Զորամասում ամեն ինչ կանոնակարգված է: Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է ապրել այնպես, ինչպես մյուսները, սովածանալ նույն ժամին, որ ժամին մյուսները, կշտանալ ճիշտ նույնքան ուտելիս, որքան մյուսները...5. Հացի խնդիր
Մեր զորամասում օրվա ամենից սպասված ժամերն են առավոտյան 9:00-ն, ցերեկը 14:00-ն և երեկոյան 19:00-ն՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամերը: Այս ժամերին բոլոր զինծառայողները միահամուռ սովածացած մտնում են ճաշարան: Բայց այնքան էլ հաճելի ժամեր չեն 9:10-ը, 14:10-ը և 19:10-ը, քանի որ այս ժամերին զինծառայողները կշտացած դուրս են գալիս ճաշարանից: Եվ այնուամենայնիվ այդ երանելի տասական րոպեներին զինծառայողների մեծամասնությունը սպասում է անհամբեր. նախ, եթե անգամ իրենք դա արտաքուստ չեն գիտակցում, ապա ներքուստ զգում են, որ դրանք օրվա չարչարանքից հետո հանգստանալու հավելյալ րոպեներ են, հետո կարելի է հաց ուտել: Եվ բնավ կապ չունի թե այստեղի սնունդն ինչպիսին է: Սովորաբար այնքան քաղցած են լինում, որ չեն նկատում, որ ուտում են ճիշտ նույն ճաշից, ինչ երեք օր առաջ...
Ընդհանրապես զինվորական ճաշարանն իր բազմազանությամբ չի փայլում: Ճաշացանկը, ինչպես և պետք էր սպասել, խիստ սահմանափակ է: Յուրաքանչյուր քիչ թե շատ ստաժավոր զինծառայող կարող է միանշանակ ասել, թե այդ օրը ճաշին ի՛նչ սուպ և ի՛նչ փլավ է ուտելու: Եվ ընդհանրապես զինվորական ճաշարաններից դժգոհելու տեղ զինծառայողները քիչ ունեն: Որպես օրինակ կարելի է ասել, որ այստեղ տիրում է շատ մարդասիրական մթնոլորտ. հրաշալի հայտնի է, թե զինծառայողներին ինչ քանակությամբ է պետք լցնել ճաշից, որպեսզի նա հասցնի այդ ճաշն ուտել տաս րոպեների ընթացքում: Հակառակ դեպքում պատկերացրեք թե ի՜նչ դժվարությամբ էր զինվորն իր ճաշով լի ամանը տանելու լվացման կետ, ի՜նչ դժվարությամբ էր հրաժարվելու իր դեռևս չկերած ճաշի մնացորդներից: Բարեբախտաբար այդպիսի խնդիր չկա...
Ընդհանրապես մարդիկ ունակ են հարմարվելու միջավայրին: Բանակում մարդկանց մոտ այդ ունակությունն ավելի վառ է արտահայտված: Այնպես որ բոլոր զինծառայողները կարճ ժամանակում սովորում են սովածանալ ճիշտ ժամին, կշտանալ ճիշտ ժամին, կշտանալ ճիշտ քանակությամբ ճաշից, ուտել ճիշտ ժամանակամիջոցում, մետաղյա ամանների մեջ հմտորեն սառեցնել տաք ճաշը կամ թեյը (այս ամանները շատ մարդասեր են, քանի որ չեն թույլատրում մարդկանց սառը կերակուր ընդունել. նրանք խիստ ջերմակայուն են), սովորում են հացն ուտելու եղանակները, այսինքն բուխանկայակերպ հացերի փափուկ խմորը հանել և նետել՝ ուտել միայն չոր, այսինքն՝ միայն եփած, մասերը... Մի խոսքով ուտելու բոլոր եղանակները զինծառայողներն ընկալում են շատ արագ:
Յուրաքանչյուր զինծառայող ունի հացի խնդիր: Բոլորը ձգտում են հավելյալ (կամ փոխարինող) սնունդ ճարել: Քաղաքացիական սնունդը կա՛մ երազանք է, կա՛մ երազանքի իրականացում՝ կախված այն ճարվե՞լ է, թե՞ ոչ:* * *
Հացի խնդիրը լուծելու տարբեր եղանակներ կան: Յուրաքանչյուր զինծառայող, զորամասին հարմարվելուց հետո, որոնում ու գտնում է խնդրի լուծման իրեն ամենից հարազատ եղանակը: Խնդրի լուծում չգտնողները հարկադրված են լինում բավարարվել զինվորական ճաշարանի ճաշացանկով և ճաշաժամերով՝ սպասելով, թե երբ է գալու հերթական ՏՈՒԼԻԿը:
ՏՈՒԼԻԿը զինվորների ամենից սիրած բաներից է: Տնային ՈՒտեստներով ԼԻ Կապոցից չի հրաժարվի և ոչ մի զինծառայող: Զինվորական ձանձրացնող ուտելիքը քաղաքացիական համեղ և մոռացված ուտելիքով թեկուզ մի քանի րոպե փոխելը իսկական վայելք է, տնից բերված ուտելիքը զինվորական ընկերների հետ կիսելը՝ հաճույք և հպարտություն: ՏՈՒԼԻԿն այնքան սպասված երևույթ է, որ երբեմն անհնար է լինում կողմնորոշվել, թե այս կամ այն զինծառայողն ավելի շատ տնեցիների՞ն է կարոտել, թե այդ ՏՈՒԼԻԿին... բայց արդեն շեղվեցինք, վերադառնանք մեր եղն ու բրնձին, որը զինծառայողի սեղանի վրա գերագույն վայելքի աղբյուր կլիներ...
Սամսոնն ու իր ընկերները՝ Խչոն ու Շավոն, գտել էին հացի խնդրի լուծման իրենց հարմար տարբերակը: Բոլորին հայտնի է, որ տաս դրամը առանձին ուտելիք չի կարող դառնալ, բայց այ եթե տասնյակ կամ հարյուրավոր տաս դրամներ իրար հետ կցես, ապա դա արդեն ուրիշ հարց է: Այսպիսով խնդրի լուծման հրաշալի տարբերակ: Ով ունի տաս դրամ, որն իրեն պետք չի, քանի որ մեկ է չի կշտացնելու, տալիս է Սամսոնին ու իր ընկերներին: Եթե պատահմամբ ունի իրեն պետք չեկող քսան, երեսուն կամ հիսուն դրամ, ապա ավելի լավ: Երեկոյան այդ ավելորդ գումարները հավաքելով Սամսոնենք ունենում էին կլորիկ գումար, որով կարող էին լուծել իրենց հացի խնդիրը: Ափսոս միայն, որ այդ գումարն այնքան շատ չէր լինում, որ դրանով լուծվեր բոլոր զինծառայողների հացի խնդիրը, այլապես բարեսիրտ Սամսոնն ու նրա ընկերները բոլորի հացի խնդիրը կլուծեին՝ գուցե անգամ արժանանալով նրանց օրհնանքին: Բայց դժբախտաբար գումարը չէր հերիքում...* * *
շարունակելի ...
Էջանիշներ