Սովորական մուտք
-Ավա՛գ Հարությունյան. դու խմա՞ծ ես:
-Ո՛չ մի կերպ, պարոն գնդապետ:
-Ավագ Հարությունյան, կրկնում եմ հարցս, դու խմա՞ծ ես:
-Ոչ մի կերպ, պարոն գնդապետ:
-Ավա՛գ Հարությունյան, դու խմա՛ծ ես:
-Ոչ մի կերպ, պարոն գնդապետ, նույնիսկ մի կաթիլ բերանս չեմ առել:
-Ավա՛գ Հարությունյան...
-Լսում եմ, պարոն գնդապետ:
-Հանել գլխարկը...
-Լսում եմ, պարոն գնդապետ:
-Ավագ Հարությունյան, «հո՛» արա գլխարկի մեջ:
-Պարոն գնդապետ, դուք ինձ վիրավորում եք, ես կրկնում եմ, որ մի կաթիլ անգամ բերանս չեմ առել:
-Ավագ Հարությունյան, «հո՛» արա՛:
-Լսում եմ պարոն գնդապետ, բայց կարծում եմ կզղջաք ինձ անտեղի վիրավորելու համար, քանի որ կրկնում եմ, որ մի գրամ անգամ բերանս չեմ առել:
-«Հո՛» արա՛:
-«Հո՛»:
Գնդապետ Սարոյանը գլխարկը մոտեցրեց քթին և հոտ քաշեց, որից հետո գոհունակ ժպիտով գլխարկը վերադարձրեց ինձ.
-Կեցցե՛ս, ավագ Հարությունյան, դու իրոք չէիր խմել, իմ կասկածներն անտեղի էին...
Այո՛: Ինչպես և ես գուշակում էի, գնդապետ Սարոյանը զղջաց ինձ անտեղի վիրավորելու համար: Դա երևում էր նրա հայացքից, որն այսօր չգիտես թե ինչու քաղցր էր թվում: Գնդապետ Սարոյանը հասկացավ, որ ես խմած չեմ... Հը՜մ... Գնդապետ Սարոյանը թերևս կզգար արաղի, գինու, գարեջրի և կոնյակի իրար խառնված տհաճ ու սրտխառնոց առաջացնող հոտը, որը եթե մի քանի վայրկյան առաջ գալիս էր միայն բերանիցս, ապա հիմա նաև գլխարկիցս... թերևս կզգար, եթե չափազանց գինովցած լինելը նրան թույլատրեր զգալ խմիչքի հոտի հավելյալ խմբաքանակը: Գնդապետ Սարոյանը թերևս նաև կնկատեր, որ ես այնքան եմ չարաշահել խմիչքը, որ չեմ կարողանում զգաստ կանգնել, այլ կանգնածս տեղը ճոճվում եմ, բայց քանի որ ինքն էլ իր հերթին էր ճոճվում և մեր ճոճումների պարբերությունը համահունչ էր, նա դա էլ չէր նկատում:
Այո՛, բարեկամներ, մեզ՝ զինծառայողներիս, ծառայության վայրում խմելը խստիվ արգելվում է, այնպես որ բնավ զարմանալի չէ, որ մեր ամենից հաճախակի զբաղմունքներից մեկը հենց խմելն է...
06.03.2007
Էջանիշներ