***

Ի՞նչ ես գազազում, ի՛մ վիրավոր սիրտ,
Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դո՛ւ խեղճ, դո՛ւ անզոր, ի՞նչ պիտի անես:

Մարդն այս աշխարհում, ինչպես մի թռչուն
Անդուռ ու անել մեծ վանդակի մեջ.-
Սի՛րտ իմ, գազազիս ի՞նչ պիտի անես
Անդուռ ու անել այս վանդակի մեջ:

Մարդ ծընված օրից գերեզմանի հետ
Շղթայված է պիրկ, ո՛ւր էլ որ երթա,-
Սի՛րտ իմ, գազազիս ի՞նչ պիտի անես
Ու՞ր պիտի թըռնիս՝ թևերիդ շըղթա:

Տոկա՛, համբերիր, ի՛մ վիրավոր սիրտ,
Վըճիտ հայացքով աշխարհին նայի՛ր,
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Է՜յ, վիրավոր սի՛րտ, դու մի՛ գազազիր…


ԵՐԱԶ
Օտար երկիր էր գնացել որդին,
Եվ անցել էին տարիներ տրտում.
Մայրը սպասում էր տենչալի դարձին,
Եվ այսօր որդին ուրախ դարձավ տուն:

Իրար գիրկ ընկան անհուն կարոտով
Եվ համբուրվեցին երկար ու երկար.
Լաց եղան մեռած հորը հիշելով
Եվ ցնծության մեջ մոռացան աշխարհ:

Վառեցին նորից օջախն հայրենի,
Խրճիթը լցվեց խնդությամբ անդորր.
Խոսեցին անցած օրերի մասին,
Ապա քուն մտան անհոգ, բախտավոր:

Երբ մայրը զարթնեց, սոսկումով տեսավ-
Օջախը՝ հանգած, խրճիթն ամայի.
Եվ որդի՛ն, որդի՛ն, կաթոգին որդի՛ն
Նորից բանտի մեջ՝ զարկված շղթայի…