Ասպետը
Հետաքրքիր է, ստրկատիրական հասարակարգում ստրուկները գիտակցե՞լ են, որ իրենք ասպետ չեն...
Ինչպես յուրաքանչյուր հասարակարգում, այնպես էլ զինվորների մեջ գոյություն ունեն սոցիալական խավեր: Ընդ որում այդ խավերը կարելի է շատ կոպիտ բաժանել 3 մասի. լավ տղերք, լավ տղերքի վասալներ և միջին խավ, որը միջին է զուտ այն պատճառով, որ չի մտնում ոչ լավ տղերքի ոչ էլ նրանց վասալների խավերի մեջ:
Լավ տղերքն առանձնանում են մյուսներից: Ննջասենյակում նրանցն է ամենահարմար տեղը (սովորաբար պատի մոտ), սովորաբար նրանց է լավագույն աթոռը (որը երբեք չեն օգտագործում), լավագույն դարակը (որի որ անկյունում ինչ է դրված չգիտեն), լավագույն մահճակալը, բարձը, ծածկոցը, դոշակը (սրանք, իհարկե, նրանց կողմից լայնորեն կիրառվում են): Նրանք սովորաբար չեն լինում վերակարգում, չեն զբաղվում մաքրության հարցերով (նկատի է առնվում անմիջապես մաքրելու պրոցեսը, այլ ոչ թե «կազմակերպումը»): Նրանց հիմնական զբաղմունքներն են քնելը, կարգադրելը, «զրույցներ» վարելը և իրենց «դիրքը» պահպանելը:
Վասալները բավական տարբերվում են իրենց տերերից: Ննջասենյակում նրանց քնելու տեղը կախված է անմիջականորեն իրենց տերերի քնելու տեղից (սովորաբար կամ հարևան մահճակալը, կամ մահճակալի երկրորդ հարկը): Նրանք են հարդարում իրենց տիրոջ տեղաշորը, դասավորում դարակը (բնականաբար նրանց լավ հայտնի է թե իրենց տիրոջ դարակի որ անկյունում ինչ է դրված), կարում պատռված հագուստը կամ պոկված կոճակը, իսկ ավելի հաճախ վզնոցի սպիտակ շորը, տիրոջ ծարավելու դեպքում ջրաման ճարում և ջուր բերում, սոված լինելու դեպքում փող հայթայթում և ուտելիք գնում մոտակա առևտրային կետից (հաճախ դրա համար սեփական մաշկը վտանգելով ինքնակամ լքելով զորամասը), երբեմն մաքրում իրենց տերերի կոշիկները և զբաղվում բոլոր մյուս կենցաղային հարցերով: Չգրված օրենքի համաձայն վերակարգում ամենից հաճախ լինում են հենց այս խավի մարդիկ: Եվ ընդհանրապես նրանք կատարում են այն ամենը, ինչ նրանց ասվում է....
* * *
Սամսոնը «լավ տղերքից» է: Վրեժը նրա վասալը: Սամսոնը հերթական անգամ ինքնակամ լքել էր զորամասը, որպեսզի «քաղաքում» զբաղվեր հրատապ գործերով: Վրեժը զորամասում էր, նա պարտավոր էր հետևել, որ ոչ մեկը չնկատի Սամսոնի բացակայությունը, նրա վերադառնալուն պես պայմանավորված տեղը՝ պարսպի որոշակի հատվածի մոտ տանի Սամսոնի զինվորական համազգեստը, սպասի, որպեսզի վերջինս հանի իր քաղաքացիական հագուստը և հագնի զինվորականը, քաղաքացիական հագուստը հարդարի ու տեղավորի պայուսակի մեջ, ապա սպասի, որ Սամսոնը վերադառնա գումարտակի շենքը և նոր միայն քաղաքացիական հագուստով պայուսակը ձեռքին ուղևորվի հատուկ «պահեստամաս», ուր պետք է պահի Սամսոնի քաղաքացիական համազգեստը, մինչև այն ժամանակ, երբ վերջինս կրկին ինքնակամ կլքի զորամասը: Սամսոնը ինքը այդ «պահեստամասի» տեղը երևի թե չգիտի: Քաղաքացիական հագուստով լի տոպրակը ինքը չի տանում այդ պահեստամաս մի քանի պատճառով. պայուսակը «ծանր» է, պայուսակը զորամասի տարածքով տանելը վտանգավոր է (սպաները կարող են տեսնել), և վերջապես չէ որ դա իր գործը չէ, չէ որ Վրեժ կա...
* * *
Զորամասի հերթապահ և պատասխանատու սպաները գլխի էին ընկել որ զինվորներից մեկը բացակայում է: Նրանք մի քանի անգամ ստուգում անցկացրին, բայց այդպես էլ չկարողացան իրենց կասկածները հաստատող փաստ գտնել: Վրեժը հմտորեն թաքցնում էր բացակային՝ այդ ընթացքում ինքը չերևալով: Ինչ-ինչ, բայց Վրեժն իր գործը լավ գիտեր: Բայց երևի սպաների սրտում կասկածն այնուամենայնիվ մնաց, որովհետև անդադրում շրջում էին զորամասի տարածքում, իրենք էլ չիմանալով թե ինչ են փնտրում:
Եկավ պայմանավորված ժամը: Վրեժը գնաց Սամսոնին դիմավորելու: Ճանապարհին քիչ էր մնում նկատվեր սպաներից մեկի կողմից, բայց բախտը բերեց: Նկատվելը կլիներ ճակատագրական, որովհետև անմիջապես կառաջանար բնական հարցը. «Այդ ու՞մ համազգեստն է ձեռքիդ»: Բայց Վրեժի բախտը բերեց, և նա ժամանակին հասավ պայմանավորված վայրը: Սամսոնն ուշացավ, ինչպես միշտ: Բայց Վրեժը դա նախօրոք գիտեր, նա «համենայն դեպս» էր ժամանակին գնացել: Վերջապես Սամսոնն եկավ ու մի քանի խրատական ու հանդիմանական խոսք ասաց Վրեժին. «Ի՞նչ ես ցցվել, բա որ նկատեն, պպզի հիմարի՛ մեկը», «Արա՛ էլի շորերս ճմրթել ես», «Ի՞նչ ես կանգնել նայում, օգնի շուտ փոխվեմ»: Վրեժն օգնեց ու Սամսոնը փոխեց հագուստը: Վրեժը սովորականի պես ծալեց Սամսոնի քաղաքացիական հագուստն ու խնամքով տեղավորեց պայուսակի մեջ: Այդ ընթացքում Սամսոնը գրպանի փոքրիկ հայելու մեջ նայելով շատ կարճ կտրած մազերն էր «սանրում»: Սանրվելը պրծնելով ասաց.
-Դե ես գնացի, 10 րոպե սպասի ու նոր կգնաս...
-Գիտեմ, - պատասխանեց Վրեժը:
-Արա՛ ուզում ես ասես ավելորդ տե՞ղն եմ խոսում:
-Չէ, չէ, չէ: Ուղղակի հիշում էի, էլի էիր ասել:
-Որովհետև քեզ պետք է տաս անգամ ասեմ, որ գլուխդ մտնի: Դե ես գնացի...
Սամսոնը գնաց: Վրեժը 10 րոպե ևս սպասեց ցրտից դողալով, ապա նոր դուրս եկավ «թաքստոցից»: Ուղղություն վերցրեց դեպի «պահեստամաս»: Երևի թե ամեն ինչ բարեհաջող կանցներ, բայց Սամսոնը գնալիս հանդիպել էր ինչ-որ մի զինվորի, որի պահվածքը համարել էր անթույլատրելի (վերջինս «թարս» հայացքով նայել էր Սամսոնին): Գոռգոռացել ու խրատել էր նրան, ապա ապտակել ու նոր միայն շարունակել ճանապարհը: Հեռացել էր նաև այդ զինվորը, այնպես որ երբ աղմուկը լսած սպաներն եկել էին, դեպքի վայրում մարդ չէր եղել: Եվ միայն պատահականության շնորհիվ էր, որ այդ սպաներից մեկը որոշել էր դարանակալել ու տեսնել, թե արդյոք այստեղ նոր պատահար տեղի չի ունենա:
Վրեժը ճանապարհին ուշադիր չորս կողմն էր նայում, փորձելով խավարի մեջ տեսնել խոչընդոտները: Բայց նա չուներ Սամսոնի տեսողությունը, որը նույնիսկ այդ խավարում նկատում է նույնիսկ «թարս» հայացքները: Այնպես որ բնավ տարօրինակ չէ, որ Վրեժը չնկատեց դարանակալած սպային մինչև այն պահը, երբ սա, իր թաքստոցից դուրս գալիս ձեռքը դրեց Վրեժի ուսին.
-Էս որտեղի՞ց:
-Աղբն է տարել թափելու պարոն փոխգնադպետ:
-Ու էդ տոպրակն էլ աղբանոցի՞ց ես բերում:
-Վա՛յ, չէ, ես ուրիշ բան ա, էս հեչ:
Ակնհայտորեն երևում էր, թե որքան շփոթված է Վրեժը: Նա իր զինվորական ծառայության ընթացքում առաջին անգամ էր նման վիճակի մեջ մտել: Մինչ այդ հայտնի էր եղել իր ճարպկությամբ ու թաքնվելու շնորհքով: Իսկ հիմա բռնվե ու այնպես էր խառնվել, որ նույնիսկ չգիտեր, թե ինչ սուտ հորիներ: Իսկ չէ՞ որ Վրեժը հայտնի էր նաև նրանով, որ կարողանում էր հիասքանչ ստեր հորինել, որոնք լսողները չէին կարողանում սուտը իրականից տարբերել:
-Բացի՛ր տոպրակդ:
-Պարոն փոխգնդապետ...
-Բացի՛ր տոպրակդ:
-Բայց պարոն փոխգնդապետ, ախր...
-ԱՍՈՒՄ ԵՄ, ԲԱՑԻ՛Ր ՏՈՊՐԱԿԴ:
Այլ ելք չկար: Վրեժը բացեց տոպրակը և հանեց Սամսոնի քաղաքացիական հագուստը:
-Ու՞մն է:
Հարցը կարճ էր և կոնկրետ: Պատասխանն էլ կարող էր լինել նույնքան կարճ և կոնկրետ, բայց Վրեժը չէր կարող, իրավունք չուներ մատնել Սամսոնին: Վրեժը փորձում էր ինչ-որ մի պատմություն, ինչ-որ մի սուտ հորիներ, բայց մտքերը խռնված էին ու բան չէր ստացվում:
-Ու՞մն է:
Վրեժն այլևս չէր կարող լռել... նա հարկադրված էր պատասխանել... այլընտրաք չկար.
-Իմն է, պարոն փոխգնդապետ:
Շարունակությունն այնքան էլ հետաքրքիր չէ, կարևորն այն է, որ ասպետական ոգին ապրում է վասալների մեջ: Այո՛, մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր բանակում ասպետներ կան: Եվ սա կատակ չէ ու ոչ էլ ծաղր:
Վրեժին տեղափոխեցին ռազմական ոստիկանության կալանատուն, որտեղ նա անցկացրեց մեկ շաբաթ՝ խիստ ռեժիմով: Մեկ շաբաթ անց վերադարձավ ասպետը: Վերադարձավ հաղթանակած, գիտակցելով իր արած հերոսության կարևորությունը: Զինակից ընկերները և Սամսոնը նրան դիմավորեցին որպես հերոսի.
-Ապրե՛ս Վրեժ...
-Կեցցե՛ս դու...
-Իսկական տղամարդ ես...
-Հալալ է, որ քո վրա վերցրիր հանցանքը...
-Ընկերոջդ չմատնեցիր, կեցցե՛ս...
-Դարակում ամեն ինչ խառնվել է քո բացակայության ընթացքում, դասավորի:
- Թրաշի փրփուր չունե՞մ: Փող ճարի, ա՛ռ:
-Վաղը ննջասենյակը հավաքելը քեզ վրա է...
09.03.2007
Էջանիշներ