ոչ վերջ է ունենալու, ոչ վախճան։
Տխո՛ւր էր. արևածաղիկները գլխակոր նայում էին գետին, ծառերն այգիներում թրջված հսկաների պես մնացել էին համր ու անշարժ, իսկ հավերն անգործ ընկած սայլերի կամ այլ ծածկույթների տակ հավաքված շարունակ քրքրում էին իրենց փետուրները, որ գյուղացիների համար նշան էր նոր անձրևի։ Գյուղն ամառելու եկած մարդիկ ման էին գալիս վերարկուներով, կրկնակոշիկներով և անձրևանոցով։ Նախկին գրավիչ ամառանոցն այժմ թվում էր անհրապույր, թարմությունը կորցրած։ Ձանձրույթից շատերը պատրաստվում էին հեռանալ տխուր ամառանոցից։
Գյուղացի Երեմի կենվորները նույնպես պատրաստվում էին քաղաք մեկնել։ Դրանք սպիտակահեր, անզավակ ամուսիններ էին, բայց իրար սիրում էին ինչպես նորապսակներ դողում էին մեկը մյուսի առողջության համար, ճաշին միմյանց մեկնում էին յուղոտ պատառներ, իսկ թեյի ժամանակ միշտ մի ավելորդ կտոր շաքար էին գցում միմյանց բաժակ, «թող քաղցր լինի» ասելով։ Նրանք երևանցի էին. իրենց ասելով ունեին սեփական տուն, խանութներ և խաղողի այգի։ Վատ եղանակի պատճառով նրանք էլ շտապում էին շուտով հեռանալ։ Սակայն երկու օր էր արդեն, որ նրանք իրենց իրերը կապկպած, սրտատրոփ սպասում էին, թե Երեմն ու իր կինը ի՛նչ պատասխան պիտի տան իրենց առաջարկին։ Բանը նրանումն էր, որ այդ անզավակ ամուսինները ցանկություն էին հայտնել Երեմին ու իր կնոջը — որդեգրել նրանց հինգ աղջիկներից մեկին, ամուսնացնել նրան և իրենց ամբողջ կարողությունը «կտակել նրա գլխին»։ Բայց ահա երկու օր էր գյուղացի ամուսինները չէին կարողանում նրանց պատասխան տալ։Եվ ծեր ամուսինները, անխուսափելի շալերն ուսերին, շարունակ դուրս ու ներս էին անում պատասխան ստանալու հույսով։ Իսկ գյուղացի ամուսինները պատասխան տալ չէին կարողանում, որովհետև դժվարանում էին վճռել իրենց համար այդ անսովոր խնդիրը։ Քաղաքացիների առաջարկն սկզբում նրանց ուրախացրեց, բայց հետո թվաց անբնական, նույնիսկ անգութ, սակայն երկար մտածելով՝ գտան, որ այդ բանը կարող է և բախտավորեցնել իրենց զավակներից մեկին և թեթևացնել իրենց հոգսը. չէ՞ որ իրենք ծայրը ծայրին չեն հասցնում, թեև մարդը, երկրագործական աշխատանքներից դուրս, սայլով միշտ ապրանքի բեռներ է կրում կայարանից գյուղ և գյուղից կայարան, իսկ կինը գրեթե ամեն օր մանած է անում գյուղի ունևորների համար, բայց շատ բան դարձյալ պակաս է մնում։ Չի օգնում և այն, որ ամառները, երբ տավարը դուրսն է կապվում, նրանք, գոմում տեղավորվելով, ունեցած երկու սենյակը տալիս են քրեհով։ Ոչ, այդ քրեհը նույնպես չի օգնում և էլի շատ բան պակաս է մնում... Եվ ծեր ամուսինների առաջարկր ամեն կողմից քննելով, նրանք այն գտնում էին իրենց համար օգտակար... — Վա՞տ կլինի միթե, որ իրենց զավակներից մեկը դառնա այդ ունևոր մարդկանց ժառանգը. իհարկե— ոչ։ Բայց երբ խնդիրը դառնում է աղջիկներից ո՛ր մեկին հանձնելուն, նրանք չէին կարողանում ընտրություն անել։
Այդ երեկո էլ մարդ ու կին գոմում նստած դարձյալ խոսում էին նույն այդ բանի մասին։ Մարդը նստել էր մեջքը սյանը դեմ տված, իսկ կինը թախտի վրա իլիկ էր մանում։ Սյունից կախված լամպը լուսավորում էր նրանց արևառ դեմքերը և գոմի կեսը։ Որովհետև երեխաներն այդտեղ գոմում էին, ամուսինները խոսում էին կամաց, ակնարկներով և դարձյալ դժվարանում էին մի բան որոշել։ Երեմը, ձանձրացած գործի այս ընթացքից, դարձավ, վերջապես, կնոջը.
— Արի, Սանամ, Աշխենի՛ն տանք։
Կինը ցնցվեց միջնակ աղջկա անունը լսելով։
— Գժվե՛լ ես, ի՜նչ է, այ մարդ,— ասաց նա մեղմ hանդիմանանքով,— բա ղազերն ո՞վ արածեցնի։
— Սաթոն։
— Սաթո՜ն... բան մտածեց։ Նա ի՞նչ է որ՝ ինչ ղազեր պահի, դեռ օխտը տարեկան չկա։
— Դե որ էդպես է — Սաթոյին տանք. չէ՞ որ մարդիկ ասում են որին կուզեք։
— Չէ՜ մի, Սաթո՜ն։ Նա դեռ երեխա է ա ՛յ մարդ, իրա շորերը հանել չի կարում։
— էհ։ Բա ո՞նց անենք հիմի,— հարցրեց Երեմը տարակուսած։
Կինն ուսերը վեր քաշեց։ Մեծ աղջկան ու նրանից փոքրին տալ չէր կարելի, որովհետև նրանք մորն օգնում էին տնային գործերում, իսկ ամենից փոքրը դեռ օրորոցի ծծկեր էր. մնում էր ուրեմն ընտրություն անել Աշխենի և Սաթոյի միջև։
— Հը՛, հիմի ի՞նչ ես ասում,— նորից հարցրեց Երեմը կնոջը։— Մարդիկ երկու օր է սպասում են. պետք է կամ «հա՛» ասել, կամ՝ «չէ՛»։ Մտածիր, բախտիդ քացի մի տալ...
Սանամը, մարդուն պատասխանելու փոխարեն, դարձավ այդ միջոցին մյուս թախտի վրա քույրերի հետ խաղացող յոթ տարեկան աղջկան.
— Սաթո՛, կուզե՞ս մայրիկի աղջիկը դառնալ։
«Մայրիկ» կոչում էին իրենց կենվորուհուն։
Փոքրիկ աղջիկը ելավ նստած տեղից, մերկ ոտները բանալով։
— Խի ցեմ ուզիլ,— պատասխանեց նա, աչքերին թափած մազերն ետ տանելով և հիշելով այն կոնֆետներն ու մրգերը, որ «մայրիկը» տալիս էր իրեն, երբ ինքը լսում էր նրան։
— Նրա հետ քաղաք կերթա՞ս,— հարցրեց մայրը նորից։
— Խի ցեմ գնալ...
— Ինձ կթողնես՝ կերթա՜՞ս։
— Հա ՛...
— Բա որ քեզ ծեծե՞ն։
— Խի են ծեծում. շաքար հո ցեմ գողանա, որ ծեծեն։
Ամուսինները ժպտացին և նշանակալից նայեցին իրար։
Նրանց այգ հայացքն ասում էր. «Թեև դժվար է, բայց, ինչ արած, սրան կարելի է»...
Եվ հարցն այսպիսով լուծվեց, որոշվեց Սաթոյին որդեգիր տալ քաղքցոց։
Էջանիշներ