ՎՐԱՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ... ՉԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր կեսօրին Ախալցխայի շրջանում Ածղոր-Ախալցխա ճանապարհահատվածի վրա տարածաշրջանային պարեկային ոստիկանության վրացի աշխատակիցը ծառայության ժամանակ հրազենով սպանել է ախալցխացի 28-ամյա մի հայի` Միշա Կիրակոսյանին: Նա սրտից վիրավորվել է և տեղում մահացել:

Ա-ինֆոյի հաղորդմամբ, Միշա Կիրակոսյանը Ախալցխայի մոտոսիրողների խմբակի անդամ էր: «Ախալցխայի շրջանի Ածղոր գյուղից շրջկենտրոն վերադառնալիս նրան իբր փորձել է կանգնեցնել վրացի ոստիկանը, և իբր չկանգնելու համար կրակել է:

Սակայն ակատատեսների վկայությամբ Միշան ճանապարհատրանսպորտային որևէ խախտում չի կատարել և, հնարավոր է, որ գլխին սաղավարտ կրելու պատճառով չնկատեր ոստիկանի կանգնեցնելու ազդանշանը: Իսկ ոստիկանը, եթե այդքան անհրաժեշտ էր համարում մոտոցիկլետիստի կանգնելը, պետք է նախազգուշացման համար սկզբում գոնե դեպի օդ կրակեր»,- գրում է Ա-ինֆոն:

Միշա Կիրակոսյանի դին տեղափոխել են Ախալցխայի հիվանդանոց, որտեղ ի նշան բողոքի հավաքվել են հարյուրավոր հայ երիտասարդներ: Ոստիկանությունը շրջապատել է հիվանդանոցի շենքը:
http://www.panorama.am/am/law/2007/04/02/vrastan/