Ժողովուրդ, մեկնումեկդ այս տեքստը ունիկոդ ֆորմատով դարձրեք, էլի:
Խնդրեմ

Իսրայել Օրին ռուսներին էր կանչում, որ գան Պարսկաստանին ու Թուրքիային ջախջախեն, Հայոց թագավորությունը վերականգնեն: Պարզ է, որ Պետրոսն Օրիի կամ նման մի ուրիշի խոսքով չէ, որ պետք է գործ սկսեր: Ռուսական պետությունն ուներ իր շահերը, իր նվաճողական ծրագրերը: Այն ժամանակ Հարավային Կովկասի եւ Հայաստանի հերթը դեռ չէր հասել, եւ Օրիի ասածով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրերը պետք է փոխեր: Իսրայել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավակներին տարավ Պետերբուրգ, ռուսական կրթության տվեց, եւ այդպես նրանք ռուսացան:

Զարմանում ես Օրիի եւ ոչ միայն նրա միամտության վրա. ինչու± պետք է Ռուսաստանը պատերազմի, արյուն թափի Հայոց թագավորությունը վերականգնելու համար:

Այսպես սկսվեց հայերի ռուսական կողմնորոշումը, ավելի ստույգ` հայերի քաղաքական կյանքում Ռուսաստանը իբրեւ գլխավոր երրորդ ուժ ճանաչելը: Իհարկե, Արեւմտյան Եվրոպան, առհասարակ Արեւմուտքը, հայերիս պատկերացումներում նույնպես երրորդ ուժի մասն էր կազմում, բայց գլխավորը դարձավ Ռուսաստանը: Այն աստիճան, որ հայ լրագրության արքան` Գրիգոր Արծրունին, հայտարարեց. §Մենք հայերս քաղաքականապես ռուս ենք¦:

18-րդ դարի 70-ական թվականներին հնդկահայ գործիչները (հատկապես Շահամիրյանները) հայերի ազատագրության համար որպես երրորդ ուժ առաջարկում էին Վրաց թագավորությունը: Բայց սա ակնթարթային մի պահ էր: Երրորդ ուժի մեջ գլխավոր դերը մնաց Ռուսաստանին:

Երբ երրորդ ուժը կամ նրա բաղադրիչներից որեւէ մեկը մեզ ոչնչով չէր օգնում եւ Հայոց հարցն օգտագործում էր միայն իր շահերի համար, զայրանում էինք, հայհոյում Եվրոպային էլ, Ռուսաստանին էլ, բայց դարձյալ հույսներս դնում միայն նրանց վրա: Ուրիշ կերպ Հայաստանի ազատագրում չէինք պատկերացնում:

Դաշնակցությունը տեսնելով, որ ցարիզմից օգուտ չկա, մի ժամանակ խռովեց Ռուսաստանից, հակացարական ու հակառուսական կեցվածք ընդունեց, թուրքերի հետ բարեկամանալու փորձեր արեց, իսկ 1914թ. Թուրքիային ասպետական խոսք տվեց` ռուս-թուրքական պատերազմի դեպքում մնալ չեզոք: Բայց բավական էր, որ ռուս-թուրքական սահմաններում սկսեին որոտալ թնդանոթները, նույն Դաշնակցությունը հոգով ու մարմնով կրկին լծվեց ռուսական կայսրության սայլին:

Պարտություն բառը վատ բառ է, ոչ ոք չի սիրում: Ինձ էլ դուր չի գալիս, բայց դա բացարձակ փաստ է: Մենք պարտվեցինք: Եվ այդ պարտության գլխավոր պատճառը երրորդ ուժին մեր ապավինելն էր: Եթե մենք բացառեինք ամեն տեսակ երրորդ ուժ եւ մեր ծրագրերը կառուցեինք հայ ազգային եղած ուժը հաշվի առնելով ու ըստ այդ ուժի շարժվելով, մենք այսպիսի խայտառակ պարտություն չէինք կրի:

Երրորդ ուժին ապավինելու գաղափարը եւ միտումը ջլատում են հայ ժողովրդի ներքին ուժերը, դարձնում նրան ստրկահաճ, մեռցնում նրա դիմադրողականությունը, նախաձեռնությունը, սպանում գոյատեւելու կամքը:

Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հիմա եւ միշտ մեզ պատկերացնենք մենակ հարեւանների դեմ-հանդիման: Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարեւանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք եւ ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին: Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն: Երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը: Դաշնակիցը նա է, ում շահերը մեկի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, եւ դաշնակից կունենանք այն դեպքում, երբ մենք ինքնուրույն ուժ լինենք: Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է: Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի: Երբ չճորտանանք, մեզ կհարգի:

Եթե մենք` հայերս, ուզում ենք գոյատեւել այս հողակտորի վրա, մի ելք ունենք` օրինակ վերցնել Գերմանիայից եւ ուրիշներից, այսինքն չմտածել, թե երրորդ ուժը միշտ Հայաստանում կլինի, հիշել, որ ամեն րոպե այն կարող է հեռանալ, եւ մենք մի ելք ունենք` շարժվել ոչ թե վրեժի զգացումով, այլ գոյատեւելու բանականությամբ: Եվ անպայման կգոյատեւենք: Այս դեպքում Աստված մեզ կօգնի:
ԼՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ
§Երրորդ ուժի բացառման օրենքը¦
1989թ.