Նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են ինքնամոռաց սիրել...
Այս ստեղծագործության հետ կապված ուղղակի մի հանգամանք նշեմ - անհնար է երբ մարդ անցում է կատարում առավել կատարյալ մի տեսակի մյուս մարմնավորման ժամանակ վերամարմնավորվի մեկ կամ երկու աստիճան ցած կանգնած ու արդեն անցած փուլ հանդիսացող տեսակի մեջ (ապար - բույս - կենդանի - մարդ - ...)
Ավ. Իսահակյան
Լյուցեռն 1919
ՀԱՎԵՐԺՈԻԹՅՈԻՆ
Պանդխտական ուղիներիս վրա ես հանդիպեցի իմ սերին։
Նստել էի գարնան պարտեզում հասակ առած մի ծառի տակ՝ մենակ ու մտորուն։
Անցավ մի աղջիկ իր ընկերուհիների հետ, այնպե՜ս ուրախ և վճիտ, ինչպես այն թարմագեղ գարունը, որ թռչունների երգերով փռվել էր ծաղիկների ու սեզերի վրա։
Ես նայեցի նրան, նա նայեց ինձ, ե մեր հայացքները գրկեցին իրար։
<<Որքա՜ն ծանոթ էր այդ հայացքն ինձ։ Ո՞ւր էի պատահել։ Երր եմ տեսել նրան — այնքա՜ն ծանոթ ու վաղածանոթ դեմք... գուցե երազի մեջն եմ տեսել նրան, գուցե իմ հայրենիքում, մանկության օրերիս, խաղացել եմ նրա հետ>>։
Եվ ոտքի ելնելով, ստվերի պես հետևեցի նրան, անցավ մի պահ՝ տեսա նրան, ընկերուհիներից անջատ, մոլորուն քայլերով շրջում էր պարտեզում։
— Ողջույն,— ասացի ես,— ներիր, եթե ասեմ, որ ինձ թվում է՝ թե ճանաչում եմ քեզ, վաղուց, շատ վաղուց, սակայն ու՞ր եմ տեսել — չգիտեմ։
— Դու ևս ծանոթ ես թվում ինձ, միայն չեմ հիշում երբ եմ տեսել։ Բայց տեսել եմ անշուշտ։
— Ես օտար եմ այս երկրում, սա իմ հայրենիքը չէ, առաջին անգամն եմ շնչում այստեղի օդը։ Գուցե դու եղել ես իմ հայրենիքում, իմ հեռավոր հայրենիքում...
— Ո՜չ, իմ հայրենիքից դուրս չեմ եղել երբեք։ Ի՜նչ տարօրինակ հանդիպում է սա, ի՞նչ խորհուրդ ունի այս...
— Բայց որքա՜ն հարազատ է, վաղեմի ծանոթ, քո ձայնը, և մանավանդ քո հայացքը, կարծես հազար դարեր առաջ մենք տեսել ենք իրար...
— Այո՛, ավելի քան հազար դարեր աոաջ...
Եվ նստեցինք իրար մոտ, և երկար նայում էինք միմյանց,— և մեր հոգիները հանկարծ լասավորվեցին հավերժի հիշողությամբ— ճանաչեցին իրար, իմ հոգին, նրա հոգին։
— Ես ճանաչեցի քեզ, իմ անմահ սեր: Քո այդ հավիտենական քաղցր հայացքը ճանաչեցի ես։ Դու իմն ես եղել միշտ՝ արևներից ու աստղերից առաջ,— ասացի ես։
— Ճշմարիտ, դու իմն ես եղել միշտ, իմ հավիտենական ընկեր, միշտ իմը՝ աշխարհի ձևավորումից առաջ, երբ թոհուբոհի մեջ էին ժամանակի և տարածության բոլոր իրերը։
— Այո՛, նազելիս, հիշու՞մ ես... մենք հյուլե էինք մի զգացումով, մի կամքով, հավերժության սկզբից ծնված միասին, ձուլված մի հոգու մեջ։ Անհամար դարեր դեգերում էինք խավար տիեզերքի անհայտ ոլորտներում, մենակ և երերուն, բյուրաբյուր հյուլեներից հեռու և մեկուսի։
— Այո՛, մտերիմ ընկեր, մենք իրար գրկած թավուտում էինք տարածության անեզրության մեջ՝ միլիոն, միլիոն տարիներ, միլիոն դարեր, որոնք անցան մի վայրկյանի պես, որովհետև մենք երջանիկ էինք։
— Ո՛հ, ինչ ահավոր մրրկապարերի մեջ եղանք, կաղապարվող և քայքայվող արևների մեջ եղանք, բայց միշտ անբաժան ու միացած, անմեկին սիրով, իրարից անհագ...
— Սակայն տարերային ահեղ ուժերը մեզ կիսեցին, բաժանեցին առ ժամանակ, որ անթիվ դարերից հետո անպարտելի կարոտով բռնկված՝ նորից գտնեինք իրար։
— Այո՛, հոգիս, սիրել նշանակում է՝ գտնել իրար...
Եվ քնքուշ ձեռքը դրեց նա ափերիս մեջ։
Հետո, հիշու՞մ ես,— ասացի ես,— գրեթե կես հավերժություն անցավ մեր անջատման օրից։ Նորակազմ երկրի վրա էր, վիթխարի ծառերը հասնում էին մինչև բարձր ժայռերի կատարին, ահռելի կենդանիները վխտում էին ջրերում և ցամաքի վրա։
— Հիշում եմ այսօրվա պես։ Դու վագր էիր որսում ահագին մահակը հուժկու ձեռքիդ, երբ քեզ տեսա, զգացի, որ միլիոն տարիներ միասին ապրած իմ ընկեր - Հյուլեն էիր։ Քո հայացքը հավերժական սիրո լեզուն էր։
— Ես էլ նույնը զգացի և, մղված մի անհաղթ տենչով դեպի քեզ՝ թողեցի որսը։ Եվ քո ցեղակիցների հետ մահի և կյանքի կռիվ տալով՝ հափշտակեցի քեզ և արագ տարա հեռավոր անտառի մեջ մի քարանձավ։
— Հետո, դու մի օր եկար որսից մի հսկա գերան ուսիդ դրած՝ մի ծայրին վարազը ջախջախված գլխով, իսկ մյուս ծայրին — ուրախ, փայլուն, ճարճատուն վարդը՝ նորագյուտ կրակը։ Ի՜նչ հրաշալիք էր։
— Ահ, ինչ սարսափելի և սքանչելի օր էր այդ։ Ես անտառումն էի, որոտում էր երկինք ու երկիր, ամպերը քարի ծանրությամբ կախվել էին գլխիս, անձրևը հեղեղում էր,— և հանկարծ ահեղ կայծակը հզոր սրի պես զարկեց ծառի կատարին, ծառը իսկույն բոցավառվեց, ես փախա վախից, ապա հետաքրքրված մոտեցա։ Ծառի ճյուղերը հալվում էին, ուրախ - ուրախ ճիչեր արձակելով, ավելի մոտեցա, թրջված էի անձրևից և մրսում էի. շատ հաճելի թվաց ինձ երկնքից ընկած այդ թրթռուն, խայտուն, կարմիր կրակը։ Տաքանում էի՝ հիացած աչքերս չհեռացնելով այդ երկնային գեղեցկությունից, երբ զգացի մի քաղցր հոտ՝ մինչև այդ օրը անծանոթ մարդկային հոտոտելիքին։ Նայեմ՝ ինչ՝ տեսնեմ — սպանված վարազս, որ ընկած էր գետին, մի այրվող ճյուղ հասել էր նրան և խորովում էր վարազի ազդրը։ Դուրեկան հոտը գրգռել էր ախորժակս, փորձի համար խորոված տեղից կերա... այնպիսի անգերազանցելի ճաշակ ունեցա, որի նմանը չունեցա իմ դարավոր վերապրումների ընթացքին այլևս։
Հիշու՞մ ես, այնուհետև մենք միշտ խորովում էինք միսը։ Ի՞նչ համեղ սեղաններ ունեինք։
— Այո՛, իսկական հրաշք էր... Երբ վառվող գերանը քարանձավը բերիր, ես սկզբում վախեցա, երբ սովորեցի, էլ չէի հեռանում կրակից։ Դու գնում էիր անտառ, ծառեր էիր կտրում ու բերում, իսկ ես հսկում էի, միշտ նոր փայտեր ձգելով, որ չհանգչեր կրակը։
— Ի՜նչ անուշ օրեր ունեցանք այդ երկնային կրակի շուրջը։ Մեր երեխաները մեծացան նրա օրհնության տակ, ձմեռը առանց մրսելու քնում էինք նրա շուրջը, և նույնիսկ վայրագ գազանները վախենում էին մեր բնակարանին մոտ գալու։ Հիշու՞մ ես, որպիսի խորին ծերության հասանք մենք։
— Եվ հեռավոր տեղերից, իմ սիրելի ընկեր, գալիս էին մարդիկ մեր կրակից տանելու։ Այո՛, գալիս էին մեր անձավը ուխտի։ Սուրբ երդ էին կոչում մեր կրակատեղը և սուրբ երդաստան՝ մեր բնակարանը։ Եվ ապա այդպես կոչվեցին բոլոր մարդկանց կրակատեղին ու բնակարանները, ուր կին կար, միշտ կրակը վառ պահող և սրբազան կրակը՝ երդի մեջ։
— Այո՛, հոգուս հատոր, ինչպե՞ս չէ։ Այդ դեպքի շնորհիվ շատ բան փոխվեց մարդկային կենցաղում, կանայք այր մարդկանց հետ էլ որսի չէին գնում, այլ մնում էին տանը՝ հոգ տանելով կրակի վրա, իսկ միայն այրերս էինք գնում սար ու ձոր, դաշտ ու անտաո, սնունդ հայթայթելու համար։ Պայքարում էինք ամեհի կենդանիների հետ։ Եվ այդ իմ հավիտենական կյանքիս ամենաերջանիկ օրերն էին։
— Դրանից հետո, ես հիշում եմ մեր նոր վերածնունդը։ Դա՝ նվիրական Հիմալայի գրկումն էր, հավերժական գարունի պարտեզում, չքնաղ Քաշմիրի հովտում։ Ես մի դեռափթիթ աղջիկ էի, իսկ դու՝ մետաքսավարս այծերի հովիվ, քաղցր սրինգը միշտ շրթներիդ վրա. մենք հանդիպեցինք մի երեկո ծաղիկների մեջ... մեր հայացքները համբուրվեցին իրարու հետ...
— Հիշում եմ, նազելիս, վերջալույսին էր, ես ժպտացի՝ քեզ նվիրելով անթառամ ձյունավարդերի մի փունջ, որ քաղել էի Հիմալայի բարձր ապառաժների կողերից։ Մենք նորից գտանք իրար մեր մշտանորոգ սիրով ու կարոտով, բայց, ավա՜ղ, ինչ կարճատև եղավ մեր երջանկությունը։ Հյուսիսից բարբարոս հրոսակները ներխուժեցին մեր դրախտային հայրենիքը, հրի ու սրի տվին գյուղ ու խրճիթ, տարան մեր հոտերը, քեզ ևս, իմ հոգուս հոգի, ուզում էին տանել, որովհետև դու միշտ աննման գեղեցիկ էիր. ես դեմ կեցա, սրի հարվածը կուրծքս պատռեց, սրտախոց ընկա, այլևս չգիտեմ՝ ինչ եղավ...
— Ես չբաժանվեցի քո մարմնից, իմ նվիրական սեր։ Երբ քեզ թրատում էին, ես ձեռքովս և ատամներովս բռնել էի սուրը և նույն սուրը խրեցի իմ սիրտը... Ա՜խ, արտասվալի վախճան, ողբալի բախտ...
— Սակայն անտեղի է ողբալը այժմ։ Անընկճելի կարոտով դեպի քեզ ես վերստին մարմին առա։ Ոսկեբաշ առյուծ էի Լիբիական կիզող անապատում, քեզ էի որոնում և չէի գտնում։ Օրեր հրեղեն կարոտից տոչորված՝ մռնչում էի բոցափայլ անապատում, և շնչիս տակ դեղին ավազը շատրվանի պես վեր էր ցայտում։ Մխրճվում էի անապատի խորքերը քեզ որոնելով միայն, և - հանկարծ հեռվից հոտոտեցի քո խենթացնող բուրմունքը...
— Իրական կերպով, այս վայրկյանիս, իմ հավերժ սիրելիս, վերհիշում եմ ահավոր կարոտիդ սոսկալի մռնչյունը, որ դող ձգեց հոգուս մեջ։ Զգացի քո հարազատ շունչը, որ միշտ փռված էր հոգուս մեջ հավիտյաններից ի վեր։ Անդիմադրելի ուժով տարված՝ սլացա դեպի քեզ։ Ի՜նչ երջանիկ էի քո հզոր հովանու ներքո։ Քո սպառնալի ստվերից զարհուրած՝ չէին համարձակվում ինձերն ու վագրերը մոտենալ մեր որսատեղի սահմաններին անգամ։
— Մի դեպք ինձ ծայր աստիճան հուզում է մինչև օրս. հիշում եմ, իմ քնքուշ ընկեր, այս անգամ մենք գեղեցիկ Հելլադայում էինք։ Ես մի աղքատ քանդակագործ էի։ Մի փառաշուք տոնահանդեսի պահին էր. սիրո լույսերի մեջ մենք ճանաչեցինք միմյանց, իմ հոգին տեսավ քո հոգին, թեև ուրիշ կեղև էինք հագած։ Դու ոստանիկ տիկինների բույլի մեջ էիր, մեր հայացքները իրար հանդիպեցին։ Ապա ես կորցրի քեզ, ողջ Հելլադան ոտքի տակ առա և բոլոր կղզիները թափառեցի, բայց քեզ չգտա։ Դարձա մենավոր խուցս և գիշերներն անքուն ճգնությամբ լուսեղեն մարմարիոնի մեջ մարմին տվի քո աստվածային դաշն ձևերին, որ բարու և գեղեցիկի գաղափարն էին ինքնին։ Եվ գիտեմ, որ անպարփակելի սիրով բռնկված ե հոգնաջան աշխատանքների մեջ հալ ու մաշ՝ կիսախելագար դեգերում էի հրապարակներում և ծովերի ափերում...
— Անհուն թախիծով հիշում եմ, իմ անմահ ընկեր, հիշում եմ այն հանդիսավոր օրը, հիշում եմ քո հավերժական հայացքը, որ այլես այն կյանքում չողջագուրեց ինձ։ Սակայն տարիներ հետո ես տեսա այն մարմարիոնը, որ ողջ Հելլադան իմ երկվորյակն էր համարում և իբրև արվեստի հրաշալիք։ Ես ներշնչումով՝ համարեցի այդ անդրին՝ ստեղծագործումը այն երիտասարդի, որի դյութական հայացքը բազմաժխոր ամբոխի միջից անեզրական սիրով խոսեց իմ հայացքի հետ։
Սակայն զարմանալին այն է, որ յուրաքանչյուր մեր անձնավորումի ժամանակ, որքան էլ որ փոխված էին լինում դարն ու վայրը և թե մեր հոգու մարմին առած ձևերը, բայց և այնպես մենք իսկույն անվրեպ ճանաչում էինք իրար, մեր հայացքների մեջ խոսող հոգին բնավ չէր փոխվում։
(շարունակելի)
Էջանիշներ