Հայ ազգի, ինչպես և ցանկացած յուրաքանչյուր այլ ազգի արժանապատվությունը ֆորումում փորձում ենք պաշտպանել, թույլ չտալ վիրավորական արտահայտություններ, պնդումներ: Պետք է խոստովանենք, որ դա միշտ չէ, որ հաջողվում է ու դրանում կա ոչ միայն ակումբի ղեկավարության, այլև ակումբի շարքային անդամների «մեղքը»: Մասնավորապես հիշեցնեմ, որ ֆորումում գործում է վատ գրառումների մասին զգուշացման համակարգ, որի միջոցով ակումբի շարքային անդամները տվյալ բաժնի մոդերատորին, սուպեր մոդերատորներին և ադմինիստրատորներին կարող են տեղեկացնել վատ գրառման մասին: Հիշեցնեմ, որ ակումբի ղեկավարությունն ամենազոր չէ ու միշտ չէ, որ կարող է նկատել թեկուզ նույն վիրավորական գրառումները, և հարց է ծագում, եթե դուք նկատել եք, ինչու՞ չեք զգուշացնում, այլ մի օր այդ գրառումներն օգտագործում եք ակումբի ղեկավարության այս կամ այն որոշման ճիշտ լինելը կասկածի ենթարկելու համար:
Ինչևէ, անցնենք բուն հարցին: Ձեր բերած օրինակների մասին վիճել չեմ ուզում, թեմաներն ամբողջությամբ ժամանակ չեմ ունեցել կարդալու, կկարդամ ու հստակ կարծիք կձևավորեմ իմ մեջ, առայժմ ասեմ, որ ձեր բերած մեջբերումների սահմանում չտեսա ազգի արժանապատվությունը ոտնահարող հատված, տեսա սեփական կարծիքների արտահայտում կոնկրետ դեպքերի, կոնկրետ քայլերի մասին, կոնկրետ անձանց նկատմամբ: Բայց այս պահին, փակված թեմայի քննարկման համատեքստում, դա էլ եմ համարում երկրորդական հարց:
Հստակ ձևակերպենք ու հասկանանք մի հասարակ ճշմարտություն: Ցանկացած դեմոկրատական պետությունում կան արժեքներ՝ պետական արժեքներ, որոնք քննարկման առարկա չեն: Այդ պետական արժեքներն են հիմնը, դրոշը, զինանշանը, կրոնը...
Հետևաբար բնավ տարօրինակ չպետք է թվար, որ թեման, որում պետական արժեքներից մեկի՝ կրոնի նկատատմամբ հնչել էին խիստ ագրեսիվ բնութագրումներ, փակվել և համարվել է պրովոկացիոն: Նկատեմ միայն, որ այդ թեմայում հնչված կարծիքների հակառակ կարծիքներ շատ կարող էին լինել՝ լավ հիմնավորված (օրինակ կարելի էր ներկայացնել հեթանոսությունից քրիստոնեություն անցնելու խիստ արդիական պատճառները, որոնցից էին օրինակ այն ձևավորված մթնոլորտը, որ երկրի ամեն մի շրջանում սկսել էին նախապատվությունը տալ այս կամ այն աստծուն (Վահագն, Անահիտ, Արամազդ և այլն), որի հետևանքով ազգը շատ մեծ հավանականությամբ գալիս էր պառակտման, նկատել, որ նույն խնդիրը կար Հռոմում, Հունաստանում, ու որ նրանք գրեթե նույն կերպ լուծեցին խնդիրը), բայց դրանք չեղան, թեման փակվեց, որովհետև ակնհայտորեն երևաց որ հասարակությունը պատրաստ չէ առանց վիրավորանքների անցկացնել այդ քննարկումը, քննարկում, որի ակտուալությունն հանդգնում եմ կասկածի տակ դնել: Անշուշտ թեմայում հնչեցին պատմական փաստեր (մասնավորապես հին հուշարձանների վերացումը), որոնք քննարկման առարկա չեն, բոլորիս էլ լավ հայտնի է: Բայց արդյո՞ք որևէ օգուտ կարող է տալ մեղադրականով հանդես գալը, հանդիմանանքը ու հայ պատմության կերպարներին «հողին հավասարեցնելը»: Չեմ կարծում: Եկեք հիշենք, որ պատմությունն ուսումնասիրելիս մեր առաջնային խնդիրը պետք է լինի նրանից դասեր քաղելը, այլ ոչ թե մութ էջեր փնտրելը, ու դրանց մասին հանդիմանական խոսելը:
Առավել ևս տարօրինակ չէ, որ պետական արժեքներից հատկապես կրոնի մասին քննարկումն է փակվում, քանի որ բոլորս գիտենք, որ կրոնն այն հարցն է, որտեղ ոչ նուրբ արտահայտությունը կարող է մինչև հոգու խորքը վիրավորել հավատացյալին, ինչը մեր ակումբում չենք կարող թույլատրել: Իսկ կոնկրետ այդ թեման իր հետևից «շատ ջրեր կարող էր տանել» ու էլի կրկնեմ, պարզ երևաց, որ հասարակությունը պատրաստ չէ առանց վիրավորական արտահայտությունների, պնդումների քննարկումը շարունակել:
Շեշտեմ նաև, որ երբ խոսում ենք կրոնի նկատմամբ վիրավորական գրառումների արգելքի մասին, ապա նկատի չունենք միայն քրիստոնեությունը, այլ նկատի ունենք բոլոր կրոնները:
Եզրափակելով ընդհանրացնեմ, որ թեման փակվել է, որովհետև ունենք պետություն և ունենք պետական արժեքներ, ու մեր պարտքն է պաշտպանել այդ պետականությունն ու պետական արժեքները, անկախ նրանից, մեզ դուր է գալիս, թե ոչ, մենք գաղափարակից ենք, թե ոչ: Ու սա պետք է լինի ցանկացած քաղաքիրթ դեմոկրատական երկրում ապրող ցանկացած քաղաքիրթ դեմոկրատ քաղաքացու կողմնորոշումը:
Էջանիշներ